ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի կոչը

Ընդամէնը մէկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հանդէս եկաւ քաղաքական յայտարարութեամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելութեան խօսքը, փողոցային արդարադատութեան մերժելի դրսևորումները, հանրութեանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականութեան մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագոյն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրաւէրների լուծմանը։

Այն համոզումն ունէինք, որ երկրի քաղաքական իշխանութիւնը և յատկապէս վարչապետ Ն․Փաշինեանը քաղաքական կամք կը դրսևորի և համապատասխան միջոցներ կը ձեռնարկի՝ երաշխաւորելու պետական իշխանութեան առանձին մարմինների և յատկապէս իրաւապահ համակարգի անխափան գործունէութիւնը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։

Աւաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետ Փաշինեանի՝ «վաղն առաւօտեան հանրապետութեան առանց բացառութեան բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղուած կոչն անդառնալի հետևանքներով յղի նոր մարտահրաւէր է՝ ուղղուած պատերազմի և խաղաղութեան մէջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունութեանն ու անվտանգութեանը։

ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպէս Հայաստանում սահմանադրական կարգի դէմ կատարված քայլ, որպէս դատական իշխանութեան խոչընդոտում և, առհասարակ, պետականութիւնն արկածախնդրութեան տանելու չկշռադատուած քայլ՝

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունութիւնը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակութեանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխութեան մթնոլորտի պահպանմանը։

Կոչ ենք անում դատաւորներին չտրուել փողոցային տրամադրութիւններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրութեամբ երաշխաւորուած իրենց լիազօրութիւնները։

Միաժամանակ, մեր կոչն ենք յղում ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին՝  իրացնելու  ՀՀ Սահմանադրութեամբ իրեն լիազօրւած իրաւունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրութեան պահպանմանը։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մէջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականութեան վրայ, երկիրն արկածախնդրութեան տանելու իրաւունք ոչ ոք չունի։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

5.19.2019

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.