Կը ձգտեն հայաթափել տարածաշրջանը. Փաշինեանը Հայաստանը կը դարձնի Թուրքիայի դաշնակիցը Ռուսաստանի դէմ. Սերգէյ Մելքոնեան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազօտական կեդրոնի փորձագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու, միջազգայնագէտ, իսրայէլագէտ Սերգէյ Մելքոնեանն էր։

Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.

Նիկոլ Փաշինեանի «Խաղաղութեան խաչմերուկ» ձեւակերպման երկու բաղադրիչներն էլ կեղծ են․ նախ՝ Ատրպէյճանն ու Թուրքիան պատրաստ չեն խաղաղութեան, ոչ մի պայմանագիր էլ չեն ուզում կնքել։ Բացի դրանից, որեւէ խաչմերուկի մասին այստեղ խօսք չկայ, որովհետեւ Շուշիի հռչակագրում գրուած է՝ Ատրպէյճանն ու Թուրքիան միմիանց հետ պէտք է կապ ունենան Պաքու-Նախիջեւան-Կարս երկաթուղով։ Նախիջեւանն ու Ատրպէյճանն են դառնալու խաչմերուկ, ոչ թէ Հայաստանը։ Հայաստանը պատրաստ է ներկայանալ Թուրքիայի ազդեցութեան գօտու մաս։

Փաշինեանը ճիշդ էր ասում ՀՀ քաղաքացուն՝ դուք չէք որոշելու՝ թուրքը որտեղ կանգնի, որովհետեւ, ինչպէս տեսնում ենք, Ատրպէյճանն ու Թուրքիան են որոշում դա մեր փոխարէն։

Մեզ ձեռնտու է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղին, բայց դրա մասին ոչ ոք չի խօսում։

Հայաստանը Կրանատայի փաստաթղթով ընդունել է, որ առնուազն Տաւուշի եւ Արարատի որոշ տարածքներ ատրպէյճանական են, հետեւաբար՝ Ալիեւը դրա համար էր ասում, որ իրենք աւտոմեքենայով են գալու Հայաստան, ոչ թէ տանկերով։

Ես չգիտեմ՝ ինչպէս ենք մենք վերահսկելու այդ ճանապարհները, երբ թուրքական բեռնատարներն անցնեն, կամ երբ որեւէ միջադէպ գրանցուի։

Հայաստանը սկսում է ծառայել թուրքական պլոպալ քաղաքական պրոյէկտին, որպէսզի Թուրքիան կարողանայ հասնել մինչեւ Միջին Ասիա։ Երկու նախագծերի պայքար կայ. մէկը՝ հորիզոնական, որով նպատակ կայ Իրանը կտրել Ռուսաստանից, միւսը՝ ուղղահայեաց՝ Հիւսիս-Հարաւ նախագիծը։ Հայաստանը փաստացի ուզում է դառնալ հորիզոնական նախագծի մաս։

Հիւսիս-Հարաւ նախագծին անդամակցելուց հրաժարուելով՝ Հայաստանը զրկւում է Իրանի եւ Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցութիւնից ու դրանից ստացուող շահերից։

Հայաստանն իր օրակարգը չունի եւ փորձում է յարմարուել որեւէ օրակարգի, տուեալ դէպքում՝ մեզ համար ոչ ձեռնտու նախագծին։

Այստեղ որեւէ տնտեսական բաղադրիչ չկայ, Զանգեզուրի միջանցքը, ինչպէս արդէն ասել է Էրտողանը, քաղաքական նախագիծ է։ Իրանը շատ լաւ հասկանում է, որ դա ուղղուած է իր դէմ։

Զանգեզուրի միջանցք եւ մնացած նախագծերը նպատակ չեն, այլ միջոց են տարածաշրջանը հայաթափելու համար։ Նախ կը հայաթափեն Սիւնիքը, յետոյ կը հասնեն մինչեւ Երեւան։

Ես չգիտեմ՝ ինչ կ’անի Փաշինեանը, բայց առնուազն 3 խոստում Ատրպէյճանին տրուել է՝ Հայաստանը կը տայ միջանցք, անկլաւները ու Հայաստանում կը վերաբնակեցնի Ատրպէյճանցի, այսպէս կոչուած, փախստականներին։ Կիրականանա՞ն Փաշինեանի այդ խոստումները, թէ՞ ոչ, կախուած է մեզնից՝ հայ ժողովրդից։

Թուրքիան ու Ատրպէյճանը հիմա Հայաստանից կը պահանջեն ներքին օրէնսդրութեան փոփոխութիւն՝ ՀՀ Սահմանադրութիւն եւ այլն, որպէսզի իր ստացածի իրաւական հիմքերը պինդ լինեն։

