«Հայաստան» Եւ «Պատիւ Ունեմ» Խմբակցութիւններու Յայտարարութիւնը

Խորհրդարանական Ընդդիմութեան երկու խմբակցութիւնները` «Հայաստան»-ը եւ «Պատիւ ունեմ»-ը հրապարակած են յայտարարութիւն մը, որուն մէջ կ՛արձանագրեն.

Յունիսի 3-ին Պռոշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատուածում խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառուել է ապօրինի եւ անհամաչափ ուժ (վահաններ եւ մահակներ) եւ յատուկ միջոցներ, այն է` ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, թէեւ հաւաքը կրում էր բացառապէս խաղաղ բնոյթ, եւ այդ պարագայում ոստիկանական ուժերը պէտք է ոչ թէ խոչընդոտէին, այլ ընդհակառակը` պարտաւոր էին աջակցել խաղաղ հաւաքի անցկացմանը: Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականացուել է առանց նախնական զգուշացման: Անհամաչափ ուժի եւ յատուկ միջոցների կիրառման արդիւնքում խաղաղ հաւաքի մասնակից հարիւրաւոր քաղաքացիների շրջանում, նրանց թւում` նաեւ կանայք եւ տարեցներ, առկայ են տարբեր աստիճանի ծանրութեան վնասուածքներ: Մարմնական տարատեսակ վնասուածքներ են ստացել (կողերի կոտրուածք, սալջարդեր եւ այլն) նաեւ ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորներից մի քանիսը, ինչպէս նաեւ «Դիմադրութիւն» շարժման մասնակից քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներ: Ընդ որում, վնասուածք ստացածների մի հատուածն է միայն դիմել բժշկական օգնութեան, զգալի հատուածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը եւ հիմք է տուել իշխանութեան ներկայացուցիչներին լրատուական դաշտ նետել թեզ, որ իբր բախումների արդիւնքում ոստիկանների շրջանում վնասուածք ստացածների թիւը շատ աւելին է, քան ցուցարարներինը: Հարկ է նշել, որ ոստիկանութեան ներկայացուցիչների մեծ մասը տուժել է յատուկ միջոցների սխալ կիրառման արդիւնքում, իսկ որոշ զանգուածային լրատուամիջոցներուն տեղ գտած տեղեկատուութեան համաձայն` կիրառուած լուսաձայնային նռնակները նաեւ եղել են ժամկէտանց:

Պռօշեան-Դէմիրճեան փողոցների հատման հատուածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմիցս նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանութեան աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հաւաքի մասնակիցների նկատմամբ առաւել դաժան եւ նախայարձակ պահելաձեւով: Յիշեցնում ենք, որ համազգեստի եւ համազգեստի վրայ անհատականացնող տուեալների առկայութիւնը օրէնքի պահանջ է: Այսպէս, «Ոստիկանութեան մասին» օրէնքի 12-րդ յօդուածը կարգաւորում է ոստիկանութեան պարտականութիւնները հասարակական կարգը պահպանելու ժամանակ: Ըստ այդ յօդուածի 2-րդ մասի, «Հասարակական կարգի պահպանութիւնն ապահովելիս ոստիկանութեան ծառայողները պարտաւոր են կրել սահմանուած ձեւի համազգեստ, որի վրայ տեսանելի մասում փակցւում են ոստիկանութեան ծառայողին անձնապէս նոյնականացնելու հնարաւորութիւն տուող տարբերանշաններ»: Օրէնքի նման կարգաւորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանութեան ծառայողին: Սա ազատութիւնից հնարաւոր անօրինական զրկելը կամ հնարաւոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղուած միջազգային կանոն է:

Անհատականացնող տուեալների պարտադիր լինելը եւ դրանց տեսանելիութիւնը յստակօրէն սահմանուած են նաեւ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ Խաղաղ հաւաքների ազատութեան վերաբերեալ ուղեցոյցի 159-րդ կէտում. «Իրաւապահ անձնակազմը հաւաքների ժամանակ պէտք է տեսանելիօրէն կրի կամ ցուցադրի նոյնականացման որեւէ ձեւ (օրինակ` անուանական պիտակը կամ համարը) իր համազգեստի եւ/կամ գլխարկի վրայ: Այն դէպքում, երբ հաւաքի ժամանակ ներկայ իրաւապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նոյնականացուել, նրանք պարտաւոր են հարցնելու դէպքում ներկայանալ իրենց ազգանունով եւ կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաեւ, որ ապրիլ-յունիսեան հաւաքների ընթացքում միայն հատուկենտ դէպքերում են ոստիկանութեան ծառայողները իրենց համազգեստի վրայ կրում անհատականացնող տուեալներ: Այս փաստը դեռեւս մէկ ամիս առաջ արձանագրուել է նաեւ գործող մարդու իրաւունքների պաշտպանի կողմից. «Քաղաքացին պէտք է կարողանայ ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանութեան ծառայողին: Այսօր եւս մշտադիտարկումների եւ անձանց հետ զրոյցների արդիւնքում արձանագրուել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցութեան դէպքեր: Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների` այդ ոստիկանները գործում են աւելի նախայարձակ եւ անկաշկանդ»:

Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայութիւնը եւս մէկ անգամ փաստում է, որ գործող իշխանութիւնները օրէնքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանութեան հետ որեւէ առնչութիւն չունեցող անձանց` ենթադրաբար` այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազօրի անդամների, խաղաղ հաւաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով: Խորհրդարանական ընդդիմութիւնը պահանջում է Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութիւնից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանութիւն իրականացնող բոլոր ոստիկանները հաւաքներին ներկայանան օրէնքի պահանջին համապատասխանող համազգեստով եւ տարբերանշաններով, այլապէս նրանք չեն կարող դիտարկուել որպէս ոստիկանութեան այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, եւ հետեւաբար նմանօրինակ ոստիկաններից իւրաքանչիւրի կողմից իրականացուած այս կամ այն գործողութիւնը կամ պահանջը դադարում է լինել օրինական:

Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառուել նաեւ խաղաղ հաւաքը լուսաբանող զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտուել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպէս, սադրանքի արդիւնքում ստեղծուած հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատուամիջոցներից մէկի նկարիչ մեքենայի տեսախցիկի մոնոփոտը (ձող, որի վրայ ամրացւում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գետնին, այնուհետեւ այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդիւնքում նկարիչը ստացել է ոտքի վնասուածք, իսկ զանգուածային լրատուամիջոցներին պատկանող գոյքը` վնասուել: Պռօշեան-Դէմիրճեան փողոցների հատման հատուածում ոստիկանութեան ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների եւ նկարիչների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պէտք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման յատուկ միջոցների կիրառումը ինքնին արդէն վտանգ է ստեղծել յիշեալ տարածքում աշխատող զանգուածային լրատուամիջոցների  աշխատակիցների առողջութեան եւ մասնագիտական գործունէութեան ծաւալման համար:

Խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողութիւնները կատարուել են անձամբ Նիկոլ Փաշինեանի ապօրինի հրամանի հիման վրայ: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինեանի հրամանով կիրառւում են լուսաձայնային նռնակներ` քաջ գիտակցելով, որ հաւաքին ներկայ գտնուողների մեծ մասը 44-օրեայ պատերազմի մասնակիցներ են, իսկ յետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բաւական է հաւաքի մասնակիցներին սադրելու համար:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
«ՊԱՏԻՒ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.