Հայրենիքի փրկութեան համար պայքարելու ենք մինչև վերջ. Հայրենիքի փրկութեան շարժման յայտարարութիւնը

Ն. Փաշինեանը յայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցութեան հրաւիրելու մասին:

Վստահաբար փաստում ենք, որ շուտափոյթ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամութիւնը պայմանաւորուած է բացառապէս Հայրենիքի փրկութեան շարժման գեներացրած զանգուածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտութեան հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով:

Մեր տասնեակ հազարաւոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտաւորականութեան, փաստաբանական համայնքի և հանրութեան տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինեանին հանդէս գալ արտահերթ ընտրութիւնների անցկացման օրակարգով:

Կարող ենք արձանագրել, որ սա Հայրենիքի փրկութեան շարժման առաջին յաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլատիվ փորձ:

Բարոյական և քաղաքական լեգիտիմութիւն չունի և ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխաւորել այն վարչապետը, որն աննախադէպ ներազգային պառակտման է հասցրել հասարակութեանը, կապիտուլացիոն համաձայնագրով դաւաճանել է մեր ազգային շահերը, խաթարել երկրի ինքնիշխանութիւնը՝ երկիրը հասցնելով քաղաքական, դիւանագիտական, սոցիալ-տնտեսական ու բարոյական կոլապսի:

Ինչպէս նախապէս յայտարարել ենք, վարչապետի հրաժարականին յաջորդող ժամանակաւոր անցումային կառավարութեամբ է հնարաւոր երկրում ձևաւորել հանրային համերաշխութեան մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականութեան կորուստը, որից յետոյ կը կազմակերպուեն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնաւոր:

Հայրենիքի փրկութեան համար պայքարելու ենք մինչև վերջ:

Հայրենիքի փրկութեան շարժում
27.12.2020

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.