Հայաստանի երկընտրանքը. մի կողմում գաղափարախօսութիւն, միւս կողմում արեւմտեան շահերով առաջնորդուող սպառողական հասարակութիւն

Վահան Իշխանեան  

Այն հայ շրջանակներն ու մտաւորականները, որոնք վստահ են, թէ հայոց ցեղապանութեան պատճառը հայ ազատագրական շարժումներն էին, զոհն են մի կողմից իրենց նեղ մտահորիզոնի, որը թոյլ չի տալիս թուրք ու հայ հակամարտութիւնից դուրս աւելի լայն աշխարհ տեսնել, զորօրինակ թուրք եւ այլ հանրութիւնների հակամարտութիւններ՝ թուրք-ալեւի, թուրք-քուրդ, թուրք-յոյն, թուրք-արաբ եւ այլն, եւ հասկանալ, որ 100 տարի է Թուրքիայի հանրապետութեան տարածքում ձեւաւորւում է թրքական ազգայնական պետութիւն, որը վերացնում է բոլոր նրանց, ովքեր թուրք չեն։ Միւս կողմից էլ կամայ թէ ակամայ դառնում են Արեւմտեան քաղաքական շահերի գործիքը, որ ներշնչում է, թէ հայոց ցեղասպանութեան ու ընդհանրապէս հայ ժողովրդի կորուստների պատճառը հայերի Ռուսաստանի հետ դաշնակցելն է։

  

«Աւելի քան 100 տարի առաջ մենք պահանջեցինք Արեւմտեան Հայաստանը եւ ստացանք Հայոց ցեղասպանութիւն ու Մեծ հայրենազրկում», գրում է Թաթուլ Յակոբեանը «Ալիք մեդիայում»։

Յակոբեանը մեղադրում է հայ քաղաքական վերնախաւին այն բանի համար, որ երիտթուրքերը կոտորեցին  1,5 միլիոն հայերի ու բնաջնջեցին Արեւմտեան Հայաստանը իր մշակոյթով։

Ինչո՞ւ են մեղաւոր հայ գործիչները, որ պահանջում էին Արեւմտեան Հայաստա՞նը։ Շատ վերացական է հնչում. Ովքե՞ր էին պահանջում, ումի՞ց էին պահանջում, եւ պահանջելուց յետոյ ի՞նչ էին պատրաստւում անել։ Եթէ այս վերացականութիւնը փորձենք որոշակիացնել, ապա ըստ Յակոբեանի, հայ յեղափոխական շարժումները մեղք էին գործել Օսմանեան կայսրութեան իշխանութեան նկատմամբ, որ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքներն էին պատշպանում, եւ այդ մեղքի համար Երիտթուքերը  պատժեցին՝ ցեղասպանութեան ենթարկելով հայերին։

Ընդհանրապես կայ զոհի այն հոգեբանութիւնը, որ  իր կորուստների հետ կորցնում է նաեւ իր կարողականութեան նկատմամբ հաւատը, որ ինչ-որ բանի արժանի է ինքը, ու նաեւ արդարութեան գիտակցութիւնը, որ իր նկատմամբ կատարուածը անարդարութիւն է, եւ սկսում իր մէջ փորփրել իր կորուստների մեղքը, ու գտնում այն «վարքը», որին  հետեւելու դէպքում զոհ չէր դառնայ։ Հայոց ցեղասպանութեան մէջ սեփական մեղքը որոնելու կոնտեքստում, հայ որոշ շրջանակներ եւ մտաւորականներ էլ իրենց ժողովրդի նկատմամբ գնահատականը այնքան են իջեցնում, որ նրան արժանի չեն համարում  պայքարել իր իրաւունքների համար ու մղում են նրան համակերպուել միայն գոյատեւելու անասնական մղմանը։

Ըստ Յակոբեանի, հայ ժողովուրդը արժանի՞ չէր Արեւմտեան Հայաստան ունենալ, այսինքն, ինքնորոշուել, սեփական պետական կազմաւորում ունենալ, որ հայ ժողովրդի օրակարգը պէտք է թելադրէին նրան տիրապետողնե՞րը՝ այս դէպքում Օսմանեան կայսրութիւնը, եւ հայերը հլու հնազանդ այդ օրակագով պէտք է շարժուէի՞ն։

Բայց այդ դէպքում՝ հարց՝ ի՞նչ է հայ ժողովուրդը կամ հայ ազգը։  Ժամանակակից հայ ժողովուրդը սկիզբ է առել, մշակոյթ ստեղծել հենց ազգային հաւաքականութեան գաղափարաբանութեան հիման վրայ, ազգային կազմաւորում ունենալու տեսլականով՝ լինի այն ինքնավարութիւն թէ անկախ պետութիւն։ Խաչատուր Աբովեանից, Միքայէլ Նալբանդեանից, Րաֆֆիից մինչեւ Վարուժան ձեւաւորուել է ժամանակակից հայ մշակոյթը, որի հիմքում ազգային այն հաւաքական տեսլականն է, որն Յակոբեանը անուանում է «Արեւմտեան Հայաստան պահանջել»։ Եթէ մերժում ես այդ տեսլականը, ապա հետը մերժւում է 300 տարուայ հայ ամբողջ մշակոյթը՝ չլինէին Աբովեանն ու Րաֆֆին, չէր լինի նաեւ Արեւմտեան Հայաստանի պահանջը։

