ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ բուժակը մասնակից էր պատերազմին

«Մեր միջից պիտի վերանա հասարակութեանը տարանջատելը՝ ղարաբաղցու ու հայաստանցու, սև ու սպիտակի բաժանումը․ մենք պիտի արժանի լինենք մեր հերոսներին»․ Մկրտիչ Խամոյեան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան անդամ, Երևանի  պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Մկրտիչ Խամոյեանը Արցախ է մեկնել ռազմական գործողութիւնների մեկնարկին՝ սեպտեմբերի 27-ին։  Նա նշում է՝ հենց լսել է, որ Ադրբեջանը Արցախում ռազմական գործողութիւններ է սանձազերծել, անմիջապէս ցանկացել է Արցախում իր մասնագիտական առաքելութիւնը կատարել՝ աշխատել որևէ հիւանդանոցում։

«Բայց, քանի որ ես 5-րդ կուրսում էի սովորում ու փորձի պակաս կար, հնարաւորութիւն չընձեռուեց աշխատել հիւանդանոցոմ, բայց  ես «Շտապ օգնութիւն»-ում աշխատելու փորձ ունէի, քանի որ ուսմանս զուգահետ՝ նաև «Շտապ օգնութիւն»-ում եմ աշխատում, հետևաբար՝  որպէս բուժակ ներգրաւուեցի  հենց «Շտապ օգնութեան» ջոկատների կազմում․ մենք  վիրաւորներին Ստեփանակերտից  տեղափոխում  էինք Երևան՝ տարբեր բուժհաստատութիւններ», —  պատմում է Մկրտիչը։

Նրա հայրն ազատամարտիկ է, մասնակցել է նախորդ երկու պատերազմներին, սակայն այս անգամ առողջական վիճակը թոյլ չի տուել մեկնել ռազմի դաշտ՝ չնայած մեծ ցանկութեանը։

Մկրտիչն ասում է՝ երբ հօրը տեղեկացրել է, որ պատրաստւում է Արցախ մեկնել, հայրն իրեն գրկել է ու ճանապարհել Արցախ․ ճանապարհ ընկնելուց առաջ կարիք էլ չի եղել, որ հայրը որդուն խորհուրդներ տայ, քանի որ ազատամարտիկը որդուն դաստիարակել է հայրենասիրական ոգով՝ Պետոյի, Կարօտի ու միւս քաջերի ոգով։

«Ես դեռ փոքրուց իմացել եմ, թէ այս քաջերը ինչ անսահման սիրով են սիրել հայրենիքը,   ինչպէս են զոհուել յանուն հայրենիքի և գիտէի, որ յանուն հայրենիքի՝ ես ևս պիտի   առաւելագոյնն անէի։ Հայրս մասնակցել է նախորդ երկու պատերազմներին, այս անգամ առողջական խնդիրների առկայութեան պատճառով չկարողացաւ ռազմի  դաշտ մեկնել ու կռուել, թէև շատ էր ցանկանում։ Բայց, հպարտօրէն կարող եմ ասել՝ նա  թիկունքում էր պայքարում։ Պատերազմի  օրերին  նա Արցախում է եղել, զինուորների համար անհրաժեշտ պարագաներ էր Հայաստանից Արցախ տեղափոխում», — խօսելով իր հօր մասին՝ պատմում է Մկրտիչը։

Նա նշում է՝  պատերազմական գործողութիւնների ընթացքում  սխրանքների ականատես է եղել, իր յիշողութեան մէջ մնացել են այնպիսիք, որոնք, իսկապէս, նուիրեալներ են։

«Մեր աշխատանքի  բնոյթով պայմանաւորուած՝ անընդհատ զինուորներին Ստեփանակերտից Երևան էինք տեղափոխում,  ու բաւական երկար ժամանակ ճանապարհ էինք կտրում։ Ես զրուցում էի մեր  տղաների հետ  ու հասկանում, թէ ինչեր էին տեսել նրանք, ինչերի միջով անցել․․․ Դժուար է այդ ամէնի մասին խօսելը։ Մենք շատ հերոսներ ունենք։ Դրանք ոչ թէ խօսքեր են, այլ այդ հերոսութիւնների մասին խօսում են  հենց նրանց սխրանքները։

