«Մենք հողի և հայի համար կռուող կուսակցութիւն ենք` արդէն 128 տարի». Արթուր Խաչատրեան

Ինչո՞ւ  քաղաքացին պէտք է քուէարկի Դաշնակցութեան օգտին: Այս հարցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի ընթացքին պատասխանած է Շիրակի նախկին մարզպետ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը:

«Քաղաքացին Դաշնակցութեան օգտին պէտք է քուէարկի, որովհետև մենք հանդէս ենք գալիս մի քանի հիմնարար սկզբունքներով: Առաջինը հայապահպանութիւնն է. մենք հողի և հայի համար կռուող կուսակցութիւն ենք` արդէն 128 տարի: Մենք այս պետականութեան, մեր իրաւունքների դռանը կապած պահապան շների նման ենք. սա կարող է մի քիչ կոպիտ հնչել, բայց… Պատրաստ ենք պայքարել բոլորի հետ, ովքեր երբևիցէ կը յանդգնեն մեր պետականութիւնը, մեր ազգային արժէքները, մեր աւանդական արժէքները` ընտանիք, կրօն, եկեղեցի, ուսում, դպրոց, վտանգել: Մենք թերևս միակ քաղաքական ուժն ենք: Եթե, մեզանից բացի, մէկ այլը կայ, թող բերի, ցոյց տայ, որ իր քաղաքական փաստաթղթերում խօսում է սոցիալական արդարութեան մասին, արժէք ստեղծելուց բացի` խօսում է արժէքի վերաբաշխման մասին: Այսինքն ` մենք այն ուժն ենք, որը թէ՛ Հայաստանում, ի դէպ, Հայաստան ասելով, ես նկատի ունեմ նաև Արցախը, թէ՛ Սփիւռքում պայքարել ենք և պայքարելու ենք հայերի իրաւունքների համար: Մենք այն ուժն ենք, որը պայքարել է ճնշուածների իրաւունքների, սոցիալական  արդարութեան համար: Միակն ենք, եթէ կայ այդպիսին, խնդրեմ, անուն առ անուն թող նշեն»,- ըսած է Արթուր Խաչատրեանը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.