Հրանդ Մարգարեան. «Իշխանութիւնը Կ՛ուզէ, Որ Ընդդիմութիւնը Խոցելի Ըլլայ»

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան քարոզչութեան ընթացքին հանդիպումներ ունեցած է հայրենիքի մէջ հաստատուած սուրիահայերու եւ իրանահայերու հետ:

30 նոյեմբերի ուշ երեկոյեան իրանահայերու հետ հանդիպումի մը ընթացքին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան վերլուծած է աւագանիի ընտրութիւններէն սկսեալ քարոզարշաւներու ընթացքին  տեղի ունեցած իրադարձութիւններն ու յայտնած որոշ մտահոգութիւններ:

Ստորեւ կը ներկայացնենք Հրանդ Մարգարեանի ելոյթի սղագրութիւնը:

«Օր օրի տեսանք, որ արհեստականօրէն սրւում է վիճակը, եւ արհեստական փորձ է արւում` բեւեռներ ձեւաւորել: Իշխանութիւնը, այս պարագայում Նիկոլ Փաշինեանը, չի կարողանում բաւարարուել իր մեծ յաղթանակով եւ արդէն ուզում է որոշել, թէ ով պէտք է լինի իր ընդդիմութիւնը: Եւ, սրելով իրավիճակը, սեւ ու սպիտակի, սպիտակ ու սեւի, անցեալի ու ներկայի կտրուածքների մէջ փորձում է ձեւաւորել իր ընդդիմութիւնը: Եւ, բնական է, մտածում է, որ այդ ընդդիմութիւնը պէտք է խոցելի ընդդիմութիւն լինի, այդ ընդդիմութիւնը պէտք է ժողովրդի համակրանքը մեծ հաշուով չվայելի, այդ ընդդիմութիւնը պէտք է անցեալի սխալների բեռը կրի: Սա պէտք է իրեն, որպէսզի ստուերում թողնի խելացի, մտածող, ծրագիր ունեցող, լուրջ, առողջ քաղաքական ուժերին:

Անցեալի էջը փակուած է: Անցեալը այլեւս կարելիութիւն չունի վերադարձի: Մեր ժողովուրդը իր շարժումով այնպիսի ալիք բարձրացրեց, որ սրբեց, մաքրեց մեզ անցեալի սխալներից, անցեալի տհաճ, տգեղ երեւոյթներից: Բայց անընդհատ վախնալ, որ անցեալը կը ձգտի վերադառնալ, որ այն ձգտում է փոխվրէժի` իմ կարծիքով արհեստական մտահոգութիւն է` այլ նպատակներ հետապնդող: Անցեալը անընդհատ յիշատակելով, անցեալի սխալները անընդհատ յիշելով` փորձ է արւում առիթը օգտագործել` մեր իրականութեան որոշ արժէքներ, ոմանք գուցէ ասեն` կարծրատիպեր, ջարդելու համար: Այդպէս է թւում ինձ: Գուցէ սխալւում եմ: Աստուած տայ` ես սխալուեմ, բայց այդպէս է թւում: Ասում են բանակի մէջ թալան կայ, բայց այնպէս են ասում, որ չի յստակեցւում, թէ ովքեր են թալան անողները, քանի՞ հոգի են, քանի՞ ընկերութիւն է, դա ի՞նչ մաֆիա է: Փորձ է արւում բանակը ցոյց տալ իբրեւ հիւանդ մարմին մեր պետականութեան մէջ, փորձ է արւում ցոյց տալ, որ բանակի մէջ թալանչիներ կան միայն: Սպայական կազմի ազնիւ, պարկեշտ, հայրենասէր մարդկանց մասին խօսք չկայ այսօր: Խօսք կայ  միայն թալանչիների մասին: Եւ ոչ թէ թալանչին է միայն, որ մեղադրւում է, այլ բանակն է վարկաբեկւում:

