Հայոց Բանակի լաւագոյն սպաներից մէկը …

ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

Երէկ երեկոյեան, սրտի խոր կսկիծով կարդում էի զոհուածների անուն ազգանունները, և հանդիպեց մի ծանօթ անուն-ազգանուն, որն ինձ էլ աւելի ճնշեց … միթէ՞ Նա է …

Լեռնիկ Արեգի Վարդանեան, ծնուած 1978 թուականին …

Այսօր վաղ առաւօտեան կասկածներս հաստատեցին Արցախից … իմ Լեռնիկն է, Շուշիի «Արամ Մանուկեան» վարժարանի, քարինտակցի իմ նախկին աշակերտը, իսկ յետոյ՝ ՀՀ ՊՆԲԶԲՀՈՒ (ներկայում՝ Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտի) նախկին կուրսանտս … Հայոց Բանակի լաւագոյն սպաներից մէկը …

Լեռնիկին վերջին անգամ 2016-ի Ապրիլին էի տեսել, երբ կամաւորականների գումարտակով համալրել էինք իրենց զօրամասը։ Երբ տեղակայուեցինք իրենց զօրամասում՝ Լեռնիկը դիրքերում էր։ Մենք այդ կտրուած տեղանքում գտնուող զօրամասում սահմանել էինք պահակային ծառայութեան մեր պահակակէտերը։ Սահմանը մօտ էր ու մարտական գործողութիւններ էին գնում այդ ժամանակ, ամէն օր սպասելի էր հակառակորդի դիվերսիայի ու ներթափանցման փորձ, որից ելնելով՝ աւելացրել էինք պահակակէտերը։ Լեռնիկը գիշերով մեքենայով վերադառնալով զօրամաս՝ ամէն պահակակէտում կանգնեցնում էին ու ստուգում։ Տեղանքը թեք էր, ճանապարհը կաւահողային էր ու ամէն արգելակման ժամանակ սահում էր։ Մի քանի պահակակէտեր դժուարութեամբ անցնելով, հասնում է ամենավերջին պահակակէտին, որտեղ պահակայինի հետ կանգնած էի ես։ Այդտեղ էլ Լեռնիկին կանգնեցնելը հունից հանում է իրեն ու բարկացած ձայնով հարցնում է պահակայինին, թէ ո՞վ է իրեն այդտեղ նշանակել։ Մթութեան միջից, որտեղ իմ դէմքը չէր երևում, իսկ ես մեքենայի լուսաւորութեան մէջ ճանաչեցի նրան, ասում եմ՝ Ե՛ս։ Սկսում է ինձ հետ բարկացած խօսել, թէ ինչ կարիք կար այդքան պահակակէտեր տեղադրել։ Առաջանում եմ դէպի մեքենան, զննող հայեացքով նայում է դէմքիս, մի պահ լռում ու հարցնում. «Ընկեր Եղիազարեա՞ն»։ Հենց ժպտում եմ՝ դուռը կտրուկ բացում է ու ամուր գրկախառնւում։ Ասում է՝ կը ներէք, չճանաչեցի։ Քանի որ յարգալից «Դուք»-ի անցնելով դիմեց ինձ, որպէս իր երբեմնի ուսուցչի, ես էլ տակը չմնալով ասացի, որ ինքը ինձ ների, քանի որ զինուորական կոչումով ինձնից աւագ է արդեն, ես կապիտան էի, իսկ ինքը՝ փոխգնդապետ։ Այդպէս գրկախառնուած ու թևանցուկ իջանք զօրամաս, իր սենեակում նստեցինք, թէյի սեղանի շուրջ մէկս միւսից տեղեկացանք, վերյիշեցինք աւելի քան երկու տասնամեակ անցած համատեղ ժամանակաշրջանը, յիշեցրեց, որ ժամանակին իմ խորհուրդը լսելով ընդունուեց «Մոնթէ Մելքոնեան» ռազմական վարժարան՝ ընտրելով զինուորական ուղի ու յետոյ ջերմութեամբ բաժանուեցինք։ Առաւօտեան մեկնեց դիրքեր, իսկ մի օր անց՝ մենք էլ ստանձնեցինք այլ դիրքեր ու այդպէս էլ չհանդիպեցինք։ 2016-ից յետոյ ընդամէնը 2 անգամ հեռախօսազանգ ենք ունեցել։

Իսկ հիմա … Լեռնիկը չկայ … կինոժապաւէնի պէս յիշում եմ իրեն 14 տարեկանից մինչև հասուն առնական տարիքում ու … կոկորդս սեղմւում է …

Հանգչի’ր խաղաղութեամբ, Ազգի Նուիրեալ Պաշտպան։

Կը հանդիպենք մի օր …

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.