ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի յայտարարութիւնը

Սիրելի հայրենակիցներ,

Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակեայ խորհրդարանական և նախագահական ընտրութիւնների արդիւնքներով այժմ կազմաւորւում են երկրի գործադիր և օրէնսդիր նոր իշխանութիւնները:

2020թ. ապրիլի 9-ի յայտարարութեամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրութիւնների կապակցութեամբ մեր գնահատականների և նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:

Նկատի ունենալով համապետական ընտրութիւնների և ընտրուած նախագահի հետ բանակցութիւնների արդիւնքները՝ նպատակայարմար չենք գտնում մաս կազմել ձևաւորուող կառավարութեանը:

2019թ. յուլիսի 7-ին և օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթութիւնների և նախընտրական ծրագրի հիման վրայ յարաբերութիւններ ենք կառուցելու ինչպէս քաղաքական ուժերի, այնպէս էլ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ:

Յոյսով ենք, որ նոր իշխանութիւնները ջանք չեն խնայի յաջողութիւններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցութիւնների ընթացքում առաւել կարևորուած՝ պետականութեան ամրապնդման, անվտանգութեան ապահովման, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետութեան հետ ռազմաքաղաքական դաշինքի իրաւապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարութեան հաստատման, վերաբնակեցման և ժողովրդագրական իրավիճակի բարելաւման ուղղութիւններով:

ՀՅ Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցով հաստատակամօրէն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի բարգաւաճման գործում: ՀՅ Դաշնակցութեան ելակէտային ուղենիշը եղել և մնում է ազատութեան, արդարութեան, ազգային ու համամարդկային արժէքների ամրակայումը և ներազգային համերաշխութեան ապահովումը:

ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէ

Leave a Comment

You must be logged in to post a comment.