Հարցազրոյց Թաներ Աքչամի «Հայերու բռնի իսլամացումը» գրքի թարգմանիչ թրքագէտ Մելինէ Անումեանի հետ

Հարցազրոյց թրքագէտ, պատմական գիտութիւններու թեկնածու Մելինէ Անումեանի հետ

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Հայերու բռնի իսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում» գրքի թարգմանութիւնը կարեւոր իրադարձութիւն էր, որ նոր լոյս կը սփռէ 1915-ի Հայոց ցեղասպանութեան պատմագիտական ուսումնասիրութիւններու ծիրէն ներս։ Որո՞նք են գլխաւոր այս հարցին հետ աղերս ունեցող այն նոր բացայայտումները, զորս դուք կը հաստատէք, եւ որոնք ցարդ չէին հրապարակուած։

Յայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի այս գիրքը մինչ այժմ կատարուած ցեղասպանագիտական ուսումնասիրութիւններից առանձնանում է յատկապէս հետեւեալ առումներով: Նախ` սոյն աշխատութիւնը յագեցած է բազմաթիւ օսմանեան փաստաթղթերով, մասնաւորապէս` հեռագրերով, որ հիմնականում Ներքին գործերի նախարարութիւնից ուղղուել են Օսմանեան կայսրութեան բազմաթիւ շրջաններ: Այդ բոլոր վաւերագրերը գիտական շրջանառութեան մէջ են դրւում առաջին անգամ: Բացի այդ, Թաներ Աքչամի այս աշխատութիւնը մանրամասն քննում է Հայոց ցեղասպանութեան անքակտելի տարրերից մէկը եղած բռնի իսլամացումը: Նա, հիմնուելով բացառապէս օսմանեան փաստաթղթերի վրայ, մանրամասն ներկայացնում է Մեծ եղեռնի ժամանակ հայերի բռնի ուծացման քաղաքականութեան ամբողջական գործընթացը, ցոյց տալիս, որ Հայոց ցեղասպանութեան ժամանակ տեղահանութեան եւ կոտորածների ընթացքում կիրառուած բռնի կրօնափոխութիւնը կատարուել է ոչ թէ պատահական կամ կամայական ձեւով, այլ` լիովին ուղղորդուել ու վերահսկուել է կենտրոնական կառավարութեան եւ, մասնաւորապէս, ներքին գործերի նախարար Թալէաթ փաշայի կողմից: Ինչպէս գրքում նշում է հեղինակը, Հայոց ցեղասպանութեան ընթացքում բռնի ուծացումն իրականացուել է  3 տարբեր ձեւերով. «Առաջինը «կամաւոր» եւ/կամ հարկադիր կրօնափոխութիւնն է: Բռնի ուծացման քաղաքականութեան երկրորդ կարեւոր հենքը 12 տարեկանից ցածր տղայ եւ աղջիկ երեխաների հանդէպ գործադրուածն է, երբ մանուկները հարկադիր կերպով մուսուլման են դարձել, ցրուել որբանոցներում եւ մահմետականների տներում, որտեղ դաստիարակուել են` թուրքիսլամական մշակոյթին համապատասխան: Ասիմիլացիայի երրորդ հենքը եղել է մանկամարդ աղջիկների բռնի ամուսնացումը մահմետական տղամարդկանց հետ: Այս բոլոր հարցերի շուրջ կենտրոնից անընդհատ հրամաններ են յղուել շրջաններ»:

Այս ընթացքով, կարելի է հաստատել, որ բռնի իսլամացումը ցեղասպանութեան շարունակութիւնն է։

Միանշանակ: Թաներ Աքչամն այս գրքում արձանագրում է, որ բռնի իսլամացումը, յատկապէս Հայոց ցեղասպանութեան համատեքստում, եղել է ոչ միայն Ցեղասպանութեան շարունակութիւնը, այլ նաեւ` Մեծ եղեռնի էական եւ անքակտելի տարրերից մէկը: Ի դէպ, այս հանգամանքը, Թաներ Աքչամի աշխատութիւնից բացի, շեշտուել է նաեւ հայ թուրքագէտներ Ռուբէն Մելքոնեանի եւ Մհեր Աբրահամեանի կողմից` նրանց համատեղ գրքում, որի վերնագիրն է` «Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան բռնի իսլամացման քաղաքականութիւնը հայերի նկատմամբ, որպէս ցեղասպանական արարք»:

Ինչպէս նշում է Աքչամը, այնպիսի թիւր պատկերացում կայ, թէ իբր ցեղասպանութիւնն իրականացւում է միայն ֆիզիքական բնաջնջման միջոցով: Մինչդեռ իրականում, ցեղասպանութիւնը մի որեւէ էթնիք խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացումն է: Եւ բացարձակապէս պարտադիր չէ, որ այդ ոչնչացումը կատարուի ֆիզիքական բնաջնջման ճանապարհով: Ի դէպ, դա շեշտել է նաեւ ճենոսայտ  (ցեղասպանութիւն) եզրոյթը շրջանառութեան մէջ դրած Ռաֆայէլ Լեմքինը, համաձայն որի` ցեղասպանութիւն նշանակում է մի խմբի բնաջնջմանն ուղղուած ֆիզիքական, կենսաբանական եւ մշակութային ոչնչացման տեխնիկաների կիրառում: Մշակութային ցեղասպանութիւնը կարող է նախաքայլ համարուել ֆիզիքական բնաջնջումից առաջ: Բռնի ուծացումը մշակութային ցեղասպանութեան տարրերից մէկն է, քանի որ մշակութային ցեղասպանութիւնն ընդգրկում է նաեւ տուեալ խմբի կրօնական ու կրթական հաստատութիւնների, եւ, ընդհանրապէս, ամբողջ մշակութային ժառանգութեան ոչնչացումը:

Աքչամն իր այս ուսումնասիրութեան մէջ ընդգծում է նաեւ, որ պէտք է միմեանցից տարբերակել բնական եւ բռնի ուծացումները, որովհետեւ բնական ասիմիլիացիան կարող է լինել երկարատեւ գործընթացի բնական հետեւանք, իսկ բռնի ուծացումը կատարւում է կարճ ժամանակահատուածում եւ միտումնաւոր կերպով:

Հեղինակը շեշտում է, որ մինչ այժմ Հայոց ցեղասպանութեան հարցն ուսումնասիրած գիտնականներն առաւելապէս կենտրոնացել են ֆիզիքական բնաջնջման վրայ, քանի որ ցեղասպանագիտութեան մէջ ընդհանրապէս ընդունուած է եղել ցեղասպանութեան դասական օրինակ համարել Հոլոքոստը, որի ժամանակ բռնի ուծացում գրեթէ չի գործադրուել: Այնինչ, ինչպէս ընդգծում է ցեղասպանագէտը, անգամ Լեմքինն է շեշտել ցեղասպանութեան գլխաւոր տարրերից մէկի` բռնի ասիմիլիացիայի մասին: Այսպիսով, Աքչամը հայերի բռնի իսլամացումը եւ ուծացումը դիտում է որպէս Հայոց ցեղասպանութեան կառուցուածքային մի տարր` միաժամանակ ընդգծելով որ Մեծ եղեռնն իրագործուել է նաեւ ֆիզիքական զանգուածային բնաջնջման միջոցով:

Աքչամը սոյն գրքում յատուկ անդրադառնում է նաեւ հայ երեխաների` թուրքիսլամական մշակոյթի համաձայն մահմետականների ընտանիքներում դաստիարակուելու եւ հայ կանանց ու աղջիկների առեւանգումների բազմաթիւ դէպքերին` դրանք համարելով հայ ծինի ոչնչացմանն ուղղուած միջոցներ:

Ի՞նչ ներդրում կրնայ ունենալ այս գիրքը Հայ Դատի հարցով տարուող աշխատանքներուն։

Նախ այս գիրքը կարեւորւում է գիտական առումով, քանի որ Հայոց ցեղասպանութեան ժամանակ կատարուած բռնի կրօնափոխութեան դէպքերն առաջին անգամ քննւում են ամբողջական գործընթացի համատեքստում, եւ հեղինակը հանգում է այն եզրակացութեան, թէ Օսմանեան կայսրութեան կենտրոնական կառավարութիւնը ոչ միայն ուղղորդել ու վերահսկել է այդ գործընթացը, այլ նաեւ, հարկ եղած դէպքերում, միջամտել է դրանց` ժամանակ առ ժամանակ թոյլ չտալով, որ հայերը կարողանան այդ կերպ «փրկուել» կոտորածից:

Հեղինակն ինքն էլ շեշտում է, որ կրօնափոխութեան շնորհիվ իրենց նախկին բնակավայրերում մնալ կարողացած այդ հայերի «փրկութիւնն» էլ զուտ ֆիզիքական բնոյթ էր կրում, քանի որ վերացւում էր հայի տեսակը

Այս ուսումնասիրութիւնը շատ էական ներդրում է ցեղասպանագիտութեան մէջ, քանի որ սոյն գրքով վերջնականապէս կանխւում են կրօնափոխ հայերին որպէս փրկուած ներկայացնել ձգտող որոշակի թուրք շրջանակների փորձերը: Դա շատ էական է Հայ դատի ուղղութեամբ տարուող աշխատանքների առումով:

ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՎԱՐԵՑ ՎԱՀԱԳՆ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.