ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան. Երազում Տեսած Հայաստանս

Մտորումներ` Անկախութեան Օրուայ Առիթով

Ես համոզուած եմ, որ մի օր մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը, եւ դա շատ ուշ չի լինելու:

Բայց ստացուեց այնպէս, որ ես այն աւելի վաղ տեսայ: Տեսայ իմ երազած Հայաստանը երազում: Յուսով եմ` դէմ չէք լինի, եթէ պատմեմ, թէ ինչպիսի՛ն էր այն:

Թուականը կարեւոր չէ` գուցէ միւս տարի է, գուցէ տասնամեակ անց: Երեւանի օդակայանում եմ, չգիտեմ` որտեղի՛ց եմ վերադառնում, չգիտեմ` ինչո՛ւ էի գնացել, չգիտեմ` որքա՛ն ժամանակ չեմ եղել հայրենիքում, բայց հասկանում եմ, որ յայտնուել եմ բոլորովին այլ իրականութիւնում: Առաջին տպաւորութիւնս պայծառ մթնոլորտն է, իսկ առաջին բանը, որ գրաւում է ուշադրութիւնս, ուրախ մարդիկ են: Նրանց դէմքին ժպիտ կայ, պայծառութիւն, նրանք կանգնած են ձիգ ու հպարտ, քայլում են վստահ:

Ինչո՞ւ է այսպէս` հարցնում եմ ինձ, ո՞ւր են նախկին մռայլութիւնը, գորշութիւնն ու անվստահութիւնը, ի՞նչ է փոխուել:

Lասկանալու համար իրավիճակը` տարբեր մարդկանց հետ զրոյցի եմ բռնւում:

Առաջինը, ում հանդիպում եմ, մի ծանօթ լրագրող է, ով առաջ քաղաքական թեմաներ էր արծարծում: Սովոր էի տեսնել նրան խոժոռ դէմքով, տհաճ բաների մասին հարցեր տալիս: Հիմա ուրախ է, աչքերը փայլում են, մօտենում է ու ողջունում:

Ի՞նչ կայ, չկայ` հարցնում եմ:

Ասում է, որ նիւթ է պատրաստում միլիոներորդ սփիւռքահայի մասին, ով գալիս է հաստատուելու հայրենիքում:

Իսկապէ՞ս` զարմանում եմ, բայց չէ՞ որ դու քաղաքական սկանդալներ էիր լուսաբանում:

Չկան այլեւս սկանդալներ, ասում է, անցել են հին ժամանակները: Քաղաքական ուժերը համերաշխ են, ինչպէս երբեք: Երկրի ներկայ ու նախկին ղեկավարները, ազդեցիկ կուսակցութիւնների պատասխանատուները պարբերաբար հաւաքւում են, կարեւոր հարցեր քննարկում, միասնաբար փնտռում ու գտնում լուծումներ: Այլեւս չկան նախկին հակադիր ճամբարները` սեւի ու սպիտակի, թալանչիների ու ազնիւների, հնի ու նորի: Մի խօսքով, ազգի ներսում թշնամիներ չկան: Թէպէտ կան ճաշակների, մօտեցումների ու մտածողութեան տարբերութիւններ, սակայն առճակատումներ չկան, միմեանց դէմ անմաքուր պայքար չկայ: Հետեւաբար եւ` սկանդալներ չկան:

Դեռ զրոյցս լրագրողի հետ չաւարտուած` օդակայանի ժամանման սրահում տեսնում եմ մէկ այլ ծանօթի` մրգավաճառ Պետրոսին, ով ժամանակին սեղանիկ ունէր մեր տան հարեւանութեամբ:

Ի՞նչ ես անում այստեղ` հարցնում եմ:

Ծովափից եմ վերադառնում` ասում է, ընտանիքիս հետ գնացել էի հանգստանալու:

Մնում եմ ապշած. մրգավաճառ Պետրոսը, ով մի կերպ էր օրուայ հացի փող վաստակում, ինչպէ՞ս կարող է ընտանիքի հետ գնալ արտասահման` հանգստանալու:

Փա՛ռք Աստծոյ, հիմա լաւ են գործերս` ասում է: Սեղանիկն այլեւս չկայ, փոխարէնը` մի փոքր խանութ ունեմ, որը կայուն եկամուտ է ապահովում: Առաջ վարկերի պայմաններն այնպիսին էին, որ թւում էր, թէ վարկ են տրամադրում ոչ թէ պիզնեսին նպաստելու, այլ գործը չսկսած` կործանուելու համար: Այժմ տոկոսները տրամաբանական են, ցածր, եւ մենք էլ օգտուեցինք այդ առիթից: Բացի այդ` հիմա մեծ սուպերմարկետները տեղափոխուել են քաղաքի ծայրամասեր, այլեւս կիրակի օրերն ու շուրջօրեայ չեն աշխատում, եւ մեզ նման փոքր խանութների համար աշխատանքի դաշտ է բացուել:

