Մեր պայքարն անժամկէտ է, պայմանականօրէն այն կ’աւարտուի հակամարտութեան վերջնական կարգաւորմամբ

Վերջին շրջանի քաղաքական զարգացումների վերաբերեալ «Ապառաժ»-ը հարցազրոյց է ունեցել միջազգային յարաբերութիւնների հարցերով ԱՀ նախագահի խորհրդական, պ.գ.թ. Նելլի Բաղդասարեանի հետ.
 
—Պրիւքսէլում ԵԽ եռակողմ հանդիպումից յետոյ տարածուած յայտարարութիւնը որքանո՞վ է վտանգաւոր:
 
-Պրիւքսէլեան յայտարարութիւնը չափազանց վտանգաւոր էր այն իմաստով, որ նման ձևակերպումը կարող է շատ արագ մտնել տեղեկատուական դիսկուրս, ապա յայտնուել կարգաւորման քննարկումների դիսկուրսում և այդպիսով ոչ թէ նպաստել կարգաւորման գործընթացին, այլ արգելակել այն: Պրիւքսէլի յայտարարութիւնը որևէ կերպ չի համապատասխանում հակամարտութեան կարգաւորման փաստաթղթային փաթեթում առկայ ձևակերպումներին: Այդ է պատճառը, որ Արցախի օրէնսդիրից և գործադիրից հնչեցին բաւականին կոշտ յայտարարութիւններ: Դրանք արտայայտում էին ԱՀ հասարակական-քաղաքական դաշտի մտահոգութիւնները նոր սպառնալիքների հարցում:
 
Յուսանք, որ Եւրոպական խորհրդի նախագահը հաշուի կ’առնի այս արձագանքները, և ԵԽ-ն կը վերադառանայ նախկին պրակտիկային, որն առնուազն մինչև 2021 թ. դեկտեմբեր գործուն էր, երբ յղում էր կատարւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ֆորմատին և մանդատին: Իրականում Պրիւքսէլից ընդամէնը օրեր անց մենք արդէն ունենք արձանագրուած փաստ. մայիսի 27-ին Իլհամ Ալիևը հերթական անգամ բաց տեքստով հանդէս է եկել ուժի սպառնալիքի դիրքերից, ապա՝ յղում է կատարել Պրիւքսէլի հանդիպմանը, նշելով, «որ միջազգային կառոյցների բառապաշարում բացակայում են «Լեռնային Ղարաբաղ» բառերը, և վերջին Պրիւքսէլեան հանդիպումը ապացուցում է դա»:
 
—Ի՞նչ կ’ասէք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան մասին, որքանո՞վ է ակտուալ այս փուլում համանախագահութեանը յղում կատարելը:
 
-Ոչ մի կերպ չպէտք է նպաստել այն վտանգաւոր դիսկուրսին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնն այլևս գործուն չէ, հետևաբար գործուն չեն նաև համանախագահութեան կողմից քննարկուած և տասնամեակների ընթացքում մշակուած դիսկուրսը»: Դրանով մենք վտանգում ենք կարգաւորման հիմքում ընկած միջազգային իրաւունքի սկզբունքները: Աւելորդ չեմ համարում յիշեցնել, որ համանախագահութիւնը 2021 թ. ապրիլի 13-ին յայտարարել էր, որ «պէտք է հասնել վերջնական համապարփակ և կայուն կարգաւորման ձեռքբերմանը՝ կողմերին յայտնի տարրերի և սկզբունքների հիմքի վրայ»: Որևէ մէկը չի կարող հաստատապէս պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձևաչափը չեղարկուել է ուկրաինական ճգնաժամի իրողութիւններով պայմանաւորուած:
 
Սառեցումը չեղարկում չէ: Չեղարկման համար իրաւական հիմքեր են պէտք՝ առնուազն միջազգային գագաթնաժողով, որով իրաւական մակարդակով կը չեղարկուի այդ ֆորմատը: Աւելին, ես որպէս ֆորմատի վերագործարկման հնարաւորութիւն կամ հաւանական սցենար տեսնում եմ առաջիկայում՝ հէնց ուկրաինական ճգնաժամի լուծումները փնտրելու ընթացքում: Մասնաւորապէս, հասկանալի է, որ Արևմուտքը և ՌԴ-ն յաւերժ չեն առճակատելու, իսկ ընդհանուր եզրերի և յարաբերման հնարաւորութիւնների համար պէտք են լինելու հէնց այսպիսի ձևաչափեր: Յատկանշական է, որ համանախագահութիւնն այն ձևաչափն էր, որը նախկինում ևս ծառայել է բացի բուն հակամարտութեան կարգաւորմանը, այլ նաև եռանախագահների երկխօսութեանը:
 
