Հայաստանի քաղաքական կողմնորոշման (օրիենտացիայի) հարցը Ռ. Տէր-Մինասեանի դիտարկմամբ

Նախ արձանագրենք, որ Հայաստանի առաջին հանրապետութեան ամենաականաւոր դէմքերից է ՀՅԴ Բիւրոյի անդամ, խորհրդարանի զինուորական ու ներքին գործերի յանձնաժողովի նախագահ, ՀՀ Բիւրօ-կառավարութեան կազմում զինուորական ու ՆԳ նախարար Ռուբէն Տէր-Մինասեանը (Ռուբէն): Փաստ է, որ, իր հայդուկային տարիներից սկսած, Ռուբէն փաշան վայելում էր մեծ ժողովրդականութիւն: Եթէ անգամ մի կողմ թողնենք Արևմտահայաստանում ծաւալուած ազգային-ազատագրական պայքարի օրերին որպէս յանդուգն հայդուկապետի` նրա մեծ ծառայութիւնները, անուրանալի է հանրապետութեան կարճատև գոյութեան շրջանում հայրենի տարածքների հայացման, այսինքն` գաղթականութեան ներգաղթի կազմակերպման և մահմեդական խռովարար տարրերին յատկապէս Արարատեան դաշտից վտարման հարցերում ունեցած դերակատարութիւնը: Գնահատանքի է արժանի նաև 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի շրջանում ռազմավարական նշանակութեան այն դրուագը, երբ Սարդարապատի մայիսվերջեան ճակատամարտի նախօրեակին հայկական զինուժի թիկունքը պահելու համար նրա մտայղացմամբ ու նախաձեռնութեամբ գրաւուեց թշնամական տարրերով լցուած Թալինի ամրոցը:

Տեղին է յիշեցնել, որ ՀՅԴ կուսակցութեան ճանաչուած գործիչ, Ալեքսանդրապոլի նահանգապետ Կարօ Սասունին դրուատանքով է խօսում Ռուբէնի՝ իբրև մտածող, խորհող ու արարող գործչի մասին. «Մտածող եւ ծրագրող էր Ռուբէն,- ընդգծում էր Կ. Սասունին,- մտածման եւ վերլուծման ճախարակ մը կար անոր գլխի մէջ, ամէնէն բանիմացն էր» : ՀՀ արդարադատութեան նախարար և «Յառաջ» պաշտօնաթերթի երբեմնի խմբագիր Ռ. Դարբինեանը (Արտ. Չիլինգարեանը) հայ ազատամարտի և պետականակերտ մեծագոյն գործիչ, երբեմնի հայդուկապետ և Առաջին հանրապետութեան հիմնադիր անդամ Ռուբէնի յիշողութիւնների բազմահատորեակի առաջաբանում վերջինիս վաստակի մասին հետևեալն է գրում. «Կարելի է համարձակօրէն ըսել, թէ Արամէն յետոյ ոչ ոք այնքան բախտորոշ դեր կատարեց Հայաստանի Հանրապետութեան կենդանի իրականութիւն դառնալուն մէջ, որքան Ռուբէնը» :

Ի յաւելումն վերն ասուածի` սոյն հրապարակման մէջ հարկ ենք համարում անդրադարձ կատարել Առաջին հանրապետութեան շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքական դիրքորոշումների վերաբերեալ Ռուբէն հասարակական-քաղաքական ու պետական բազմահմուտ գործչի գնահատականներին, որոնք արդիական և ուսանելի են նաև մեր այս բարդ ժամանակների համար: Սոյն հրապարակումը ընդգծում է նաև Ռուբէնի քաղաքական մտքի վերլուծական կարողունակութիւնը:

