Մէկ տարուայ կառավարում. վարչապետի ինքնագովազդի առիթով մի քանի հարցեր եւ պատասխաններ

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Մայիսի 8-ին իր պաշտօնավարման մէկ տարուայ առիթով հրաւիրուած մամուլի ասուլիսին որպէս կառավարութեան ձեռքբերում ներկայացրեց.

«Այս տարուայ առաջին եռամսեակում ամուսնութիւնների թիւը նախորդ տարուայ ցուցանիշը գերազանցել է 5 %-ով, ամուսնալուծութիւնները նուազել են 17 %-ով»։

Վարչապետը թուարկում էր կառավարութեան ձեռքբերումներն «ամփոփող 100 փաստեր». աւտոկազալցման կայաններում զուգարանների վերանորոգումներից մինչեւ անիմացիա ստեղծողներին հարկային արտօնութիւններ տալը եւ զինուորներին անդրավարտիքով ապահովելը, որ վարչապետը դատարանում վկայութիւն է տուել, եւ իր շարասիւնը կանգնել է լուսացոյցի կարմիրի տակ եւ այլն: Այս ամէնի մէջ ամուսնութիւնների ու ամուսնալուծութիւնների բնագաւառում յաջողութիւնները 82-րդն էին։

Երբ տարակուսած լրագրողները հարցրեցին, թէ ի՞նչ կապ ունեն դրանք կառավարութեան աշխատանքի հետ, վարչապետը պատասխանեց՝ «մենք այս ամէն ինչի հետ ոչ մի կապ չունենք, այս ամէն ինչի հետ կապ ունի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին, ով երկրում ինքը կարգավիճակը եւ տրամադրութիւնը փոխել է, մեր կապը էն է, որ հաւաքագրում եւ ներկայացնում ենք ձեզ»։

Այսինքն, Փաշինեանը ասում է, որ իր Կառավարութիւնը այնպէս է երջանկացրել քաղաքացիներին, որ նրանք սկսել են աւելի շատ ամուսնանանալ եւ աւելի քիչ բաժանուել, իսկ ինքն էլ իր պարտքն է համարում երջանկութեան ցուցանիշները հաւաքել եւ ներկայացնել։

Սակայն Փաշինեանը ժողովրդագրական տուեալները խիստ հատուածաբար է ներկայացնում, միայն նրանք, որոնք հասարակութեան «երջանկացման» տեղ կ’անցկացուեն։

Օրինակ, եթէ ոչ թէ տարուայ առաջին եռամսեակներն համեմատէր, այլ ամբողջ տարիները, այլ պատկեր կ’երեւար: Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների՝ յեղափոխական 2018 թուին նախորդ 2017 թուի համեմատ 392-ով պակաս ամուսնութիւն է եղել եւ 121-ով աւել ամուսնալուծութիւն ( Ամուսնութիւն 2016 թ. 16 294, 2017թ. 15 214, 2018թ. 14 822։ Ամուսնալուծութիւն՝ 2016թ. 3 648, 2017թ. 3 940, 2018թ. 3819):

Իսկ եթէ Փաշինեանը ասէր, թէ ամենավերջին երեք ամսուայ ցուցանիշներն աւելի ցայտուն են վկայում ժողովրդի երջանկացման պատկերը, ապա այն աւելի համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ էր ժողովրդագրական այլ ցուցանիշներ էլ ներկայացնել։ Սակայն Փաշինեանը «լռում» է այնտեղ, ուր «երջանկութեան» կողքին կան տուեալներ, որոնք ոչ այնքան երջանկացման, այլ նաեւ տխրութեան մասին են խօսում: Այսպէս, 2018 թուի առաջին եռամսեակի, այն եռամսեակի, երբ «քաղաքացիները դեռ երջանիկ չէին» համեմատ այս տարուայ առաջին եռամսեակում 245-ով աւել մարդ է մահացել (մահերը առաջին եռամսեակում 2017թ.՝ 7 827, 2018թ.՝ 7 128, 2019թ.՝ 7 373), իսկ անցեալ տարուայ 1-ին եռամսեակի համեմատ այս տարուայ 1-ին եռամսեակում 255 ծնունդ պակաս է եղել (ծնունդները 1-ին եռամսեակում 2017թ.՝ 8 536, 2018թ.՝ 8 297, 2019թ.՝ 8 042)։

