Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը. ի՞նչ զինատեսակներ են գնւում և ի՞նչ ծաւալներով
1291
0
Հայաստանում հասարակութիւնն ակտիւօրէն քննարկում է երկրի ռազմական ծախսերը և դրանք համեմատում Ադրբեջանի ծախսերի հետ։ FIP.am «Փաստերի ստուգման հարթակը» յայտնում է, որ 2020 թուականին Հայաստանը եղել է երկրորդ ամենառազմականացուած երկիրն աշխարհում և առաջինը՝ Հարաւային Կովկասում։ 2021 թուականին Հայաստանը դարձաւ հինգերորդը, իսկ Ադրբեջանը՝ երրորդը։ Այնուամենայնիւ, այստեղ անհրաժեշտ է հաշուի առնել զգալի անհամաչափութիւնը «թիւերի բացարձակ արժէքների», այսինքն՝ իրական ծախսերի միջև։
Օրինակ՝ 2020 թուականին Հայաստանի կողմից ռազմական կարիքների վրայ ծախսուող պիւտճէի 17 տոկոսը շատ աւելի համեստ է, քան Ադրբեջանի կողմից ծախսուած 13 տոկոսը՝ բուն պիւտճէների տարբերութեան պատճառով։
Այս բոլոր փաստերը FIP.am-ը մէջբերում է այն պատճառով, որ հայկական ԶԼՄ-ներում Հայաստանի ռազմական ծախսերի թեման «բազմաթիւ մանիպուլյացիաների ու շահարկումների առարկայ է դարձել»։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայանում է որպէս անկախ լրատուական հարթակ։ FIP.am-ի նպատակն է պաշտօնեաների, պաշտօնական մարմինների և լրատուամիջոցների կողմից հրապարակուած՝ իրականութեանը չհամապատասխանող տեղեկութիւնների բացայայտումը, ապատեղեկատուութեան տարածման կանխումը:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ
Թէ՛ Հայաստանը, թէ՛ Ադրբեջանը պետական պիւտճէում ռազմական և պաշտպանական ծախսերի համար համեմատաբար մեծ գումարներ են յատկացնում՝ դասուելով աշխարհի ամենառազմականացուած երկրների շարքին։ Ըստ Global Militarization index-ի 2020 թուականի տուեալների՝ Հայաստանը աշխարհում երկրորդ, իսկ Հարաւային Կովկասում առաջին ամենառազմականացուած պետութիւնն էր։ 2021 թուականի ցուցանիշներով՝ Հայաստանը աշխարհում հինգերորդն էր, Ադրբեջանը՝ երրորդը՝ Իսրայէլից և Օմանից յետոյ։
Երկրների ռազմական ծախսերի մասին տեղեկութիւնների հիմնական աղբիւրը պետական պիւտճէով համապատասխան յատկացումներն են։ Հայաստանի դէպքում այս յատկացումները տրւում են Պաշտպանութեան նախարարութեանը։ Ադրբեջանը ռազմական ծախսերի համար յատկացուած միջոցները տրամադրում է Պաշտպանութեան նախարարութեանը, Պետական սահմանապահ ծառայութեանը, Պետական անվտանգութեան ծառայութեանը և Արտաքին հետախուզութեան ծառայութեանը։
Զէնքերի առուվաճառքի և դրանց արժէքների վերաբերեալ հիմնական աղբիւրը մասնագիտացուած կազմակերպութիւններն են, մասնաւորապէս՝ Ստոկհոլմի խաղաղութեան միջազգային հետազոտութիւնների ինստիտուտը (SIPRI)։
Այս տուեալները, սակայն, ամբողջական չեն․ բազմաթիւ ռազմական գործարքներ և դրանց արժէքներ կարող են գաղտնի մնալ տարբեր պատճառներով։
ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ
Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ Ադրբեջանը շուրջ 20 տոկոսով աւելացրեց երկրի ռազմական պիւտճէն՝ $2․2 միլիարդից հասցնելով տարեկան $2․6 միլիարդի՝ 2021 և 2022 թուականների համար։
