Հերոս հրետանաւորը խրամատից դուրս է եկել ըկերներին օգնելու և դուրս գալու պահին զոհուել

Արցախեան 44-օրեայ պատերազմ զոհուած Արմէն Առուստամեանի մայրը՝ Ելիզաւետա Աբաջեանը, յիշում է՝ պատերազմի օրերին զանգահարելիս Արմէնը մանրամասներ չէր պատմում ռազմադաշտում կատարուող իրադարձութիւններից, բայց որոշ դրուագներից հասկանալի էին դառնում, որ մեր տղաները նոյնիսկ անհնարինն էին անում։

«Մի անգամ Արմէնը զանգել էր, պատմեց․ «Մա՛մ, գիտե՞ս՝ այսօր մի զինուորի դեղ եմ ներարկել․ նա գոռում ու գալարւում էր ցաւից, մեզ մօտ էլ բժիշկ կամ բուժակ չկար։ Սպասել հնարաւոր չէր, ելք չկար, ուստի ես ներարկեցի, ես կարողացայ․․․»։ Որդուս լսելով՝ ապշեցի, որովհետև նրան ճանաչելով՝ երբեք չէի պատկերացնի, որ ներարկիչն իր ձեռքը կը վերցնի։ Բայց, պատերազմական սարսափելի օրերը տղաներին ստիպել էին անել այն, ինչն այլ իրավիճակներում, գուցէ, չկարողանային անել», — «Հորիզոն»-ի թղթակցին պատմում է Արմէն Առուստամեանի մայրը:

Արմէնը զոհուել է Մարտունիում նոյեմբերի 9-ին՝ եռակողմ յայտարարութեան ստորագրումից ժամեր առաջ։

Ժամկէտային զինծառայող Արմէն Առուստամեանը 2019-ի յուլիսի 1-ին ծառայութեան էր անցել ՀՀ ԶՈՒ, նախ՝ 6 ամիս ծառայել էր Լուսակերտի զօրամասում, ապա կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխուել Արցախի «Մարտունի 2» զօրամաս։ Նա ծրագրաւորող էր, պէտք է բանակից վերադառնար, համալսարանում շարունակէր կրթութիւնը։ Արմէնը նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան անդամ էր, սկաուտական խմբի ղեկավար։ Նա մինչև բանակ գնալը սկաուտների հետ բանակումների էր մասնակցել, կոփուած էր, ֆիզիկապէս ուժեղ։ Պատերազմի օրերին Մարտունու դիրքերում կռիւ մղող Արմէնին օգնում էր ոչ միայն կոփուած լինելը, այլև ծրագրաւորման ոլորտի հետ կապուած գիտելիքները․ նա կարողանում էր կարճ ժամանակահատուածում արագօրէն հաշուարկներ կատարել։

Արմէնի մայրը պատմում է՝ պատերազմի թէժ պահերին տղաները հրամանատարի՝ Ժորա Պետրոսեանի հետ մի վայր էին գնացել, քանի որ շատ հոգնած էին եղել ու գոնէ մի փոքր պիտի հանգստանային։ Այնտեղ մի անսարք գնդացիր էին գտել, որը վտանգաւոր տեղում էր եղել՝ բաց տարածութեան մէջ։ Թէև հրամանատարն արգելել էր դրան ձեռք տալ՝ հասկանալով, որ այն նորոգելը շատ վտանգաւոր կարող է լինել, սակայն Արմէնը, իրեն յատկացուած հանգստի ժամանակահատուածն օգտագործելով, աննկատ գնացել էր, թաքուն նորոգել այդ գնդացիրը։