Հոգեբանական խնդրից անցնելով քաղաքական ծրագրին, հարց տանք՝ եթէ հայ յեղափոխական շրջանակները հետեւէին Թաթուլ Յակոբեանի թեզերին՝ չպահանջէին «Արեւմտեան Հայաստանը», արդեօ՞ք հայոց ցեղասպանութիւն չէր լինի։

Այն հայ շրջանակներն ու մտաւորականները, որոնք վստահ են, թէ հայոց ցեղապանութեան պատճառը հայ ազատագրական շարժումներն էին, զոհն են մի կողմից իրենց նեղ մտահորիզոնի, որը թոյլ չի տալիս թուրք ու հայ հակամարտութիւնից դուրս աւելի լայն աշխարհ տեսնել, զորօրինակ թուրք եւ այլ հանրութիւնների հակամարտութիւններ՝ թուրք-֊ալեւի, թուրք֊-քուրդ, թուրք-֊յոյն, թուրք֊արաբ եւ այլն, եւ հասկանալ, որ 100 տարի է Թուրքիայի հանրապետութեան տարածքում ձեւաւորւում է թրքական ազգայնական պետութիւն, որը վերացնում է բոլոր նրանց, ովքեր թուրք չեն։ Միւս կողմից էլ կամայ թէ ակամայ դառնում են Արեւմտեան քաղաքական շահերի գործիքը, որ ներշնչում է, թէ հայոց ցեղասպանութեան ու ընդհանրապէս հայ ժողովրդի կորուստների պատճառը հայերի Ռուսաստանի հետ դաշնակցելն է։

Հիմա հարց, ինչու եղաu հայոց ցեղասպանութիւնը.

Մինչեւ 20-րդ դարի սկիզբը Օսմանեան կայսրութիւնը գնալով փոքրանում էր, ազգային ազատագրական շարժումների շնորհիu հերթով անկախութիւն էին ձեռք բերում յոյները, սերպերը, Մոնթենեկրոն, ռումինացիները, պուլկարները, ալպանացիները: 1912թ. Պալքանեան պատերազմում կայսրութիւնը իր եւրոպական մասը գրեթէ ամբողջութեամբ կորցրեց, մնացել էր միայն Կոստանդնուպոլիսը։ Միւս կողմից էլ Օսմանեան կայսրութիւնում ահագնանում էր թրքական նացիոնալիզմը, որի հետեւորդներն էին 1908֊ի յեղափոխութեամբ իշխանութեան եկած երիտթուրքերը,  որոնք ծրագրում էին կայսրութիւնը  վերածել ազգային պետութեան՝ բոլոր փոքրամասնութիւններին վերացնելով:

100 տարուայ ընթացքում, մինչեւ օրս դեռեւս շարունակւում է թուրք պետութիւն ձեւաւորելու, Թուրքիան լրիւ  թրքացնելու ազգայնական ծրագիրը.

Օսմանեան կայսրութիւնում ապա Թրքական հանրապետութիւնում կոտորուել, ցեղասպանութեան են ենթարկուել 1,5 միլիոն հայեր, 1,2 միլիոն յոյներ, ասորիների ցեղասպնութիւնները որ ձգւում էր դեռեւս 19֊րդ դարի վերջերից, միայն 1914-1921 750 հազար ասորի են կոտորել։  Քրիստոնեայ արաբների ցեղասպանութիւնը. Երիտթուքերի կառավարութիւնը Լիբանանում արհեստական սով առաջացրեց (շատ պատմաբաններ վստահ են, որ արհեստական էր այն, Պէյրութում սով չի եղել, եւ թոյլ չեն տուել, որ այնտեղից ցորեն տանեն լեռներ), եւ մօտ 250 հազար քրիստոնեայ արաբ սովից մահացաւ: Քրիստոնեաներին բնաջնջելուց յետոյ թուրքերը անցնում են մուսուլման այլազգիներին՝ 1937-1938 թուերին ալեւիների ցեղասպանութիւնը, 80 հազարից աւելի ալեւիներ կոտորեցին, ապա մինչեւ հիմա ձգուող քրտերի ցեղասպանութիւնը։

Թաթուլ Յակոբեանը բան չունի՞ ասելու յոյներին, արաբներին, ասորիներին, քրտերին, ալեւիներին, ինչո՞ւ էք յոյն լինում, ասորի լինում, ալեւի լինում, թուրք դառնայիք, պրծնէիք, չկոտորուէիք։

Թրքական պետութեան ձեւաւորման պատմութիւնը դիտարկելով, հայոց ցեղասպանութիւնից խուսափելու միակ ճանապարհը հրաժարուելն էր հայ ինքնութիւնից, կրօնից, եւ մուսուլման թուրք դառնալն էր։ Թրքական նացիոնալիզմը ռասիստական չի, գլխիդ ձեւն ինչպիսին ուզում է լինի, եթէ դու քեզ թուրք ես համարում, օքէյ, ձեռք չենք տայ։ Աթաթուքի յայտնի խօսքն է՝ «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում», ուզո՞ւմ ես երջանիկ լինել, ասա թուրք եմ, չե՞ս ուզում, սրի կը քաշուես։ Եւ եթէ Յակոբեանը մերժում է «Արեւմտեան Հայաստան» ունենալու պահանջը, այսինքն, վերջին 300 տարուայ հայոց պատմութեան շարժիչ ուժը, ուրեմն, ինչն է ընդունում, Աթաթուրքի խօ՞սքը՝ ասէիր թուրք եմ, չկոտորուէիր, երջանիկ  լինէիր։