Հայաստանը ռազմական ծախսերին յատկացուող գումարները զգալիօրէն աւելացրել էր 2018 թուականի յեղափոխութիւնից յետոյ՝ հասցնելով ՀՆԱ-ի շուրջ հինգ տոկոսին՝ այս յարաբերակցութեամբ գերազանցելով Ադրբեջանին։
2021-ին Հայաստանը պետական պիւտճէից ՊՆ-ին յատկացրել էր շուրջ $600 մլն, իսկ 2022-ին ռազմական ծախսերն աւելացրել աւելի քան 10 տոկոսով՝ հասցնելով $750 միլիոնի։
2021 թուականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4․4 տոկոսը, Ադրբեջանինը՝ 5․3 տոկոսը։
Արցախեան առաջին պատերազմից յետոյ՝ սկսած 1995 թուականից, Հայաստանը ռազմական և պաշտպանական ծախսերի համար յատկացրել է շուրջ 9 միլիարդ դոլար։ Ադրբեջանի ռազմական ծախսերը նոյն ժամանակահատուածի համար շուրջ 5 անգամ աւելի են։
Չնայած թիւերի բացարձակ արժէքների էական անհամաչափութեանը՝ Հայաստանը 2020 թուականին ռազմական ծախսերին ուղղել է պիւտճէի 17%-ը, Ադրբեջանը՝ 13%-ը:
Թէպետ երկու երկրները ռազմական յատկացումների յարաբերական մեծութեամբ աշխարհում առաջատարներից են, Ադրբեջանի տնտեսութեան թռիչքաձև աճը մեծապէս ազդել է նրա ռազմական գնումների քաղաքականութեան վրայ։ Այսպէս, Ադրբեջանը զգալիօրէն աւելացրել է ռազմական յատկացումները 2006 թուականին՝ յայտնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաւթամուղի գործարկումից յետոյ, ինչպէս նաև 2016 թուականի Ապրիլեան պատերազմին նախորդող մի քանի տարիներին։
Հետաքրքիր է նաև, որ 2020 թուականին՝ պատերազմից անմիջապէս առաջ, Ադրբեջանը կրկին մեծացրել էր ռազմական ծախսերը՝ շուրջ 17 տոկոսով, մինչդեռ Հայաստանը կրճատել էր 2․6 տոկոսով։
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՇԽՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԻՒՏՃԷՆ
Ինչպէս արդէն նշեցինք, Հայաստանի ռազմական ծախսերի մասին միակ պաշտօնական աղբիւրը պետական պիւտճէն է, որտեղ առանձնացուած են հիմնական ուղղութիւններով յատկացումները։ Ռազմական ծախսերի աճը Հայաստանում հիմնականում համեմատելի է եղել տնտեսական աճի հետ, թէև երբեմն նաև գերազանցել է ՀՆԱ-ի աճի տեմպերին։
Այսպէս, վերջին 10 տարուայ ընթացքում՝ 2012-2021 թուականներին, Հայաստանի ռազմական պիւտճէն 155 միլիարդ դրամից [մօտ 352 միլիոն դոլար] դարձել է շուրջ 312 միլիարդ դրամ [մօտ 705 միլիոն դոլար] կամ աճել է 2 անգամ։ Նոյն ժամանակահատուածում ՀՆԱ-ն աճել 1․6 անգամ։ 2022 թուականի պիւտճէով Պաշտպանութեան նախարութեանը յատկացուել է շուրջ 345 միլիարդ դրամ [մօտ 784 մլն դոլար]։
ՊՆ-ին տրւող յատկացումները 2018 թուականի պիւտճէով նկատելիօրէն աւելացել են՝ 209 միլիարդ դրամից դարձնելով 247 միլիարդ [մօտ 475-561 մլն դոլար], որից 238 միլիարդը [մօտ 540 միլիոն դոլար]՝ ռազմական կարիքների բաւարարման համար։
Հայաստանի ռազմական պիւտճէի աճը հիմնականում համընկնում է ընդհանուր աճի հետ, և, որպէս կանոն, յատկացումները տատանուել են ՀՆԱ-ի 3-4 տոկոսի սահմաններում։
Ուշագրաւ է, որ Հայաստանը նուազեցրել է ՊՆ-ին յատկացումները 2016 թուականի քառօրեայ և 2020 թուականի 44-օրեայ պատերազմներից յետոյ։
Պետական պիւտճէի և դրանում ռազմական ծախսերի մասին տուեալները ամբողջական չեն առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի կառավարման շրջանում, երբ Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի դէմ և գտնւում հետխորհրդային շրջանի ճգնաժամում։
