«Հասնել Իշխանափոխութեան` Երկիրը Փրկելու Համար». Գառնիկ Դանիէլեան

«Դրօշակ»-ի օգոստոս 2024-ի թիւով հետեւէալ հարցազրոյցը կատարուեցաւ Սրբազան շարժումի ղեկավարութեան ներկայացուցիչ Գառնիկ Դանիէլեանի հետ:

«ԴՐՕՇԱԿ».- Սրբազան պայքարի շարժումը ամրան ամիսներին դադարեցրեց զանգուածային միջոցառումները, սակայն այլ ձեւաչափերով շարունակեց գործունէութիւնը: Որպէս շարժման առաջնորդներից մէկը` այս ընթացքում դուք գտնուել էք այդ գործունէութեան առանցքում: Գրեթէ ամէն օր լրատուամիջոցները ներկայացրել են Բագրատ սրբազանի գլխաւորութեամբ շարժման ներկայացուցիչների հանդիպումները հանրապետութեան բնակավայրերում: Իւրաքանչիւր շաբաթուայ ընթացքում նաեւ կազմակերպւում էին հաւաքներ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում: Երբ շարժման այս փուլը եւս մօտենում է իր լրումին, խնդրում եմ ներկայացրէք ձեր տպաւորութիւնը` ի՞նչ տեսաք, ի՞նչ եզրակացութիւններ կատարեցիք:

ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԷԼԵԱՆ.- Սկսենք նրանից, որ յունիսի 12-ին տեղի ունեցած ոստիկանական վայրագութիւններից յետոյ ակնյայտ դարձաւ, որ նոր իրականութեան առջեւ ենք կանգնած, եւ Բագրատ սրբազանն անհրաժեշտ համարեց շարժմանը հաղորդել հաստատութենական բնոյթ: Որոշուեց շարժման կորիզներ ձեւաւորել քաղաքներում ու գիւղերում, սկիզբ առան քննարկումները ոլորտային խմբերի հետ` տնտեսագէտներ, բժիշկներ, իրաւաբաններ, դասախօսներ եւ այլն: Ամառուայ ընթացքում թուարկուած եւ այլ խմբերի հետ աշխուժ աշխատել ենք, ինչպէս նշեցի, ունեցել ենք հանդիպումներ` մարզերում, քաղաքներում, գիւղերում, Երեւանի բակերում: Ամառային ճամբարներում հանդիպել ենք աւելի քան 3.000 երիտասարդների հետ: Ճամբարների մի մասը կազմակերպուել է շարժման կողմից, մի մասը եղել են Հայ յեղափոխական դաշնակցութեան ճամբարները, իսկ միւս մասն էլ այլ ճամբարներ են եղել, որոնցից հանդիպման հրաւէրներ էինք ստացել: Ուսանողներին եւ առհասարակ երիտասարդներին ներկայացրել ենք շարժման խնդիրներն ու նպատակները, բացատրել վերջինիս կարեւորութիւնը, դրանում երիտասարդութեան առանցքային դերը, լսել ենք երիտասարդներին, հարցեր ենք քննարկել նրանց հետ: Դեռ շարժման Երեւան հասնելու օրերից զգացել էինք, որ վերջինիս նկատմամբ երիտասարդութիւնը մեծ հետաքրքրութիւն է դրսեւորում: Ճիշդ է` իշխանութիւնները փորձեցին ճնշում գործադրել, բիրտ ուժ կիրառեցին, սպառնացին հեռացնել համալսարաններից եւ այլն, բայց մեծ թուով երիտասարդներ դարձան շարժման աշխուժ մասնակիցը, եւ մենք տեսնում ենք, որ այս բանակն աւելի է մեծանում: Շատ կարեւոր են Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպուող պարբերական հանդիպումները, որոնք տեղեկատուութեան փոխանակման, կատարուած գործերի վերաբերեալ իւրատեսակ հաշուետուութեան հնարաւորութիւն են, ինչպէս եւ` անհատ քաղաքացիների հետ անմիջականօրէն շփուելու առիթ: Շատերը անդամագրուել են շարժմանը, ներգրաւուել են տարբեր ոլորտային խմբերում, շատերն առաջարկել են իրենց մասնագիտական աջակցութիւնը: Միւս կողմից` այս ձեւաչափը հնարաւորութիւն է ընձեռում, որպէսզի մարդիկ իրենց կարծիքը յայտնեն, առաջարկներ ներկայացնեն շարժման առաջիկայ անելիքների վերաբերեալ:

Ի դէպ, աւելացնեմ, որ մենք դիմել էինք մարզահամերգային համալիրի ղեկավարութեանը` ցանկանալով դահլիճ վարձակալել, որպէսզի սեպտեմբերեան իրադարձութիւններից առաջ շարժման մասնակիցների բազմահազարանոց հաւաք տեղի ունենար, սակայն համալիրի ղեկավարութիւնը դահլիճ չտրամադրեց: Սա էլ ասում եմ փաստելու համար, որ իշխանութիւնները լրջօրէն վախեցած են շարժումից եւ փորձում են ամէն տեսակի խոչընդոտներ յարուցել նրա առջեւ:

«ԴՐՕՇԱԿ».- Մեր կարծիքով, թէեւ Սրբազան շարժումը դնում է իշխանափոխութեան պահանջ, սակայն նրա նպատակը ոչ թէ իշխանափոխութիւնն է, այլ` այն աղէտի կասեցումը, որը երկիրը գլորում է դէպի անդունդ: Լինելով սահմանային գօտու բնակիչ, ինչպէս նաեւ այս ընթացքում մշտապէս լինելով վտանգուած գօտիներում, ունենալով տուեալ տարածքների հետ ամէնօրեայ կապ, ի՞նչ է ձեր պատկերացումը, ազգային շարժման շարունակումը որքանո՞վ է արդարացուած եւ պահանջուած:

ԳԱՌՆԻԿ Դ.- Գաղտնիք չէ, որ այս շարժումը սկսուել է ապօրինի սահմանազատման-սահմանագծման դէմ: Իշխանութիւնները հերթական անգամ խաբեցին ժողովրդին` ասելով, թէ սահմանագծման գործընթաց է, եւ հէնց որ սահման ունենանք Ազրպէյճանի հետ, բոլոր խնդիրները վերանալու են, եւ ապրելու ենք խաղաղ ու հանգիստ: Իրականում սա միակողմանի զիջում է` Ազրպէյճանի պահանջների ամբողջական կատարման պայմանով: Հայաստանն այս գործընթացի պատճառով չստացաւ ոչինչ, իսկ Ազրպէյճանն ամբողջութեամբ լուծեց այն խնդիրները, որոնք այդ ժամանակահատուածում դրել էր իր առջեւ: Իրականում տեղի ունեցածը սահմանագծում-սահմանազատում չէր: Հայաստանի ներկայացրած պահանջը, որպէսզի չորս գիւղերի յանձնման դիմաց մեր 31 բնակավայրերը անցնէին Հայաստանի իշխանութիւնների վերահսկողութեան տակ, մերժուեց: Ճէյհուն Պայրամովի գրասենեակը հայկական կողմի նամակին պատասխանեց, թէ ոչ մի պահանջ չի կարող լինել, այնպէս որ, մոռացէք այդ գիւղերի մասին: Ասուածի ապացոյցներից մէկն էլ այն է, որ Կիրանցը յանձնելուց յետոյ ջրամբարի միւս կողմում գտնուող Բերքաբեր գիւղի 900 հեկտար հայկական հողից Հայաստանը ոչ մի միլլիմեթր ետ չստացաւ:

Աւելացնեմ, որ սահմանազատման ողջ գործընթացն ապօրինի է, որովհետեւ ցայսօր այդ գործընթացի իրականացման կարգը Ազգային ժողովը չի հաստատել: Ասում էին, թէ յունիսի 1-ին այդ կարգը պէտք է հաստատուի, բայց ո՛չ կարգն է հաստատուել, ո՛չ սահմանազատում ու սահմանագծում է իրականացուել: Այնպէս որ, տեղի ունեցած ողջ գործընթացն ապօրինի է: Կրկնում եմ` տեղի է ունենում միակողմանի զիջում, որի պատճառով Ազրպէյճանը ստանում է ռազմավարական նշանակութեան դիրքեր, ստանում ջրային ակունքների նկատմամբ վերահսկողութիւն, Տաւուշի պաշտպանուած առաջնագիծը յանձնուել է Ազրպէյճանին, եւ թշնամին յայտնուել է Հայաստան-վրաստան միջպետական ճանապարհի եզրին` դրանից բխող բոլոր աղէտալի հետեւանքներով հանդերձ:

