Հաղորդագրութիւն ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների խորհրդաժողովի աշխատանքների մասին

 

Սոյն թուականի նոյեմբերի 29 – դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարուեց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցել են Հայ դատի աւելի քան 20 յանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի մասնակիցները լսեցին զեկուցումներ՝

ա) ՀՅԴ Բիւրոյի և Հայաստանի գերագոյն մարմնի կողմից՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրների, ՀՀ ներքաղաքական իրավիճակի և 2020թ. 44-օրեայ պատերազմի ընթացքում ու այնուհետեւ ՀՅԴ Հայ դատի համակարգի աշխատանքների մասին,

բ) ոլորտային փորձագէտների կողմից ներկայացուած՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին ու ներքին ճակատներում քայլերի ու զարգացումների վերաբերեալ, ինչպէս նաեւ՝

գ) Արցախի Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնեաների կողմից (Արտաքին գործերի նախարար, Մարդու իրաւունքների պաշտպան, Անվտանգութեան խորհուրդի քարտուղար)՝ համապատասխան ոլորտների վերաբերեալ։

Խորհրդաժողովի մասնակիցները Երեւանում այցելեցին Եռաբլուր, իսկ Ստեփանակերտում՝ Եղբայրական գերեզմանատուն-յուշահամալիր, որտեղ յարգանքի տուրք մատուցեցին արցախեան բոլոր մարտերում և ՀՀ սահմանների պաշտպանութեան ժամանակ զոհուածների յիշատակին։ Նրանք ծաղկամատոյցով յարգեցին նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի յիշատակը։

Խորհրդաժողովը քննութեան է առել Հայ դատի համաշխարհային ցանցի գործունէությունը բոլոր ուղղութիւններով՝ սկսած 2020թ․ փետրուարին կայացած նախորդ խորհրդաժողովից։ Հայ ժողովրդի նկատմամբ նախորդ տարի սանձազերծուած ադրբեջանաթուրքական ագրեսիային և դրա հետևանքով ստեղծուած նոր իրավիճակին համապատասխան՝ խորհրդաժողովը կատարեց անհրաժեշտ աշխատակարգային և մարտավարական ճշգրտումներ, յստակեցրեց գործողութիւնների ծրագիրը՝ միտուած աւելի ընդարձակելու Հայ դատի գործունէութեան շրջանակը և ճշգրտելու թիրախները։ Յատուկ ուշադրութիւն է դարձուել Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների կարողականութիւնների զարգացմանը՝ ցանցային գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացման համատեքստում։