Բայց Փաշինեանը որպէս ձեռքբերում մէկ այլ ժողովրդագրական ցուցանիշ կարող էր ներկայացնել, որ 100 կէտերում չկար. յեղափոխական 2018 թուին 1506-ով քիչ մարդ է մահացել քան 2017-ին։ Ինչո՞ւ չներկայացրեց. քանի որ մի փոքր բացատրութեան կարիք կ’ունենար, թէ ինչո՞ւ մահուան տուեալների կողքը ծնունդներինը չի ներկայացնում, որոնք նուազել են, հետեւաբար կառավարութեան կողմից հանրութեանը «երջանկացման» մասին բան չեն ասում: Այսպէս, յեղափոխական 2018-ին 1198-ով պակաս ծնունդ է եղել 2017-ի համեմատ (Ծնուածներ 2016թ.՝ 40 592, 2017 թ. 37 700, 2018թ.՝ 36 502։ Մահեր՝2016թ 28 226, 2017 թ. 27 157, 2018թ. 25 645)։

***

Բայց եթէ վարչապետի ներկայացրած «քաղաքացիների երջանկութեան» ցուցանիշները հերքւում են վիճակագրական տուեալները նայելիս, ապա նրա 75-րդ «ձեռքբերումը»՝ թէ «Հետեւողականօրէն իրականացուել են դատական եւ գործադիր իշխանութիւնների տարանջատում եւ ապահովուել է դատարանի անկախ գործունէութիւնը, կառավարութիւնն առաջնորդուել է դատական համակարգի անկախութեան սկզբունքով՝ բացառելով հրահանգաւորման որեւէ մեխանիզմի կամ դրսեւորման գոյութիւնը», ստուգելու կարիք չկայ, ակնյայտ սուտ է՝ վկայ գաղտնալսուած հեռախօսակցութիւնները. սա այնպիսի սուտ է, ինչպէս գողութեան պահին բռնուած գողն է ստում, թէ ինքը չէր գողացողը։

Անցեալ տարուայ Յուլիսի 27-ին երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը կալանաւորուեց «Մարտի մէկի» գործով սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքով, Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը նրան ազատեց կալանքից Սահմանդրութեամբ սահմանուած նախագահի անձեռնմխելիութեան յօդուածով, սակայն վերաքննիչ դատարանը Դեկտեմբրի 7-ին կրկին կալանաւորեց նրան։ Նոյն մեղադրանքը ներկայացուել է նաեւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովին (գործը յարուցելուց յետոյ Հայաստանը նրան յետ կանչեց ՀԱՊԿ քարտուղարի պաշտօնից), նախկին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանին, եւ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանին։ 10 ամիս ընթացող նախաքննութիւնից յետոյ գործը յանձնուել է դատարան, եւ դատավարութիւնը կը սկսի Մայիսի 13-ին։

Անցեալ տարի հրապարակուեցին ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի, ապա ԱԱԾ պետի ու վարչապետի գաղտնալսուած հեռախօսազրոյցները, որոնցից յայտնի դարձաւ, որ նրանց հրահանգաւորմամբ են դատարանները «Մարտի 1-ի» գործով կալանքի սանկցիաներ տալիս կամ չեն տալիս։

Քանի Հայաստանը այն իրաւական պետութիւնը չի, ուր դատարաններին կարգադրելու համար վարչապետն ու ուժայինների ղեկավարները առնուազն պէտք է հրաժարական տային, ուրեմն, հակաիրաւական վիճակը փաստելու միակ ձեւը մնում է անընդհատ մէջբերել դատարանների կախուածութիւնը փաստող հեռախօսազրոյցը.

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրեանին ԱԱԾ պետ Արթիւր Վանեցեանը ասում է. «Մի խօսքով, դատաւորը, ով որ կալանքը պիտի տայ: Դրան ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը պէտք ա նայեմ, պարոն Վանեցեան, էս կողմ, էն կողմ: Ասի՝ նայի հիմքերը, կը զանգես, բայց կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս»:

Ապա իմանում ենք, որ վարչապետ Փաշինեանը հրահանգաւորել է կալանաւորել նաեւ ՀԱՊԿ քարտուղար Եուրի Խաչատուրովին, եւ միայն Ռուսաստանի պաշտօնեաների անհանգստութեան շնորհիւ դա տեղի չի ունեցել.