Այնուամենայնիւ, այս տարիներին Հայաստանը ձեռք էր բերել մեծ քանակի զէնք Ռուսաստանից, ինչն էլ որոշիչ ազդեցութիւն էր ունեցել պատերազմի ընթացքի վրայ։
Ըստ պետական պիւտճէի ցուցանիշների՝ հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կառավարման շրջանում՝ 1998-2008 թուականներին, Պաշտպանութեան նախարարութեանը յատկացուել է ընդհանուր 639 միլիարդ դրամ [մօտ 1 մլրդ 452 մլն դոլար]։
Սերժ Սարգսեանի կառավարման տասնամեակում՝ ներառեալ 2018 թուականը, Հայաստանը ՊՆ-ին յատկացրել է 1 տրիլիոն 828 միլիարդ դրամ [մօտ 4 մլրդ 154 մլն դոլար]։ Իսկ արդէն «թաւշեայ յեղափոխութեանը» յաջորդած չորս տարիներին՝ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան ժամանակահատուածում (2019-2022 թթ.)՝ 1 տրիլիոն 272 միլիարդ դրամ [մօտ 2 միլիարդ 890 միլիոն դոլար]։
Այնուամենայնիւ, կարևոր է հաշուի առնել, որ երկրի ՀՆԱ-ն 2000-ականների համեմատ զգալիօրէն աճել է, ինչն արտացոլւում է ռազմական ծախսերի յատկացումների ցուցանիշներում։
Ի՞ՆՉ ԶԷՆՔԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ
Հայաստանի զէնքի առևտրի հիմնական, եթէ չասենք՝ միակ խոշոր գործընկերը Ռուսաստանն է։ Ռուսաստանից է Հայաստանը ստանում իր զէնքի աւելի քան 95 տոկոսը։
Տարիներ առաջ նոյն իրավիճակն էր նաև Ադրբեջանի դէպքում, սակայն վերջին տասնամեակում այդ երկիրը դիւերսիֆիկացրել է զէնքերի մատակարարումը՝ գնելով հսկայական քանակի զէնք և զինամթերք Իսրայէլից, Թուրքիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։
Ըստ SIPRI-ի 2015-2019 թթ. Ռուսաստանին է բաժին ընկել Ադրբեջանի ռազմական գնումների ընդամենը 31%-ը՝ 2009-2013 թթ. 80%-ի համեմատ:
Մայիսի 16-ին Ռուսաստանի հովանու ներքոյ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի վերջին գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը բարձրացրել է Ադրբեջանին զէնք վաճառելու հարցը։ Խօսքը ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ այս կազմակերպութեան անդամ միւս երկրների մասին է։
Նախկինում, ի պատասխան նման քննադատութեան, Պուտինը ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցութիւնն անուանել էր «պարզապէս բիզնես»:
2020 թուականի պատերազմի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր Ադրբեջանի զէնքի հիմնական մատակարարներին և նրանցից ձեռք բերուած զէնքերի հիմնական տեսակներին։
Ադրբեջանին զէնք կամ ռազմական այլ տեխնիկայ մատակարարող երկրների շարքում են ինչպէս յայտնի մատակարարներ, այնպէս էլ Եւրոպական Միութեան և Եւրոպայի այլ երկրներ, որոնք տարբեր տարիներին Ադրբեջանին վաճառել են ինչպէս փոքր զինատեսակներ, այնպէս էլ տեխնոլոգիաներ։
Պատերազմից յետոյ Ադրբեջանը յայտարարութիւններ չի արել զէնքի նոր տեսակների ձեռքբերման մասին։
Հայաստանը 2022 թ․-ի տարեսկզբին յայտարարեց Ռուսաստանից նոր տրանսպորտային ուղղաթիռներ գնելու մասին, սակայն այս գործարքի արժէքը դեռևս յայտնի չէ։ Մինչ այդ խոշոր գործարքի մասին յայտարարուել էր 2019 թուականին, երբ մօտ 120 մլն դոլարով չորս Սու-30 կործանիչներ էին գնուել։
jam-news.net