ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (ապրիլի 15-30, 2022թ.)

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ապրիլի երկրորդ կէսին ընդունելութիւն է յայտարարել «Լէօ Սարգսեան» կրթական ծրագրի համար՝ նպատակ ունենալով բարձրացնել ամերիկահայ երիտասարդների համայնքային հետաքրքրութիւնների մակարդակը եւ նրանց փոխանցել քաղաքական հիմնարար գիտելիքներ։

Ապրիլի 21-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի ղեկավարները Լոս Անջելէսում մեծարման երեկոյ են կազմակերպել հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի առաջամարտիկ, հայանպաստ բազմաթիւ նախաձեռնութիւնների հեղինակ եւ պաշտպան սենատոր Ռոբերտ Մենենդէզի պատուին, որը ներկայումս ղեկավարում է Սենատի առանցքային՝ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը։

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացուել է Հայոց Ցեղասպանութեան դասաւանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար յատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղւում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից։ Վերջինիս ջանքերով Ներկայացուցիչների պալատի առաւել քան յիսուն անդամներ միացել էին նախաձեռնութեանը, որը ներկայացուել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի եւ Գ․ Բիլիրակիսի կողմից։

Օրէնսդրական նախաձեռնութիւնը ենթադրում է տասը միլիոն դոլարի յատկացում Կոնգրեսի գրադարանին՝ առաջիկայ հինգ տարիների ընթացքում Օսմանեան Թուրքիայում պետական բարձրագոյն մակարդակում ծրագրուած եւ իրականացուած զանգուածային սպանութիւնների, տեղահանութեան, մշակութային բնաջնջման, ինչպէս նաեւ հայերի, յոյների, ասորիների, սիրիացիների, արամէացիների եւ մարոնիտների աքսորի վերաբերեալ ամերիկացիներին կրթելու համար։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, նախագահ Բայդէնի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին ամենամեայ ուղերձի առիթով յայտարարութիւն է տարածել՝ մասնաւորապէս նշելով․ «Նախագահ Բայդէնի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից յետոյ ամերիկահայերն ակնկալում են Միացեալ Նահանգներից կոնկրետ քայլեր՝ Հայոց Ցեղասպանութեան համար արդարութիւն ապահովման եւ երկրորդ ցեղասպանութիւնը կանխելու համար, որը բխում է Հայաստանի դէմ Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական սպառնալիքներից եւ յարձակումներից»։ Անդրադառնալով նախագահ Բայդէնի յայտարարութեանը՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Նախագահ Բայդէնը, Կոնգրեսին առաջին անգամ միանալուց եւ Հայոց Ցեղասպանութիւնը ոգեկոչելուց յետոյ, հաստատել է ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնութիւնն Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսաւորուող օգնութիւնը նիւթապէս ուժեղացնում եւ բարոյապէս քաջալերում է նաւթով հարուստ բռնապետական դժոխքը, որը հակուած է աւարտին հասցնելու ցեղասպանութիւնը հայկական պետութեան նկատմամբ։ Նախագահ Բայդէնի գրառումը, ցաւօք, արտացոլում է ցեղասպանութեան ճանաչման տարրը, բայց ոչ իրական ոգին։ Ոչ մի առարկայական ճնշում Թուրքիայի վրայ՝ հաշուի առնելու իր այսօրուայ պարտականութիւնները, ոչ մի հակազդեցութիւն Արցախի դէմ Ադրբեջանի ցեղասպանական բռնութեանը, ոչ մի ուժային հակազդեցութիւն Անկարայի կողմից այս յանցագործութեան շարունակական ժխտման նկատմամբ, ոչ մի ակտիւ աջակցութիւն Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ԱՄՆ կրթական ծրագրերին: Նա կարող է եւ պարտաւոր է աւելին անել»։

Ապրիլի 27-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի՝ կառավարութեան հետ կապերի պատասխանատու Թերեզա Երիմեանը Կոնգրեսին է ներկայացրել 2023թ․ ֆիսկալ տարուայ շրջանակներում Հայ Դատի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնները, որոնք վերաբերում են Հայաստանին եւ Արցախին ամերիկեան ֆինանսական օժանդակութեան շեշտակի աւելացմանը եւ Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան կասեցմանն ու «907-րդ բանաձեւի» պահանջների կատարմանը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թիւով 46 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են յատկացումների յանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը եւ 150 միլիոն դոլար յատկացնել Հայաստանին ու Արցախին, որպէսզի վերջիններս դիմագրաւեն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից յարուցուած հումանիտար եւ անվտանգային ճգնաժամերը։ Այս երկու ուղղութիւնները Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից են, որոնց իրականացման համար տեւական ժամանակահատուած աշխատանք է իրականացւում նաեւ ԱՄՆ-ում գործող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների ներգրաւմամբ։

