Կռուող տղաները չեն պարտուել, նրանք արել են անհնարինը՝ հայրենիքը պաշտպանելու համար. Շուշեցի զինծառայող

Շուշեցի զինծառաղ Արայիկի ընտանիքն այժմ ապրում է Երևանում՝ վարձով․ ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի, իսկ վիրաւորում ստացած Արայիկն անաշխատունակ է

Շուշեցի պայմանագրային զինծառայող Արայիկ Գաբրիէլեանը, որը 2016 թուականից սկսած՝ ծառայել է Ասկերանում, յիշում է այն չարաբաստիկ օրը, երբ սկսուեց պատերազմը։

Արայիկը երկու զաւակ ունի՝ 3-ամեայ Տիգրանը և 2-ամեայ Գաբրիէլան։ Արայիկի դուստրը սեպտեմբերի 27-ին դարձել է 2 տարեկան, հենց նրա ծննդեան օրն էլ սկսուել է չարաբաստիկ պատերազմը։ Դրանից յետոյ Արայիկի կինն ու երկու մանկահասակ երեխաները մտել են նկուղ, որպէսզի հնարաւորինս պաշտպանուած լինեն, իսկ Արայիկը հագել է զինուորական համազգեստն ու մեկնել ռազմադաշտ։

«Պատերազմ ինձ շատ է փոխել․ հիմա աւելի եմ հասունացել, կեանքին ուրիշ աչքերով եմ նայում», — «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում ասում է Արայիկը, որը մասնակցել է նաև Ապրիլեան պատերազմին, և փաստում է՝ այս պատերազմի արհաւիրքն ուղղակի համեմատելի չէր Ապրիլեան պատերազմի հետ․ այս պատերազմը է՛լ աւելի սարսափելի էր՝ իր թողած հետքերով, վէրքերով ու կորստի մորմոքով․․․

Արայիկն ասում է՝ մարտական գործողութիւնների ընթացքում տղաներն իրար կէս խօսքից կամ նոյնիսկ առանց խօսքերի հասկանում էին։ Բոլորը սիրում էին իրար․ մէկը միւսի համար կեանքը կը տար, չէր խնայի։

«Պատերազմի թէժ պահերին դասակիս հրամանատարը՝ Նիկոլայ Զաքարեանը, զէնք էր հասցնում, որ մենք կրակենք։ Նա լաւ մարդ է ու լաւ հրամանատար։ Զէնքը վազելով բերում էր, ես կրակում էի․ այդ օրերին մեծ ու փոքր, պաշտօնով բարձր ու ցածր չկար։ Ռազմադաշտում բոլորը հաւասարապէս հոգում էին միմեանց մասին, ով ում ինչով կարող էր, օգնում էր», — ասում է Արայիկն ու շեշտում՝ ինքն իրեն պարտուած չի համարում, ոչ էլ միւս քաջերին էլ պարտուած չի համարում։ Ասում է՝ չի ուզում քաղաքական գնահատականներ տալ, մեղաւորներ փնտռել, բայց մի բան հաստատ է՝ ռազմադաշտում կռուող տղաները չեն պարտուել, քանի որ նրանք արել են հնարաւորն ու անհնարինը՝ հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար։

Արայիկը վիրաւորում է ստացել նոյեմբերի 4-ի առաւօտեան, վնասուել է նրա ոտքը։ Այս օրերին նա վերականգնողական բուժում է ստանում Երևանում։ Նա իր ընտանիքի հետ վարձով է բնակւում Երևանում։ Սոցիալական խնդիրները ծառացել են այս ընտանիքի առաջ։ Արայիկն ասում է՝ սկզբում կաշկանդւում էր, երբ իրեն օգնում էին մարդիկ, քանի որ Շուշիում ապրելիս նա և իր կինը՝ Իլոնան, աշխատել են, արդար քրտինքով գումար վաստակել ու երբեք ուրիշի օգնութեանը չեն սպասել, բայց հիմա օգնութեան կարիք ունեն ու ճնշւում են այդ փաստից, և այդուհանդերձ, Արայիկը նշում է՝ անկախ այս ամէնից՝ միևնոյն ժամանակ հոգու խորքում հպարտ է, որ հայ ազգն այսքան միասնական է, որ շատերը փորձում են օգնութեան ձեռք մեկնել նեղութեան մէջ յայտնուած հայրենակիցներին։

Արայիկի կինը՝ Իլոնան աշխատել է Շուշիի Մկրտիչ Խանդամիրեանի անուան թատրոնում, մինչ այդ 8 տարի աշխատել է Շուշիում գտնուող ճամբարում, որը կազմակերպում էին գանատահայ Հայդուկ և Այտա Շամլեանները, որոնք ամէն տարի Գանատայից ժամանում էին Շուշի, ճամբար կազմակերպում արցախցի փոքրիկների համար, նրանց համար նուէրներ տանում Գանատայից․․․

