«Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում պէտք է ձեւաւորուի համազգային դիմադրութիւն»․ Իշխան Սաղաթելեան

ՀՀ-ն պաշտօնապէս ներկայացնող որեւէ անձ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով նախատեսուած ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնոյթի որեւէ փաստաթուղթ․ այսպիսի ցանկացած համաձայնութիւն ի սկզբանէ առոչինչ է. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ եւ նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկուած քաղաքացիների եւ աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Սա թող իմանան բոլորը։ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

Հայաստանի եւ հայութեան կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդիւնքը հայոց պետականութեան փլուզումն է լինելու՝ ասաց նա։ Հայաստանի, որպէս ազգային եւ ինքնիշխան պետութեան զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակութեան եւ սերունդների իրաւունքների պահպանումն ու ամրապնդումն է։

«Արցախի, Հայաստանի գոյութեան ու անվտանգութեան հիմնահարցերը փոխկապակցուած են, Արցախեան հիմնահարցի արդարացի լուծման ու կայուն խաղաղութեան ապահովման երաշխիքը ժողովուրդների իրաւահաւասարութեան, ինքնորոշման իրաւունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի որեւէ կարգավիճակի ամրագրում։ Անհրաժեշտ է ամրագրել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը երաշխաւորելու՝ Հայաստանի յանձնառութիւնը»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա համոզուած է, որ պետութեան անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է կազմակերպուած ներկայութիւնը փողոցում։

«Սուտ խոստումներով եւ կեղծ կարգախօսներով վերարտադրուած իշխանութիւնը այլեւս չունի ժողովրդական լայն զանգուածների աջակցութիւնը»,- փաստեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ չնայած ՏԻՄ ընտրութիւններում բազմաթիւ ապօրինութիւններին իշխանութիւնները չեն կարողացել գրանցել իրենց համար ցանկալի արդիւնքներ։

«Յետընտրական շրջանում իշխանութիւնները, գործի դնելով կամակատար դարձած իրաւապահ համակարգը, փորձում են նենգափոխել ժողովրդի կամարտայայտութիւնը․ դա դրսեւորւում է մանդատագողութեամբ, սպառնալիքներով, առեւանգումների եւ ձերբակալութիւնների տեսքով։ Փաստօրէն, ՏԻՄ ընտրութիւններով իշխանութիւնները մէկ անգամ եւս վերահաստատեցին, որ իրենց միակ գերխնդիրն իրենց իշխանութեան պահպանումն է, որեւէ կապ չունեն ժողովրդավարութեան, քաղաքացու ընտրելու եւ ընտրուելու իրաւունքի, ազատ ընտրութիւններ կազմակերպելու հետ։ Դա իրենց համար ընդամէնը կարգախօս է եւ ֆէյսբուքեան գրառում»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Եւ քանի որ նրանք պատրաստ չեն իշխանութիւնը զիջելուն, ուրեմն այս պայմաններում պետութեան անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է պետութիւն ունենալ ցանկացողների նպատակաուղղուած եւ կազմակերպուած ներկայութիւնը փողոցում, որը պիտի վերածուի արժանապատուութեան վերականգնման համազգային ալիքի։

Դաշնակցութեան հակադրութիւնը այս իշխանութեան հետ գաղափարական է, ասաց նա, դա Հայաստանի եւ Արցախի ներկային ու ապագային ուղղուած քաղաքականութիւնն է։

«Սա պայքար է երկու տեսակների՝ մարդկանց, ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետութիւն եւ հայրենիք եւ մարդկանց, ովքեր առանց դրա էլ եօլա կը գնան։       Մենք մերժելի ենք համարում օրուայ իշխանութեան այս պատկերացումները՝ համարելով ինքնաոչնչացման ճանապարհ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Բոլոր իրադարձութիւններին պէտք է նայել այս տեսանկիւնից, նշեց նա, սա ոչ թէ պայքար է ընդամէնն իշխանութիւն ունենալու համար, այլ երկիրը պէտք է ունենայ ազգային իշխանութիւն, որը կը կասեցնի երկրի կործանման այս ընթացքը։

Իշխան Սաղաթելեանը փաստեց, որ այս իշխանութիւնը աղէտաբեր է Արցախի եւ հայութեան համար․ պարտութեան եւ պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղութիւն, անվտանգութիւն, բարեկեցութիւն:

«Խոշոր հաշւով այս իշխանութիւնների նկարագիրը պարզ է․ ապազգային, անհայրենիք, անսրբութիւն մարդկանց մի խումբ, ովքեր երկիրը տանում են շարունակական պարտութեան»,- ասաց նա:

Ստեղծուած իրավիճակից ելքը ՀՅԴ-ն համարում է Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում համազգային դիմադրութեան ձեւաւորումը։

«Դիմադրութիւն, որը պէտք է համահայկական միասնութեամբ վիժեցնի Հայաստանի թրքացման եւ Արցախի հայաթափման արդէն իսկ գործի դրուած ծրագիրը, դիմադրութիւն, որը պէտք է ուղղուած լինի մեր թշամիներին եւ նրանց սպասարկող ուժերին, դիմադրութիւն, որը ամբողջ աշխարհին ցոյց կու տայ, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդիւնքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդը իր հայրենիքում ապրելու, զարգանալու եւ իր ինքնութիւնը պահելու կամք եւ վճռականութիւն ունի»,- ասաց նա:

Իսկ թէ ինչպէս պէտք է հասնել այս ամէնին՝ Սաղաթելեանն ասաց՝ առանց յուսահատութեան, առանց աւելորդ զգացմունքների, աննահանջ հետեւողական պայքարով՝ յենուելով առաջին հերթին սեփական ուժերի վրայ պէտք է երկրում իրավիճակ փոխել։

«Դիւրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաեւ դիմանալ հալածանքներին, դիմագրաւել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի յաջողութիւնը պահանջում է նաեւ տոկունութիւն եւ զոհաբերութիւն: Մենք՝ դաշնակցականներս, մեր պատմութեան 131 տարիների ընթացքում շատ դժուարութիւնների միջով ենք անցել, մենք սովոր ենք ե՛ւ բռնճնշումների, ե՛ւ զոհաբերութեան, բայց միշտ կարողացել ենք յաղթահարել իրավիճակը եւ պատւով դուրս գալ, քանի որ մեր կողքին, մեր մէջ եւ մեզ հետ ունեցել ենք ձեզ պէս համակիրներ, գործընկերներ, աջակիցներ, հայ ժողովրդի արժանաւոր զաւակներ՝ ում հետ կրկին մենք պատրաստ ենք պայքարել, ոտքի կանգնել եւ յաղթել»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելեանը յայտարարեց՝ Արցախի չի հայաթափուելու, Հայաստանը չի թրքացուելու, Սիւնիքը չի զիջուելու, իսկ պարտութեան եւ պատերազմի խորհրդանիշ վարչախումը հեռացուելու է։

 

Մանրամասն Տեսանիւթում  https://youtu.be/k8ShBtohOL0

https://youtu.be/k8ShBtohOL0

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.