«Յետոյ հրամանատարը արթնացել է ու տեսել է՝ շրջափակման մէջ են։ Հրամանատարն է մեզ պատմել, որ Արմէնի նորոգած այդ գնդացիրով 1200 փոմփուշտ են կրակել, նաև դրա շնորհիւ են կարողացել շրջափակումից դուրս գալ։ Հրամանատարն ասաց՝ եթէ այդ գնդացիրը չլինէր, չգիտեմ՝ ողջ կը մնայի՞նք, թէ՞ ոչ։ Ընդ որում, այդտեղ նաև այլ դասակից են զինուորներ եղել, բայց յստակ չգիտեմ՝ քանի հոգի են եղել», — պատմում է տիկին Ելիզաւետան։

Նա ասում է՝ որդու հրամանատարը միշտ հպարտօրէն է խօսում Արմէնի ու միւս զինուորների մասին։ Անգիր յիշում է իր զինուորների ծննդեան օրերը, Արմէնի ծննդեան օրը հրամանատարը զանգահարել ու տեղեկացրել՝ շուտով Արմէնը «Մարտական ծառայութիւն» մեդալից զատ՝ նոր պարգև է ունենալու, ափսոս, որ հետմահու․․․

Արմէնի մայրը պատմում է՝ որդին շատերին է օգնել, ոմանց կեանքն է փրկել։ Ընկերներից երկուսը անձամբ են պատմել, որ Արմէնն իրենց կեանքը փրկել է։ Նրանիցի մէկը գլխի շրջանում է ծանր վիրաւորում ստացել ու հիմա Մոսկվայում բուժւում է։

 

Արմէնի միւս ընկերը՝ Լևոնը, որը 44-օրեայ պատերազմի ժամանակ 2 ամիս զինծառայող է եղել, Արմէնի ընտանիքի անդամներին պատմել է՝ պատերազմի ընթացքում ինքը վիրաւորում է ստացել, աչքերը վնասուել են, իրեն թուացել է՝ կուրացել է։ Արմէնը Լևոնին գրկած 2 կմ քայլել է, որ հասցնի Շտապ բուժօգնութեան մեքենայի մօտ, բայց մինչև տեղ է հասել, մեքենան տեղում չի եղել, և նա կրկին այդ 2 կիլոմետր տարածքով ընկերոջը գրկած վերադարձել է իրենց դիրքը, մինչև յաջորդ օրը մեքենան եկել է, նաև Լևոնին է տարել հոսպիտալ։

«Հիմա Լևոնը բուժման կուրսեր է անցնում, մի աչքը 99 տոկոսով չի տեսնում, նա զինծառայութիւնից ազատուել է» – պատմում է տիկին Ելիզաւետան ու յաւելում՝ Լևոնը դեռ պատերազմի աւարտից յետոյ Առուստամեաննների ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել, պատմել Արմէնի խիզախութեան մասին ու շնորհակալութիւն յայտնել, որ այդպիսի որդի են դաստիարակել, որն իր կեանքը վտանգելով՝ բազմիցս օգնել է միւսներին։