Նիկոլ Փաշինեանի կողքին մէկը կանգնած, չգիտեմ ինչո՞ւ, չգիտեմ ո՞ր անհրաժեշտութիւնից բխած, ո՞ր անհրաժեշտութիւնից մեկնած, փորձ է անում ապրիլեան ժողովրդական շարժումը համեմատել Արցախի ազատամարտի հետ: Իմ կարծիքով` ապրիլեան ժողովրդական շարժումը հոյակապ էր: Բայց ի՞նչ պէտք կայ համեմատել: Ամէն բան արժէք է ինքն իր մէջ, ինքն իր ժամանակի համար, ինքն իր իմաստով: Երբ համեմատութիւն ես կատարում` դու այլ նպատակ ես հետապնդում: Սխալը` սխալ էր, գուցէ բերանից թռել էր այդ սխալը: Բայց դա Նիկոլ Փաշինեանի ներկայութեամբ էր ասուել, եւ Նիկոլ Փաշինեանը չէր փորձել սրբագրել: Եւ եղան անհատներ, նրանց մէջ նաեւ մեզնից ոմանք, որ արտայայտուեցին այդ մասին` նշելով, որ դա ճիշդ չէ, այդ համեմատութիւնը սխալ է: Ոմանք նոյնիսկ վիրաւորուեցին: Յաջորդ օրը Նիկոլն էլ ասաց, որ սխալ է արել: Բայց դրանից յետոյ էլ ինքն է ասում` ով այդպէս է խօսում, ով Արցախի ազատամարտի մտահոգութեամբ է խօսում` նա էլ է թալանչի, նրան էլ պէտք է ասֆալտին ծեփել, պատեպատ խփել, չեմ իմանում, վզից բռնել, դուրս գցել® էլի չհասկացանք, չհասկացանք` մենք այս ժողովրդական շարժումով ուզեցել ենք ժողովրդավարութի՞ւն կերտել, թէ՞ հակառակը` հակաժողովրդավարական վարչակարգ:

Ազգովի հպարտացանք, որ մեր վարչապետի տղան, Երեւանի ինչ որ գրասենեակի մէջ ծառայելու փոխարէն, գնացել է Ղարաբաղ, այնտեղ է փորձում ծառայել: Բայց դա արդէն դառնում է տժվժիկի պատմութիւնը, արդէն քանի անգամ է նա խօսել իր տղայի` Արցախում ծառայելու մասին: Վերջին անգամ նա կրկին համեմատութիւն է կատարում` իմ տղան Ղարաբաղում է ծառայում, իսկ Ղարաբաղի իշխանութիւններից ոչ մէկի տղան Ղարաբաղում չի ծառայել: Ինչը որ սուտ է: Գիտեմ, գիտեմ որ եղել են իշխանութեան բարձր մակարդակի վրայ գտնուող անձինք, որոնք ամէն ճիգով փորձել են իրենց երեխաներին հեռու պահել բանակում ծառայելուց, բայց նաեւ եղել են մարդիկ, գուցէ մի փոքրամասնութիւն, չգիտեմ, որ ինչպէս Փաշինեանն է իր երեխային ուղարկել ծառայելու, իրենք էլ իրենց երեխաներին ուղարկել են, եւ նրանք ծառայել են: Ինչո՞ւ ես դու դա համեմատում` Ղարաբաղի իշխանութիւնների ներկայացուցիչների երեխաները ծառայե՞լ են, թէ՞ չեն ծառայել: Բանից պարզուեց որ ծառայել են: Սա լաւ տեղ չի տանում մեզ: Այդ երեւոյթը, առանց զսպման մեքանիզմի, չգիտեմ` գիտակցուած, թէ ոչ, արդէն վերածուեց հակաղարաբաղեան երեւոյթի: Ես կարծում եմ, որ յարաբերութիւնների մակարդակն այնպիսին է, որ կարելի է հեռախօսային զրոյցով այդ թիւրիմացութիւնները վերացնել: Մենք մեր ժողովրդից պէտք է խնայենք Ղարաբաղի հարցով տեսակէտների բեւեռացումը: Դա մեզ լաւ տեղ չի տանում: Դա ո՛չ մեզ է պէտք, ո՛չ Ղարաբաղին եւ ո՛չ էլ ոեւէ մէկին: Մտահոգութիւնները մեծ են, վտանգը մեծ է:

Նիկոլ Փաշինեանը մի այնպիսի ալիքի վրայ է իշխանութեան եկել, որ իրեն թւում է, թէ ինչ ուզենայ, կարող է անել: Դա գուցէ իրողութիւն է: Բայց դա պէտք է անել ազգայինի ուղղութեամբ, արդարութեան ուղղութեամբ, ժողովրդավարութեան ուղղութեամբ, ապա թէ ոչ` ինքը շատ արագ կը մսխի այդ դրամագլուխը: Մենք շատ խուճուճ ճանապարհ ենք անցել, բայց այդ ամէնով հանդերձ` մենք ի վիճակի ենք բաց ճակատով կանգնել եւ ասել` մենք անփոխարինելի ուժ ենք Հայաստանում, հայկական իրականութեան մէջ: Մենք ունենք 2 հիմնական օրակարգ, որով զանազանւում ենք բոլորից եւ հէնց այդ պատճառով պէտք է ներկայութիւն ունենանք բոլորի կողքին: Դա ազգային մեր էութիւնն է եւ ընկերային արդարութեան մեր հասկացողութիւնը: Շատ ու շատ բառերի տակ թաքնուած վտանգներ կան: Խօսում են Արցախի մասին` այո, Արցախի ճակատագիրը պէտք է որոշի Արցախի ժողովուրդը, Արցախի սահմանները պէտք է որոշի մեր ժողովուրդը® Այն քաղաքական ուժը, որ այսօրուանից չի ասում` ո՞ր սահմաններով Արցախի մասին է խօսում, այն քաղաքական ուժը, որ այսօր չի ասում, թէ ո՞ր Արցախն է ինքը դնում ժողովրդի դատին, եւ ո՞ր Արցախի համար պէտք է վաղը գնայ բանակցելու, հաստատ ինչ որ բան կեղծում է, ինչ որ բանի յետեւում թաքնւում է, թող դրա անունը լինի ժողովուրդ ասուածը:

Ինչպէ՞ս կարող է քաղաքական ուժը տեսակէտ չունենալ: Մի՞թէ կարող է քաղաքական ուժը տեսակէտ չունենալ: Հնարաւոր է` քաղաքական ուժի տեսակէտը ժողովուրդը չհաստատի, դա կարող եմ հասկանալ: Մի իմաստուն ասել է` խաղաղութեան ժամանակ պատերազմի քարոզչութիւնն է ոճրագործութիւն եւ յանցանք, իսկ պատերազմի ժամանակ խաղաղութեան քարոզչութիւնը: Մենք կռուի մէջ ենք եւ պէտք է կռուենք: Երբ դեռ չկայ այն հաւանականութիւնը, որ տեսնենք խաղաղութեան ափը, մենք պարտաւոր ենք մեր ժողովրդին պահել կազմակերպուած եւ մարտունակ: Պարտաւոր ենք դա անել: Կազմակերպուած հասարակութիւն ունենանք, հայկականութիւն ունենանք, որ ինչպէս ապրիլին, երբ Ազրպէյճանը յարձակուեց, բոլորը մէկ մարդու պէս ուղարկուեն դէպի սահման: Մենք այդպիսի հասարակութեան պէտք ունենք:

Արդարութիւնն էլ մեզ համար է: Դա հէնց այնպէս ասուող խօսք չէ: Մենք արդարութեան ջատագով կուսակցութիւն ենք եւ ասում ենք` որպէսզի արդար հասարակութիւն ունենանք, ընկերային արդարութիւն է պէտք: Եւ, որպէսզի ընկերային արդարութիւն ունենանք, պետութիւնը պէտք է միջամտի տնտեսութեան զարգացմանը: Չի կարող պետութիւնը դիտորդ լինել, չի կարելի ամէն ինչ վստահել շուկային: Մեր ազգային էութիւնից է բխում մեր ընկերվարական բնոյթը: Մենք ասում ենք` մեր այս պայքարի մէջ մեր ժողովուրդը պէտք է համախմբուած լինի մեր շուրջ: Եւ, որպէսզի ժողովուրդը համախմբուած լինի մեր շուրջ, նա պէտք է ապրի արդարութեան պայմանների մէջ: Մեր ժողովուրդը պէտք է արժանապատիւ ժողովուրդ լինի, որ կարողանայ պայքարել, հպարտ ժողովուրդ լինի, որ կարողանայ պայքարել, ինքնաբաւ ժողովուրդ պէտք է լինի, ձեռքը հասնի բերանին, որ կարողանայ պայքարել, սոված պէտք չէ լինի: Մենք ասում ենք ամէն մի զօրացրուած երիտասարդ պէտք է զգայ  պետութեան գուրգուրանքը, ունենայ բնակարան, ունենայ աշխատանք, որ մնայ այս երկրում, ընտանիք կազմի, որ չմտածի արտագաղթելու մասին, որ չարտագաղթի:

Արտագաղթի դէմն այդպէս կարելի է առնել: Տարին 20 հազար երիտասարդ է աւարտում իր զինուորական ծառայութիւնը: Մենք ազգովի պարտաւոր ենք այդ 20 հազարին աշխատանքով ապահովել, բնակարանով ապահովել, որպէսզի նա կապուի այս հողին, կպնի այս հողին, չարտագաղթի»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.