Մեր Եւ Նրանց Գերխնդիրը

«Դրօշակ» – Փետրուար 2023

Առաջնորդող Յօդուած

Ռուս-ուքրայինական հակամարտութեան հարցում համաշխարհային   լրատուամիջոցների զգալի մասը դեռեւս գտնւում է տոտալ (ամբողջութեամբ, խմբ․) վերահսկողութեան ներքոյ: Արտաքին աշխարհաքաղաքական, ինչպէս եւ ներքին պատճառներով հասարակութիւններին ներշնչում են, որ Ռուսաստանը պարտւում է պատերազմում, ինչն այս պետութեան  համար ունենալու է խիստ բացասական հետեւանքներ: Այս քարոզչութիւնն  առանձնայատուկ նշանակութիւն ունի նախ եւ առաջ ուքրաինացիների համար (յիշենք 44-oրեայ պատերազմի օրերին մէկ աղբիւրից հայ հանրութեանը մատուցուող տեղեկատուութիւնը), այնուհետեւ  նախկին խորհրդային միւս հանրապետութիւնների համար, որոնք, դրական կամ բացասական առումով անմիջական փոխյարաբերութիւնների մէջ են Ռուսաստանի հետ: Կասկած չկայ, որ նրանք, ովքեր այս հակամարտութեան մէջ Ուքրայինայի հովանաւորներն են, մի օր թիկունք կը դարձնեն պարտուած երկրին` լքելով  աւերակների վրայ յայտնուած բախտախնդիր ղեկավարներին: Մինչ այդ նրանք ջանք են գործադրում` ինչպէս հետխորհրդային տարածաշրջանում, այնպէս էլ աշխարհում թուլացնելու Ռուսաստանի ազդեցութիւնը, ստեղծելու նրա առջեւ նոր մարտահրաւէրներ: Այդ նոյն նպատակով նշուած երկրների ժողովուրդներին փորձում են հաւատացնել, որ իմաստ չունի պարտուած Ռուսաստանի` որպէս դաշնակցի հետ յետագայ յոյսեր կապել, հետեւաբար պէտք է փնտրել այլընտրանքներ: Վերջերս Վրաստանի  վարչապետ Իրակլի Ղարիպաշուիլին յայտարարեց, թէ Ուքրայինան ցանկանում է, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դէմ եւ որ այդ նպատակով էր Սահակաշուիլին ուղարկուել Վրաստան:

Իրենց յատուկ ճարպիկութեամբ Ատրպէյճանն ու Թուրքիան Արցախի դէմ 44-օրեայ պատերազմը, ինչպէս եւ դրան հետեւած Հայաստանի ու Արցախի դէմ կոշտ ճնշումները արեւմուտքում ներկայացնում են որպէս Ռուսաստանին հարուածելու եւ Անդրկովկասից դուրս մղելու ծրագիր: Իհարկէ, եւ՛ թուրք-ատրպէյճանական տանդեմը (լծակից զոյգ, խմբ․)  , եւ՛ Արեւմուտքը հրաշալի հասկանում են, որ տարածաշրջանի իրենց դաշնակիցները հետապնդում են փանթուրանիզմի դարաւոր երազանքը, եւ որ Ռուսաստանի առջեւ Անդրկովկասի դռները փակելու, այստեղ ռազմաքաղաքական գերիշխանութիւն հաստատելու դերակատարը դարձեալ իրենք չեն լինելու, այլ Թուրքիան եւ Ատրպէյճանը, սակայն այսօր առաջնային գերխնդիրը կոշտ պայքարն է` սահմանափակելու Ռուսաստանի ազդեցութեան գօտին:

Ելնելով այս իրողութիւններից` ինչ պէտք է աներ եւ ի՞նչ է անում Հայաստանի ղեկավարութիւնը: Հայաստանի իշխանութիւնը բացայայտօրէն  որդեգրել է հակառուսական գործելակերպ եւ համախոհ է նրանց հետ, ովքեր այսօր ջանում են կլանել Արցախը եւ Հայաստանին զրկել ինքնիշխանութեան ու հզօրանալու հեռանկարից: Այսինքն` Արեւմուտքի ծրագրերին համապատասխան` Ատրպէյճանի ու   Թուրքիոյ որդեգրած քաղաքականութիւնը նրանց փոխարէն յաջողութեամբ իրականացնում է Հայաստանի  քաղաքականապէս անգրագէտ, իսկ աւելի ստոյգ` արտաքին կաշկանդումների ենթակայ իշխանութիւնը: Ատրպէյճանի ու Թուրքիոյ ցանկութիւնն այն է, որ Ռուսաստանը միջնորդ չլինի հայ-ատրպէյճանական բանակցութիւններում: Հայաստանը կատարում է նրանց ցանկութիւնը` մերժելով ռուսական միջնորդութիւնը եւ գործընթացն աստիճանաբար հասցնելով այն կէտին, որ առհասարակ, միջնորդներ չլինեն իրենց եւ թշնամի հարեւանների հետ շփումների ժամանակ: Ատրպէյճանը շրջափակելով Արցախն ու անընդհատ ճնշումներ գործադրելով թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի վրայ` ըստ էութեան, փորձում է շահերի այս եռանկիւնուց դուրս բերել  իր նպատակներին խոչընդոտող  Ռուսաստանին, սակայն առերեւոյթ  շարունակում է բարեկամական ժեստեր (շարժումներ, խմբ․)  անել նրան` խաղարկելով տնտեսական եւ այլ գործօններ: Իսկ Հայաստանի իշխանութիւնը, ըստ էութեան, շրջանցում է Ատրպէյճանի հակահայկական ու հակառուսական ագրեսիւ (թշնամական, խմբ․)  քաղաքականութիւնը եւ եռակողմ յարաբերութիւնների մէջ թիրախ է դարձնում Ռուսաստանին` մեղադրելով  պարտաւորութիւնները չկատարելու մէջ: Յայտնւում ենք մի իրավիճակում, երբ Արցախի հայկականութիւնն երաշխաւորող Ռուսաստանի հետ բազմաթիւ թելերով շաղկապուած լինելով` Հայաստանը ուղղւում է դէպի հակադիր ճամբար, իսկ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը վիճարկող, Ուքրայինային ռազմական զանազան օժանդակութիւններ տրամադրող, միջազգային կազմակերպութիւններում  ընդդէմ Ռուսաստանի քուէարկող Ատրպէյճանը իբրեւ թէ արեւմտեան միջամտութեանը ընդդիմացող նոյն ճամբարում է Ռուսաստանի հետ, ինչն այս ճակատագրական պահին խիստ կարեւոր է վերջինիս համար: Հայաստանի իշխանութիւնները հրաժարուելով Արցախի շահերը պաշտպանելուց եւ Հայաստանի անվտանգութեան ապահովման պարտականութիւններից` խիստ  հետեւողական են այդ շահերը չպաշտպանելու մէջ Ռուսաստանին մեղադրելու հարցում: Նրանց բուն նպատակը հայ ժողովրդի մէջ հակառուսական տրամադրութիւնների բորբոքումն է, ժողովրդին համոզելը, որ Արեւմուտքից պարտուող, Հայաստանի նկատմամբ պարտականութիւնները չկատարող Ռուսաստանի հետ հեռահար հաշուարկներ անելն անիմաստ է, եւ այլ ելք չկայ, բացի արեւմտեան այլընտրանքից, իսկ աւելի ստոյգ` Արեւմուտքին այստեղ ներկայացնող թուրք-ադրբեջանական գերիշխանութիւնից: Արցախի շրջափակման դէմ ոչինչ չնախաձեռնող իշխանութիւնը վաղը միջանցքի  պատրուակով տարածք է զիջելու իր թշնամիներին` այն ներկայացնելով որպէս արցախցիների փրկութեան միակ միջոց, Հայաստանից եւս տարածքներ է զիջելու Ադրբեջանին` ներկայացնելով որպէս մնացածը փրկելու եւ տարածաշրջանում խաղաղութիւն հստատելու ելք: Հայաստանի իշխանութիւնները զայրացած ու զարմացած բացականչում են․ «Դուք  ցանկանում էք, որ 3 միլիոնանոց Հայաստանը հակադրուի՞ 100 միլիոնանոց  թուրք-ատրպէյճանցիներինէ` լռելով այն հարցում, թէ իրենց ոխերիմ հարեւանների ցանկութիւնները չբաւարարելու դէպքում որքան է զիջելու Հայաստանը` հաշուի առնելով նաեւ այն հանգամանքը, որ երեք երկրների բնակչութեան թուային համեմատութիւնը ի օգուտ մեզ չի փոխուելու:

Երբ պատերազմող երկիրը ղեկավարում են դասալիքները, տրամաբանական է այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Նիկոլ Փաշինեանի թիմը (խումբը, խմբ․) իշխանութեան է եկել արդէն իսկ Հայաստանի թշնամիներից  հոգեբանօրէն պարտուած: Դրանով էին նաեւ պայմանաւորուած ի սկզբանէ նրանց հնչեցրած անհեթեթ յայտարարութիւնները` արցախեան պատերազմում անիմաստ զոհերի, թշնամի երկրի կիրթ ղեկավարի, այդ ղեկավարի կնոջ հետ մուղամ լսելու, ռազմահայրենասիրական դաստիարակութեան հիմնադրոյթները դպրոցներից հանելու, ազգային կրթական չափորոշիչներից հրաժարուելու եւ նման այլ բաների մասին:

Հայաստանի չորրորդ իշխանութեան անցած ճանապարհը կրկնում է առաջին իշխանութեան անցած ուղին: Արցախեան պայքարից հրաժարուելու, ամէն գնով խաղաղութեան հասնելու, աշխարհաքաղաքական բեւեռից բեւեռ ցատկոտելու ճիգերն ի վերջոյ կանգնեցրին նրանց եւ նաեւ մեր երկիրը աշխարհաքաղաքական փակուղու առջեւ: Արցախեան շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահի բազմաթիւ յօդուածներում ուրուագծւում էր աշխարհաքաղաքական պատկերը, նրա նախանշած հեռանկարը բոլոր դէպքերում փակուղի էր տանում, եթէ Հայաստանն ամէն գնով չստորագրեր խաղաղութեան պայմանագիր: Մարդիկ, ովքեր իրենց էութեամբ ու համոզմունքներով  չեն հաւատացել հզօր, անկախ Հայաստանի հեռանկարին, կաշուից դուրս են եկել եւ դուրս են գալիս Հայաստանի ճակատագիրը տնօրինելու համար:

Հ․Հ․ առաջին նախագահի հետ տեղի ունեցածի պէս նրա հոգեզաւակի համար եւս խուսանաւելու դաշտն աստիճանաբար նեղանում է: Պարզուեց, որ Ռուսաստանը ոչ միայն չի կործանւում, այլեւ չի պատրաստւում լքել տարածաշրջանը, որի նկատմամբ նրա ճնշումը առաջիկայում ամենայն հաւանականութեամբ մեծանալու է:

Հայաստանին ու Արցախին անցած դարի 90-ականների վերջին  աշխարհաքաղաքական փակուղուց դուրս բերեց իշխանափոխութիւնը:

Հայաստանի իշխանութիւնը, որը բազմաթիւ անօրինականութիւններ ու յանցանքներ է գործել իր երկրի ու ժողովրդի նկատմամբ, սարսափում է իշխանափոխութեան մտքից: Չունենալով սկզբունք եւ հայրենասիրութեան զգացում` նա պատրաստ է լինելու, ըստ նժարի ծանրութեան, ցանկացած զիջումների արտաքին ուժերին: Կը փրկի կաշին, թէ այն կը չորանայ ոսկորների վրայ, ինչպէս պատահեց մէկ այլ օգտագործուած ու դէն նետուածի` Սահակաշուիլու հետ, մեզ համար ոչ մի կարեւորութիւն չունի: Գերխնդիրը Արցախ-հայաստանն է ու նրա փրկութիւնը:

Յ․Գ․– Փետրուար 16-ից 19-ը Նիկոլ Փաշինեանը մասնակցեց Միւնխէնի խաղաղութեան համաժողովին, որի ընթացքում տեղի ունեցաւ նաեւ բաց քննարկում-բանավէճ Հայաստանի եւ Ատրպէյճանի առաջնորդների միջեւ: Համաժողովի խորապատկերին ակնյայտօրէն դրսեւորուեց Հայաստանի ղեկավարի քաղաքական խեղճութիւնը, նրա անկարողութիւնը, իսկ, գուցէ եւ ցանկութեան բացակայութիւնը պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը: Երբ Ատրպէյճանի ղեկավարը հայկական կողմին մեղադրում է Ատրպէյճանի տարածքների  օկուպացիայի (գրաւման, խմբ․), ռազմական այլ յանցագործութիւնների մէջ, իսկ Հայաստանի առաջնորդը չի  կարողանում, վախենում է կամ միտումնաւոր չի խօսում Ատրպէյճանի սանձազերծած պատերազմի, բազմազան յանցագործութիւնների եւ շարունակուող շրջափակման մասին, այլեւս  միեւնոյն է, թէ որոնք են դրա դրդապապատճառները: Երբ սրան գումարւում է նաեւ Թուրքիոյ արտգործնախարարի կողմից, արդէն այդ երկրի տարածքում, Հայաստանի արտգործնախարարին ներկայացուող ակնյայտ պահանջները` մասնաւորապէս Թուրքիոյ հետ յարաբերութիւններ հաստատելու համար Ադրբեջանի ներկայացրած պահանջների բաւարարման մասին կասկած չի մնում, թէ Հայաստանի դրածոյ իշխանութիւնը ինչ ծրագիր է իրականացնում եւ դէպի ուր է առաջնորդում հայ ժողովրդին: Հայաստանի վերջի բեկորները թուրք-ատրպէյճանական նոր ստրկութեանը ենթարկելու նպատակը հնարաւոր է ձախողել միայն ազգադաւ իշխանութեան դէմ համաժողովրդական պայքարի ճանապարհով: Իշխանափոխութեան ձգձգումը  կարող է անիմաստ դարձնել  դրա անհրաժեշտութիւնը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.