Տիկին Ելիզաւետան յիշում է այն չարաբաստիկ օրուայ մանրամասները, որի մասին պատմել են Արմէնի ընկերներն ու հրամանատարը․․․ «Նոյեմբերի 9-ին ուժեղ հրետակոծութիւն է եղել, Արմէնը սկզբի ակնթարթներին չի էլ զգացել, որ վիրաւորում է ստացել, յետոյ տեսել է՝ քթից արիւն է գալիս։ Հրամանատարը ասել է՝ իջի՛ր, թո՛ղ քեզ օգնութիւն ցոյց տան, Արմէնն ասել է՝ կարիք չկայ։ Այդ անգամ վնասուածքը ծանր չի եղել, բայց ժամեր անց՝ 13։30-15։00-ի հատուածմերում, ականանետով ուժեղ հրետակոծութիւններ են եղել, Արմէնն այդ պահին խրամատից դուրս է եկել ու զոհուել․․․ նա դուրս էր եկել ինչ-որ մէկին օգնելու», — պատմում է տիկին Ելիզաւետան։ Նա ասում է՝ աւելի ուշ է իմացել որդու զոհուելու մասին։ Նա Արմէնի հետ վերջին անգամ խօսել էր նոյեմբերի 7-ին, Արմէնն ասել էր՝ ամէն ինչ նորմալ է, պարզապէս հեռախօսակապը չի աշխատում, հնարաւոր է՝ չկարողանայ պարբերաբար զանգել, ուստի օրեր շարունակ Արմէնից զանգեր չստանալով՝ Արմէնի ընտանիքը, այնուամենայնիւ, յոյս է ունեցել, որ նա դեռ կը զանգահարի։ «Ես դպրոցում եմ աշխատում, մենք այդ օրերին պաշտպանիչ գորգեր էինք գործում, որ ռազմադաշտ՝ մեր տղաներին ուղարկենք։ Ես անընդհատ աղօթում էի, սպասում էի Արմէնի զանգին, և երբ ինձ զանգում էին, ամէն անծանօթ համար տեսնելիս ինձ թւում էր՝ Արմէնն է զանգում, բայց նա այլևս չզանգեց․․․ Յետոյ ամուսնուս տեղեկացրել էին՝ մի վիրաւոր տղայ կայ, անգիտակից է և, գուցյ, նա Արմէնն է։ Մինչև կը հասցնէինք հիւանդանոց գնալ, մեզ տեղեկացրին՝ այդ զինուորը գիտակցութեան է եկել, նա Արմէնը չէ», – յիշում է տիկին Ելիզաւետան։

Նոյեմբերի 12-ին Արմէնի հօրն են զանգահարել, ասել են՝ պէտք է գնա որդու մարմինը ճանաչելու։

«Հրետակոծութեան պատճառով մարմինը մասնատուել էր։ Ամուսինս էր գնացել ճանաչելու, նա ինձ զերծ պահեց․․․․ Ամուսինս պատմեց՝ թէև դէմքը մգացած էր, բայց անգամ ձեռքերից մեր որդուն ճանաչել էր։ Արմէնին փակ էին տուել, ես չեմ պատկերացնում՝ ինչ վիճակում է եղել որդուս մարմինը», — արցունքների միջից պատմում է տիկին Ելիզաւետան՝ աւելելով՝ ինքը ջանում է ուժեղ լինել, իր մէջ սեղմել ցաւը, բայց այդ ցաւը ոչ մի տեղ ոչ մի կերպ հնարաւոր չէ տեղաւորել․․․․

Զրոյցի վերջում տիկին Ելիզաւետան անդրադառնում ՝ Հայաստանի ու հարևան երկու ոխերիմ երկրների յարաբերութիւններին ու այն մեկնաբանութիւններին, թէ հնարաւոր է, որ Հայաստանը հարևանական յարաբերութիւններ ունենայ Ադրբեջանի հետ, այլ կերպ ասած՝ «խաղաղութեան դարաշրջան» բացուի կամ նորմալ էարաբերութիւններ լինեն Թուրքիայի հետ։ «Ես ուղղակի զարմանում եմ ներկայիս Կառավարութեան վրայ,,, Ինչպէ՞ս են պատկերացնում դա, չէ՞ որ այսքան որդեկորոյս մայր կայ, բոլորն էլ վրէժով են լցուած։ Յարաբերութիւններ թո՛ղ փորձէին մինչև պատերազմը կարգաւորել՝ նաև պատերազմը կանխելու համար․․․ Երեք սերունդ կորցրել ենք։ Եթէ անգամ պատերազմից առաջ ինչ-որ կերպ հնարաւոր լինէր դա պատկերացնել, հիմա դա հնարաւոր չէ։ Այս պատերազմից յետոյ ես չեմ կարողանում պատկերացնել, որ հնարաւոր է յարաբերութիւններ ունենալ այդ երկրների հետ», – եզրափակում է տիկին Ելիզաւետան։

https://fb.watch/dcN_P3rRGU/

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.