Հակադաշնակցութիւն հուժկու գրոհների մերօրեայ անճարակութիւնը…

Դերենիկ Մելիքեան

Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը։ Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ պատմական «օրինաչափական» հիմունքներով՝ թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից։

Պարզ է չէ՞, եւ միաժամանակ փաստ, որ Արցախեան դաւադիր պատերազմից ի վեր ձեւաւորուած թուրք-ադրբեջանական պիղծ դաշինքը հետեւողականօրէն թիրախաւորում է Հայաստանի ընդդիմութեանը՝ ներքին, իսկ Սփիւռքեան ազգային ուժերին՝ արտաքին ճակատներում, որոնց էլ համարում է հայ-թուրքա-ադրբեջանական խաղաղ գոյակցութեան ու միմեանց միջեւ հաշտութեան ցանկալի պայմանագիրը կնքելու խանգարիչ-ռեւանշիստներ։

Եւ ի՞նչ ունեցանք ու ինչի՞ ականատեսը եղանք նոյն ամիսների ընթացքում: Զորօրինակ՝ պատերազմը տանուլ տուած իշխանութեան կողմից

ա- Ընդդիմութեան շարժման դէմ աննախադէպ բիրտ ուժի կիրառում,

բ- Շարժման գործիչների, որպէս քաղբանտարկեալներ, կալանաւորում,

գ- Ընդդիմադիր ԶԼՄ-ների ու քարոզչական միջոցների դէմ քրէական գործերի յարուցում, հակաիշխանական ուժերի միջեւ պառակտման սերմանում,

դ- Միաժամանակ Սփիւռքեան համայնքներում փաշինեանամէտ (աւելի ճիշտ հակադաշնակցական բարդոյթներով տառապողներ) ապազգային շերտերի ակտիւացումը՝ «ֆէյսբուք»-ային տեռորների, լուտանքների ու հայհոյանքների տեխնոլոգիայի կիրառմամբ,

ե- Եւ վերջին օրինակներով ամենազաւեշտալի հակադաշնակցականութիւնը՝ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի Հայրենիք մուտքի արգելումը…, նոյնը՝ ՀՅԴ Երիտասարդական կառոյցների նկատմամբ…

Սակայն, ի տես թուրքական ճամբարի հակահայկական ու հակահայաստան կեցուացքի անբաւարարուածութեան, տեսնում ենք նաեւ հէնց օրերս թուրք ադրբեջանական դաշինքի լկտի, ու փաշինեանական իշխանութեան կողմից անպատասխան մնացող կեցուացքներ, որոնք դարձեալ փաշինեանական իշխանախմբից պահանջում են՝ ռեւանշիստների ու ազգային ուժերի դէմ ճնշումը սաստկացնել, այլապէս, ուղղակիօրէն սպառնում են, որ իրենք ՀՀ-ի դէմ «կը պաշտպանուեն» զինուորական ուժի կիրառմամբ:

Ահա, այս օրի են հասցրել Մեր Երկիր-Հայրենին, որի վերջնարդիւնքն թուրքա-ադրբեջանական նպատակներում՝ Հայաստանն ու Հայութեանն լաւագոյն դէպքում թուրքական ծայրագոյն արեւելեան մի վիլայէթ դարձնելն է, կամ էլ՝ ինչպէս կրտսեր թուրքն է ասում՝ արեւմտեան ադրբեջանի ազատագրուած տարածքի վերածելը…:

….Թէեւ ցաւոտ ու ժամանակաւորապէս նահանջ պարտադրող, բայցեւ այնպէս ի զուր են լինելու նոյնիսկ համաթուրանական, համացանցային արտաքին ու թուլամորթ-անհայրենիք ներքին դաւադիրների ընդհանրապէս հակազգային եւ մասնաւորապէս հակա-ՀՅԴ-ական անճարակ ու խելակորոյս գրոհները, քանզի դրանք բոլորը փշրուելու են օրէօր արթնացող հայ ժողովրդի եւ նրա իրական ու հարազատ զաւակների դեռ գալիք զոհողութիւնների շնորհիւ, յար եւ նման պատմական անբեկանելի բազմաթիւ օրինաչափութիւնների…

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.