Հայ դատի մեր գրասենեակներն ու յանձնախմբերը նկատում ենք որպէս «երկրորդ բանակ»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի օրակարգի առիւծի բաժինը Արցախին էր նուիրուած, որովհետև պատերազմից յետոյ անհրաժեշտ էր, որ ունենանք մարտավարական ճշգրտումներ և մեր աշխատանքի թափին յատուկ ներուժ հաղորդենք՝ Արցախում Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցել էր ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների 5-օրեայ խորհրդաժողովին։

«Մեր աշխատանքները երբեք չեն դադարել՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխատանքները միշտ շարունակել ենք՝ ի նպաստ Արցախի, ի նպաստ Հայաստանի և բոլոր այն ոլորտների, որ կազմում է մեր Հայ դատի օրակարգը։ Ունեցել ենք առցանց խորհրդաժողովներ Հայ դատի առնչութեամբ, բայց սա առաջին խորհրդաժողովն էր դէմ առ դէմ, որ ունենում ենք Արցախի պատերազմից յետոյ։ Հիմնական օրակարգը Արցախի նկատմամբ ճակատամարտի պարտութիւնից յետոյ ստեղծուած իրավիճակի քննարկումն էր, մարտավարական յստակեցումներն էին, աշխատանքին նոր թափ հաղորդելու հրամայականն էր, և, բնականաբար, Արցախի մասով մենք ունենք թէ՛ ինքնորոշման իրաւունքի շեշտաւորում, թէ՛ Արցախի անկախութեան ճանաչման խնդիր, նաև միջազգային կազմակերպութիւնների և տարբեր երկրների մէջ յատուկ աշխատանքներ տանելու անհրաժեշտութիւն»,-ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

Նա վստահեցրեց, որ եկել են՝ Արցախի ժողովրդին հաղորդելու, որ նրանք մենակ չեն։

«Ոչ միայն մեր «երկրորդ բանակն» է այստեղ՝ մենք Հայ դատի մեր գրասենեակներն ու յանձնախմբերը նկատում ենք որպէս «երկրորդ բանակ», որ մեր առաջին՝ պանծալի բանակի կողքին տանում են պայքար աշխարհով մէկ՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի շահերը։ Արցախի շահերի պաշտպանութեան համար մենք նաև գործի ենք լծել մեր օտարերկրեայ բարեկամներին՝ «Պրո Արցախ» համախմբման մէջ մենք ունենք աւելի քան 500 բարեկամներ աշխարհով մէկ՝ բոլոր մայրցամաքներից, որոնք աջակցում են մեր պայքարին քարոզչական, քաղաքական առումով, և այդ ուղղութեամբ հասել ենք մեծ յաջողութիւնների»,-ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Իբրև օրինակ նա նշեց միայն վերջինները․ ընդամէնը 1-2 օր առաջ Հարաւային Ամերիկայում Նոբելեան մրցանակակիրները յատուկ պատգամ ուղղեցին, որում յստակօրէն նշեցին, որ Արցախի պատերազմը ադրբեջանական ագրեսիայի հետևանք էր, և սա անընդունելի երևոյթ պէտք է դիտուի աշխարհի կողմից, որովհետև դա ամբողջական ռևանշիզմ էր, նոյնիսկ ֆաշիզմի հասնող հայատյաց քաղաքականութեան հետևանք։ Յաջորդ օրինակը Կիպրոսի խորհրդարանի բանաձևն է, որն ընդունուեց օրերս, որը յստակօրէն դատապարտում է Ադրբեջանի յարձակողական քաղաքականութիւնը, Թուրքիայի ներխուժումը, նաև վարձկանների ներկայութիւնը այս հողերի վրայ։

Ամբողջական հարցազրոյցը՝ տեսանիւթով․

Leave a Comment

You must be logged in to post a comment.