Սակայն զոհի այս հոգեբանական տրաման չէր կարող արդիւնաւէտ աշխատել հայ հանրութեան վրայ, եթէ որոշակի արտաքին շահեր չարտայայտեր։

Սեփական մեղքի պատճառով զոհ դառնալու, ցեղասպանութեան ենթարկուելու բարդոյթին իւղ են լցնում հակառուս շրջանակները՝բացատրելով, թէ իբր հայերին բնաջնջեցին ռուսական կողմնորոշման, եւ առաջին աշխարհամարտում թուրքերի թշնամի ռուսական զօրքերում կամաւորական գնդեր ստեղծելու պատճառով։ Այս թեզը հաճոյքով տարածում են նաեւ թրքական կիսապաշտօնական եւ մտաւորական շրջանակները՝ թէ հայերը դաւաճանեցին Օսմանեան կայսրութեանը ու պատժուեցին:

Կրկին գործում է նեղ մտահորիզոնը, որ չի կարողանում տեսնել հայ-ռուս, հայ-թուրք յարաբերութիւններից դուրս այլ յարաբերութիւններ։

Ռուսական բանակի կազմում հայ կամաւորների գնդերը իւրայատուկ երեւոյթ չէին, ե՛ւ ռուսական ե՛ւ թրքական բանակների կազմերում կային տարբեր ազգային եւ կրօնական կամաւորական գնդեր, բայց հայկական հարցերի վրայ սեւեռուած հայ պատմագրութիւնը նրանց չի անդրադառնում եւ ստեղծում է կամաւորական շարժման վերաբերեալ ոչ ամբողջական պատկեր:

Օսմանեան կայսրութեան հայերը հիմնականում նուիրուած էին իշխանութեանը, զօրակոչւում էին բանակ, 120 հազարից աւելի հայ էր զօրակոչուել, պատրաստ կռուել Ռուսասկան կայսրութեան դէմ, սակայն նրանց բոլորին կոտորեցին:

Իսկ կամաւորականների թիւը ռուսական բանակում ընդամենը 10 հազար հոգի էր, եւ որեւէ հիմնաւորում չի կարող ունենալ, որ այդ 10 հազար կամաւորի պատճառով Օսմանեան կայսրութեան մի ծայրից միւսը՝ արեւմտուքից արեւելք հիւսիսից հարաւ կը բնաջնջեն  մի ամբողջ աշխարհ՝ 1,5 միլիոնին կը կոտորէն, 1 միլիոնն էլ մազապուրծ կը փախչի։

***

Թաթուլ Յակոբեանի գրութիւնը վերնագրուած է «Խաղաղութեան մասին պետք էր խօսել յաղթած ժամանակ», որտեղ մեղադրում է Հայաստանի նախկին իշխանութիւններին՝ նախագահներ Սերժ Սարգսեանին եւ Ռոբերտ Քոչարեանին խաղաղութեան չհասնելու ու դրա հետեւանքով 2020-ին պատերազմի ու պարտութեան մէջ։

Իսկ ինչպէ՞ս է կապում Թաթուլ Յակոբեանը նախկին իշխանութիւնների ու հայոց ցեղասպանութեան ժամանակ հայ վերնախաւերի «մեղքը»։ Տեսնենք։

Յակոբեանը գրում է.

«Խաղաղութիւնը մսխելու եւ Հայաստանին պարտութեան տանելու հարցում Փաշինեանը միակ մեղաւորն ու պատասխանատուն չէ: Փաշինեանին անկիւն մղելու եւ ոչմիթիզական դարձնելու մէջ մեղքի ու պատասխանատուութեան բաժին ունեն Սերժ Սարգսեանը, Ռոբերտ Քոչարեանը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, որոնց կառավարութեան 20 տարիներին անողոքաբար մսխւում էր խաղաղութիւնը, որ բերուել էր Արցախեան առաջին պատերազմում զոհ գնացած շուրջ 6000 հայորդիների կեանքի գնով»:

Բայց Յակոբեանական զգայացունց տեքստերը չեն կարող մթագնել պատերազմի ու աղիտալի պարտութեան իրական պատճառները։

Մենք գիտենք թէ ինչու եղան պատերազմն ու պարտութիւնը։

Գիտենք արդէն, որ պատերազմական երկրում պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է հազար անգամ չափուած ձեւուած արտաքին քաղաքականութիւն վարել, դաշնակիցների հետ կապերը ամրապնդել, նոր հակառակորդներ չստեղծել, իսկ թշնամուն էլ զսպել բանակցութիւնների շրջանակում եւ միջազգային հարթակներում միջազգային նորմերով, այս դէպքում ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչուած նորմով, եւ բանակցութիւններում բարձր պատասխանատուութիւն ունենալ, որ այնպիսի սայթաքում չլինի, որ պատերազմի յանգեցնի։

Այս ամենը իմացանք  նախկին իշխանութիւնների ու նոր իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութեան համեմետութեան հետեւանքով։