Արայիկն էլ պայմանագրային զինծառայող է եղել ու իր աշխատավարձը խնայել։ Ամուսիններն իրենց վաստակած գումարը հիմնականում ծախսել են տունը շէնացնելու վրայ․ նախ, հարազատ Շուշիում տուն կառուցել, ապա՝ կահաւորել, նորոգել։ Ամուսիններն ասում են՝ մինչև հիմա չեն կարողանում հաւատալ, որ թշնամին գրաւել է իրենց տունը, չեն կարողանում հաւատալ, որ այսօր աշխատանք չունեն ու սոցիալական, ֆինանսական խնդիրներ ունեն։ Արայիկն ու Իլոնան յոյս ունեն, որ կը գտնուեն բարերարներ, որնք կարող են օգնել իրենց կեանքի այս դժուարին օրերին, մինչև մի լոյս բացուի, մինչև Արայիկն աւարտի վերականգնողական բուժումն ու նա աշխատանքի անցնի, իր ընտանիքի բոլոր սոցիալական ու ֆինանսական խնդիրները լուծի։

Զրոյցի ընթացքում Արայիկը յիշում է պատերազմի ընթացքում իր մէջ տպաւորուած ամենասարսափելի, բայց և երջանիկ պահերից մէկը․ մարտական գործողութիւնների ընթացքում նրա ձեռքից փամփուշը վայր է ընկել։ Նա կռացել է՝ այն վերցնելու և հենց այդ պահին նրա գլխավերևով անցել է թշնամու արձակած փամփուշտը։

«Եթե չլինէր այս փամփուշտը, եթէ այն ձեռքիցս չընկնէր ու չկռանայի վերցնելու, ես հիմա ողջ չէի լինի», – ասում է Արայիկը և ցոյց տալիս թանկագին փամփուշտը։

Արայիկը սիրում է քանդակել ու նկարել․ նա թանկագին փամփուշտի վրայ խաչ է քանդակել և որպէս մասունք պահում է տան մի անկիւնում։

«Հորիզոն»-ի թղթակցին իրենց ջերմ օճախում սիրով ընդունած ընտանիքը՝ այդ թւում Արայիկի փոքրիկները՝ 4-ամեայ Տիգրանն ու 2-ամեայ Գաբրիէլան յոյս ունեն՝ դեռ վերադառնալու են Շուշի, և իրենց հիւրերին հիւրընկալելու են Շուշիում գտնուող՝ իրենց հարազատ տանը։
Արայիկի որդին՝ 3-ամեայ Տիգրանն ասում է՝ շուտով գնալու է Շուշի՝ թուրքերին իրենց տնից վռնտելու։ Տիգրանն ասում է՝ կարօտել է իրենց տունը, իրենց բակը, իր սենեակը։ Արայիկը պատմում է՝ իր դուստրը՝ փոքրիկ Գաբրէլան էլ առաւօտեան արթնանալուց յետոյ երբեմն մայրիկին ասում է․ «Արի գնանք հաւերին կերակրենք», բայց յետոյ շուարած շուրջն է նայում ու հասկանում՝ ո՛չ իրենց տունը կայ, ո՛չ բակը, , ո՛չ էլ հաւերը կան ․․․
Արայիկի կինը՝ Իլոնան ասում է՝ պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին իրենք անսպասելիորեն լքել են իրենց տունը, և ոչինչ չեն հասցրել վերցնել։ Թշնամու հրետակոծութիւնների ներքոյ մի կերպ դուրս են եկել Շուշիից, և մինչև օրս փոքրիկները երբեմն քնից միանգամից արթնանում են, վեր են թռչում, փոքրիկ աղմուկից անգամ վախենում, մտածում են՝ դարձեալ թշնամիները ռումբերով ու զէնքերով եկել են․․․

Արայիկն ու Իլոնան ասում են՝ զրուցում են փոքրիկների հետ, յոյս տալիս նրանց՝ փորձելով օգնել հոգեբանօրէն յաղթահարել պատերազմի թողած սարսափելի հետքերը։ Ամուսինները հաւատում են, որ պատմական արդարութիւնը վերականգնվելու է և իրենք վերադառնալու են Շուշի։

«Ես չեմ համակերպւում այն մտքին, որ թշնամին զաւթել է մեր Շուշին, և ինձ միշտ թւում է՝ երբ վերականգնողական բուժումս աւարտվի, ես ընտանիքիս հետ վերադառնալու եմ Շուշի։ Չի կարող ամէն ինչ այսպէս աւարտուել։ Պէտք է միասնական ու ուժեղ լինենք, և մեր Շուշին դարձեալ մերն է լինելու․ ես այդպէս եմ մտածում և այդպէս եմ զգում», — եզրափակում է Արայիկը։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.