Համանախագահող պետութիւններն իրենք էլ ըստ անհրաժեշտութեան շարունակում են շեշտել ձևաչափի մասին: Մասնաւորապէս, ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ յայտարարութեան 24-րդ կէտում նշուած էր հետևեալը. «Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիւանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղեան կարգաւորման պահանջուածութիւնը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորութիւնը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ ԱՄՆ-ի կողմից յիշեցումն այս թեմայով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի 2022 թ. մայիսի 16-ին կայացած հարցազրոյցում էր, որտեղ վերջինս շեշտել էր, որ «Միացեալ Նահանգները՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչութեան դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»: Պրիւքսէլեան յայտարարութիւնից յետոյ յատկանշական էր Ֆրանսիայի կողմից այս գործընթացի ողջունումը, յայտարարութեան մէջ նշուած է՝ «որպէս ԵՄ խորհրդում նախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:
 
Այսինքն՝ հակամարտութեան կարգաւորմամբ զբաղուող երկրները չեն հեռացել համանախագահութեան ֆորմատից և անհրաժեշտութեան դէպքում յղում են կատարում դրան, ինչը չափազանց կարևոր է:
 
—ՌԴ-ն այս դէպքում ինչպիսի՞ դերակատարութիւն ունի և ինչպիսի՞ ազդեցութիւն կարող է ունենալ կարգաւորման փորձերի և գործընթացների վրայ:
 
-Հերթական անգամ կցանկանայի ընդգծել, որ ՌԴ դերակատարութիւնը հակամարտութեան կարգաւորման գործում որոշիչ էր և որոշիչ է: Արցախի Հանրապետութիւնում ՌԴ խաղաղապահութեան մանդատով պայմանաւորուած առկայ status quo-ն պէտք է պահպանուի մինչև հակամարտութեան վերջնական և համապարփակ կարգաւորումը: Իսկ կարգաւորման հիմքում ընկած պէտք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան կողմից ընդունուած միջազգային իրաւունքի երեք սկզբունքները:
 
ՌԴ խաղաղապահ առաքելութիւնը երաշխաւորում է փաստացի անկախ չճանաչուած Արցախի Հանրապետութեան բնակչութեան անվտանգութիւնը: ՌԴ խաղաղապահութիւնը Արցախի Հանրապետութեան /Լեռնային Ղարաբաղ/ Պատասխանատուութեան գօտում գործնական և կոշտ դիւանագիտական պահուածք ցուցաբերեց 2022 թ. ապրիլի վերջին Փառուխ-Քարագլխի իրողութիւնների հետ կապուած՝ դրանով կանխելով ուկրաինական ճգնաժամի ընթացքում Ադրբեջանի կողմից 2-րդ ճակատի բացման վտանգը Հարաւային Կովկասում: ՌԴ-ն 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանաւորուածութեան կողմ է: ՌԴ-ն Արցախի Հանրապետութիւնում իր խաղաղապահ ներկայութեանը կարևոր տեղ է տալիս, և գործնականում realpolitik-ի տեսանկիւնից որևէ որոշում կամ որևէ փաստաթուղթ թերևս չի կարող կայացուել կամ ստորագրուել առանց պաշտօնական Մոսկուայի համաձայնութեան:
 
-ՀՀ իշխանութիւնների վերջին շրջանի յայտարարութիւններն աւելի են խորացրել Արցախում ապրողների մտահոգութիւնները վաղուայ օրուայ հետ կապուած: Արցախում ապրողներս դատապարտուա՞ծ ենք յարատև պայքարի՝ յանուն մեր ինքնութեան ու իրաւունքների:
 
-Կարծում եմ, որ կրկին հրատապ է համահայկական օրակարգում արցախեան օրակարգի շուրջ տեսլականների միասնականացումը, այն պէտք է համազգային օրակարգի առանցքը լինի: Այո՛, արցախեան հասարակական-քաղաքական դաշտը շատ զգայուն է և հակադարձում է այն բոլոր յայտարարութիւններին և դէպքերին, որոնց մէջ վտանգ է տեսնում: Լինի իշխանութիւն, թէ ընդդիմութիւն, պահպանողական, լիբերալ կամ ռադիկալ քաղաքական որևէ ուժ, միջազգային որևէ կառոյց կամ անհատ Արցախի Հանրապետութիւնը կտրուկ մերժելու և հակադրուելու է սեփական բնակչութեան կամարտայայտութեան արգելակմանը կամ վտանգմանը և հակառակը ողջունելու է նշածս շրջանակների կողմից ձեռնարկուած ԱՀ քաղաքական օրակարգին համապատասխանող և նպաստող պրակտիկ քայլերը: ԱՀ քաղաքական օրակարգը հաստատուն է:
 
ԱՀ դիրքորոշումը և պահանջը յստակ է՝ հաշուի նստել այդ օրակարգի հետ: Մեր պայքարն անժամկէտ է, պայմանականօրէն այն կ’աւարտուի հակամարտութեան վերջնական և համապարփակ կարգաւորմամբ, որի առանցքում Արցախի Հանրապետութեան բնակչութեան ինքնորոշման իրաւունքի իրացումն է և ԱՀ միջազգային ճանաչումը: Կարևոր եմ համարում արձանագրել, որ Արցախի Հանրապետութիւնը որևէ վատթարագոյն սցենար չի քննարկում և մերժելու է ցանկացած անընդունելի փաստաթուղթ:
 
aparaj.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.