Հայ ազգագրագէտի ամօթալի գրառումն ու դեսպան Բալայեանի հաւանութիւնը

«Ուրեմն ձեան սպասումով մտնում ես ֆէյս ու բախւում հայկական մետիայի փայլուն վերնագրերին. ՍԱՍՈՒՆԻ ԲԱԶՄԱԹԻՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՑ ՄԷԿԸ. ԱՐԱԲԱԽՕՍ ՀԱՅԵՐ; ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ Է: Նաւթալինի հոտը սպանում ա: Աշխարհն աշխարհով, մենք ենք մեր սարերը». սա ՀՀ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող տիկին Լուսինէ Խառատեանի որակում-գրառումն է՝ դիմատետրի էջին:

Նշենք, որ Yerkir.am-ը եւս արտատպել էր Գանատայի համայնքային «Հորիզոն» թերթի կայքից (horizonweekly.ca) Սոֆիա Յակոբեանի «Սասունի բազմաթիւ գաղտնիքներից մէկը` արաբախօս հայեր» ուսումնասիրութիւնը, որի կարեւորութեան եւ հետաքրքրականութեան մասին, կարծում ենք, կարիք չկայ մեկնաբանելու:

Ի հարկէ, ցաւալի է տիկին Խառատեանի այս հեգնական, ցինիկ ոճը նման թեմաների հանդէպ (խօսքը հայութեան կորցրած հայրենիքի, այնտեղ՝ Սասունի լեռներում ապրող հայութեան բեկորների, խեղուած, արաբախօս դարձած հայութեան ճակատագրի մասին է): Առաւել ցաւալի է, որ այսպիսի մօտեցում է ցուցաբերում ոչ աւել, ոչ պակաս՝ Գիտութիւնների ազգային ակադեմիայի անչափ կարեւոր մի հաստատութեան՝ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատողը: Հիմնարկութիւն, որի ներկայացուցիչները նման թեմաները ծաղրելու, իսկ ուսումնասիրութիւնները տարածող լրատուամիջոցներին անուանարկելու, յետամնաց եւ «նաւթալինոտ» կոչելու փոխարէն հենց իրե՛նք են պարտաւոր ուսումնասիրելու Արեւմտեան Հայաստանում ապրող թաքուն, ձուլուած, օտարախօս եւ այլ հայութեան ճակատագրերը:

Փաստօրէն՝ մենք, հարկատուներս, վճարում ենք այս տեսակին, որ նրանք համազգային հետաքրքրութեան թեմաներն ուսումնասիրելու փոխարէն անխնայ ծաղրեն դրանք:

Բնականաբար, Լուսինէ Խառատեանին եւ նրա ընտանիքը ճանաչողները չեն զարմանայ նրա այսպիսի մօտեցումներից: Նրա մայրը հանրայայտ Հրանուշ Խառատեանն է, եղբայրը՝ կրկին ոչ անյայտ Արսէն Խառատեանը, որոնց՝ օտարերկրեայ (արեւմտեան) քայքայիչ ծրագրերի հետ սերտ առնչութիւնները բոլորին են յայտնի:

Այստեղ մեզ մտահոգողը Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Բալայեանի արցունքախառն հաւանութիւնն էր այդ ծաղրավիրաւորական ցինիզմի տակ:

Այս պարագայում եւս, ինչպէս վերեւում նշեցինք, օտար պետութեան մէջ գործող ՀՀ դեսպանն ու դեսպանութիւնը պէտք է խրախուսեն Սփիւռքում կատարուող նման ուսումնասիրութիւնների ի յայտ գալը եւ ամէն կերպ օժանդակեն այդպիսի նիւթերի տարածմանը: Ցեղասպանութիւն, հայ որբեր, հայրենազրկում, օտարախօսութեան պարտադրանքներ, պահանջատիրութիւն… թեմաներ, որոնց հետ ամենանուրբ թելերով կապուած է Գանատայի հայկական համայնքի ամէն հայ:

Այնինչ՝ ճիշդ հակառակը, ՀՀ դեսպանը, փաստօրէն, խրախուսում է աշխարհաքաղաքացիութիւն դաւանող ու քարոզող ոմն անհայրենիք տեսակի (ընտանիքի) կողմից այդպիսի նիւթերի պախարակումն ու ծաղրումը:

Բնականաբար, պետութիւն ներկայացնող դեսպանի նման քայլը չի կարող համարուել անձնական կարծիք:

Հետեւաբար, ցաւալի է, որ հազարաւոր խնդիրներով լեցուն մեր արտաքին քաղաքական կորպուսի ներկայացուցիչները՝ դեսպանի մակարդակով, բան ու գործերը թողած, աշխատանքի թէժ ժամերին արցունքախառն աչքերով ողբում են այն լրատուամիջոցների վիճակը, որոնք տարածում են համազգային ողբերգութեան արգասիք Հայոց ցեղասպանութեան, հայութեան հայրենազրկման եւ սեփական հայրենիքում պարտադրանքի ուժով օտարախօս դարձած հայութեան մասին յոյժ կարեւոր («նաւթալինոտ») ուսումնասիրութիւնները՝ այդ ողբին զուգահեռ հաւանելով այդ թեմաները ծաղրող, իսկ դրանք տարածող լրատուամիջոցների վրայ ցինիկավարի հռհռացող ոմն արկածախնդիր տիկնոջ (հայ գիտնական-ազգագրագէտի՞) գրառումները:

Ամօ՛թ:

Վահէ Սարգսեան

«Երկիր»

Leave a Comment

You must be logged in to post a comment.