ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (փետրուար 2022թ.)

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների յանձնախումբը շարունակել է աշխատանքներ իրականացնել Թուրքիային եւ Ադրբեջանին յատկացուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը վերացնելու եւ նորարարական զինուորական սարքերի մատակարարումները կանխելու ուղղութեամբ։ Այս աշխատանքների շրջանակում, աւելի քան 50 գոնկրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է գոնկրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնին եւ յունական հարցերով յանձնախմբի համանախագահ Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետքարտուղարութիւնից եւ պաշտպանութեան նախարարութիւնից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների եւ արդիականացման սարքաւորումների վաճառքը Թուրքիային։ Համապատասխան գրութիւնը ամերիկեան բարձրաստիճան պաշտօնեաներին է փոխանցուել փետրուարի 4-ին։

Հայ Դատի ԱՄՆ Արեւմտեան ափի յանձնախմբի ջանքերի արդիւնքում փետրուարի 10-ին Գալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձեւ, որով Գալիֆորնիայի եւ ՀՀ Սիւնիքի մարզի միջեւ հաստատւում են նահանգային-մարզային համագործակցութեան յարաբերութիւններ։ Գալիֆորնիայի օրէնսդիր մարմնի 62 անդամ հանդէս է եկել որպէս յիշեալ բանաձեւի համահեղինակ։

Ընդունւած բանաձեւով Գալիֆորնիան համերաշխութիւն է յայտնում ՀՀ Սիւնիքի մարզին, դրանով նաեւ ենթադրւում է իրականացնել երկուստեք փոխշահաւէտ կրթական, տնտեսական եւ մշակութային փոխանակումներ։

Հայ Դատի Ամերիկայի գրասենեակը հրապարակուած տեսանիւթով խստօրէն դատապարտել է հոլիվուտեան աշխարհահռչակ դերասան Մորկան Ֆրիմանին՝ թրքական օդանաւային ընկերութեան գովազդում նկարուելու համար։ Ֆրիմանի ու թրքական ընկերութեան միջեւ պայմանաւորուածութիւն էր ձեռք բերուել համատեղ տեսանիւթ հրապարակելու հարցում: Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը հրապարակելով խնդրոյ առարկայ տեսանիւթը՝ միաժամանակ յիշեցրել է, որ ամերիկացի մէկ այլ դերասան Ճորճ Քլունին մերժել էր թրքական օդանաւային ընկերութեան առաջարկը՝ չեղարկելով ընկերութեան հետ 35 միլիոն տոլար արժողութեամբ գործարքը։ Ամերիկեան հեղինակաւոր պարբերականին տուած հարցազրոյցում Քլունին նշել էր, որ առաջարկ ստանալով, խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, եւ նրանք համատեղ որոշում էին կայացրել հրաժարուել գործարքից։

Փետրուարի վերջին, Սումկայիթեան եղեռնագործութեան հերթական տարելիցի առթիւ, անմեղ զոհերի ոգեկոչմամբ ու կատարուած վայրագութիւնների դատապարտմամբ հանդէս են եկել գոնկրեսականներ Ատամ Շիֆը, Պրատ Շերմանը եւ Ֆրանք Փալոնը։

Եւրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի եւ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան համատեղ նախաձեռնութեան եւ ջանքերի արդիւնքում փետրուարի 7-10-ը տեղի ունեցաւ ԱՀ արտգործնախարար Դաւիթ Բաբայեանի աշխատանքային այցը Պրիւքսէլ։

Այցի ընթացքում վերակազմուեց Եւրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խումբը՝ գլխաւոր քաղաքական խմբակցութիւններից պատգամաւորների լայն շրջանակի մասնակցութեամբ։ Եւրոպատգամաւորներին հանգամանօրէն ներկայացուեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից յետոյ Արցախում ստեղծուած իրավիճակն ու մարտահրաւէրները, Ադրբեջանի նախայարձակ քաղաքանութիւնը, որի հիմքում տասնամեակներով Ադրբեջանում պետական հովանաւորչութեամբ քարոզուող եւ խորապէս արմատացած հայատեացութիւնն է։

Եւրոպական Խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստը փետրուարի 16-ին հաստատեց ԵՄ «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան» տարեկան զեկոյցը, որը դեռեւս 2021-ի դեկտեմբերի 20-ին ընդունել էր ԵԽ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը։ Արցախեան հակամարտութեանը վերաբերող դրոյթները ԵԽ բանաձեւում, ըստ էութեան, մնացին անփոփոխ։ Եւրոխորհրդարանը հաստատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն ճանաչուած միակ ձեւաչափը՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան, ուժի չկիրառման եւ խնդրի խաղաղ կարգաւորման հիմնարար սկզբունքների հիման վրայ։ ԵԽ-ն կոչ է անում Մինսկի խմբին անյապաղ եւ կրկին ստանձնել միջնորդի իր դերը։ Եւրոխորհրդարանը նաեւ յորդորում է ԵՄ գործադիր մարմիններին՝ մասնաւորապէս Բարձր ներկայացուցչին, եւ ԵՄ անդամ-պետութիւններին ներգրաւուել ԼՂ հիմախնդրի շուրջ տեւական լուծում գտնելու գործում։ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակը շարունակում է ԵԽ պատգամաւորների եւ քաղաքական շրջանակների իրազեկման աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետութեան պետական շահի։

