ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը կոչ է անում վարչապետին սթափուել և մնալ զբաղեցրած պաշտօնի լիազօրութիւնների շրջանակում

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակած է յայտարարութիւն, ուր կ՚ըսուի.

«Շահարկելով երկրում առկայ բազմաթիւ բացասական երևոյթները,  խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինեանը ձգտում է միահեծան իշխանութեան` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցեալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնաւորող ուժերին նսեմացնելուց:

Լաւագույն ապագայ կերտելու՝ հանրութեան երազանքը, յոյսն ու քաղաքական երկխօսութեան պահանջները բախւում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանութեան ակրեսիվ վարքագծին:

Դաշնակցութեան վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինեանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մօտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարութիւն ձևաւորելիս գործընկերութիւն էր փնտռում Դաշնակցութեան հետ և պատասխանատու պաշտօններ վստահում:

Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինեանի՝ անվերապահօրէն յաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արւում տարածել Դաշնակցութեան վրայ: Դաշնակցութիւնը մէկն է, և Դաշնակցութիւնը պաշտպանուելու կարիք չունի: Դաշնակցութիւնն իր անցեալի, իր ժառանգութեան տէրն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակութիւն ունի: Նաև յստակ է ՀՅԴ յանձնառութիւնը` ծառայել պետականութեանը, բայց ոչ՝ օրուայ իշխանութիւններին և քաղաքական կոնյունկտուրային:

Դաշնակցութիւնը  շարունակելու է իր առաքելութիւնը` խորապէս անհանգստացած  Հայաստանի ներկայով, երկրում վարուող անհեռատես ու անհաւասարակշիռ պոպուլիստական քաղաքականութեամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողութեամբ, երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրաւելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունէութեամբ:

Կոչ ենք ուղղում Ն. Փաշինեանին` սթափուել և մնալ զբաղեցրած պաշտօնի լիազօրութիւնների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող  մարտահրաւէրները:

Դիմում ենք ողջախոհ հանրութեանն ու քաղաքական ուժերին՝ համախմբուել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.