Քննարկումների արդիւնքում խորհրդաժողովն արձանագրեց

  1. Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները քայլ անգամ չեն նահանջելու հայութեան շահերի պաշտպանութեան դիրքերից և աւելեալ թափով լծուելու են նոր նախաձեռնութիւնների կենսագործմանը, որոնք նպատակ են ունենալու նպաստել Հայաստանի անվտանգութեան, ժողովրդագրութեան բարելաւմանը, տնտեսական զարգացման և ժողովրդավարական խնդիրների լուծմանը:
  2. Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ուժեղացումը պայմանաւորուած է արտաքին քաղաքականութեան հաւասարակշռմամբ և բովանդակային յագեցուածութեամբ։ Հայաստանը պէտք է վստահելի գործընկեր հանդիսանայ և քաղաքական որոշակի օրակարգ ունենայ ինչպէս ռազմավարական դաշնակցի, այնպէս էլ ռազմավարական գործընկերների և առհասարակ բարեկամ պետութիւնների հետ:
  3. Արցախեան հիմնախնդրի վերջնական ու համապարփակ լուծումը հնարաւոր է միջազգային իրաւունքով սահմանուած կարգով՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի լիակատար իրացման հնարաւորութեան վերականգնման և ճանաչման, ինչպէս նաև Արցախի Հանրապետութեան բռնազաւթուած տարածքների տէօկուպացիայի պարագայում։ Արցախի Հանրապետութիւնը մինչեւ իր անկախութեան լիարժէք ճանաչումը պէտք է ունենայ միջազգայնօրէն երաշխաւորուած անվտանգութիւն և Հայաստանի Հանրապետութեան հետ անխափան ցամաքային կապ։ Արցախի կարգավիճակի ճշտման համար պէտք է վերաշխուժանան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութեան միջնորդութեամբ բանակցութիւնները:
  4. Հայ դատի յանձնախմբերը, Վաշինգտոնում գրանցուած «Հայկական իրաւական կենտրոնի» հետ, շարունակելու են միջազգային դատական գործընթացներում հետապնդել հայ ռազմագերիների խնդիրը՝ Ադրբեջանի դէմ ներկայացնելով բազմաբնոյթ դատական գործեր, որոնք վերաբերում են նաև մարդկութեան դէմ ուղղուած պատերազմական յանցագործութիւններին:
  5. Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները հետևողական աշխատանք են տանելու Արցախի, ներառեալ ներկայում ադրբեջանական բռնագրաւման տակ գտնուող նրա հատուածներում, հայկական մշակութային ժառանգութեան և դրա հայկական պատկանելութեան պահպանման ուղղութեամբ՝ աշխատելով խնդրով մտահոգ պետութիւնների, միջազգային մշակութային և կրօնական կազմակերպութիւնների հետ:
  6. Շարունակուելու է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման գործընթացը։ Հայոց ցեղասպանութեան դատապարտումն ու հետևանքների հնարաւորինս յաղթահարումը պէտք է ամրապնդուի որպէս միջազգային խնդիր՝ մարդկութեան նկատմամբ հետագայ ցեղասպան գործողութիւնների կանխման համատեքստում:
  7. Թուրքիայի ներկայ պահուածքը և ագրեսիւ քաղաքական վարքը պէտք է ուշադրութեան արժանանայ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհդրի կողմից՝ իբրև գլոբալ սպառնալիք։ Թուրքիան, իր պանթուրքական անթաքոյց նկրտումներով, վեր է ածուել միջազգային յարաբերութիւնները կազմաքանդող և իրեն հարակից գրեթէ բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող գործօնի։ Արցախեան 44-օրեայ պատերազմի հրահրմամբ, ապա դրանում ուղղակի ներգրաւմամբ՝ Թուրքիան, ըստ էութեան, իրեն դուրս է դրել միջազգային յարաբերութիւնների իրաւակարգաւորման տիրոյթից:
  8. Թուրքիայի ներկայ սանձարձակ պահուածքը խթանող գործօններից մէկն էլ այդ պետութեան նախկին ու ներկայ բռնութիւնների և ոճրագործութիւնների, այդ թւում Հայոց ցեղասպանութեան համար միջազգային պատասխանատուութեան չենթարկուելու հետևանք է:
  9. Հայաստանի իշխանութիւններին շարունակելու ենք խստօրէն յորդորել և զգուշացնել՝ Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխօսութեան պարագայում կասկածի չեն կարող ենթարկուել մեր հայրենիքի գերիշխանութիւնը, հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքներն ու արժանապատուութիւնը.
  10. Հայաստանի ներկա իշխանութիւնների քաղաքական վարքը, այդ թւում Թուրքիային և Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչուող տարերային յայտարարութիւնները, ինչպէս նաև Արցախեան հիմնախնդրում անյստակութիւնը ոչ միայն հարուածում են հայոց պետականութեան անվտանգութեանն ու ազգային-պետական շահերին, այլեւ խոչընդոտում են Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների գործունէութեանը վերոյիշեալ ուղղութիւններով:
  11. Քննարկելով Մերձաւոր Արևելքի երկրներում ստեղծուած տագնապալի կացութիւնը՝ Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակելու են յատուկ ուշադրութեան տակ պահել Մերձաւոր Արևելքի, յատկապէս Սիրիայի և Լիբանանի հայահոծ համայնքների խնդիրներն ու ապահովել համապատասխան օժանդակութիւն միջազգային աղբիւրներից:
  12. Անկախ Հայաստանում ստեղծուած ներքաղաքական իրավիճակից՝ Հայ դատի յանձնախմբերն աշխատանքները վերաշխուժացնելու են նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղութեամբ:
  13. Շարունակելու ենք մղել հայ երիտասարդութեանը որպէսզի հայրենիքի, թէ սփիւռքի պարագայում մասնակցեն իրենց ապրած երկրների քաղաքական կեանքին:
  14. Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակաբար արդիականացնելու են իրենց գործելաոճը և ընդարձակելու են սոցիալական ցանցերում իրենց գործուն ներկայութիւնը՝ որդեգրելով ժամանակակից արդիական միջոցներ:
  15. ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակը շարունակելու է հանրութեանը իրազեկել ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների գործունէութեան հիմնական ուղղութիւնների և յընթացս զարգացումների վերաբերեալ։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ

06.12․ 2021 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.