Մի անգամ մենք տեղափոխում էինք միջին ծանրութեան աստիճանի մի վիրաւորի, որը ոտքի հատուածում վիրաւորում էր ստացել։ Ես խօսեցի նրա հետ։  Նրա հայրը ժամանակին Արցախի Տող գիւղի հրամանատարն էր եղել, զոհուել էր։ Այդ հրամանատարի հերոս տղան լուրջ հիւանդութիւն ունէր, նա ճառագայթային բուժում էր ստանում, բայց նա իր  հերոս հօր նման  զինուորական էր, եկել էր մարտադաշտ, կռիւ էր մղում յանուն հայրենիքի՝ անկախ իր ունեցած հիւանդութիւնից։ Նա ցաւով էր մտածում այն մասին, որ, գուցէ, կորցնենք Արցախը, որ, գուցէ, իր հօր գերեզմանը մնայ սահմանից այն կողմ»,-  նշեց Մկրտիչը՝ շեշտելով՝  մեր տղաների սխրանքներն անհաշուելի են, նրանց սխրաքներն ու հայրենասիրութիւնն  անչափելի․ մեր տղաները չեն պարտուել, նրանք արել  են այն, ինչ անհնար  էր թւում։

Մկրտիչն Արցախում հանդիպել է նաև սիրուած, ճանաչուած սպայ Սարգիս Ստեփանեանին, որը 2014 թուականի յունիսի 29-ին մարտական գործողութիւններ իրականացնելիս ականի պայթիւնի հետևանքով վիրաւորում է ստացել՝  կորցնելով  երկու ոտքը և մի ձեռքը։

«Մի անգամ, երբ «Շտապ օգնութեան»  բրիգադի կազմով գնում  էինք  Ստեփանակերտ,  ճանապարհին Սարգիս  Ստեփանեանին  տեսանք՝ «Շտապ օգնութեան» մեքենայի առջևում նստած։ Դրանից առաջ իրեն մի քանի անգամ հիւանդանոցում տեսել էի։  Ստեփանակերտի հիւանդանոց հասնելուց յետոյ ես իմացայ, որ  նա վիրաւորում էր ստացել ու հրաժարւում էր գալ  Հայաստան․ ուզում էր մնալ Արցախում։ Նրան մի կերպ համոզել էին, որ  տեղափոխուէր Հայաստան՝ բուժումը շարունակելու», —  ասում է Մկրտիչը՝ վերահաստատելով՝ մեր  ազգն ունի այնպիսի զաւակներ, որոնք կամքը հնարաւոր չէ կոտրել, քանի որ նրանց մէջ եղած հայրենասիրութիւնը տիեզերքից էլ մեծ է։

Զրոյցի վերջում Մկրտիչ Խամոյեանը նշեց՝ պատերազմի օրերին սպիտակ բանակի ներդրումն, ի հարկէ, մեծ է եղել, և վիրաւոր տղաներին բուժելու, նրանց կեանքը փրկելու գործում  մեծ ներդրում են ունեցել նաև այն մանագէտները, որոնք աշխատել են թիկունքում՝ յստակօրէն՝ քայլ առ քայլ  այդ դժուարին պայմաններում կանոնակարգելով  բոլոր աշխատանքները։

Նա շեշտեց՝ մեր երկրում պիտի վերանան  հասարակութեանը մասնատող լօզունգները։

«Սև ու սպիտակի, նախկինի ու ներկայի, ղարաբաղցու ու հայաստանու այդ տարանջատումները պիտի վերանան։ Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսներին, պիտի  արժանի լինենք Արցախ ունենալուն», – ասում է Մկրտիչը։

Մկրտիչը նշեց՝ ցաւալի կորուստներից և առհասարակ, վերջին ամիսներին կատարուածից ու այս օրերին կատարուողից հարկաւոր է դասեր քաղել՝ ապագայում այդ սխալները կրկնելու համար, ապա յոյս յայտնեց, որ մենք վստահաբար կարողանալու ենք ուղղել մեր կորացած մէջքը, պարզապէս հարկաւոր է չընկրկել,  շարունակել պայքարը և անգամ այս պայմաններում չյուսահատվելով՝ առաջ նայել։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.