***

Հասկանալի է, որ ինչպէս Ռուբէնի ապրած ու գործած ճակատագրական ժամանակաշրջանում, այնպէս էլ մեր աշխարհաքաղաքական բազմաբարդ տարածաշրջանում մասնաւորապէս 44-օրեայ ձախողուած պատերազմից յետոյ Երրորդ հանրապետութեան ու Արցախի հիմնախնդրի շուրջ ստեղծուած ոչ պակաս բարդ պայմաններում, բնականաբար, շատ է կարևորւում պետական քաղաքականութեան տեսլականը, այդ թւում` յարաբերութիւնների ճիշտ կառուցումը մեր հեռու և մօտիկ հարևանների հետ: Ուստի, սեփական ուժերին ու ռեսուրսներին ապաւինելուց զատ, կամայ թէ ակամայ, ինչպէս աւելի քան մէկ դար առաջ՝ Ռուբէնի ժամանակներում, այնպէս էլ մեր օրերում առաջին պլան է մղւում Հայաստանի քաղաքական կողմնորոշման խնդիրը: Այդ հարցի վերաբերեալ հայ հասարակական-քաղաքական մտքի ու ռազմական գործի նշանաւոր այրերից Ռ. Տէր-Մինասեանն իր յուշերում փորձել է հետին կարգով ներկայացնել պետական, հասարակական-քաղաքական շրջանակների և ընդհանրապէս հայ հանրութեան մօտեցումների ու դիրքորոշումների ներկապնակը 1920 թ. աշնան թուրք-հայկական պատերազմի նախօրեակին: Այդ իմաստով Ռուբէնը առանձնացնում էր երեք հիմնական հոսանք: Նրա դիտարկմամբ՝ առաջին հոսանքին էր յարում հայ պետական, հասարակական-քաղաքական, հանրային, զինուորական և այլ շերտերի այն մեծ հատուածը, որը գտնում էր, որ հայոց անկախ պետականութեան հաստատման և ՀՀ տարածքային ու անվտանգութեան խնդիրները հնարաւոր է լուծել հիմնականում արտաքին օժանդակութեան միջոցով: Նա այդ հոսանքն իր հերթին բաժանում էր երկու խմբի: Առաջին խումբը, որում ընդգրկուած էր հայ հանրութեան մեծագոյն մասը, Հայաստանի փրկութեան յոյսը, նրա առջև ծառացած ռազմաքաղաքական, անվտանգութեան ու տնտեսական հարցերի լուծումը մեծապէս կապում էր Ռուսաստանի (անկախ նրա սոցիալ-քաղաքական գոյնից) հետ` իհարկէ գտնելով, որ պէտք է միաժամանակ պահպանուի Հայաստանի քաղաքական անկախութիւնը: Եւ այս մտայնութեան շեշտուած առաջնորդը համարւում էր Դրօն (Դրաստամատ Կանայեան) էր: Հարկ է նկատել, որ այն ժամանակներում հայ հանրութեան ճնշող մեծամասնութիւնը, բնականաբար նաև զինուորականութիւնը՝ բարձր հրամկազմը, սպայակազմն ու շարքայինները, ունէին ռուսական քաղաքական կողմնորոշում և Հայաստանի փրկութիւնը մեծապէս կապում էին Ռուսաստանի օգնութեան հետ: Զիննախարար Ռուբէնի դիտարկմամբ` այդ հոսանքի ամենավառ ներկայացուցիչը Դրօն էր : Եւ պատահական չէ, որ այն ժամանակ Հայաստանի նորաստեղծ բանակը, կարելի է ասել, գրեթէ բոլոր առումներով՝ զինական, ուսումնակրթական, մարտական, մարտավարական, հոգեբանական, անգամ բանակային նիստուկացով, մշակոյթով և այլն, ծնունդ էր առել ռուսական բանակից:

Ըստ Ռուբէնի՝ արտաքին ուժերի հետ յոյսեր կապող այս առաջին հոսանքի երկրորդ խմբում կարելի է դասել այն մարդկանց և անհատ գործիչների, մի ոչ մեծ հատուածի, որոնք ունէին արևմտեան կողմնորոշում և Հայաստանի անկախութեան, անվտանգութեան, տնտեսական բարգաւաճման խնդիրների լուծումը մեծապէս կապում էին Անտանտի երկրների և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական օգնութեան ու աջակցութեան հետ: Նրանք, մեր կարծիքով նոյնպէս, Արևմուտքի երկրներից վտանգ չէին տեսնում Հայաստանի անկախ պետականութեան համար: Աւելին` այս խմբի ներկայացուցիչները յատկապէս այդ շրջանում մեծ յոյսեր էին փայփայում Միացեալ և Անկախ Հայաստանի գաղափարի նիւթականացման առումով, մանաւանդ որ արդէն 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրուել էր Սևրի պայմանագիրը Միացեալ և Անկախ Հայաստանի վերաբերեալ, և առաջիկայում էլ սպասւում էր ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի նոյեմբերի 22-ի իրաւարար (Arbitrage) վճիռը` համապատասխան քարտէզով, Արևմտեան Հայաստանի չորս նահանգների և հայ-թուրքական սահմանների վերաբերեալ: Բայց հետագայ ռազմաքաղաքական իրադարձութիւնները աւելի ու աւելի անիրատեսական էին դարձնում այս խմբի ներկայացուցիչների գաղափարների նիւթականացումը: Այս խմբի առաւել վառ ներկայացուցիչներից էին ՀՀ երկու վարչապետներ՝ Հ. Քաջազնունին և Ալ. Խատիսեանը:

Ըստ Ռուբէնի՝ 1920 թ. կէսերին` Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այդ ժամանակահատուածում, հայ հասարակական-քաղաքական կեանքում կար նաև մի երկրորդ հոսանք: Այդ հոսանքին բնորոշ էր այն, որ նրա ներկայացուցիչները, կողմնակից լինելով Հայաստանի, յատկապէս Կովկասահայաստանի անկախութեանը, նրա բաժան-բաժան մասերի միաւորմանը և սահմանների ամրապնդմանը, որքան էլ զարմանալի լինի, դէմ էին այդ հարցերի` ուժի միջոցով լուծմանը և գտնում էին, որ դրանք հնարաւոր է լուծել հարևանների հետ համակեցութեան ինչ-որ ձևեր ստեղծելով, փոխադարձ սիրով և առանց արիւնահեղութեան: Այդ հոսանքը, ըստ Ռուբէնի, կտրուած էր իրականութիւնից և առաջնորդւում էր ռոմանտիկ վարդապետութեամբ : Դժուար չէ նկատել, որ նման մտայնութիւն առկայ է նաև մեր ժամանակներում, տուեալ դէպքում՝ հայաստանեան ներկայիս իշխանութիւնների քաղաքական ծրագրում ու գործելակերպում:

Եւ վերջապէս, այն ժամանակներում եղել է մի երրորդ, մեր կարծիքով` աւելի յուսալի և իրատես հոսանք, որը, դարձեալ ջատագովը լինելով Հայաստանի անկախութեան, չէր հաւատում ռուսների օգնութեանը և հայոց պետականութեան կայացման հարցում յոյսը կապում էր սեփական ֆիզիկական ուժին ու կարողունակութեանն ապաւինելու, ներքին ռեսուրսներով երկրում առկայ անիշխանական երևոյթները յաղթահարելու, ինքնակազմակերպուելու հետ: Թեև Ռուբէնը չի նշում այդ հոսանքը ներկայացնող գաղափարակիր անհատի անուն, սակայն, մեր կարծիքով, այդ հոսանքին յարող գործիչների շարքին պէտք է դասել Հայաստանի առաջին հանրապետութեան 3-րդ վարչապետ Համազասպ Օհանջանեանին, հէնց Ռուբէն Տէր-Մինասեանին, Վահան Նաւասարդեանին, Ռուբէն Դարբինեանին և այլոց:

Այսպիսով` նշուած հոսանքների վերաբերեալ Ռուբէնի յուշերից վերցուած փաստը ցոյց է տալիս, որ Հայաստանի համար ճակատագրական փուլում հայ պետական ղեկավար, ինչպէս և հասարակական-քաղաքական լայն շրջանակներում, անգամ հիմնական կառավարող ուժի` ՀՅԴ բարձրագոյն ղեկավար մարմնի՝ Բիւրոյի ներսում եղել է կարծիքների բազմազանութիւն Հայաստանի թէ՛ ներքին և թէ՛ արտաքին քաղաքականութեան հարցերում, ինչն էլ բնականաբար անդրադառնում էր հանրապետութիւնում գործադրուող քաղաքականութեան վրայ: Հարկ է նշել, որ ՀՅԴ-ն, որպէս հիմնական կառավարող կուսակցութիւնն, իր վարած արտաքին ու ներքին քաղաքականութեան ասպարեզում, ըստ իրավիճակի և հանգամանքների, աւել կամ պակաս չափով երեք հոսանքներին էլ տեղ է տուել: Այսպէս, օրինակ, 1919 թ. աշնանը Երևանում գումարուած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողուում Հայաստանի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ ընդունուած որոշումներից մէկով Հայաստանի կառավարութեանը հրահանգւում էր «աշխատել բարիդրացիական յարաբերութիւններ պահպանել անոր (խօսքը Ադրբեջանի մասին է – Ա. Հ.) հետ» : Սակայն արդէն 1920 թ. աշնանը՝ թուրք-հայկական պատերազմում Հայաստանի պարտութեան և անկախութեան կորստի փուլում, իշխանութիւններն ու ժողովուրդը, ելնելով ստեղծուած իրավիճակից, ճնշող մեծամասնութեամբ հարկադրուած նախապատուութիւնը տուեցին առաջին հոսանքի՝ Հայաստանի ռուսական կողմնորոշման ընտրանքին՝ կարևորութիւն չտալով անգամ այնտեղ գործող բոլշևիկեան վարչակարգին: Եւ այդ դիրքորոշման դրօշակակիրը դարձաւ, ինչպէս արդէն ասուել է, 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Դրօ-Լեգրան համաձայնագրով խորհրդայնացած Հայաստանի դիկտատոր և զիննախարար դարձած Դրօն :

Այս առնչութեամբ եթէ պատմական համեմատական էքսկուրս կատարենք դէպի քաղաքական կողմնորոշման առումով տակաւին անորոշ մեր ժամանակները կարող է հարց ծագել, թէ այս անցած մէկ դարում քաղաքական կողմնորոշման առումով Հայաստանն ու հայ հանրոյթն իրենց գործելակերպով ու հոգեբանութեամբ որքանով են փոխուել ու քաղաքականապէս հասունացել, և ինչպէս կարող ենք մեր պետութեան ու հայրենիքի առջև ծառացած խնդիրները ինքնուրոյն, սեփական ուժերին ապաւինելով լուծել:

Մէկդարեայ փորձը կրկին եկաւ վերահաստատելու Ռուբէնի պատկերած 2-րդ հոսանքի ներկայացուցիչների առաջ քաշած` թուրք-թաթար դրկիցների հետ լեզու գտնելու, հաշտ լինելու, ծագած հարցերը խաղաղութեամբ լուծելու քաղաքականութեան անիրատեսութիւնը: Պատմական և ռազմաքաղաքական ժամանակակից իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ կողմերի միջև առայժմ հաշտեցման եզրեր չեն նշմարւում, և չի կարելի տարուել երազատեսութեամբ:

Վերջին մէկ-երկու տարում Արցախում և Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւնները և դրանց հիման վրայ արձանագրուած տխուր պատկերը ցոյց են տալիս, որ անցած 100 տարում մեր մտածելակերպում ու գործելակերպում քիչ բան է փոխուել, այդ թւում` քաղաքական կողմնորոշումների առումով: Պէտք է նկատի ունենալ, որ մեր հարևանները ևս չեն փոխուել, նրանք նոյնն են, գրեթէ նոյնն են նաև տարածաշրջանում սեփական ծաւալապաշտական, մեծապետական շահերը հետապնդող հեռու և մօտիկ տէրութիւնների քաղաքականութիւնն ու նպատակները: Հայաստանի ու հայ ժողովրդի աշխարհաքաղաքական կարգավիճակով պայմանաւորուած` անցած մէկ դարում, կարծես մեզանում, սեփական ուժերին ապաւինելուց զատ, իր տեսակարար կշռով իբրև ամենավստահելի երաշխիք շարունակում է անփոփոխ մնալ նաև արժէքային մի համակարգ՝ ռուսական քաղաքական կողմնորոշումը, չնայած մեր մտածելակերպում ու գործելակերպում կարծես հաստատուն տեղ գտած այդ կողմնորոշումից ժամանակ առ ժամանակ ազգովի շատ ենք տուժում, ինչը փաստեց նաև Արցախեան 44-օրեայ պատերազմը: Ուստի կարծում ենք` պետական ու հանրային մակարդակներում խորհելու, խորհրդակցելու շատ բաներ և կենսափորձն իմաստաւորելու ու կեանքի կոչելու հարցում դեռ շատ անելիքներ կան:

 

Արարատ  Յակոբեան

«Դրօշակ» թիւ 3 (1664), մարտ 2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.