Երկկուսակցական նամակում, օրէնսդիրները, Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդութեամբ, բարձրաձայնել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում է բախուել ծանր դժուարութիւնների, որոնք առաջացել են ինչպէս 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի, այնպէս էլ անմեղ քաղաքացիների դէմ մինչ օրս շարունակուող սադրանքների պատճառով եւ, որ Արցախին յատկացուելիք 50 միլիոն դոլարի օժանդակութիւնը «կ’օգնի հայ փախստականներին տրամադրել օգնութիւն, բնակարան, պարենային անվտանգութիւն, առողջապահութիւն, վերականգնում եւ ականազերծում, ինչն անհրաժեշտ է իրենց համայնքները վերականգնելու, իրենց կեանքը վերակազմակերպելու համար»:

Ապրիլի վերջին շաբաթների ընթացքում ուշագրաւ զարգացումներ են տեղի ունեցել «907-րդ բանաձեւի» մասով։ ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինքէնը, պատասխանելով սենատոր Մենենդէզի եւ կոնգրեսմեն Շերմանի հարցումներին, յայտարարել է, որ ամերիկեան վարչակազմը ներկայումս վերանայում է «907-րդ բանաձեւի» պահանջների չեղարկման գործընթացը։ Վերջին շուրջ քսան տարիների ընթացքում, ԱՄՆ նախագահները, տարուայ այս ժամանակահատուածում, ստորագրում էին «907-րդ բանաձեւի» պահանջների չեղարկման որոշումը, ինչը հնարաւորութիւն էր տալիս ռազմական օժանդակութիւն տրամադրել Ադրբեջանին։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է ծաւալուն աշխատանքներ իրականացնել, որպէսզի «907-րդ բանաձեւի» պահանջները կատարուեն եւ Ադրբեջանը զրկուի ամերիկեան ռազմական օժանդակութիւնից։

Ապրիլի 27-ին ԱՄՆ Կոնգրեսում, համակազմակերպմամբ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի, տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառում։ Որպէս կանոն նման միջոցառումներ անցկացւում են ամէն տարի, սակայն համաճարակով պայմանաւորուած, վերջին երկու տարիներին չէին անցկացուել։ Ձեռնարկին իրենց մասնակցութիւնն են բերել առաւել քան երկու տասնեակը գերազանցող կոնգրեսականներ, ակադեմիական ու քաղաքական գործիչներ։

 

Ուրուգուայ

Ուրուգուայի խրհրդարանի եւ ՀՅԴ Հայ Դատի Ուրուգուայի յանձնախմբի համակազմակերպմամբ, ապրիլի 26-ին, Ուրուգուայի խորհրդարանում տեղի ունեցաւ շուրջ 20 տարի աւանդաբար անցկացուող Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման պաշտօնական միջոցառում։ Միջոցառմանը ներկայ էին երկրի նախագահ Լուիս Լագաժօ Փոուն, փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը, խորհրդարանի նախագահ Օբէ Բասգէթը, բազմաթիւ նախարարներ, խորհրդարանականներ, դիւանագէտներ, Ուրուգուայի հայոց թեմի առաջնորդը, հայկական կազմակերպութիւնների ղեկավարներ եւ այլոք։

Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի ոգեկոչման օրուայ առթիւ ելոյթ ունեցան խորհրդարանի նախագահ Օբէ Բասգէթը, Ուրուգուայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը եւ ՀՅԴ Հայ Դատի Ուրուգուայի յանձնախմբի կողմից՝ Գաբրիէլա Մուժուքեանը։ Ներկաներին տեսաուղերձ էր յղել Հայաստան-Ուրորգուայ խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, բարձր գնահատելով Ուրուգուայի կեցուածքը, մասնաւորապէս նշեց․ «Այսօր, երբ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն արդէն իսկ իրողութիւն է, առանձնակի ակնածանքով ենք յիշում 1965-ին Ուրուգուայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը։ Դրանով Ուրուգուայը դարձաւ աշխարհում առաջին պետութիւնը, որ համընդհանուր մոռացութեան միջից արդարութեան ձայն հնչեցրեց եւ սկիզբ դրուեց Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին։ Մեր ժողովրդի յուշերում ու հոգեկերտւածքում Ուրուգւայն ընկալւում է իբրեւ իրական եւ անշահախնդիր բարեկամ»։

 