Տեսանք, որ նախկին իշխանութիւնները Արցախի կարգաւորման հարցում ունէին յստակ գաղափարախօսութիւն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումն ու բացառումը Արցախի հանրապետութեան վրայ Ադրբեջանի գերիշխանութեան, եւ որ բանակցութիւնները տանում էին  պատերազմի ու խաղաղութեան այն սահմանագծին, որտեղ յանուն խաղաղութեան գնում էին զիջումների այնքան, մինչեւ այն կարմիր գիծը, որ կարող էր վնասել Արցախի ինքնորոշման իրաւունքին։

Ապա, հասկացանք, որ 2018 թուականի յեղափոխութեամբ իշխանութեան եկած գործիչները չունեն Արցախի վերաբերեալ յստակ գաղափարախօսութիւն (Յակոբեանի տեքստն էլ գաղափարազուրկ մի բան է, որտեղ խաղաղութիւն բառից այն կողմ ոչ մի հասկացութիւն  չկայ)։ Նրանց խնդրի նկամտամբ անորոշ վերաբերմունքը մի կողմից, միւս կողմից յեղափոխութեան առաջնորդի եսասիրութիւնը տապալեցին բանակցային գործընթացը։

Տեսանք, որ տասնամեակներով միջնորդ գերտէրութիւնների հետ մշակուած հակամարտութեան կարգաւորման սկզբունքներին, ինչպիսին են մատրիտեան սկզբունքները, ինքնասիրահարուած առաջնորդը հակադրում է իր եսը շողշողացնող սեփական սկզբունքները՝ միւնխենեան սկզբունքներ, մի դատարկութիւն, որ պատրեազմի զնգոց է միայն հանում,  ու բանակցութիւնների բարդ գործընթացի մէջ խոթում իր 2018֊ի աստեղային ժամերի պարգեւած հրճուանքի արտայայտութիւնը՝ մինի ու մակրօ յեղափոխութիւններ։ Տեսանք, թէ լարուած միջազգային յարաբերութիւններում «յեղափոխական» սեփական քմահաճոյքը, դատարկ սկզբունքները մէջտեղ գցելը ինչպէս է պատասխան դառնում հայ երիտասարդներին կոտորող պայրքթարներով։

Տեսանք, որ պատերազմ չտեսած, պատերազմի արհաւիրքը չպատկերացնող երբեւէ որեւէ անձի, հանրութեան համար պատասխանատուութիւն չստանձնած  անփորձ ու միեւնոյն ժամանակ ինքնասիրահարուած անձինք  չարիք են դառնում պատերազմական վիճակում գտնուող երկրի գլխին, որ չեն հասկանում, թէ ինչպէս են կրակի հետ խաղում, երբ նախկին իշխանութիւնների ոսկերչական ճշգրտութեան ձգտող բանակցութիւնները ընդհատում, խափանում, ու իրենց կէտից սկսելով խաղ անում մազից կախուած խաղաղութեան հետ։

Սեփական կէտ ես գծում այնտեղ, որտեղով բնակավայրեր ու մարդկանց մարմիններ են անցնում։

Տեսանք, որ սրանց համար սեփական կէտն աւելին է քան հազարաւոր երիտասարդների կեանքերն ու Արցախի հանրապետութիւնը։

Հասկացանք, որ միջազգային  հանրութեան առաջ հակառակորդ կողմին զսպող միակ միջոցը՝ բանակցութիւններն էին, որոնք  խափանելը միանգամից պատերազմի դուռն էր բացում։ Պատերազմի միւս դուռը բացւում էր՝ Հայաստանի միակ դաշնակցի հետ յարաբերութիւնները խարխլելը։ Տեսանք, թէ ինչ կարող է նստել փոքր, դիմադրող երկրի վրայ այն, որ այդ երկրի բարդոյթաւորուած առաջնորդը գերտէրութեանը հեգնում է, թէ պիտի ադապտցուի իր քմահաճոյքներին, եւ գործեր է հարուցում այդ երկրի հաստատութիւնների դէմ։

Գիտենք նաեւ, որ պատերազմը հնարաւոր էր կանխել ապա նաեւ կանգնեցնել մի քանի անգամ, եւ որ կրկին յեղափոխական իշխանութեան անփորձութեան կամ անպատասխանատուութեան պատճառով չկանխուեց, եւ հասաւ աղետալի վախճանի։ Գիտենք, լսել ենք Ռուսաստանի նախագահ Փութինի խօսքը, որ առաջարկել էր պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի 20–ին՝ պահպանելով Շուշին Արցախի հանրապետութեան կազմում, սակայն Հայաստանի առաջնորդը չի ուզել, հրաժարուել է, ինչո՞ւ։ Լսել ենք որ այդ առաջնորդը ասել է՝ որ կանգնացնէի ինձ դաւաճան կասէին, եւ զարհուրել ենք որ իր եսի խաթեր զոհում է 18-20 տարեկան տղաներ ու յանձնում նորանոր բնակավայրեր։ Լսել ենք որ նա բացականչում է՝ Շուշին դժբախտ, տժգոյն քաղաք էր, բա մեզ պէտք էր Շուշին, լսել ենք նաեւ, որ Շուշին ադրբեջանական քաղաք է համարել։ Ու իմանում ենք, որ նրա՝ Շուշիի նկատմամբ թեթեւաբարոյ վերաբերմունքը 1000-ից աւելի կեանք է արժեցել՝ համ Շուշին քոնը չես համարում, համ էլ յանձնում ես զոհելով հազարներ։ Հասկացանք, որ այո, 29 հազար քառակուսի քիլոմեթրով սահմնափակուած լոկալ ու պրագմատիկ ազգայնականները Շուշին իրենցը չէին կարող համարել, Շուշին արցախցիներինն է, իսկ իրենց համար Արցախը բեռ է, որ խանգարում է քիրվայանալ թուրքերի հետ։