«ԴՐՕՇԱԿ».- Այսինքն ոչ մի նշան չկայ, որ թշնամին պատրաստ է հրաժարուելու բուն Հայաստանից գրաւած տարածքից:

ԳԱՌՆԻԿ Դ.- Այս ամէնը զուգորդւում է նրա հետ, որ Հայաստանից 300 քառակուսի քիլոմեթր բռնագրաւուած է թշնամու կողմից, եւ ոչ մի խօսք չկայ այդ բռնագրաւումին մասին: Ես հարց եմ տուել Արարատ Միրզոյեանին` ո՞ր քարտէսներով են առաջնորդւում, եւ պատասխան եմ ստացել, թէ այն քարտէզներով, որոնց հետ Ազրպէյճանը կը համաձայնուի: Այսինքն մենք ընդամէնը Ազրպէյճանի կամքը կատարողներն ենք, եւ այս ամէնի գագաթնակէտին եղաւ այն, որ Ազրպէյճանի բարձրաստիճան պաշտօնեաներն արդէն բացայայտօրէն ասում են, թէ ոնց որ գնացիք ձեր ժողովրդին համոզեցիք, որ եթէ այդ տարածքները չտաք, պատերազմ է լինելու, գնացէք նոյն կերպ համոզէք, որ եթէ սահմանադրութեան ու հռչակագրի հետ կապուած պահանջները չբաւարարէք, դարձեալ պատերազմ է լինելու: Այսինքն իրենք գտել են ձեւը` ինչպէ՛ս պէտք է հայկական կողմին թելադրեն իրենց պահանջները: Հայկական կողմն էլ, ի դէմս վարչապետի եւ արտգործնախարարի, յայտարարում են, որ եթէ չզիջենք, պատերազմ է լինելու:

Ազրպէյճանը ոգեւորւում է դրանից եւ ամէն անգամ առաջ է քաշում նոր պահանջներ` ազրպէյճանցիների վերադարձի հարց, Արցախը Ազրպէյճանի կազմում ճանաչելուց յետոյ փոխհատուցման հարց, քանի որ այս դէպքում Հայաստանը դառնում է յարձակուող կողմ: Եւ էլի նմանատիպ հարցեր, որոնք կը յանգեցնեն Հայաստանի չգոյութեանը: Սրանով ուզում եմ ասել, որ այս խնդիրը մեզ համար գոյաբանական նշանակութիւն ունի, այդ պատճառով էլ սրբազան պայքարի վերափոխուած «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը եւ նրա առաջ քաշած պահանջներն ինքնանպատակ չեն, այս երկիրը կանգնած է մեծ աղէտի եզրին, եւ այս ընթացքը իշխանութիւնները ի վիճակի չեն կասեցնել:

Պատահական չէ, որ ազրպէյճանական եւ թուրքական կողմերն իշխանութիւններին աջակցող յայտարարութիւններ են հնչեցնում ամէն անգամ, երբ Հայաստանում ազգային շարժում է սկսւում: Սա այս իշխանութիւններին աջակցելու ազրպէյճանաթուրքական իշխանութիւնների յստակ որոշման հետեւանք է: Ուրեմն եւ շատ կարեւոր է` հայ ժողովուրդը հասկանայ, որ գործ ունի համագործակցողների իշխանութեան բռնագրաւող պետութեան հետ: Մի պետութիւն, որն ամէն ինչ անում է, որպէսզի Հայաստանը կորցնի ինքնիշխանութիւնը, դառնայ կառավարուող, օտարի առջեւ սպասարկող` աշխատող ժողովրդով:

