ՀՅԴ Հայաստանի ԳՄ յայտարարութիւնը

Հրապարակվեց ընդհանուր իրաւասութեան դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի հարցով:

Հակառակ դատարանի նկատմամբ բացայայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարուածութեանն ու անհանդուրժողականութեան մթնոլորտի ուղղորդուող շիկացմանը, ընդհանուր իրաւասութեան դատարանը՝ հիմք ընդունելով ԱՀ գործող նախագահ Բակօ Սահակեանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանի միջնորդութիւնը, նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց։ Հաւատալով, որ դատարանը հաւատարիմ կը մնայ անկախ և ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական յանձնառութեանը, այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատութիւնը խոչընդոտելու իւրաքանչիւր դէպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման ու ամրագրման դէմ ուղղուած քայլ։

Փաստում ենք, որ այս օրերին արձանագրուած փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակութեան, այդ թւում արդար և ազատ դատաքննութիւն վարելու հիմքերը և գտնում, որ գործադիր իշխանութիւնը պարտաւոր է հետևողական միջոցներ ձեռնարկել և երաշխաւորել պետական իշխանութեան առանձին մարմինների անխափան գործունէութիւնը։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մերժում և դատապարտում է հայկական զոյգ պետութիւնների համերաշխութեանն ուղղուած, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրութիւններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից։ Դաշնակցութիւնն իր ողջ կարողականութեամբ պայքարելու է և թոյլ չի տալու ցանկացած ոտնձգութիւն՝ ուղղուած ազգային միասնականութեանը։ Մեր հաւաքական պարտականութիւնն ու պատասխանատուութիւնն է աւելի քան միասնական լինել, ամրացնել ներհասարակական համերաշխութիւնը՝ դիմագրաւելու արտաքին և ներքին մարտահրաւէրները, լուծելու մեր համազգային անվտանգութեան խնդիրները։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
18.05.2019

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.