Գիտենք, որ հնարավոր էր կանգնցնել պատերազմը, քանի որ կրկին 2020-ի աղէտը համեմատում ենք 2016ի ապրիլեան պատրերազմի հետ, երբ Ադրբեջանը յարձակուեց, սակայն չորս օր անց պատերազմը դադարեցուեց։ Ինչպէ՞ս։ Մեխանիզմները շատ յայտնի չեն, բայց փաստն այն է որ Հայաստանը ունէր բարձր պատասրանատուութիւն ունեցող ղեկավարութիւն, որ կանգնեցրեց պատերազմը։

Ու նաեւ, գիտենք, որ երկրի աղետաբեր ղեկավարը, ում երրորդ նախագահը անուանակոչեց կապիտույլանտ, իր սանձարձակ արկածախնդրութիւնը չէր կարողանայ ամբողջովին իրագործել, հնարաւոր կը լինէր նրան այս կամ այն չափով կանխել, եթէ չունենար մասսաների, ու նաեւ մտաւորական շրջանակների անմնացորդ աջակցութիւնը, որոնց մէջ էր նաեւ Թաթուլ Յակոբեանը։ Եւ երբ Հայաստանի ճակատագրով անհանգստացած անձինք ահազանգում էին, թէ ինչ վտանգաւոր է բանակցութիւնները տապալելը, մասնաւորապէս Վիեննայում եւ Սանկտ Պետրբուրգում կրակի դադարեցման վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւները ջրելը եւ սեփական կէտից սկսելը, Թաթուլ Յակոբեանը Սիվիլնեթում նրանց վարկաբեկում էր խմբաւորելով «10 խումբ․ ովքեր եւ ինչու են քննադատում Նիկոլ Փաշինեանին», «10 ընդդիմադիր խումբ, որոնց կեցուածքը պայմանաւորւում է նաեւ Փաշինեանի քայլերով»,  թէ իբր այդ քննադատներին միայն կուսակցական ու անձնական շահերն են դրդում քննադատել Փաշինեանին։

***

Իսկ երբ վերացարկւում ենք հայկական իրողութիւնից, աշխարհի համայնապատկերում նայում Հայաստանի աղէտը, մի այլ  պատկեր է ձեւաւորւում՝ մի հզօր տրակտոր վարելով գնում է աշխարհով, համահարթեցնում բոլոր երկրները որպէս մի համաշխարհային սպառողական շուկայ։ Այդ տրակտորին ամէն մեկնաբան մի անուն է տալիս՝ ոսկէ Միլիարդ, մոնոպոլ կապիտալիզմ, որ ներառում է ԱՄՆ֊ի առջնորդութեամբ՝ Եւրոպայի Միութիւնն ու ճաբոնիան։ Նա իր անդրազգային կորպորոցիաների միջոցով ձգտում է տնօրինել համաշխարհային բոլոր ռեսուրսներին, քամել դրանք՝ ապահովելով իր միլիարդի բարեկեցութիւնը եւ թելադրել ամբողջ աշխարհին իր տնտեսական ազատական քաղաքականութիւնը։ Իր հուժկու թրթռուների տակ է գցում բոլոր այն տիրապետութիւնները, որոնք խոչընդտում են  իր ծրագրերին։

Թիրախում Ռուսաստանն է՝ աշխարհի ամնահարուստ ռեսուսներով երկիրը, որի շուրջ նրա ռազմական հաստատութեան ՆԱՏՕ֊ի օղակը հետեւողականօրէն սեղմւում է՝ նախ ՆԱՏՕ֊ի անդամ է դարձնում Ռուսաստանի հարեւան երկրներին՝ Մերձբալթեան հանրապետութիւններ, Լեհաստան, Ռումինիա, ապա այն հարեւան երկրներում, որոնք Ռուաստանի հետ տնտեսական խորը կապեր ունեն, գունաւոր յեղափոխութիւններով իշխանութեան է բերում հակառուսական ուժեր, որոնք էլ քանդում են Ռուսաստանի հետ յարաբերութիւնները, դուրս դնում ռուսական ռազմական բազաները, ինչպէս եղաւ Վրաստանում եւ Ուկրաինայում եւ…. 2018֊ին Հայաստանում, որտեղ դեռ ամէն ինչ չի աւարտուել։

Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, Հայաստանի պաշտպանական համակարգը գրեթէ ամբոջութեամբ ռուսական սպառազինութեամբ է, Հայաստանը այն հազուագիւտ երկրներից է, որտեղ ռուսական ռազմական բազաներ են մնացել, Հայաստանի սահմանները Թուրքիայի ու Իրանի հետ ռուս սահմանապահներն են պահում։

Արդէն գիտենք, որ ՆԱՏՕ֊ն Ռուսաստանին թուլացնելու համար թիրախ է դարձնում Ռուսաստանի դաշնակիցներին, եւ որ  44֊ օրեայ պատերազմը  ուղղուած էր Ռուսաստանի դէմ։

