«Մեր գերագոյն վճռականութեան տօնն է Մայիս 28ը»

«Գալիս էր թուրքը եւ գալիս էր հայութեան վրայ: Հային էր վիճակւում պաշտպանել Կովկասի ճակատը: Միայն նա էր, որ պէտք էր եւ պետութիւն կառուցէր իր կիսաւեր հայրենիքում եւ սովահար բազմութիւններ կերակրէր եւ ժողովուրդ ու հայրենիք պաշտպանէր թուրքի դէմ, որ գալիս էր հարաւից եւ թաթարի դէմ, որ խլրտում էր երկրի մէջ եւ թիկունքում:

Նման պայմանների մէջ պատմական հայութիւնը լքած էր իր հայրենիքը եւ բռնած գաղթի ճամբան: Բայց Դաշնակցութիւնը եւ նրան ապաւինած ժողովուրդը վճռեցին մնալ, ճակատ յարդարել եւ կռիւ ընդունել:

Սա մի գերագոյն վճիռ էր, մի հերոսական կեցուածք, որի փառքը պատկանում էր Հ.Յ.Դ.-ին եւ հայ ժողովրդի խոնարհ խաւին: Հետագայ դարերի հայ մարդը պիտի զարմանայ այն սերունդի վրայ, որ օրհասի տարիներին հերոսական վճռականութեամբ տէր կանգնեց իր անտէր հայրենիքին եւ իր անվարժ ու թոյլ ձեռքով, բայց եւ անվեհեր հոգով կարողացաւ աւերակների եւ սովի միջից նոր Հայաստան ստեղծել: Այս բախտորոշ եւ գերագոյն վճռականութեան տօնն է Մայիս 28ը»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.