Գանատա

Հայոց Ցեղասպանութեան հերթական տարելիցին ընդառաջ՝ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը հսկայածաւալ աշխատանք է իրականացրել՝ Հայոց Ցեղասպանութեան խնդիրը Գանատայի պետական-քաղաքական շրջանակների ուշադրութեան կենտրոնում պահելու համար։ Նախ, ապրիլի 21-ին Կանադայի հայ համայնքին զօրակցութեան նամակ է յղել Գանատա-յունական կոնգրեսական կազմակերպութիւնը, ապրիլի 24-ին Գանատահայ համայնքին զօրակցութեան ուղերձներ յղեցին եւ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտեցին Գանատայի վարչապետ Ջասթին Թրուդոն, արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, ինչպէս նաեւ Գանատական ընդդիմութեան առաջնորդ եւ պահանողական կուսակցութեան ղեկավար Քանդիս Բերգէնը։ Օրեր անց խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ելոյթ է ունեցել Հայաստան-Գանատա խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Բրայան Մէյը։

 

Եւրոպա

Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի կապակցութեամբ յայտարարութիւն է տարածել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը՝ մասնաւորապէս նշելով․ «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկիւններում ոգեկոչում են Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը եւ մատուցում յարգանքի տուրք։ Ցաւօք, 107 տարի անց ցեղասպանութեան հետեւանքները շարունակում են վտանգել հայութեան հաւաքական գոյութիւնը, ինչպէս նաեւ խաթարել Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը։ Գրեթէ մէկ դար անց, ողջ Արեւմտեան Հայաստանի կորստից յետոյ, մենք կրկին կանգնած են հայրենազրկման լրջագոյն վտանգի առաջ։

Թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի թիրախն Արցախն է՝ մեր հայրենիքի այն հատուածը, ուր մեր արմատներն ունեն 3000 տարուայ պատմութիւն, ուր հայոց ինքնիշխանութիւնը կանգուն է եղել նոյնիսկ ամենադժուարին ժամանակահատուածում։ Սակայն յստակ է, որ ըստ էութեան, թուրք-ադրբեջանական տանդեմի գլխաւոր նպատակը Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորինս թուլացնելն է։ Սա եւս մէկ անգամ փաստում է, որ անպատիժ մնալու դէպքում ոճրագործը կրկնում է իր արարքը։ Թուրքիայի իշխանութիւնները ոչ միայն շարունակում են ժխտել Հայոց Ցեղասպանութիւնը, այլն նաեւ 44-օրեայ պատերազմի ընթացքում իրենց գործուն մասնակցութիւնն ունեցան Ադրբեջանի կողմից Արցախում բնիկ հայ բնակչութեան նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մէջ»։

 

Աւստրալիա

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը ապրիլի 24-ին խորը մտահոգութիւն է յայտնել առ այն, որ երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, ով մինչեւ վարչապետ դառնալը քանիցս հրապարակայնօրէն ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը, իր ապրիլքսանչորսեան ուղերձում խուսափել է օգտագործել ցեղասպանութիւն տերմինը, թէեւ կոտորածները բնորոշել է իբրեւ ժամանակակից պատմութեան մեծագոյն յանցագործութիւններից մէկը:

Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչմանն են միացել ընդհանուր առմամբ շուրջ քսան խորհրդարանականներ, ապրիլի 26-ին տեղի է ունեցել առցանց միջոցառում՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան անմող զոհերի յիշատակին։

Ապրիլի 26-ին Աւստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ Ռայդում բարձրացուել է Արցախի Հանրապետութեան դրօշը՝ ի համերաշխութիւն քոյր քաղաք Ստեփանակերտի։ Ռայդում նաեւ ապրիլի 30-ին ոգեկոչուել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը։

 

Կիպրոս

Ապրիլի 27-ին Արցախի բարեկամների Կիպրոսի խմբին է միացել կիպրոսեան բնապահպանական կուսակցութեան նախագահ, խորհրդարանական Խարալամպոս Թէոպեմբդուն։ ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը շնորհակալութիւն յայտնելով խմբի նոր անդամին՝ պատրաստակամութիւն է յայտնել վերջինիս հետ, Արցախի շահերի պաշտպանութեան ուղղութեամբ, համատեղ աշխատանքներ իրականանցել։

 

Բելգիա

Ապրիլի 26-ին վանդալիզմի էր ենթարկուել Բրիւսէլի՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած խաչքարը։ Այդ առիթով ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի կենտրոնական եւ Բելգիայի յանձնախմբերը տարածել են համատեղ յայտարարութիւն՝ Եւրոպական Միութեան ղեկավարութիւնից եւ Բելգիայի կառավարութիւնից պահանջելով անմիջապէս եւ միանշանակօրէն դատապարտել հակահայկական սարսափելի արարքը, անմիջապէս կասեցնել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպութեան գործունէութիւնը, Բելգիայում եւ ԵՄ ամբողջ տարածքում իրականացնել հետաքննութիւն՝ բացայայտելու համար թուրքական ծայրայեղական ցանցերը, ինչպէս նաեւ Բելգիայում ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը քրէականացնող օրէնք։

Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի վանդալիզմը լայնօրէն քննարկուել է Բելգիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Ապրիլի 29-ին յանցագործութեանն անդրադարձել ու այն կառավարութեան անունից դատապարտել է Բելգիայի փոխվարչապետը։ Նոյն օրը, Բելգիայում Արցախի հետ բարեկամութեան ֆլամանախօս խմբի անդամները այցելել են Հայոց Ցեղասպանութեան յիշատակի խաչքարի մօտ եւ յարգանքի տուրք մատուցել ցեղասպանութեան զոհերին ու անգամ եւս դատապարտել վանդալիզմի դրսեւորումը։

 

Մեծ Բրիտանիա

Ապրիլի 24-ին Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումը մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, որին ներկայ են եղել խորհրդարանականներ Ռուպա Հուքը եւ Ջէյմս Մուրայը, Լոնդոնի Իլինգ շրջանի խորհրդի անդամ Պետէր Մասոնը եւ պաշտօնաթող խորհրդարանական Ստեփան Փաունդը։ Միջոցառումը կազմակերպուել էր եղել Մեծ Բրիտանիայի Հայկական համայնքի խորհրդի եւ դեսպանատան կողմից։

Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան օրուայ առթիւ հայ ժողովրդին տեսաուղերձ է յղել նաեւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

 

Մերձաւոր Արեւելք

ՀՅԴ Հայ Դատի Մերձաւոր Արեւելքի մարմինը, ՀՅԴ Հայ Դատի՝ Արաբական երկրներում գործող յանձնախմբերի անունից, Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առթիւ, յայտարարութիւն է տարածել՝ ընդգծելով թուրքական վայրագութիւնները ինչպէս ցեղասպանութեան տարիներին, այնպէս էլ արդի ժամանակահատւածում։ Մասնաւորապէս անդրադարձ է կատարուել Արցախում էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ պատկանելութեան խեղման յանցագործ քաղաքականութեանը։

 

Լիբանան

Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման միջոցառումների առթիւ ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի յանձնախումբը այցելել է Բքերքէ, ուր յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի խաչքարի առջեւ՝ ներկայութեամբ հայ կաթողիկէ համայնքի Բէյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ Ասատուրեանի եւ մարոնիտների պատրիարքի տեղակալ Պուլոս Սայեահ եպիսկոպոսի։ Դրան յաջորդել է յանձնախմբի հիւրընակալութիւնը հոգեւոր հայրերի կողմից, որտեղ ծաւալուն անդրադարձ է կատարուել հայութեան շուրջ սստեղծուած իրավիճակին եւ Թուրքիայի դերակատարութեանը։

 

Սիրիա

Հայ Դատի Սիրիայի յանձնախմբի եւ Դամասկոսի Ազգային միացեալ վարժարանի սաների կողմից Դամասկոսում ապրիլի 24-ին անցկացուել է Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի ոգեկոչման երեկոյ, որն ուղեկցուել է մշակութային ներկայացումներով եւ քաղաքական ելոյթով՝ Հայ Դատի Սիրիայի յանձնախմբի նախագահ Ծերուն Գահուճեանի կողմից, ով իր ելոյթում, ի թիւս այլնի, ներկայացրել է Թուրքիայի ցեղասպան քաղաքականութեան արդի դրսեւորումները։

 

Հայ Դատի Սիրիայի յանձնախմբի կազմակերպմամբ՝ ապրիլի 29-ին տեղի է ունեցել «Հայ Դատն ու հայ երիտասարդը» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցել են հալէպահայ թիւով տասնհինգ միութիւններ եւ կազմակերպութիւններ։

 

Եգիպտոս

Ապրիլի երկրորդ կէսին Եգիպտոսի նախագահի բարձր հովանու ներքոյ Կահիրէում անցկացուել է գիտաժողով՝ նուիրուած ահաբեկչութեան դէմ պայքարին։ Գիտաժողովին մասնակցութեան հրաւէր է ստացել ՀՅԴ Հայ Դատի Եգիպտոսի յանձնախմբի նախագահ Արմէն Մազլումեանը։ Վերջինս հանդէս է եկել ելոյթով եւ ծրագրային առաջարկներ ներկայացրել Եգիպտոսում ահաբեկչութեան դէմ պայքարի եւ յատկապէս դրա կանխարգելման ուղղութեամբ։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատւամիջոցներին օբիեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

01.05.2022 թ

Leave a Comment

You must be logged in to post a comment.