Գիտենք, որ ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիան էր պատերազմի գլխաւոր հրահրողը։

Բայց պատերազմ ստանալու համար նախ անհրաժեշտ էր սողոսկել հայկական միջավայր, եւ ներսից այդ պատերազմը հնարաւոր դարձնել։ Եւ եղաւ 2018֊ի գունաւոր յեղափոխութիւնը, որ իշխանութեան բերեց նրանց ովքեր յանուն համաշխարհային վարելահողային սպառողական տարածութեան, պատրաստ են այս կամ այն կերպ՝ բանակցութիւնները տապալելով, Ռուսաստանի հետ թշնամանալով ու պատերազմով հրաժարուել Արցախի խնդիրից։

Դաւադիր ծրագիրը չի աւարտուել. Ռուսաստանը, կորցնելով իր ռազմավարական դաշնակցի ուժը, ստիպուած իր զօրքը մտցրեց Արցախ պաշտպանելու իր Հարաւային Կովկասում մնալու վերջին հնարաւորութիւնը։

Իսկ Հայաստա՞նը։

Գիտենք որ յունիսի 20-֊ի ընտրութիւնները կեղծուել են, որ պատերազմում պարտուած իշխանութիւնը բռնաճնշումներով, կեղծիքներով, ընտրակաշառքներով ու վարչական ռեսուրսով իր յաղթանակը ապահովել է։ Գիտնեք նաեւ որ այսուհանդերձ, բնակչութեան 25 տոկոսը քուէրակել է ընդդիմութեան օգտին, որի 20 տոկոսը երկրորդ նախագահ, Հայաստանի ամենակայուն, ամենախաղաղ ու ամենաարագ զարգացման շրջանի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի օգտին։

Միեւնոյն ժամանակ, տեսնում ենք, որ Հայաստանը երկընտրանքի առաջ էր՝ պարտութիւնից յետոյ վերականգնել իր անվտանգութեան համակարգը եւ կրկին դառնալ Արցախի անվտանգութեան երաշխաւորը, թէ՞ շարունակել «պատերազմի» նպատակը՝ Արցախի ժողովրդին դաւաճանելով, հրաժարուելով նրա անվտանգութեան երաշխաւորը լինելուց, ճանաչել Ադրբեջանի ամբողջկանութիւնը եւ շանս տալ որ Ադրբեջանը հանի ռուսական զօրքերը Արցախից, իսկ դրանից յետոյ էլ արդեն ՆԱՏՕ֊ի օղակը առաւել ճնշման տակ ռուսական բազաները Հայաստանից կը հանուեն։ Հայաստանը ընտրեց երկրորդը՝ համաշխարհային սպառողական վարելահող դառնալու հեռանկարը։

Թաթուլ Յակոբեանի գրութիւնը հենց այս ծրագիրը՝ «պատերազմի» վերջնական նպատակն իրանականացնելու քարոզչութիւնն է, որ կանխի Հայաստանի անվտանգութեան համակարգը վերականգնելու ամէն փորձ։

Գիտենք արդէն, որ Թաթուլ Յակոբեանի եւ ՀԱԿ֊ի կողմից նախորդ իշխանութիւններին մեղադրելը ոչմիթիզականութեան մէջ քարոզչական մի հնարք է վարկաբեկելու համար Արցախի ժողովրդի ինքնորոշմաման իրաւունքը. Յակոբեանի նշած ուժերից՝ Ռոբերտ Քոչարեան, Սերժ Սարգսեան ՀՀԿ կամ ՀՅԴ ոչ ոք պաշտօնապէս չի ասել թէ ոչմիթիզ չեն զիջելու, հակառակը գիտենք, որ Հայաստանի նախկին իշխանութիւնները բանակցութիւններում Հայաստանի կողմից փոխզիջման պատրաստակամ էին, որ Հայաստանը կը զիջէր տարածքները Արցախի ինքնորոշման իրաւունքի  դիմաց, բանակցութիւների բոլոր փաթեթները հրապարակուած են։

***

Յակոբեանը չի ասում, թէ խաղաղութիւնը չմսխելը, օգտագործելը, ինչպէս էր յանգեցնելու տեւական խաղաղութեան։ Գիտենք մի բան՝ որ Ադրբեջանը երբեք չի համակերպուելու Արցախի անկախութեանը, ուրեմն, հայկական կողմը խաղաղութիւնը օգտագործելով մինչեւ ո՞ւր պէտք է զիջումեների գնար: Յակոբեանը խուսափում է ասել, նրա ենթատեքստն է ասում՝ զիջումներ անել  մինչեւ այնտեղ, որ Արցախը մտցուէր Ադրբեջանի կազմի մէջ. Եթէ Յակոբեանը վստահ է, որ Ադրբեջանի ուզածը կատարելով պիտի խաղաղութիւն հաստատուէր, ապա այդ ուզածը Արցախը հայաթափել ու տարածքը Ադրբեջանի մէջ մտցնելն է։  Յակոբեանը բաց տեքստով է ասում, որ հայոց ցեղասպանութեան համար մեղաւոր էր հայ ազատագրական պայքարը. «Աւելի քան 100 տարի առաջ մենք պահանջեցինք Արեւմտեան Հայաստանը եւ ստացանք Հայոց ցեղասպանութիւն ու Մեծ հայրենազրկում»։ 100 տարուայ զուգահեռ անցկացնելու նպատակն է ենթատեքստով ասելը, որ պարտութեան պատճառը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն է, այսինքն, վերջին հայ ազատագական պայքարը։ Ենթատեքստը այս տեքստն է դառնում. «Աւելի քան 30 տարի առաջ մենք պահանջեցինք Արցախը, ստացանք պարտութիւն ու աղէտ»։ Յակոբեանի առաջարկած այլընտրանքն է՝ արցախցիներ 100 տարի առաջ ձեր հայրենակիցները թուրք չդարձան, կոտորուեցին, նրանց օրինակին մի հետեւեք, ադրբեջանցի դարձէք, կամ էլ արտագաղթէք, ապրէք»։

