Հայ ուսանողներու համահայկական ժողով. Ուսանողութիւնն ի գործ յանուն Մայր Հայրենիքի և նրա շարունակութեան՝ Սփիւռքի

Մայիսի 15-ին տեղի ունեցաւ համահայկական ուսանողական առցանց խորհրդաժողով՝  «Հայ ուսանողութիւնը՝ ազգային վերածննդի առաջամարտիկ» խորագրով, ուր աշխարհի 25 երկրների ուսանողական միութեան անդամներ, անհատ ուսանողներ հաւաքուել էին քննարկելու հայրենիքի համար այս դժուարին իրավիճակում և աշխարհասփիւռ հայութեան համար օրակարգային հարցերում իրենց անելիքները՝ յստակեցնելով համատեղ իրականացուելիք ծրագրեր։

Խորհրդաժողովին, ուր հիւրաբար ներկայ էին Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսրորադասախօսական կազմը, ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի ներկայացուցիչը, Սփիւռքի ազգային կառոյցների ներկայացուցիչներ, բացման խօսքով ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասեանը ողջունեց և յաջողութիւն մաղթեց ուսանողներին՝ գնահատելով նրանց ազգանպաստ և կարևոր այս նախաձեռնութիւնը, ապա աշխարհասփիւռ հայ ուսանողներին օրհնանքի խօսք յղեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքի Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Պարոյր Վարդապետ Շէրնէզեանը, ով փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնանքը և Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան անդամ, հոգեշնորհ տէր Տիրան աբեղայ Յակոբեանը։ Ուսանողները շնորհակալութեամբ նշեցին, որ հայոց պատմութեան ընթացքում Հայ Եկեղեցին, գերակայ առաքելութիւն ունենալով հայի ինքնութեան անաղարտ պահպանումը, մշտապէս կանգնած է եղել պետութեան ու ժողովրդի կողքին, այսօր նաև իրենց` ուսանողութեան կողքին։

ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի ներկայացուցիչ Յովհաննէս Ալեքսանեանը գնահատեց ուսանողութեան այս քայլը և համագործակցութեան պատրաստակամութիւն յայտնեց։

Խորհրդաժողովը կարևորեց ուսանողութեան դերը Արցախեան յետպատերազմեան առկայ ծանր իրադրութիւնում, Սփիւռքում մարտահրաւէրները դիմագրաւելու գործում, արժևորեցին Հայրենիք-Սփիւռք կապերը, որում էլ ուսանողութեան դերը, հաստատեցին իրենց ներուժի ներդրումը հայոց երկու պետութիւնների զարգացման ու հզօրացման գործում։

Ուսանողները շնորհակալութեամբ գնահատեցին ԵՊՀ համալսարանի Սփիւռքագիտութեան ամբիոնի դասախօսական կազմի աջակցութիւնն ու քաջալերանքը՝ յանուն Մայր Հայրենիքի, Արցախի ու Սփիւռքի իրենց պատասխանատու քայլին։

Այս ամէնի իրագործման համար, որպէս առաջին քայլ, հայրենաբնակ և աշխարհասփիւռ հայ ուսանողութեան հետագայ համագործակցութիւնը ապահովելու նպատակով, ձևաւորեցին համահայկական ուսանողական առցանց հարթակ և հանդէս եկան հայտարարությամբ.

 

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

15.05.2021 Թ.

ՀԱՇՈՒԻ ԱՌՆԵԼՈՎ 2020 թուականի Արցախեան պատերազմից յետոյ ձևաւորուած ծանր իրադրութիւնը,

ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ այդ պայմաններում հայութեան բոլոր խմբերի պատասխանատուութիւնը Հայաստանի և Արցախի հանրապետութիւնների ապագայի և սերունդների առաջ,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ հայապահպանութեան մարտահրաւէրները սփիւռքում և դրանց դիմակայելու անհրաժեշտութիւնը,

ԱՐԺԵՒՈՐԵԼՈՎ Հայրենիք-Սփիւռք կապերի դերը հայկական երկու պետութիւնների զարգացման և հզօրացման գործում,

ՀԱՄՈԶՈՒԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ այսօր հայութեան բոլոր խմբերը պարտաւոր են յստակեցնել իրենց անելիքը՝ ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի,

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ուսանողութեան՝ որպէս առաջմղիչ ուժի կարևոր դերը համազգային օրակարգ մշակելու և կենսագործելու հարցում,

ՅԱՅՏՆԵԼՈՎ մեր պատրաստակամութիւնը՝ առաւելագոյնս օգտակար լինելու մեր վտանգուած հայրենիքին ու ժողովրդին՝

ՄԵՆՔ՝

2021 թուականի մայիսի 15-ին 25 պետութիւնների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՍ,

ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

Մենք ամենայն խորութեամբ ընկալում ենք մեր պատասխանատուութիւնը ներկայ դժուարին պայմաններում և պատրաստակամ ենք միաւորել մեր ջանքերը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւններին աջակցելու և առկայ մարտահրաւէրները չէզոքացնելու ուղղութեամբ:

Գիտակցում ենք, որ հայ ուսանողութիւնն իր ներուժով ընդունակ է էական ազդեցութիւն ունենալու մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ սանձազերծուած յետպատերազմեան տեղեկատուական պայքարում՝ սատար կանգնելով մեր ժողովրդի արդար դատին:

Համոզուած ենք, որ հայ ուսանողութիւնը ընդունակ է աջակցելու հայապահպանութեան մարտահրաւէրների չէզոքացմանը և համատեղ ծրագրերի իրականացմամբ նպաստելու հայ ինքնութեան ամրապնդմանն ու արժևորմանը գլոբալիզացիայի դարաշրջանում:

Մենք հաւատարիմ ենք մեր հազարաւոր անմահացած եղբայրների յիշատակին և ամենուր՝ Հայրենիքում թէ Սփիւռքում, պայքարելու ենք Արցախի հանրապետութեան անկախ գոյութիւնը պաշտպանելու և սահմանների անվտանգութիւնն ամրապնդելու համար:

Այսուհետ մեր ուշադրութեան կեդրոնում մեր վտանգուած հայրենիքն ու ինքնութիւնն են լինելու, որոնց մենք պաշտպանելու ենք համատեղ ծրագրեր կազմելով և իրագործելով:

Վստահ ենք, որ ստեղծուած իրավիճակում հայրենադարձութիւնը մեծագոյն անհրաժեշտութիւն է Սփիւռքի և Մայր Հայրենիքի համար, ուստի մեր խնդիրն է լինելու հայրենադարձութեանը և ազգահաւաքին նպաստելը:

Մենք ամենուր մեր համագործակցութիւնն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայութեան իրաւունքների պաշտպանութեան համար:

Մենք՝ հայրենաբնակ և աշխարհասփիւռ հայ ուսանողութեան ներկայացուցիչներս, աջակցելու ենք Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների զարգացմանը՝ որպես Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների հզօրացման և Սփիւռքում հայապահպանութեան արդիւնաւէտ իրականացման անհրաժեշտ գրաւական:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.