Համազգային հանրահաւաք՝ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում

 

Մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ապազգային իշխանութիւնների հեռացման, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները հայկական պահելու պահանջով «Դիմադրութեան» շարժման համազգային հանրահաւաքը։

Հանրահաւաքին էին միացել Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջեւանից, Տիգրանաշէնից, Սարդարապատից ու Ապարանից շարժուող քայլերթերի անդամներ, ՀՀ բոլոր մարզերից բազմահազար քաղաքացիներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, տարբեր նախաձեռնութիւններ, կազմակերպութիւններ։

Հանրահաւաքին ներկայ էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համազգային հանրահաւաքին բոլորը 1 րոպէ լռութեամբ յարգեցին 44-օրեայ Արցախեան պատերազմում զոհուածների յիշատակը։

Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մեր ժողովրդի զարթօնքի օրն է, մայիսի 1-ը արդէն մեր միասնականութեան, համախմբվածութեան, մեր մէջքը ուղղելու եւ վերջնական յաղթանակի գնալու սկիզբն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրութիւն» շարժման համազգային հանրահաւաքի մեկնարկին։

«Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, գլխաւոր եւ ամենակարեւոր հարցը, որի համար հաւաքուել ենք եւ առաջիկայ օրերին գործ ունենք սա է․ անցնող օրերին եւ այսօր վերջնականօրէն լուծեցինք այն հարցը, որ օրուայ իշխանութիւնը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու, հիմա էլ պէտք է լուծենք յաջորդ կարեւոր հարցը՝ պէտք է ցոյց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաեւ իշխանութիւն։ Շատ կարճ ժամանակուայ մէջ մենք պէտք է կապիտուլեանտին ենթարկենք կապիտուլեացիայի․ սա է մեր առջեւ դրուած խնդիրը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Իշխան Սաղաթելեանի ելոյթից յետոյ հրապարակում հանրահաւաքի մասնակիցները միասնական երգեցին «Զարթնիր, լաօ»-ն։

Հանրահաւաքին ելոյթներով հանդէս եկան ԱԺ պատգամաւորներ Սսպրամ Կրպէեանը, Արթուր Խաչատրեանը, Գեղամ Մանուկեանը, Հայկ Մամիջանեանը, Արամ Վարդեւանեանը, Արթուր Վանեցեանը։

Հրապարակում հաւաքուած հազարաւոր քաղաքացիներ վանկարկում էին «Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի»։

Հանրահաւաքի աւարտին Իշխան Սաղաթելեանը յայտարարեց․ «Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանութիւնը ժողովուրդն է։ Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, քիչ յետոյ կը տեղադրենք վրաններ, եւ համապատասխան միջոցներ, որպէսզի գիշերը կարողանանք այստեղ անցկացնել»։

«Վաղը առաւօտուանից էլ դասադուլ եւ անհնազանդութեան ակցիաներ կ’անցկացնենք, իւրաքանչիւրդ փակէք ձեր բակի, գիւղի փողոցը, ցոյց տուէք, որ սրանք իշխանութիւն չունեն»,-ասաց նա:

Աւելի ուշ՝ 8:15 հանրահաւաքի մասնակիցներին Սաղաթելեանը կրկին հրաւիրեց Ֆրանսիայի հրապարակ:

Հանրահաւաքի մասնակիցները սկսեցին նստարաններով եւ աղբամաներով փակել Ֆրանսիայի հրապարակին կից փողոցները:

Նշենք, որ բազմաթիւ ոստիկաններ էին բերուել Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքացիները բռունցքները վեր պահած վանկարկում էին՝ «Նիկոլ, դաւաճան», «Ամօթ»։

Իր եզրափակիչ խօսքում Իշխան Սաղաթելեանը եւս մէկ անգամ յիշեցրեց, որ այս գիշեր հանրահաւաքի մասնակիցները՝ այդ թւում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորներն ու խմբակցութիւնների ղեկավարները մնում են հրապարակում, իսկ առաւօտեան սկսւում է զանգուածային անհնազանդութեան գործողութիւններ Երեւանի կենտրոնն ամբողջութեամբ կաթուածահար անելու նպատակով։

Սաղաթելեանը նշեց, որ Սփիւռքի բազմաթիւ գաղթօջախներ միացել են «Դիմադրութիւն» շարժմանը․ «Առաջիկայ օրերին աշխարհի բազմաթիւ քաղաքներում տեղի կ’ունենան երթեր, ցոյցեր ի զորակցում մեզ, ի հեռացում այս սրիկաների։ Հայ ժողովուրդը միասնական է՝ Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեամբ»,-ասաց նա։

Leave a Comment

You must be logged in to post a comment.