Մարտում պարտուեցինք, երբ թշնամին հակաՀայաստան ստեղծեց Հայաստանի սրտում

ԱԺ յայտարարութիւնների ժամին ելոյթ է ունեցել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանը։ Ստորև ներկայացնում ենք պատգամաւորի ելոյթն ամբողջութեամբ․

Յարգելի´ ընդդիմադիր գործընկերներ, սիրելի´ հայրենակիցներ.

Մենք այսօր երկու հակառակ, իրարամերժ իրականութիւնների կիզակէտում ենք: Մի կողմում յաւերժական Հայաստանն է․ յանուն այդ Հայաստանի անձնազոհութեամբ դարէ դար ճանապարհ յարթածների ժառանգութիւնն է և հերոսական հայ ժողովուրդը՝ իր անցեալի ու ապագայի յաղթանակներով, իսկ միւսում` հակաՀայաստանն է, որը միայն մէկ օրակարգ ունի. ինքնապահպանուել` սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:

ՀակաՀայաստանի համար Շուշին Շուշա է՝ դժբախտ ու տժգոյն։

Յաւերժական Հայաստանում Շուշին եղել է, կա՛ ու լինելու՛ է հայկական:

ՀակաՀայաստանում պարտութեամբ են հպարտ․․․

Յաւրժական Հայաստանում պարտութիւնները դասեր են, իսկ ազգային շահի ՅԱՂԹԱՆԱԿԸ` գերնպատակ։ Մեր պատմութեան ընթացքում յաղթանակներ կերտուել են ու էլի են կերտուելու։

ՀակաՀայաստանում ՀԱՅՐԵՆԻՔ են զոհում յանուն սեփական անձի ու աթոռի․․․

Յաւերժական Հայաստանում սեփական անձը գիտակցաբար դնում են ՀԱՅՐԵՆԻՔԻ զոհասեղանին, որ փրկեն հազարաւորներին, որովհետև թուլամորթ վախկոտի պէս չէին կարող իջնել Երևանի օդակայանում ու ասել, որ Գետաշէնը յանձնեցին:

ՀակաՀայաստանում Արցախը քաղաքականութիւն ու բեռ է․․․

Յաւերժակական Հայաստանում Արցախն ինքնութիւ՛ն է:

Սիրելի´ հայ մարդիկ, սիրելի՛ հայրենակիցներ․

Մենք չե՛նք պարտուել մարտում, որովհետև թոյլ էինք կամ կամք ու պատրաստականութիւն չունէինք Հայրենիքը պաշտպանելու:

Մենք պարտուել ենք, որովհետև մեր թշնամուն յաջողուեց մասնատել ու հակաՀայաստան ստեղծել Յաւերժական Հայաստանի սրտում:

Թոյլ չե´նք տալու, որ հայ մարդուց իր նախնիների սրբազան զոհողութեամբ վաստակած արժանապատուութիւնը խլեն և պարտութիւն պարտադրեն։

Որովհետև յանուն յաւերժական Հայաստանի սերունդները պայքար ու ջանք են դրել, արիւն ու կեանք են դրել դարերով:

Մեր Արցախ-Հայրենիքի 75%-ն օկուպացուած է, ով այլ կարծիք ունի կա՛մ ծագմամբ թուրք է կա՛մ կոլաբորացիոնիստ:

Մենք այլընտրանք չունե՛նք․ պիտի ապրենք ա՛յս տարածաշրջանում՝ մեր պատմական ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ:

Այո´, պիտի՛ խաղաղութեան պայմաններում ապրենք այս տարածաշրջանում, բայց այդ խաղաղութիւնը չպէ՛տք է լինի հայ ժողովրդի հայրենազրկմամբ, այլ այն պարտադրելու ենք մեր թշնամիներին:

Որովհետև նրանց օրակարգը մէկն է եղել թէ´ նախորդ դարում, թէ´ հիմա:

Հայ մարդ, դու իրաւունք չունե՛ս կքելու:

Դու իրաւունք չունե՛ս ծնկելու:

Քո՛ պայքարն արդար է:

Յանուն պատմական արդարութեան վերականգնման, յանուն Յաւերժական Հայաստանի բոլոր միջոցներն արդարացուած են:

Յիշի´ր՝ հակաՀայաստանը մեծամասնութիւն է միայն ա՛յս դահլիճում:

Մանրամասն՝ տեսանիւթում։

https://youtu.be/l38sfQv7M90

Leave a Comment

You must be logged in to post a comment.