Այնուհետեւ Պետրոսը սկսում է խօսել երկրում իրականացուող նոր տնտեսական ծրագրերի, ուղղութիւնների մասին: Ըստ նրա, փոխուել է տնտեսական քաղաքականութիւնը, օրինակ` հարկային քաղաքականութեան հիմքում այժմ դրուած է «շատից շատ, քչից քիչ» սկզբունքը, այսինքն մեծ եկամուտ ունեցողը պէտք է վճարի յարաբերականօրէն աւելի շատ հարկ, քան` փոքր եկամուտ ունեցողը:

Պետրոսի պատմածից հասկանում եմ, որ մենք այլեւս ունենք իրական սոցիալական պետութիւն: Պետութիւն, ուր չկան աղքատներ, ուր իւրաքանչիւրն ունի աշխատելու, արարելու, ստեղծագործելու եւ արժանապատիւ ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Պետութիւն, որի հիմքը սոցիալական արդարութիւնն է, որն էլ իր հերթին երաշխաւորում է հասարակութեան համերաշխութիւնը: Պետութիւն, ուր խոհեմութեամբ, համապատասխան օրէնքներով, կարգ ու կանոնով ու իւրաքանչիւր քաղաքացու համար կեանքի բնական պայմաններ ստեղծելով` գրեթէ վերացուել են փտածութիւն ծնող պատճառները:

Հրաժեշտ եմ տալիս նախկին մրգավաճառ հարեւանիս, դուրս գալիս օդակայանի շէնքից ու նստում առաջին պատահած թաքսին: Այն նոր է, մաքուր, վարորդը կոկիկ տեսք ունի, անգամ փողկապ է կրում: Նա ճանապարհ է ընկնում` չհարցնելով, թէ ո՛ւր եմ գնում: Ասում եմ` ինչո՞ւ չես հարցնում` ո՛ւր եմ գնում: Պատասխանում է` գիտեմ, էջմիածին ես գնում: Ճիշդ էր` էջմիածին էի ուզում գնալ:

Նոյնիսկ երազում թաքսու վարորդները շատախօս են լինում եւ` բաւականաչափ տեղեկացուած: Բացառութիւն չէր եւ այս մէկը: Չսպասելով իմ հարցերին` պատմում է, որ հիմա ժողովուրդը շատ աւելի յաճախ է եկեղեցի գնում, մասնաւորապէս Էջմիածին` հայոց հոգեւոր կենտրոն:

Խելացի բաներ է ասում թաքսու վարորդը. ասում է, որ մեր ժողովուրդը ամուր կապերով կապուած է հայկական եկեղեցու հետ, ոչ միայն որովհետեւ հաւատացեալ է, այլ որովհետեւ հէնց եկեղեցին է հայկական: Ախր, հայկական եկեղեցին ազգային կազմակերպուածութիւն է եղել, երբ պետութիւն չենք ունեցել, այն մեր հոգեւոր անվտանգութեան խարիսխն է եղել, ազգային մշակոյթի պահապանը, մեծ է եղել նրա դերակատարութիւնը եւ այսօր էլ շարունակում է մեծ լինել նաեւ ազգային անվտանգութեան առումով: Բարեբախտաբար նուազագոյնի են հասել օտար ֆինանսաւորմամբ ու ղեկավարութեամբ ինքնակոչ եկեղեցիները:

Մի հարսանեկան շարասիւն է անցնում մեր կողքով, եւ թաքսու վարորդը ոգեւորութեամբ պատմում է, որ առաւելագոյնի են հասել եկեղեցական ամուսնութիւնները, սոցիալական վիճակի բարելաւման շնորհիւ` կտրուկ նուազել են ամուսնալուծութիւնները, երիտասարդութիւնը աւելի համարձակ է դարձել նոր ընտանիքներ կազմելու հարցում: Իւրաքանչիւր երիտասարդ, ով աւարտում է զինուորական ծառայութիւնը, պետական անմիջական հոգածութեամբ լուծում է իր աշխատանքի եւ բնակարան ունենալու խնդիրը եւ հաստատուն արմատ գցում սեփական հայրենիքում: Ի միջի այլոց, միշտ խօսքը տարբեր սեռերի ներկայացուցիչներից կազմուած ընտանիքների մասին է` յատուկ շեշտում է թաքսու վարորդը եւ աւելացնում` չնայած բոլորն էլ ազատ են եւ ոչ ոք իր հաւատամքի ու հակումների համար խտրականութեան ու հալածանքի չի ենթարկւում:

Մոմ եմ վառում եկեղեցում ու թաքսու վարորդին խնդրում ինձ Էջմիածնից Երեւան տանել մի քիչ երկար ճանապարհով: Աջուահեակ ոսկեգոյն արտեր են` մշակուած ու արեւաշող, խաղողի ու ծիրանի այգիներ` խնամուած ու բերրի: Խնդրում եմ կանգ առնել մի տեղ ու զրոյցի եմ բռնւում մի գիւղացու հետ: Չկայ այլեւս անմշակ մէկ քառակուսի անգամ` ասում է գիւղացին: Այն պահից, երբ պետութիւնը հասկացաւ գիւղացու խնդիրները, սկսեց խանգարելու փոխարէն` օգնել նրան, անմիջապէս զարգացան հողագործութիւնը, պտղաբուծութիւնն ու անասնապահութիւնը:

Նայում եմ գիւղացու աչքերին ու հասկանում, որ նա իրեն տէր է զգում, իր հողի ու երկրի տէրը, որ նա պատրաստ է արարել յանուն իր երկրի եւ իր բահով պահել իր երկիրը:

Երբ հասնում եմ արդէն Երեւան, որոշում եմ մի քիչ քայլել փողոցներում: Լուսաւոր ու պայծառ է մայրաքաղաքը: Բայց լոյսն արհեստական չէ ու պայծառութիւնն էլ` կեղծ: Ամէն ինչ պարզ է, բայց` ճաշակով, չկայ աւելորդ ճոխութիւն, բայց կայ նկարագիր: Ու մարդիկ ժպտում են իրար: Այդպէս ժպտալով` ինձ է մօտենում մի հին ծանօթ` նախկին ազատամարտիկ, այժմ` հայկական բանակի սպայ:

Յիշո՞ւմ ես, ասում է, մի ժամանակ կային գեներալներ ու օլիգարխներ, որոնք իրենց ճիփերի շարասիւնով շրջում էին այստեղ` ահ ու սարսափ տարածում շուրջ բոլորը: Ու դրանից ելնելով` շրջանառութեան մէջ դրուեց մի բամբասանք, թէ իւրաքանչիւր բանակի սպայ պոտենցիալ գող է, թալանչի ու յանցագործ: Սկսեցին ստուգումներ անել, ենթադրեալ ու իրական մի քանի պարագաների մասին բարձրաձայնել. մի խօսքով, փորձում էին մինչեւ վերջ վարկաբեկել հայ սպային, հայ սպայով` հայկական բանակին ու մեր դիմադրողականութիւնը: Բարեբախտաբար վերջ դրուեց դրան, որովհետեւ ի սկզբանէ հասկանալի էր, որ մի քանի սրիկայի պատճառով չի կարելի պախարակել բոլորին: Ու այլեւս չկան այդ սրիկաներն ու իրենց շարասիւնները, փոխարէնը` հայ սպան արժանի յարգանք է վայելում հասարակութեան մէջ, բոլորի հպարտութեան առարկան է: Հասարակութեան մէջ վերացած են` փողի պաշտամունքը, քաղքենիութիւնը, օտարամոլութիւնը: Հիմա մարդիկ այլեւս երջանկութիւնն ու յաջողութիւնը չեն տեսնում շատ փող ունենալու մէջ:

Սպան ոգեւորուած պատմում է, որ այլեւս անթերի է մեր բանակը, հզօր` ինչպէս միշտ, բայց` այլեւս անթերի: Ու չնայած` թուի, քանակի խնդիր ենք ունեցել միշտ, բայց արդէն ձեւաւորուած է համաժողովրդական բանակը, բոլոր այն քաղաքացիները, որոնք զէնք բռնելու ընդունակ են, իրենց ընթացիկ կեանքին, աշխատանքին զուգահեռ, ժամանակ առ ժամանակ վերապատրաստւում են եւ կազմակերպուած են, որ եթէ անհրաժեշտութիւն լինի, կարողանան պահեստային զօրամիաւորումների դերակատարութիւն ստանձնել:

Ու ես նայում եմ սպայի բոցկլտացող աչքերին ու հասկանում, որ նա իրեն տէր է զգում իր երկրին ու պատրաստ է իր զէնքով պահել իր երկիրը:

Հրաժեշտ եմ տալիս սպային, քայլում առաջ ու հանդիպում մէկ այլ ծանօթի: Հրաշալի մի բանաստեղծի, ով ժամանակին ստիպուած էր այստեղից-այնտեղից փող ճարել իր գրքերն հրատարակելու համար:

Փոխուել են ժամանակները, սիրելի՛ բարեկամ, ասում է բանաստեղծը: Հիմա գրողն ընթերցող ունի, երաժիշտը` ունկնդիր, դերասանը` հանդիսատես: Հիմա գրողը գիրք է գրում եւ ստիպուած չէ օրուայ հացը հոգալու համար այլ աշխատանք փնտռել, հիմա նկարչի աշխատավայրն իր արուեստանոցն է, հիմա ժողովուրդն այլեւս անճաշակ երաժշտութիւն չի լսում, ցածրարժէք շոուներ ու սերիալներ չի դիտում:

Ես նայում եմ բանաստեղծի խորունկ աչքերին ու հասկանում, որ նա իրեն տէր է զգում իր երկրին ու պատրաստ է իր գրչով պահել իր երկիրը:

Ինձ ընդառաջ է գալիս արցախցի մի հին բարեկամ: Ինչի՞ մասին պիտի խօսենք նրա հետ, եթէ ոչ` Արցախի:

Արցախում այժմ բնակչութիւնը մի քանի անգամ աւելացել է` ասում է: Նախկինում մեկնածները համախմբուած վերադառնում են, Հիւսիսային Կովկասից հայերը տեղափոխուել են Արցախ, համահայկական ճիգ ու ջանքով բոլորի համար ստեղծուել են ապրելու ու արարելու նախանձելի պայմաններ:

Վաղուց արդէն կնքուել է Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան միջեւ ռազմական, ռազմավարական դաշինք: Վերացած են երբեմնի տեղայնական, արհեստականօրէն արծարծուած ասեկոսեները Արցախի հարցը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետութեան հարցն է ու վե՛րջ:

Արցախի հարցում բան չունենք զիջելու, միտք չունենք զիջելու, աւելի ճիշդ` մենք ընդհանրապէս խօսակից չենք, չենք քննարկում ոեւէ մէկի հետ Արցախի սահմանների հարցը, քանի դեռ դիմացինը չի ճանաչել Արցախի անկախութեան եւ հայկական պատկանելութեան փաստը:

Արցախը Հայաստանի Հանրապետութեան առանցքային օրակարգն է, ուրիշների հետ յարաբերութիւններ, առանձին միջազգային թէ տարածաշրջանային հարցերում կողմնորոշումներ, նորանոր բարեկամութիւններ հաստատւում են` հիմք ունենալով Արցախի, իմա` Հայաստանի անվտանգութեան յոյժ կարեւոր հարցերը:

Արցախի յաղթանակը մեր սերնդի յաղթանակն է, այն ապահով հարթակ է նորանոր յաղթանակների համար: Արցախը մեր կեանքի հարցն է, ոչ մի վարանում, ոչ մի տատանում, ոչ մի նահանջ այսօրուայ յաղթանակած Արցախի իրողութիւնից ոչ մէկին թոյլատրուած չէ:

Ահա այսպէս խօսեց արցախցի բարեկամս:

Յետոյ հանդիպեցի դաշնակցական ընկերոջս: Ո՞նց ես` հարցրի, մերոնք ո՞նց են:

Շատ բան է փոխուել, ընկե՛ր, պատասխանեց: Յիշո՞ւմ ես, այն ժամանակ հայկական եկեղեցու, հայկական բանակի, ընտանեկան արժէքների, ազգային արժեհամակարգի, միաժամանակ Դաշնակցութեան դէմ պայքար էր սանձազերծուել: Հիմա պայքարողները չկան, բայց մենք կանք, աւելի հզօր, քան երբեւէ եղել ենք:

Ուրախութիւնից արթնացայ քնից եւ յայտնուեցի մեր իրականութեան մէջ: Ձեզ եմ թողնում եզրակացութիւնները, բայց ես հասկացայ, որ տեսել եմ իրական սիրոյ եւ համերաշխութեան Հայաստանը: Ես հաւատացի, որ այն լինելու է, որ պէտք չէ ոչ մի իրականութիւնից յուսախաբ լինել, պէտք չէ երբեւէ յուսախաբ լինել:

Մենք ստեղծելու ենք սիրոյ եւ համերաշխութեան մեր երկիրը: Ով հաւատում է իմ երազին, թող մեզ իր գործակիցը համարի, եւ գործենք կողք կողքի, ով ոչ` Աստուած իր հետ, միեւնոյն է, իմ երազի երկիրը նաեւ իրենցն է լինելու:

Մենք ստեղծելու ենք մեր սիրոյ եւ համերաշխութեան նոր Հայաստանը, որտեղ`

– ամուր եւ անսասան է լինելու մեր բանակը,
– ամուր ու անսասան է մնալու մեր եկեղեցին,
– ամուր ու անսասան են մնալու մեր ընտանիքները,
– իշխելու է արդարութիւնը, սոցիալական արդարութիւնը,
– Արցախը միշտ մնալու է հայկական ու անվտանգ,
եւ, վերջապէս, մեր մէջ թշնամիներ չենք փնտռելու, չենք ունենալու…

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.