Հայ Դատի Ամերիկայի Յանձնախումբն ամփոփել է աշխատանքային այցն Արցախ

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կառավարական հարցերով տնօրէն Թերեզա Երիմեանը, IT պատասխանատու Ներսես Սեմերջեանը եւ ծրագրերի պատասխանատու Ալեքս Մանուկեանը, Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանի հետ մայիսի առաջին կէսին, մէկշաբաթեայ փաստահաւաք առաքելութեամբ, գտնւում էին Արցախում՝ հանդիպումներ ունենալով կառավարական պաշտօնեաների, հումանիտար առաքելութիւնների, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ։ Այցի հիմնական նպատակն էր փաստահաւաք աշխատանքով նախապատրաստուել Ամերիկայի Միացեալ Նահանգներում Արցախի շահերի պաշտպանութեանը 2023թ․ ֆիսկալ տարուայ եւ 2023թ․ Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտի շրջանակներում։ Այս առումով Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը սերտօրէն աշխատելու է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակի հետ։

Արցախ այցելութեան առթիւ Թերեզա Երիմեանը նկատել է․ «Արցախի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւոր առաջնահերթութիւններն են։ Մենք արժեւորում ենք կառավարական պաշտօնեաների եւ քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների հետ հանդիպումները՝ անմիջապէս սկզբնաղբիւրից հասկանալու Արցախի մարտահրաւէրները՝ վերջինիս շահերի պաշտպանութեանն ուղղուած առաւել արդիւնաւետ աշխատանքներ տանելու համար։ Մենք շարունակելու ենք աշխատել Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելու եւ Արցախին օժանդակութիւն ապահովելու համար»։

Հայ դատի համակարգի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախի շուրջ ստեղծուած աշխարհաքաղաքական իրավիճակը, 907-րդ բանաձեւի շուրջ ներամերիկեան զարգացումները, Կոնգրեսում ի նպաստ Արցախի տարուող աշխատանքը եւ Հայկական իրաւական կենտրոնի կողմից հայ ռազմագերիների ազատութեան ուղղութեամբ տարուող աշխատանքը։

Արցախի Հանրապետութեան սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար Արմինէ Պետրոսեանի հետ հանդիպման ժամանակ քննարկուել են Արցախի ժողովրդի սոցիալական եւ բնակարանային խնդիրները, ինչպէս նաեւ ՀՅԴ քոյր կառոյցների՝ Հայ օգնութեան միութեան եւ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան միջոցներով Արցախում իրականացուող հումանիտար ծրագրերի ընթացքը։
Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի հետ քննարկուել է Արցախի ժողովրդի, յատկապէս սահմանային բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան հարցը՝ ադրբեջանական շարունակական յարձակումների եւ հումանիտար խնդիրների ստեղծման պարագայում։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի եւ ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակի ներկայացուցիչները Ստեփանակերտի Քերոլայն Քօքսի անուան վերականգնողական կենտրոնում հանդիպում են ունեցել կենտրոնի տնօրէն Վարդան Թադեւոսեանի հետ եւ ծանօթացել իրականացուող վերականգնողական եւ բուժական միջոցառումներին, որոնց շայառուների մի մեծ հատուած 2020թ․ պատերազմում վիրաւորում ստացած զինծառայողներն են ու քաղաքացիական անձինք։

Հանդիպում է տեղի ունեցալ նաեւ Արցախում ականազերծմամբ զբաղուող «Հալոյ թրասթ» կազմակերպութեան ներկայացուցիչների հետ, որոնց ուղեկցութեամբ Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչները մեկնել են ականապատ դաշտէր եւ տեղում ծանօթացել ականազերծման աշխատանքներին։

Հաւաքուած տեղեկատուութեան հիման վրայ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը Արցախում ստեղծուած իրավիճակը ներկայացնելու է ԱՄՆ Սենատի համապատասխան մարմիններին՝ ապահովելու համար ամերիկեան բազմաւեկտոր օժանդակութիւն Արցախին։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
25.05.2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.