ՀԱՅ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ․ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԸ

Մոսկուայում տեղի ունեցած հայ–թուրքական խորհրդակցութիւնները սկիզբ դրեցին երկու երկրների միջև յարաբերութիւնների կարգաւորման համար ուղիների որոնմանը։ Սա քաղաքական մակարդակում։

Իսկ հասարակութեան մեծ մասի մօտ մտավախութիւններ են յայտնուել։ Մարդիկ կարծում են, որ սահմանների բացման և դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման պարագայում Թուրքիան իր ապրանքներով «կը հեղեղի» հայկական շուկան՝ դուրս մղելով տեղական արտադրողներին։

Բարձր է նաև հարևան երկրի վարած քաղաքականութեան նկատմամբ անվստահութեան աստիճանը։

Այս հարցախոյզն իրականացուել է որպէս լրագրողական աշխատանք և չի հաւակնում սոցիոլոգիական ճշգրտութեան։ Մենք ընդամէնը ներկայացնում ենք Հայաստանի մայրաքաղաքի որոշ բնակիչների կարծիքներն և փաստարկները։

ՊԱՏՄԱԲԱՆ ԷԼԵՆ ՆԱԶԱՐԵԱՆ․

«Պատմական այս փուլում հայ–թուրքական բանակցութիւնները հայանպաստ որևէ արդիւնք չեն ունենալու։ Պատճառը երկու կողմերի՝ խիստ անհաւասար մեկնարկային պայմաններում գտնուելու հանգամանքն է։

Հայ–թուրքական երկխօսութեան, բանակցութիւնների կամ սահմանների բացման մասին խօսուել է ՀՀ բոլոր իշխանութիւնների օրոք, բայց կարծում եմ, որ դրանց համար ամենանպաստաւոր պայմանները եղել են 1990–ականներին, Խորհրդային Միութեան փլուզումից և անկախացումից անմիջապէս յետոյ։

Այդ ժամանակակ Թուրքիան ինքն էր շահագրգռուած Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ, մինչդեռ այսօր՝ յատկապէս 44–օրեայ պատերազմի հետևանքների համատեքստում, կասկածում եմ, որ Հայաստանը կարողանայ ներկայանալ որպէս դիրքորոշում պնդող կողմ։ Ըստ էութեան, այս փուլում, խօսքը ոչ թէ բանակցութիւնների, այլ մի կողմի ասելու և միւս կողմի համաձայնելու մասին է»։

Էլենը կարծում է՝ այս բանակցութիւնների ընթացքում Հայոց ցեղասպանութեան հարցը չի քննարկուելու, քանի որ դա չի բխում կողմերից որևէ մէկի շահերից․

«Այսօր Հայաստանն այն դիրքերում չէ, որ Ցեղասպանութեան ընդունում պնդի, իսկ Թուրքիան ուղղակի չի ցանկանայ միջազգային հանրութեան ուշադրութիւնը ևս մէկ անգամ այս հարցի վրայ սևեռել, քանի որ գիտի՝ հարցը թուրքանպաստ վերջնական լուծում  դժուար թէ ստանայ։ Կարծում եմ՝ այս բանակցութիւններում Ցեղասպանութեան թեման ուղղակի կը լռեցուի», – ասում է պատմաբանը։

Միևնույն ժամանակ, սակայն, Էլեն Նազարեանը վստահ է՝ ինչ էլ բանակցուի, Հայաստանը դրանց արդիւնքում նոր կորուստներ է ունենալու՝ թէ տարածքների, թէ տնտեսական անկախութեան, գուցէ նաև ինքնիշխանութիւն տեսքով։

ՈՒՍՈՒՑԻՉ ՍԱՐԻԲԵԿ ՄԻՐԶՈՅԵԱՆ․

«Տնտեսական կարճաժամկէտ օգուտները, որոնք Հայաստանը կարող է ունենալ հայ–թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արդիւնքում, ի վերջոյ, դառնալու են շանտաժի առարկայ՝ Հայաստանին զիջումներ պարտադրելու համար։

Թուրքիայի հետ ազատ շուկայական յարաբերութիւնները, կոմունիկացիաների ստեղծումը, իյարկէ, կարող են դրական ազդեցութիւն ունենալ Հայաստանի տնտեսական վիճակի վրայ, բայց դրանք կարճաժամկէտ են լինելու։