Այս ենթատեքստի՝ Արցախից հրաժարուելու ենթատեքստի անունը Յակոբեանը դրել է հմայիչ հասկացութիւն՝ խաղաղութիւն: Նա ասում է.

«Կասկած չկայ, որ այսօր Հայաստանի գործող իշխանութիւնները ձգտում են խաղաղութեան հասնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ ներսից գիտեն, թէ ինչ հնարաւորութիւններ ունի 44-օրեայ պատերազմում պարտուած Հայաստանը, եւ էլ ինչ աղէտներ ու դժբախտութիւններ կարող են կրել Հայաստանն ու նրա ժողովուրդը: Կասկած չկայ նաեւ, որ ե՛ւ Սերժ Սարգսեանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարեանն ու ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն հողատու, դաւաճան ու կապիտուլեանտ են անուանելու Փաշինեանին, եթէ վերջինս ստիպուած լինի գնալ ամենավատ խաղաղութեան»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը ընտրութիւններից յետոյ տրուած հարցազրոյցում նկատում է.

«Մեր ժողովրդի մի հատուածը յարմարուել է պարտութեան հետ, այդ արժանապատիւ խաղաղութեան մէջ նոյնիսկ վտանգ են տեսնում, որ այս մարդիկ ինչ որ քայլեր են անելու արժանապատուութիւնը վերականգնելու համար եւ այդ քայլերը կարող են վտանգաւոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկիւնից։ Եւ ամենահետաքրքիրն այն է,  որ պատերազմի սարսրափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարսափի շահառուն է դարձել»։

Այո, քարոզչական հնարքները այնպիսի պարադոքս են ստեղծում, ուր խաղաղութեան մասին թմբկահարող Թաթուլ Յակոբեանը թիկունք է կանգնում պատերազմ ու արհաւիրք երկրի գլխին բերած ուժերին եւ վարկաբեկում, պատերազմի հրահրման մէջ մեղադրում նրանց, ովքեր այս կամ այն չափով,  20-25 տարի շարունակ խաղաղութիւն են ապահովել։

Պարադոքսը ցրւում է, երբ տակից դուրս է գալիս արտաքին քաղաքական շահերը։  Խորհդային միութեան փլուզումից յետոյ ԱՄՆ֊ն ծրագիր է իրանացնում տարածաշեւջանից Ռուսաստանը հեռացնելու համար Հայաստանը Թուրքիայի հետ մերձեցնել։ «Ալիք մեդիան» ամերիկեան ֆինանսաւորմամբ գործող այն ծրագրի մասն է, պրոպագանդում այն ուժերին, որոնք պատրաստ են հրաժարուելով հայ դատից ու Արցախի անկախութիւնից Թուրքիայի ու Ադրբեջանի տակ փռել Հայաստանը ու այսպիսով պոկել Ռուսաստանից ու Հարաւային Կովկասից հեռացնել ռուսական ռազմական ներկայութիւնը։

Թաթուլ Յակոբեանը երկու գիծն էլ տանում է: Հայ դատը փակում է՝ ցեղասպանութեան մեջ  մեղադրական եզրակացութիւն կարդալով հայ ազատագրական շարժումներին, Արցախի հարցում էլ մեղադրելով կրկին այն հայերին, ովքեր հետեւողականօրէն տարել են Արցախի ինքնորոշման գաղափարը։

Բացեք «Ալիք մեդիան», կը տեսնէք որ հրապարակումից հրապարակում մեղադրանք է գնում հայերի դէմ, որ տարածաշրջանում խանգարում են խաղաղութեան հաստատմանը. «Չաւարտուող պատերազմ», ուր ասւում է. «Մենք սնում ենք մեզ դարերի խորքից բերուած թշնամութեամբ ու շարունակում ենք մեզանից շատ ժամանակ առաջ սկսուած պատերազմը։ Կանգ առնել չենք ցանկանում։ Չենք ցանկանում վերաիմաստաւորել մեր անցեալը, դնել անհրաժեշտ վերջակէտը եւ նոր ու բոլորովին այլ ապագայ ուրուագծել։ Նոր տողից սկսել չենք ցանկանում։ Հետեւաբար օրինաչափ է մեր այս աղէտալի ընթացքը»։

Մենք֊ը ով է, ո՞ւմ անունից է «մենք» ասում, Արեւմտեան Հայաստանը որպէս հայրենիք կորցրած ցեղասպանութեան վերապրողների՞, Արցախցիների՞, ո՞ւմ։ Աշխարհի ամենամեծ ոճիրներից մէկն է հայերի նկատմամբ կատարուել՝ ամբողջ մի ժողովուրդ ու մշակոյթ բնաջնջել են՝ Արեւմտեան Հայաստանում, ապա շարունակել Արեւելեան Հայաստանում՝ Շուշիի, Պաքուի, Նախիջեւանի ջարդերը, եւ այս ամէնը թեթեւօրէն որակել դարերի խորքից եկած թշնամա՞նք։