Վանեցեանը ասում է. «Ախպեր, խնդրում եմ, մի հատ Խաչատուրովինը շատ ուշադիր նայի: Չնայած վարչապետն ասում ա փակէք, բայց ռուսները … ճղում են»:

Միւս գաղտնալսուած ձայնագրութեան մէջ ԱԱԾ պետը վարչապետին ասում է, որ Քոչարեանին դատարանը կը կալանաւորի եւ ստանում համաձայնութիւն, որ Խաչատուրովին չկալանաւորեն։

Վանեցեան. «Էդ Խաչատուրովին, որ տանենք կալանքի, մի հատ մտածելա պէտք էլի, ինքը ՕԴԿԲ-ի գլխաւոր քարտուղարն ա, էտի մի հատ ռուսների հետ, կարծում եմ բրոպլեմ ենք տալու, էլի»:

Փաշինեան.«Հա, իրանը յետաձգէք, մինչեւ ես խօսամ»:

Ապա.

Փաշինեան. «Իսկ Քոչարեանի հետ կապուած ի՞նչ կայ, ի՞նչ նորութիւն կայ»:

Վանեցեան. «Քոչարեանի հետ կապուած դատարանում հլը լսում են, հեսայ կը տան բանը, Քոչարեանը կը լինի»:

Անկախութեան տարիներին Հայաստանի եւ ընդհանրապէս ամէն երկրի ժողովրդավարութեան գլխաւոր խոչընդոտը հանդիսացել է դատարանների կախուածութիւնը գործադիր իշխանութիւնից։ 2018 թուի փոփոխութիւնները յեղափոխութիւն կարելի էր անուանել հենց միայն այն դէպքում, եթէ դատարանները անկախ դառնային։ Սակայն գաղտնալսուած հեռախօսազրոյցները ցրեցին դատարանների անկախութեան պատրանքները։ Աւելին, դատական եւ փաստաբանական համակարգի հետ առնչութիւն ունեցող բարեկամս ասում է, որ մինչ յեղափոխութիւնը գնալով դատարանները աւելի անկախ էին դառնում, բայց յեղափոխութիւնից յետոյ լրիւ խորտակուեց դատարանների անկախութեան ձեռքբերումները, եւ որ աւելի բիրտ միջամտութիւն դատարաններին վաղուց չէր եղել։

Ինչո՞վ է տարբերւում Փաշինեանը իր նախորդներից: Առնուազն նրանով, որ ի տարբերութիւն նախորդ ղեկավարների, նա բռնուել է դատարաններին հրահանգելու յանցանքի մէջ, որի ֆոնին արդէն փլւում է որպէս ձեռքբերում նրա յաջորդ՝ 76-րդ պնդումը՝ «Հայաստանի Հանրապետութիւնում չկան քաղբանտարկեալներ եւ քաղաքական հալածեալներ»։

Հայաստանի այդ ո՞ր ղեկավարն է ասել, թէ երկրում քաղբանտրկեալ կայ, եւ ընդհանրապէս, կա՞յ մի երկրի ղեկավար, ով խոստովանի, թէ իր երկրում քաղբանտարկեալներ կան։ Չկայ։ Քաղբանտարկեալների գոյութեան մասին փաստում են ոչ թէ ղեկավարները այլ ուրիշները՝ մամուլը, իրաւապաշտպանները եւ այլն։ Բայց նաեւ, չգիտեմ թէ որ ղեկավարն է վերջին անգամ իր ձեռքբերումների մէջ թուարկել, թէ երկրում քաղբանտարկեալներ չկան։ Միայն հեռախօսազրոյցը հերիք է փաստելու համար, որ նա, ում Փաշինեանի հրահանգով կալանաւորել են, յետյեղափոխական Հայաստանի առաջին քաղբանտարկեալն է, իսկ նոյն գործով միւս անձինք էլ քաղաքական հալածեալներ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.