Երկարաժամկէտ պլանաւորման իմաստով դրանք դառնալու են գործիք՝ Թուրքիայի համար իր պանթուրքական նպատակներին հասնելու համար։

Կարծում եմ՝ Թուրքիան օգտագործելու է իրենից տնտեսական կախուածութեան մէջ յայտնուելու հանգամանքը՝ Հայաստանին թէ՛ տարածքային, թէ՛ բարոյական զիջումներ պարտադրելու համար՝ օրինակ դէպի Նախիջևան մուտքի կամ Ցեղասպանութեան թեմայից հրաժարման տեսքով»։

Ըստ նրա՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնների հնարաւոր կարգաւորումը որևէ երաշխիք չի կարող տալ նաև անվտանգային իմաստով․

«Անվտանգային երաշխիքներից խօսելիս՝ պէտք է յստակ յիշել Թուրքայի անթաքոյց մասնակցութիւնը 44–օրեայ պատերազմին, ինչպէս նաև՝ Անկարայի՝ պանթուրքական քաղաքականութիւնը։

Անվտանգային երաշխիքներ կարող են լինել հաւասարազօր կողմերի միջև, մինչդեռ այսօր պարզ է, որ Թուրքիան հանդէս է գալիս յաղթողի դերից, որը ցանկացած պահի կարող է փոխել իր դիրքորոշումը իրենից թոյլ հարևանի նկատմամբ։

Այս փուլում Թուրքիայից տնտեսական կախուածութեան մէջ յայտնուելու վտանգը մեծ է, յատկապէս՝ հաշուի առնելով տարածաշրջանում այդ երկրի աճող տնտեսական ազդեցութիւնը։ Իսկ հաշուի առնելով աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, դա Հայաստանի համար կարող է կործանարար լինել»։

ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐ ՍՏԵԼԼԱ ԲԱԳԱՐԵԱՆ

Ստելլա Բագարեանը հագուստի երկու փոքրիկ խանութ ունի՝ երևանեան առևտրի կենտրոններից մէկում։ Բիզնեսը հիմնադրել է 12 տարի առաջ։ Խոստովանում է՝ վերջին 2 տարիները բիզնեսի համար ամէնադժուարն են եղել․ առևտուր, գրեթէ չի եղել, իսկ գնաճը երկնիշ է։

«Ամէն ինչ թանկացել է, այդ թւում՝ տարածքի վարձակալութեան գումարը, որը, գրեթէ կրկնապատկուել է։ Հիմնականում, ապրանքը ներկրում էինք Չինաստանից։ Մեր տարբերութիւնն այն է, որ մենք ներկրում էինք միջինից մի քիչ թանկ, բայց շատ որակեալ հագուստ, և տարիների ընթացքում կարողացել էինք ստեղծել հաճախորդների  կայուն ցանց»։

Կորոնավիրուսի պատճառով սահմանների փակումից յետոյ Ստելլայի բիզնեսը յայտնուել է կոլապսային վիճակում։ Նա սկսել է համացանցով պատուիրել ձևակերպել, բայց սա էլ իր խնդիրներն ունէր։

Ձեռնարկատէրը կարծում է՝ Երևան–Ստամբուլ ուղիղ չուերթների մեկնարկը, ինչպէս նաև տնտեսական յարաբերութիւնների հաստատումը կարող են որոշակիօրէն մեղմել առևտրով զբաղուողների վիճակը․

«Այո, թուրքական ապրանք Հայաստանում շատ կայ, որովհետև այն աւելի մատչելի է, քան, օրինակ, տեղական արտադրանքը։ Մենք երբեք Թուրքիայից հագուստ չենք բերել, բայց ստեղծուած պայմաններում դա կարող է մեզ համար այլընտրանք դառնալ, այլապէս՝ չգիտեմ, թէ որքան կարող ենք դիմանալու։

Բիզնեսը Հայաստանում շատ անկայուն վիճակում է։  Իյարկէ, կարելի է 2-3 ամսով փակել խանութը, չտալ վարձավճար, մի կերպ դիմանալ, բայց այդ ընթացքում քո խանութի փոխարէն մէկ ուրիշը կը բացուի, և դու ուղղակի դուրս կը մնաս շուկայից»։

 

Սոնա Մարտիրոսեան

JAMnews

Leave a Comment

You must be logged in to post a comment.