ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտէի յայտարարութիւնը

Յարգելի՛ սիւնեցիներ,

Նոյեմբերի 9-ի պարտուողական, Արցախի և ՀՀ-ի ապագան վտանգող համաձայնագրից յետոյ ամենատարբեր լսարաններում, մակարդակներում և երկրներում քննարկւում են Սիւնիքի ներկայի և ապագայի հետ կապուած նախագծեր, գաղափարներ, սահմանային հարցեր:

Քննարկումներն ունեն տարբեր պատուիրատուներ, շահառուներ, նպատակներ, ինչը բնական է՝ հաշուի առնելով, որ Սիւնիքը տարածաշրջանում կարևոր աշխարհաքաղաքական գործօն է: Որքան էլ տարօրինակ է, այդ քննարկումներում բացակայում են վարչապետ Ն. Փաշինեանը, իշխանութեան միւս ներկայացուցիչները, որոնց դիրքորոշումների բացակայութիւնը առողջ կասկածանք և մտահոգութիւն է առաջացնում սիւնեցիների մօտ:

Նոյեմբերի 9-ից մինչ այսօր որևէ պաշտօննատար անձ չի արտայայտել իշխանութեան տեսակէտը՝ կապուած Սիւնիքի սահմանների, ճանապարհների անվտանգութեան, բնակչութեան պաշտպանուածութեան հետ, որը կարող է նշանակել կամ անտարբերութիւն Սիւնիքի ապագայի նկատմամբ, կամ հերթական դաւադիր ծրագիր: Տեսնելով իշխանութիւնների անգործութիւնը՝ Սիւնիքի ընտրեալ համայնքապետերը և աւագանիների անդամները, ցուցաբերելով անհրաժեշտ պատասխանատուութիւն, իրենք են կազմակերպել Սիւնիքի սահմանների պաշտպանութիւնը, ճանապարհների անվտանգութիւնը, բնակչութեան ապահովութիւնը, և օրեցօր համոզուելով Փաշինեանի կառավարութեան անկարողութեան մէջ, պահանջել են Փաշինեանի և Կառավարութեան հրաժարականը, որպէս ՀՀ-ի և Սիւնիքի փրկութեան անհրաժեշտ պայման:

ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտէն միանում է Ն.Փաշինեանի հրաժարականի պահանջին և սատարում ցանկացած նախաձեռնութեան, որի նպատակը Սիւնիքի ապահովութիւնն է և զարգացումը:

Յարգելի՛ սիւնեցիներ, այսօր մենք ապրում ենք մեր պատմութեան ամենավճռորոշ պահերից մէկը, ուստի կոչ ենք անում բոլոր սիւնեցիներին, յատկապէս ԱԺ-ի սիւնեցի պատգամաւորներին, պետական պաշտօնեաներին համախմբուել անվտանգ և ապահով Սիւնիքի գաղափարի շուրջը, կանգնել Սիւնիքի և սիւնեցու կողքին, վճռական ոչ ասել Ն. Փաշինեանին և նրա կառավարութեանը:

Բոլորս, անկախ կուսակցական պատկանելութիւնից, քաղաքական կողմնորոշումներից, պէտք է յստակ գիտակցենք՝ բոլոր կառավարութիւնները ժամանակաւոր և անցողիկ են, յաւերժ և մնայուն են հողն ու պետականութիւնը: Միաւորուենք յանուն հողի և պետականութեան: Մեր միակամութեամբ և վճռականութեամբ ապացուցենք, որ արժանի յետնորդն ենք Անդոկ սիւնեցու, Դաւիթ Բեկի, Գարեգին Նժդեհի և այլ մեծանուն սիւնեցիների:

Կեցցէ այն Հայաստանը, որը Նիկոլ Փաշինեանից յետոյ է գալու, կեցցէ Սիւնիքը, կեցցէ արժանապատիւ սիւնեցին:

Leave a Comment

You must be logged in to post a comment.