Ալիեւը դասական առեւտուր է սկսել․ այստեղ Հայաստանը քաղաքական բանկրոտի կարգավիճակում է։

Փաստերը հետեւեալն են՝ Հայաստանի այս իշխանութիւնները չեն աշխատում Ռուսաստանի ու Իրանի հետ, բայց աշխատում են Արեւմուտքի հետ, ու դրա անունը դնում են դիվերսիֆիկացիա։ Հայաստանը դառնալու է Թուրքիայի դաշնակիցը Ռուսաստանի դէմ։ Օրերս Հայաստանը յայտարարեց՝ պատրաստ է գնել ատրպէյճանական կազ։ Նոյն օրն էլ լսում ենք յայտարարութիւն, որ Կիւմրիի ռուսական ռազմաբազայի կարիքն այստեղ այլեւս չկայ։ Հայաստանը հիմա փաստացի, թուլացնելով իր դիրքերը, կարող է գտնուել՝ ինչպէս Թուրքիայի ու Ատրպէյճանի, այնպէս էլ՝ Ռուսաստանի ու Իրանի ճնշման ներքոյ։

ԵՄ որոշ ներկայացուցիչներ օրերս «APRI ֆորում 2023. Առաջընթաց՝ անորոշութեան պայմաններում» համաժողովի ժամանակ յայտարարեցին՝ ԵՄ-ն գէշ բանկոմատ չէ, եւ ունի իր շահերը, մինչդեռ նախկինում խօսում էին ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների մասին, այն դէպքում, երբ այսօր Հայաստանում աւելի շատ քաղբանտարկեալներ կան, քան երբեւէ…

Երբ «APRI ֆորում 2023. Առաջընթաց՝ անորոշութեան պայմաններում» համաժողովի քննարկումներից մէկի ժամանակ Եւրամիութեան դիտորդական առաքելութեան ղեկավար Մարկուս Ռիտերին հարցրեցին՝ ի՞նչ կ’անեն իրենք, եթէ Ատրպէյճանը լայնածաւալ յարձակում սկսի Հայաստանի դէմ, եւ նա պատասխանեց՝ մենք կը գնանք այստեղից։ Նրանք ուղիղ ու բաց ասում են՝ պէտք չէ մեզ դիտարկել՝ որպէս անվտանգութեան միջոց։ Մենք այստեղ ենք իրավիճակը ֆիքսելու ու դրա մասին Պրուքսէլ հասցնելու համար։

Աշխարհում չկայ պետութիւն, ում օդը փակ է։ Ըստ մասնագէտների՝ հակաօդային պաշտպանութեան որեւէ համակարգ չի կարող օդը լրիւ փակ պահել, այդ թուում՝ ֆրանսական հակաօդային պաշտպանութեան համակարգը: Նման բան չկայ ընդհանրապէս։ Պէտք չէ մի ծայրայեղութիւնից ընկնել միւսը։

Եթէ ժամանակին, Սերժ Սարգսեանի կառավարման տարիներին, մենք Ռուսաստանից ձրի զէնք էինք ստանում, կամ գործարանային գներով, հիմա ՌԴ-ն չի կարող նման բան առաջարկել։

Եթէ Հայաստանը տնտեսական յարաբերութիւնների վատթարացման արդիւնքում կորցնի 5 միլիար տոլար, մենք դա շատ արագ կը զգանք, իսկ Ռուսաստանի համար Հայաստանը նոյնիսկ թօփ 20 գործընկերների ցանկում չկայ։

Ընդունում եմ, որ Ռուսաստանն իր խաղաղապահ առաքելութիւնը չկատարեց Արցախում, իսկ Հայաստանն ինչ-որ բան արե՞ց, երբ ցեղասպանում էին իր ժողովրդին։ Ոչ, որեւէ բան չարեց ու ողջ պատասխանատուութիւնը բարդեց Ռուսաստանի վրայ:

Իրանն ուղիղ Իսրայէլին հարուածելու կարիք չունի։ Նա Իսրայէլին եւ ամերիկեան ռազմաբազաներին հարուածում է Եմէնից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից… Եթէ Իսրայէլը փորձի հարուածել Իրանին, Իրանն այդ պետութիւնների տարածքից իր հարուածային ուժը կը մեծացնի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Չեմ կարծում, որ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութիւնը կը վերաճի կրօնական պատերազմի. կրօնական պատերազմի համար համապատասխան կոնսոլիդացիա չկայ։ Իսկ Թուրքիան Իսրայէլին չի հարուածի։

Մանրամասները՝ տեսանիւթում.

https://www.youtube.com/watch?v=RP4gkHl0K9A&t=19s

Comments are closed.