Աւստրալիա

Փետրուարի 19-ին կայացել է Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի ամենամեայ պաշտօնական ընթրիքը՝ աւստրալացի յայտնի քաղաքական ու պետական գործիչների, նահանգային եւ դաշնակցային բարձրաստիճան խորհրդարանականների, Աւստրալիայում հաւատարմագրուած դիւանագէտների, մտաւորական եւ լրագրողական շրջանակների մասնակցութեամբ։ Ընթրիքի ընթացքում Աւստրալիայում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանութեանն ուղղուած՝ Հայ Դատի Աւստրալիայի գրասենեակի աշխատանքների համար հանգանակուել է շուրջ 170 հազար ԱՄՆ տոլար։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի մասնակցութեամբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրուարի 21-ին հեռավար հանդիպում է անցկացրել Աւստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամութեան խմբի աւստրալիացի համանախագահներ Թրենթ Զիմերմանի եւ Ճոէլ Ֆիցգիբոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայ Դատի Աւստրալիայի գրասենեակի գործադիր տնօրէն Հայկ Գայսերեանը եւ գրասենեակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայէլ Գոլոգոսեանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը երախտագիտութիւն է յայտնել աւստրալիացի խորհրդարանականներին հայ-աւստրալիական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել յաւելեալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Աւստրալիայի հաւասարակշռուած դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերեալ` այդ հարցում ընդգծելով Հարաւային Աւստրալիա եւ Նիւ Սաութ Ուէլս նահանգների կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը:

Գանատա

Հայ Դատի Գանատայի յանձնախումբը ողջունել է Գերմանիայում Գանատայի դեսպան Սթեֆան Տիոնի այցը Հայաստան, որպէս յատուկ բանագնաց, ում պարտականութիւնն է ուսումնասիրել, թէ Գանատան ինչպէս կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարութեան զարգացմանը։ Փետրուարի 25-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամներ Կիրօ Մանոյեանը եւ Րաֆֆի Տօնապետեանը Երեւանում հանդիպել են Տիոնի հետ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Հայ Դատի յանձնախումբը հետեւողականօրէն նպաստելու է հայ-գանատական յարաբերութիւնների զարգացմանը եւ այդ համատեքստում Հայաստանում Գանատայի դեսպանութեան հաստատմանը։

Յունաստան

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախումբը փետրուարի 11-ին բաց նամակ է ուղարկել ԵԱՀԿ-ում Յունաստանի պատգամաւորական պատուիրակութեան անդամներին՝ դատապարտելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքները Հայաատանի դէմ եւ կոչ ուղղելով ԵԱՀԿ-ին՝ միջազգային պատասխանատուութեան ենթարկելով Ադրբեջանն ու դրա նախագահին։

Լիբանան

ՀՅԴ Հայ Դատի Լիբանանի մարմինն իր արտաքին յարաբերական աշխատանքների շրջանակում փետրուարի 9-ին Արցախում իրականացուող մշակութային ցեղասպանութեան վերաբերեալ համապատասխան գրութիւն է ուղարկել Լիբանանում հաւատարմագրուած մի շարք երկրների դեսպանների, իսկ փետրուարի 16-ին յայտարարութեամբ ողջունել են ԻՒՆԵՍՔՕ-ի ներկայացուցչի յայտարարութիւնը, որ վերաբերում էր Ադրբեջանի մշակոյթի նախարարի այն յայտարարութեանը, ըստ որի ադրբեջանական կողմը ձեւաւորել է «տեղացի եւ օտարերկրացի մասնագէտներից կազմուած՝ աղուանական պատմութեան եւ ճարտարապետութեան մասնագէտների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպէս կոչուած «աղուանական տաճարներից» ջնջել «հայերի թողած կեղծ արձանագրութիւնները»: ԻՒՆԵՍՔՕ-ի ներկայացուցիչը նկատել էր, որ «մշակութային ժառանգութիւնը եւ պատմութիւնը չպէտք գործիք դառնան քաղաքական որեւէ նպատակի համար: Մենք ամբողջ աշխարհում մեր անդամ պետութիւններին կոչ ենք անում յարգել այս սկզբունքը»։

Սուրիա

Փետրուարի 14-ին յայտարարութիւն է տարածել Հայ Դատի Սուրիոյ յանձնախումբը՝ դատապարտելով հայկական սրբատեղիների եւ պատմամշակութային կոթողների պատկանելիութեան նենգափոխմանն ուղղւած ադրբեջանական իշխանութիւնների քաղաքականութիւնը։ Յանձնախումբը նկատել է որ մշակութային եւ կրօնական կոթողների եւ սրբատեղիների ոչնչացումն ու սրբապղծումը ոտնձգութիւն են ժողովուրդների արժանապատուութեան նկատմամբ, իսկ Ադրբեջանի նպատակն է մեկնդմիշտ խափանել պատմական փորձութիւններին դիմակայելու եւ զարգանալու՝ հայ ազգի կարողութիւնը։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով քարոզչական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթրքական յարձակումը դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են յստակ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.