ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր

Հայ Դատի Կենտրոնական խորհուրդ

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը Երեւանում, Գորիսում եւ Ստեփանակերտում գումարուեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայ Դատի աւելի քան 20 յանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի օրակարգը վերաբերել է Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծուած իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղութիւններից մինչեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունէութեանը հակազդեցութիւն եւ այլն։ Քննարկուել են նախորդ շրջանի աշխատանքները եւ առաջիկայ անելիքները։ Ըստ անհրաժեշտութեան՝ կատարուել մարտավարական ճշգրտումներ։

Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը դեկտեմբերի 6-ին հրապարակել է խորհրդաժողովի աշխատանքների մասին յայտարարութիւն։

2021 թ. նոյեմբերին, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակը հրատարակել է Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների 2020 թ. աշխատանքը ամփոփող տարեգիրք։ Այդ շարքը շարունակական է լինելու, 2022 թ․ առաջին եռամսեակում նախատեսւում է հրապարակել Հայ Դատի 2021 թ․ աշխատանքներն ամփոփող տարեգիրքը։

 

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնութիւնը Բաքուին եւ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա վարչակարգի այլ բարձրաստիճան անդամների դէմ՝ որպէս Հայաստանի, Արցախի եւ Կովկասեան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան ընդհանուր վերանայում։

Իբրեւ ամերիկեան քաղաքականութեան վերանայման չափանիշներ՝ Համբարեանը նշել է․

 

1) հետ կանչել 907-րդ բանաձեւի նախագահական սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնութեան վերաբերեալ,

2) 100 միլիոն դոլարի ուղղակի օգնութիւն տրամադրել Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների ենթարկուած աւելի քան 100․000 արցախահայերին աջակցելու համար,

3) Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ 2020 թուականին Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցած յարձակումների ժամանակ կատարուած ռազմական յանցագործութիւնների համար,

4) դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անօրինական կալանաւորումը,

5) Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման եւ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչութեան դէմ ապօրինի զինամթերքի կիրառման վերաբերեալ հետաքննութիւն իրականացնել,

6) դատապարտել Թուրքիայի նիւթական ռազմական աջակցութիւնը Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման եւ Հայաստանի դէմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի ուղղութեամբ,

7) ակտիւօրէն հակազդել Հայաստանին մոլորեցնելու Թուրքիայի փորձերին՝ «կարգաւորելու» երկկողմ յարաբերութիւնները՝ ի հաշիւ Արցախի անկախութեան կամ Հայոց Ցեղասպանութեան արդարութեան։

 

Եւրոպա

Եւրոպական Միութեան Արեւելեան գործընկերութեան ընթացիկ գագաթաժողովի եւ Եւրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշէլի ու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպան վերաբերեալ դեկտեմբերի 14-ին յայտարարութիւն է տարածել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը․

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը եւ Եւրոպական երկրներում գործող իր յանձնախմբերը, որպէս Եւրոպական Միութեան քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ, Եւրոպական Խորհրդի նախագահին կոչ են անում․

  1. վերահաստատել ԵՄ աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ հիմնարար սկզբունքներին, ներառեալ Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութեան ինքնորոշման իրաւունքը,
  2. որդեգրել յստակ դիրքորոշում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան նկատմամբ ադրբեջանական շարունակուող սադրանքների անընդունելիութեան վերաբերեալ,
  3. կոչ անել Ադրբեջանի իշխանութիւններին՝ անյապաղ եւ ամբողջութեամբ դուրս բերել իրենց զինուած ուժերը Հայաստանի Հանրապետութեան տարածքից,
  4. կոչ անել Ադրբեջանի իշխանութիւններին ձեռնամուխ լինել հայկական բնակավայրերի շուրջ, այդ թւում՝ Արցախում, ապառազմականացուած անվտանգութեան գօտու ստեղծմանը,
  5. արձանագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանազատման որեւէ գործընթաց չի կարող պարտադրուել ուժի կիրառմամբ, մարդու իրաւունքների ոտնահարմամբ՝ ի հաշիւ Հայաստանի ազգային անվտանգութեան եւ կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ ադրբեջանական պահանջների համատեքստում,
  6. ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանութիւնների վրայ՝ անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահուող անձանց,
  7. ընդգծել, որ 2020 թւականի պատերազմի արդիւնքում ադրբեջանական զինուժի կողմից վերահսկուող Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնիկ հայ բնակչութեան էթնիկ զտումները հանդուրժելի չեն,
  8. փաստել, որ Թուրքիայի աջակցութեամբ Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի կողմից սանձազերծուած պատերազմը, վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, չի կարող յանգեցնել Հայաստանի Հանրապետութեան տարածքով յատուկ կարգավիճակ ունեցող որեւէ տրանսպորտային կապի սահմանմանը` ի հաշիւ Հայաստանի անվտանգութեան եւ տնտեսական շահերի,
  9. Ադրբեջանի իշխանութիւնների վրայ ճնշում գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան իւրացման եւ/կամ ոչնչացման քաղաքականութիւնը,
  10. Ադրբեջանի իշխանութիւններին կոչ անել դադարեցնել հայատեացութեան եւ պատերազմական հռետորաբանութեան քաղաքականութիւնը։

 