Այդ նպատակով գրոհ է սկսուել բոլոր ուղղութիւններով` կրթութիւն, գիտութիւն, ազգային մշակոյթ: Իրականացւում է ամբողջական քարոզչութիւն ազգային գաղափարախօսութեան, ազգային ինքնութեան եւ արժէքների դէմ: Գիտենք` ի՛նչ է ասուել Արարատ լերան հետ կապուած, արշաւը եկեղեցու դէմ, Լեմքինի հիմնարկը քննադատեց Հայաստանի իշխանութեան կողմից Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու փաստը: Եթէ լինէր այսպիսի մէկ դրուագ, կարող էինք մտածել, թէ անփութութեան կամ տգիտութեան հետեւանք է, սակայն այս բոլորը վկայում են այն մասին, որ իրականացւում է յստակօրէն ուղղորդուած եւ ծրագրուած քաղաքականութիւն: Ինչպէս վերը յիշեցինք, հայութեան հարցերը ցանկանում են լուծել արմատապէս` ներառելով հռչակագրի ու սահմանադրութեան փոփոխութեան նպատակը: Հետեւաբար շատ կարեւոր է հայ ժողովրդի ողջ ներուժի համախմբումն այս իշխանութեանը վռնտելու համար: Մէկ ուժը կամ մէկ անձն ի վիճակի չի այս մեծ խնդիրը լուծելու, եւ ուրեմն համախմբմանը, ուժերի մէկտեղմանը այլընտրանք չկայ: Շարժումը Տաւուշից սկսելով` մեր խնդիրն է եղել վերջինիս օրակարգը դարձնել համահայաստանեան եւ ապա` համահայկական:

Իշխանութեան նպատակն է անել ամէն ինչ աթոռները պահելու համար, այս պահին իրենք միայն այս խնդիրն են լուծում` գոհացնել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որոնք սպառնում են իրենց իշխանութեանը եւ ամուր կառչած մնալ աթոռներին: Իրենք լաւ հասկանում են, որ աթոռները կորցնելուց յետոյ կանգնելու են պատասխանատուութեան առջեւ` Արցախը յանձնելու, բազմաթիւ ապօրինութիւններ կատարելու համար: Այնպէս որ, շատ կարեւոր է այս շարժման շարունակումը, նրա սահմանների ընդլայնումը` ի հաշիւ ժողովրդի նորանոր զանգուածների: Համոզուած եմ, որ առաջիկայ ամիսներին մեր երկրում եւ նրա շուրջ շատ կարեւոր իրադարձութիւններ են տեղի ունենալու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ ամէնին պատրաստ լինել, որպէսզի կարողանանք մեր ծրագրերն ու նպատակներն իրականացնել:

«ԴՐՕՇԱԿ».- Ցանկանում էինք հարցազրոյցի վերջում անդրադառնալ սփիւռքի թեմային, սակայն ազգային համախմբման եւ միասնականութեան մասին խօսելիս դուք արդէն ակնարկեցիք այս մասին: Որ՞ն է ձեր կարծիքը, սփիւռքն ասելիք եւ անելիք ունի՞ հայրենիքում ծաւալուող գործընթացների վերաբերեալ:

ԳԱՌՆԻԿ Դ.- Շատ կարեւոր է, որ արտերկրի մեր հայրենակիցները ոչ միայն ուշի ուշով հետեւեն հայրենիքում տեղի ունեցողին, այլեւ մասնակցեն դրան:

Ի դէպ, թուրքազրպէյճանական քաղզոյգի ռազմավարութեան մէջ է մտնում սփիւռքը Հայաստանից կտրելը: Այս թեմայով բազմաթիւ յայտարարութիւններ են եղել` սկսած Ցեղասպանութեան ճանաչման հարցից: Այս հարցը նրանք փորձել են այնպէս ներկայացնել, թէ իբր Ցեղասպանութեան խնդիրը սփիւռքի մի փոքր հատուածի, այսպէս ասած, քմահաճոյքն է, եւ այս ձեւով նոյնպէս փորձ է արուել սեպ խրել հայրենիք-սփիւռք յարաբերութիւնների մէջ: Այս իշխանութեան գործունէութեան խայտառակ երեսներից մէկն էլ այն է, որ Զարեհ Սինանեան թիւրիմացութեան միջոցով փորձ է արւում պառակտել սփիւռքը: Սրան հակառակ, անհրաժեշտ է, որ սփիւռքը եւ նրա կառոյցները մասնակցեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, աշխատանքներ իրականացնեն զուգահեռաբար, յայտնեն մեզ իրենց պատկերացումներն ու տեսակէտները: Մեր կապը պէտք է ամուր լինի, սփիւռքի ներուժը պէտք է ծառայի հայրենիքի խնդիրների յաղթահարման, մեր պետականութեան հզօրացման գործին:

Ազգի եւ պետութեան շահերով առաջնորդուող ուժը չի կարող մեր կենսական հիմնահարցերի լուծման համար շահագրգռուած չլինի ներգրաւելու սփիւռքի հզօր ներուժը: Ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնը նպատակ ունի պառակտելու հայութեանը եւ` ոչ միայն նրա հայրենիք-սփիւռք հատուածներին: Այսօր նոյնը նա անում է անգամ Հայաստանի ներսում: Ապիկար իշխանութիւնն այսօր ուղղորդուած քարոզչութիւն է տանում արցախցի մեր քոյր-եղբայրների դէմ` փորձելով թոյլ չտալ արցախցիների համարկումը: Յարուցւում են նրանց դէմ իրաւական, ընկերային դժուարութիւններ ու խոչընդոտներ: Բացայայտ ու բիրտ մեթոտներով փորձ է արւում կանխարգելել բռնագաղթեցուած մեր հայրենակիցների պայքարը կորցրած բնօրրան վերադառնալու իրաւունքի համար: Որպէս պատգամաւոր, շփուելով այլ երկրների դիւանագէտների, միջազգային կառոյցների ներկայացուցիչների հետ, ես լսում եմ նրանցից, թէ այդ հարցերով նախեւառաջ պէտք է զբաղուեն ձեր երկրի պաշտօնական ներկայացուցիչները: Որքան էլ որ արտառոց է, օտարները զբաղւում են մեր հիմնհարցերով, երբ հայրենի անկախ պետութեան ղեկավարներն ամէն ինչ անում են հրաժարուելու վիժեցնելու համար յանուն մեր իրաւունքների իրականացուող օրինական պայքարը: Այս պայմաններում զարգանում է այն միտումը, որ արցախցի տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցներ լքում են Հայաստանը` փորձելով բնակութիւն հաստատել օտար երկրներում: Սա մեզ համար աղէտ է, մենք ամէն ինչ պէտք է անենք արցախցիներին Հայաստանի Հանրապետութիւնում պահելու համար, զուգահեռաբար աշխատանքներ տանենք` ապահովելու անվտանգութեան երաշխիքներով նրանց ետվերադարձի իրաւունքը:

«ԴՐՕՇԱԿ».- Աշնան շեմին ենք, ի՞նչ է սպասւում, Սրբազան շարժումը նախապէս էլ յայտարարել է, որ պայքարը պէտք է թեւակոխի մի նոր փուլ:

ԳԱՌՆԻԿ Դ. – Ի հարկէ այդ ուղղութեամբ բաւականին նախապատրաստական աշխատանք է կատարուել, կարող եմ նշել, որ քաղաքական ուժերի եւ կուսակցութիւնների միջեւ գոյացել է համագործակցութեան, համատեղ քննարկելու, որոշելու եւ գործելու հնարաւորութիւն: Կան իրական նախադրեալներ այս աշնանը յաջողութիւնների հասնելու համար, այդ նախադրեալներից ձեւաւորուել են հէնց կատարուած աշխատանքի շնորհիւ: Ի՞նչ կը լինի առաջիկայում` ցոյց կը տայ ժամանակը, յամենայն դէպս մենք վճռական ենք տրամադրուած: Օր առաջ այս իշխանութիւններին վռնտելը պէտք է լինի մեր ամէնօրեայ հետեւողական աշխատանքի նպատակը: Հէնց այնպէս սրանք չեն հեռանայ, որովհետեւ մտածելու շատ բան ունեն: Միաժամանակ իշխանութեան մաս կազմող այն անձիք, որոնք քրէօրէն պատժելի արարքներ չեն կատարել, Սրբազան պայքարի հռչակած հաշտութեան նպատակից կարող են օգտուել: Ի վերջոյ նրանք պէտք է հասկանան, որ մենք բոլորս մէկ նաւի մէջ ենք, իսկ իշխանափոխութիւնը վաղ թէ ուշ անխուսափելիօրէն տեղի է ունենալու: Ի  հարկէ իշխանութեան մէջ կան նման սթափ մտածող, ինչո՞ւ չէ, նաեւ հայրենիքի հեռանկարով մտահոգ մարդիկ: Այս մասին հասկանում է նաեւ իշխանական վերնախաւը եւ սեւ ու սպիտակի, մենքի ու նրանքի բաժանարարներ գծելով` փորձում է այլընտրանքներ չթողնել նման մարդկանց համար, կանգնեցնել նրանց Նիկոլի անդունդ տանող փակուղու առջեւ: Նիկոլ Փաշինեանը դրդում է այս մարդկանց կիսել իր յանցաւոր գործունէութեան համար պատասխանատուութիւնը, փորձում է ներշնչել, թէ իշխանափոխութիւնից յետոյ ինչ պատասխանատուութիւն կրելու է ինքը, նոյնին արժանանալու են խմբակիցները: Այնուամենայնիւ, մենք պէտք է նկատի ունենանք, որ մարդիկ տարբեր են, եւ սեւ ու սպիտակի բաժանարարներ գծելը խոհեմ չէ լուրջ մարտահրաւէրների առջեւ կանգնած մեզ նման փոքրաքանակ ժողովրդի համար:

«ԴՐՕՇԱԿ».- Ձեր խօսքի մէջ նշեցիք, որ վաղ թէ ուշ իշխանափոխութիւնը տեղի է ունենալու, եւ սա քմահաճոյք չէ, այլ բխում է երկիրը, հայ ժողովրդին, մեր պետականութիւնը փրկելու անհրաժեշտութիւնից: Գուցէ վաղ է այս մասին խօսելը, միւս կողմից, որպէսզի ժողովրդի մեծամասնութիւնը հաւատայ ու գործնականօրէն միանայ շարժմանը, նաեւ պէտք է իմանայ, թէ ի՛նչ է լինելու իշխանափոխութիւնից յետոյ:

ԳԱՌՆԻԿ Դ.- Ի հարկէ շատ կարեւոր է այն, ինչ դուք ասում էք: Նախ ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունենում, մենք բնութագրել ենք ազգային ազատագրական պայքար: Ազգային ուժերը պայքարի են դուրս եկել ապազգային ուժերի դէմ: Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ երկիրը պէտք է ղեկավարեն արհեստավարժ մարդիկ, որոնք ունեն համապատասխան փորձառութիւն ու հմտութիւն, մինչ այս իրականացրած գործունէութեամբ չեն արատաւորել իրենց անունը: Ես այս հարցազրոյցի ընթացքում նշեցի, որ մենք ամէն ինչ պէտք է անենք ազգային ներուժն առաւելագոյնս համախմբելու, ճգնաժամի յաղթահարման ու երկրի զարգացման գործին ծառայեցնելու համար: Մեր ուշադրութեան կենտրոնում պէտք է լինեն Արցախն ու արցախցիները, ինչպէս նաեւ` արտաքին ոլորտը: Պէտք է փաստել պարտուողական իշխանութեան այն թեզի սնանկութիւնը, թէ մենք չունենք բարեկամներ եւ դաշնակիցներ: Այսօր էլ կան այն ուժերը, որոնք պատրաստ են մեզ հետ դրական երկխօսութեան: Բնականաբար նրանք ելնում են առաջին հերթին իրենց շահերից, բայց նրանց հետ մեր շահերը համադրելով` պէտք է կարողանանք փոխշահաւէտ լուծումներ գտնել: Ոչ թէ լինել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ, այլ` դառնալ բազմաշառաւիղ խաչմերուկ, կանխատեսելի քաղաքականութիւն վարել, մեր շահի հնարաւոր առաւելագոյնի հաշուարկմամբ համադրել մեր եւ այլ պետութիւնների եւ ուժերի շահերը: Այդ առումով, այսօր կան բազմաթիւ հնարաւորութիւններ, որոնցից խելամիտ օգտուելու դէպքում կը կարողանանք հասնել մեր նպատակներին:

Շատ կարեւոր է նաեւ ընկերային արդարութեան հարցը, երբ հասարակութեան կեանքում կը գերիշխեն արդարութիւնը, հնարաւորութիւնների, պարտականութիւնների ու իրաւունքների հաւասարութիւնը եւ մարդկանց իրաւունքների պաշտպանութեան սկզբունքը: Այս սկզբունքները, ի դէպ, կարեւոր են հէնց դաշնակցականներիս համար, որովհետեւ որպէս ընկերվարական կուսակցութեան անդամներ` դրանք մեր գաղափարական հիմնասիւներն են: Այսօրուայ կառավարողները եկան իշխանութեան` բոլոր հայերին կարգելով վարչապետ, սակայն կարճ ժամանակից բացարձակապէս հրաժարուեցին հաշուի նստել ժողովրդի կարծիքի ու պահանջի հետ, զբաղուեցին թալանով ու կաշառակերութեամբ եւ ձախողուեցին բացարձակապէս բոլոր ոլորտներում: Ձախողումներն այսօր հասել են աղէտալի չափերի: Առանձին թեմա է տնտեսութեան վիճակն ընդհանրապէս, կարելի է, սակայն, նշել, որ խայտառակ դրութեան մէջ է գիւղատնտեսութիւնը: Իշխանութիւններն առկայ հիմնահարցերին լուծումներ չեն տուել եւ ընդունակ էլ չեն տալու: Եղած տնտեսական փոքր աճն էլ պայմանաւորուած է ռուս-ուքրանական պատերազմով, որից օգտուել է Հայաստանը եւ բաւականին գումարներ է վաստակել: Հայաստանի իշխանութիւնը, սակայն, այս ընթացքում երկրի տնտեսական վիճակը կարգաւորելու, զարգացման համար միջոցառումներ իրականացնելու ուղղութեամբ քայլ չի արել: Ընդհակառակը, տնտեսութիւնը յետընթացի մէջ է:

Տարբեր ոլորտներ, ինչպէս, օրինակ ձկնաբուծութիւնը կամ ինքնաշարժ կրողների գործը փակման եզրին են: Երբ անդրադառնում ենք անվտանգութեան եւ պաշտպանունակութեան հարցերին, անշուշտ առաջնային նշանակութիւն ունի բանակի վերականգնման ու հզօրացման հարցը: Մենք այն իրավիճակում ենք յայտնուել, երբ բազմաթիւ են խնդիրները` սկսած առաջնագծից մինչեւ որակեալ մարդուժի պատրաստում: Շատ չեմ ցանկանում փակագծերը բացել, ասեմ պարզապէս, որ թշնամու այս յարձակողապաշտ պահուածքին, պատերազմ սկսելու մշտական սպառնալիքներին հակադարձելու, դրանք կանխելու միակ ձեւն այն է, որ նա հասկանայ` Հայաստանի դէմ ոտնձգութիւններ թոյլ տալու դէպքում իր համար հետեւանքները շատ ծանր կը լինեն: Թշնամին պէտք է իմանայ, որ իր առջեւ ոչ թէ ծնկի եկած ու խաղաղութիւն մուրացող իշխանութիւն է, այլ` այնպիսի ուժ, որը կարող է ապտակ հասցնել, որից ինքը երկար ժամանակ ուշքի չի գայ: Տարիներ շարունակ Ազրպէյճանը չի յարձակուել, որովհետեւ իմացել է, որ դա ծանր հետեւանքներ կ’ունենայ իր համար:

Ի հարկէ սրա հետ անմիջականօրէն շաղկապւում է նաեւ արտաքին քաղաքականութեան ոլորտը: Այս իշխանութիւնն ասում է, որ մենք բարեկամներ չունենք, գնում է բանակցութիւնների եւ իրեն գժի տեղ է դնում, որովհետեւ ասելիք չունի, ուժ չկայ թիկունքին, եւ իր հետ հաշուի չեն նստում:

Մենք բոլոր այս խնդիրների վերաբերեալ ունենք պատկերացումներ, ծրագրեր, տեսնում ենք դրանց լուծման ուղիները, եւ մնում է միայն հասնել իշխանափոխութեան` այդ բոլորը քայլ-քայլ իրականացնելու համար:

«ԴՐՕՇԱԿ» թիւ 8, 2024թ.

Comments are closed.