«Կոչ ենք անում բոլորին ցուցաբերել միմեանց նկատմամբ հանդուրժողականութիւն». Դաւիթ Իշխանեան

Արցախի Հանրապետութեան (ԱՀ) Ազգային Ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեան ստորեւ ներկայացուած յայտարարութեամբ ելոյթ ունեցաւ մայիս 30-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին:

«Հարգելի գործընկերներ,

սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում հանրութեան մօտ առկայ մտահոգութիւնների շարքը «համալրուեց» մեր միասնականութեան նկատմամբ աստիճանաբար խորացող անվստահութեան բաղադրիչներով:

Միասնականութիւն, որ եղել է, կայ ու կը մնայ որպէս մեր յաջողութիւնների ու յաղթանակների հիմնական գրաւականը, մեր պետական համակարգի ամրութեան հիմքը, համազգային համերաշխութեան ու ազգային-ազատագրական պայքարի փիլիսոփայութիւնը, հայութեան բոլոր հատուածների ամուր շաղախը: Միասնութիւն, որով պայմանաւորուած է ոչ միայն այսօրը, ներկան, ալյև ապագան:

Անցած տասնամեակներում մենք ականատեսն էինք մեր համազգային միասնութեան դէմ ուղղորդուած և խաթարող տարբեր գործընթացների: Մենք բազմիցս ենք բարձրաձայնել, մեր զգօնութիւնն ի ցոյց դրել բոլոր այն ուժերին ու կեդրոններին, որոնց քայլերը կանխատեսելի ու մօտ էին յաջողութիւնների:

Տարբեր դրսևորումներ ունեցող քայլերը համեմուած են հասարակութեանը ապակողմնորոշող և նրա զգօնութիւնը թուլացնող իւրօրինակ բացատրութիւններով ու մեկնաբանութիւններով:

ՀՅ Դաշնակցութեան գործունէութիւնը միշտ էլ խոչընդոտ է եղել այդ «սև գործը» կատարող քաղաքական կեդրոնների և ուժերի համար:

Վերջին շրջանում ի յայտ է եկել յատուկ մարտավարութեան՝ առանձին քաղաքական ու պետական գործիչների թիրախաւորման և արժեզրկման քաղաքականութիւն, արհեստական օրակարգերի ձևակերպումներով: Դրա ականատեսն ենք լինում թէ՛ ՀՀ-ում և թէ՛ Արցախի Հանրապետութիւնում:

Պատմութիւնը լուրջ և ծանրակշիռ դասեր է տուել մեզ: Պատմութիւնը կրկնուելու օրինաչափութիւն ունի: Զգօնութեան և գիտակցականութեան համադրումը առաւել խիստ անհրաժեշտութիւն է այս օրերին: Ազգային դիմադրողականութեան թուլացումը լուրջ վտանգ է արտաքին մարտահրաւէրները յաղթահարելու մեր ունակութեանը: Հատուածականութիւնը մեր արտաքին թշնամուց աւելի զօրեղ է:

Այս յայտարարութիւնը հնչեցնում ենք հենց այս օրերին, երբ ողջ հայութիւնը անցած ամսուայ ընթացքում տօնում էր միասնական ջանքերով ու զոհողութիւններով ձեռք բերուած մայիսեան յաղթանակները՝ Սարդարապատից ու Բաշ-Ապարանից մինչև Արցախ, Շուշի:

Յանուն մեր նոր յաղթանակների ու պետականութեան յարատևութեան՝ կոչ ենք անում բոլորին ցուցաբերել միմեանց նկատմամբ հանդուրժողականութիւն ու գիտակցուած քաղաքական գործունէութիւն:

Այսօր մեծ գոհունակութեամբ պէտք է նկատենք, որ մեր հանրութիւնը, ժողովրդի տարբեր շերտերը իրենց զուսպ կեցուածքով և ողջամտութեամբ քաղաքական ուժերին ու գործիչներին դրդում են վեր կանգնել անձնական ու կուսակցական շահախնդիր մօտեցումներից և համատեղ ուժերով կերտել Միացեալ, Ազատ ու Անկախ Հայաստանի ապագան»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.