Յունաստան

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի գրասենեակը հանդիպում է ունեցել Սալոնիկի Քաղաքային տրանսպորտի կազմակերպութեան ղեկավարի հետ, որին բողոք է փոխանցել հանրային տրանսպորտի վրայ անթոյլատրելի եւ վիրաւորական գովազդային գրառումների կապակցութեամբ: Կազմակերպութեան նախագահը յանձն է առել անյապաղ հետամուտ լինել խնդրի վերացմանը եւ նշել, որ արդիւնքների մասին առաջիկայ օրերին կազմակերպութիւնը համապատասխան յայտարարութիւն կը տարածի: Նշենք, որ նոյեմբերի կէսերին Սալոնիկի քաղաքային աւտոբուսների վրայ, ադրբեջանցիների ջանքերով, փակցուել է հայկական պատմական Շուշի քաղաքի պատկերով գովազդային պաստառ, որը նենգափոխում էր քաղաքի հայկական պատկանելիութիւնը։

Համակազմակերպութեամբ ՀՅԴ Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի եւ Յունաստանի Համապոնտական միութեան՝ դեկտեմբերի 9-ին Աթենքի «Փարնասոս» սրահում տեղի ունեցաւ յատուկ միջոցառում՝ նուիրուած ցեղասպանութեան զոհերի միջազգային օրւան։

 

Թէեւ միջոցառումը կազմակերպւած էր հայ եւ պոնտոսցի քաղաքական միաւորների կողմից, ոգեկոչումը նուիրուած էր այլ ցեղասպանութիւնների, որոնք իրագործուել են 20-րդ դարի ընթացքում եւ իրենց ամօթալի հետքն են թողել մարդկութեան վրայ, յատկապէս մարդկային անտարբերութեան եւ ոճրագործների անպատժելի մնալու պատճառով։

Երեկոյթին ներկայ էին Աթենքի եւ համայն Յունաստանի Իերոնիմոս արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Յունաստանի խորհրդարանի պատգամաւորներ, համալսարանական դասախօսներ եւ հասարակական շրջանակ, որոնք եկել էին ոգեկոչելու ցեղասպանութիւնների զոհերի յիշատակը։

Միջոցառման օրակարգն ընդգրկում էր չորս տարբեր զեկոյցներ, որոնք մանրամասնօրէն ներկայացրել են իւրաքանչիւր ոճրի քաղաքական, պատմական եւ միջազգային արձագանգի մանրամասնութիւնները։

 

Ֆրանսիա

Դեկտեմբերի 6-ին Եւրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորների նախաձեռնութեամբ եւ Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախմբի համակազմակերպմամբ՝ Փարիզում տեղի ունեցաւ «Միասին յանուն հայ ժողովրդի» միջոցառումը, որին ներկայ էր աւելի քան 500 մարդ։ Հիմնական զեկուցողներից էր Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը։

Միջոցառման արդիւնքում հրապարակուել է համատեղ յայտարարութիւն, որը ստորագրել են Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներ Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆրանսուա-Քսաւէյ Բելամին եւ Նատալի Լուազոն։ Նրանք իրենց սատարումն են յայտնել ադրբեջանաթուրքական ագրեսիայի դէմ պայքարող հայ ժողովրդին։

 

Կիպրոս

Հայ Դատի Կիպրոսի յանձնախումբը, նկատի ունենալով Արցախեան պատերազմի տարելիցը, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակուող սադրանքները, գործակցաբար Հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանի, ինչպէս նաեւ Արցախի բարեկամաների շրջանակի հետ, պատրաստել է Ադրբեջանին դատապարտող բանաձեւ, որն Արցախի բարեկամների շրջանակը ներկայացրել է խորհրդարանին։

2021 թ․ դեկտեմբերի 3-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայնութեամբ ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձեւը։

 

Աւստրալիա

Նոյեմբերի 30-ին Աւստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ քննարկման է դրուել բանաձեւ, որն ուղղակիօրէն կոչ է անում կառավարութեանը՝ ճանաչել Օսմանեան կայսրութիւնում իրականացուած հայերի, ասորիների ու յոյների ցեղասպանութիւնները:

 

Պատգամաւոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձեւը յորդորում է Աւստրալիայի կառավարութեանը՝ հաւատարիմ մնալ 1948 թուականի «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ դատապարտման» մասին կոնւենցիային՝ ճանաչելով «Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, յոյների եւ միւս քրիստոնեայ փոքրամասնութիւնների դէմ իրականացուած ցեղասպանութիւնը»:

Աւստրալիայի խորհրդարանի ներկայացուցչական պալատը կոչ է արել Դաշնային կառավարութեանը ճանաչել հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները։

Սա ներկայացնում է «Արդարութեան համատեղ նախաձեռնութեան» առաջին օրէնսդրական յաջողութիւնը, որը ձեւաւորուել է 2020 թուականի փետրուարին հայ-աւստրալիական, ասորա-աւստրալիական եւ յունա-աւստրալական համայնքների կողմից:

«Ներկայացուցիչների պալատը խօսել է. Աւստրալիայի խորհրդարանի ամենամեծ եւ ամենաներկայացուցչական օրէնսդիր պալատը միաձայն կոչ է արել Աւստրալիայի կառավարութեանը ճանաչել հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնները»,- յայտարարել Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը:

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբիեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

Leave a Comment

You must be logged in to post a comment.