Հայ-թուրքական «գործընթացի» մեկնարկը և աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Յունուարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկեց երկու երկրների միջև յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած գործընթացը։ Հասկանալի է՝ այստեղ շատ կարևոր է, որ բանակցութիւնների ընթացքում Հայաստանը վերջնականապէս չկորցնի իր դէմքը, բայց դժուար է ակնկալել, թէ ՀՀ ներկայիս իշխանութիւններն ընդհանրապէս ի վիճակի են արժանապատուութեան դիրքերից հանդէս գալ։ Այս համատեքստում յատկանշական է, որ Մոսկուայում հանդիպման եկած հայկական պատուիրակութեան մեքենայի վրայ ՀՀ դրօշը բացակայում էր, այն դէպքում, երբ թուրքական պատուիրակութեան մեքենայի վրայ իրենց դրօշը դրուած էր։

Երէկ Ռուբէն Ռուբինեանն ինչ-որ պարզաբանումներ տուեց, թէ իբր Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ում այդ երկրի դեսպանի մեքենայով է եղել, դրա համար է մեքենայի վրայ եղել Թուրքիայի դրօշը, և այլն, սակայն, միևնոյնն է, իրականութիւնից հեռու չես փախչի: Այս ամէնը կարող է մանրուք թուալ, սակայն դիւանագիտութեան մէջ մանրուքներ չկան։ Եւ իւրաքանչիւր արարողակարգային նրբութիւն իր նշանակութիւնն ու ուղերձներն ունի, որոնք պէտք է հաշուի առնել։ Եւ եթէ Հայաստանի ու Թուրքիայի պատուիրակների մէկուկէս ժամ տևած բանակցութիւններից յետոյ կողմերը գրեթէ նոյնաբովանդակ յայտարարութիւններ կատարեցին, ապա դա դեռևս չի նշանակում, թէ արդէն դրական միտում է նկատւում, ինչպէս որ ցանկանում են ներկայացնել որոշ իշխանական շրջանակներ։ Նախ՝ նկատի ունենանք, որ սա առաջին հանդիպումն էր։ Եէ այն, ըստ երևութին, ճանաչողական բնոյթ է կրել, որի ժամանակ դիւանագիտական ներկայացուցիչները ծանօթացել են միմեանց հետ և նախքան բովանդակային հարցերի շոշափումը ճշգրտել յաջորդ հանդիպման անցկացման վայրի, ժամանակացոյցի և այլ արարողակարգային հարցեր։

Ուստի միամտութիւն է կարծել, որ եթէ առաջին հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, ապա բանակցութիւնների ընթացքում Թուրքիան նախապայմաններ առաջ չի քաշելու։ Ու փորձագիտական շրջանակները պատահական չեն համարում, որ պատուիրակների հանդիպումից օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը յայտարարեց, թէ Թուրքիան պէտք է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորի միայն հայկական կողմից 4 նախապայման կատարելու դէպքում։ Միւս կողմից՝ Էրդողանն այս իրավիճակում ընդգծում է, թէ Հայաստանը պէտք է դրական յարաբերութիւններ ունենայ Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելուց առաջ։ Երկու երկրների պատուիրակների հանդիպումից առաջ այսպիսի յայտարարութիւնների միջոցով թուրքական կողմը ուղերձ է յղում, որ իրենք, միևնոյնն է, առաջնորդուելու են նախապայմանային տրամաբանութեամբ։

Յիշենք, որ նախկինում ևս հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման երեք փորձ է տեղի ունեցել, և, որպէս կանոն, թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Իսկ հիմա արդէն կարելի է պատկերացնել, որ երբ Հայաստանը պատերազմում պարտուել է, և հայկական դիրքերը թուլացած են, թուրքական պատուիրակն ինչպիսի նախապայմանների շարք կարող է առաջ քաշել։ Դեռ աւելին՝ Անկարան փորձելու է բանակցութիւնների ընթացքում ամբողջ ուժով ճնշել Երևանին։ Հէնց դրանով է պայմանաւորուած թուրքական կողմի շահագրգռուածութիւնն այն հարցում, որ դիւանագիտական շփումների գործընթացը տեղի ունենայ առանց միջնորդ պետութեան։ Այս հանգամանքն Անկարան օգտագործելու է նաև Արցախեան հիմնահարցում ներազդեցութիւն ձեռք բերելու համար, որի համատեքստում իրենց գլխաւոր նպատակն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնն աշխատանքը չվերսկսի։

Եւ պատահական չէ, որ թուրքական կողմից յայտարարութիւններ են հնչում, թէ Մինսկի խումբը չի կարողանում լուծել Արցախեան հիմնահարցը, իսկ Ալիևը համանախագահներին «թոշակի» է ուղարկում՝ յայտարարելով, թէ թոյլ չի տալու, որ Արցախի հարցով զբաղուեն։ Միւս կողմից էլ՝ Թուրքիայի նպատակներից մէկը «3+2» համագործակցութեան ձևաչափի ներքոյ իր դիրքերը Հարաւային Կովկասում ուժեղացնելը, ապա Միջին Ասիա սողոսկելն է։ Շատ ուշագրաւ է, որ ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու իրողութիւնը թուրքական և ադրբեջանական մամուլում բաւական ծանր էին տանում։ Եւ այդ ֆոնին պաշտօնական Անկարան նախաձեռնեց Թուրքական պետութիւնների կազմակերպութեան արտգործնախարարների արտակարգ նիստը Ղազախստանի իրավիճակի թեմայով։ Միևնոյն ժամանակ, Էրդողանի խորհրդական Իհսան Շեները նշեց, թե Ղազախստանը կարող է վերադառնալ իր մշակութային արմատներին և, ակնարկելով խաղաղապահ ուժերի տեղակայումը, ընդգծեց, թէ Ղազախստանին այժմ ցանկանում են «նոր լծի տակ» մտցնել։

Իսկ «Ծովային և գլոբալ ռազմավարութիւնների ուսումնասիրութեան թուրքական կենտրոնի» նախագահ, ծովակալ Ջիհաթ Եայջըն յայտարարեց, որ անյապաղ անհրաժեշտ է կազմաւորել «Թուրանական բանակ»։ Այսպիսի յայտարարութիւնները ցոյց են տալիս Թուրքիայի թաքնուած մտադրութիւնները։ Ճիշտ է՝ որոշ հարցերում Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են, բայց ռազմավարական առումով այս երկրները մնալու են որպէս տարածաշրջանում գլխաւոր մրցակիցները, որոնք պատկանում են տարբեր ռազմաքաղաքական դաշինքների։

Ու այս համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան դիրքաւորուել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարուի, ռազմական գործողութիւններ սկսուեն, Ռուսաստանը խրուի հակամարտութեան մէջ, և ինքը ՌԴ-Արևմուտք հակամարտութիւնն օգտագործի Հարաւային Կովկասում, Սիրիայում և Միջին Ասիայում ակտիւ միջամտութիւն ունենալու և Ռուսաստանին դուրս մղելու համար։ Այնպէս որ, թուրքական ճնշմանը դիմագրաւելու նպատակով հայկական կողմն ակտիւօրէն պէտք է աշխատի Ռուսաստանի հետ՝ ցոյց տալով Անկարայի ազդեցութեան ընդլայնումից եկող վտանգները, և թուրք-ադրբեջանական օրակարգին հակադրելու համար ստանայ ռուսական կողմի գործուն աջակցութիւնը»։

 

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.