Հեղինակը՝ Վարդան Յարութիւնեանը, Եւրոպան է օրինակ բերում, թէ ինչպէս են հակամարտութիւնները յաղթահարել եւ նախկին թշնամիները որպէս բարեկամ խաղաղ ապրում կողք կողքի, բայց «մոռանո՞ւմ» է արդեօք, որ Գերմանիան մինչեւ հիմա փոխհատուցում է իր կատարած ոճրի համար, գերմանացի կրտսեր սերնդի մէջ է մտել ամօթը իրենց պապերի կատարած ոճրագործութեան համար, իսկ թուրքն ու ադրբեջանցին ոչ միայն չեն ընդունում որ ոճրագործ են, այլեւ շարունակում են բնաջնջել էն ինչ մնացել է հայերից։

Այն տարածաշրջանում, ուր Թուրքիան պարբերաբար ներխուժում է իր հարեւան երկրների տարածքներ՝ Կիպրոսից սկսած Իրաքով ու Սիրիայով վերջացրած, զաւեշտալի կը լինէր պատերազմներ հրահրելու մեղադրանքները ծուարած փոքրիկ երկրի հանդէպ, այն էլ այդ երկրի քաղաքացիների բերանով, եթէ մէջը գլոբալ ծրագրի օղակը չլինէր։

Այդ օղակի միայն մի զնգոցն է «Ալիք մեդիան», այն զնգզնգում է բազում մեդիաներով ու կազմակերպութիւննրով՝ Ազատութիւն ռատիոկայան, medialab.am, factor.am, կուսակցութիւններ՝ Բեւեռ, ինքնիշխան Հայաստան, Հանրապետութիւն եւ այլն, եւ այլն, զնգզնգում է անընդհատ։

Այդ օղակի ծրագիրը ուղիղ զնգոցով արտայայտում է Սորոսի հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ, մշակութաբան Աղասի Թադեւոսեանի խօսքը. «Շատ կ՚ուզէի ինչ որ մի հրաշքով Ռուսաստանը ռադը քաշէր մեր ռեգիոնից ու մտնէինք եւրոպական գործընկերութեան միջավայր։ Ես եւրոպամէտ եմ ու վստահ եմ, որ քանի Ռուսաստանը այստեղ ուժեղ է, չարիքը միշտ կախուած է լինելու մեր գլխին։

Յ.Գ. Էսօր մօտս հակառուսական օր ա։ Զզւում եմ էդ մեծապետական գարշանքից՝ իր փտած քաղաքական էլիտայից ու չմո պրոպագանդիստներից»։

Մինչեւ վերջ անկեղծութեան համար Թադեւոսեանին մի նախադասութիւն է պակասում որ նրա երազած այդ «եւրոպական գործընկերութեան միջավայրը», Հայաստանի Արեւմուտքը Թուրքիան է։

Հայաստանը դեռեւս կուլ չի գնացել արեւմտեան նախագծին, դեռեւս  երկընտրանքի առաջ է՝ մի կողմում գաղափարախօսութիւն՝ ազգերի ինքնորոշման գաղափար ի դէմս Արցախի ժողովրդի ինքնորոշման, արդարութեան հաստատում ի դէմս հայ դատի ճանաչման, միւս կողմում գաղափարազուրկ սպառողական հասարակութիւն։

Լաւ, ասենք՝ յանուն խաղաղութեան թող լինի թուրքի հետ քիրվայացած այդ սպառողական հասարակութիւնը։ Բայց արդեօ՞ք Թադեւոսեանի «երազանքը» իրականանայ, «Ռուսաստանը ռադը քաշի», Հարաւային Կովկասում խաղաղութիւն կը հաստատուի։

Կրկին վերացարկուելով Հայաստանի տարածքից, աշխարհի համայնապատկերին նայելով տեսնում ենք, որ այնտեղ ուր Հայաստանն է՝ Միջին Արեւելքի հարեւանութեամբ, եռում է կրօնական, էթնիկական, ազգային հակասութիւններից, որ այդ հակասութիւնների մեջ ՆԱՏՕ֊ի միջամտութիւնները մեծ աղէտների են յանգեցրել ինչպէս Իրաքում, Սիրիայում, Լիպիայում, Աֆղանստանում։ Որ ՆԱՏՕ֊ի ամէն խառնակչութիւն մի նոր հրէշ է ծնում՝ ինչպէս Ալ քայիդան, Թալիպանը, ՏԱԷՇ֊ն են։ Որ ՆԱՏՕ֊ն օղակը սեղմելով ի վերջոյ կարող է Ռուսաստանին ստիպել նահանջել եւ իր սահմաններում ամուր դիմադրութիւն ստեղծել։ Եւ որ Հայաստանը հրաժարուելով իր անվտանգութեան համակարգից ու ծառայելով ՆԱՏՕ֊ի նպատակներին ուղղակիօրէն իրեն կը յանձնի տարաբնոյթ հրէշների երախը։

Վահան Իշխանեան  

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.