Կեղծաւորութեան ու դաւաճանութեան ժամանակաշրջանը վաղ թէ ուշ կ’աւարտուի․․․

Հայաստանը համընդհանուր կեղծիքի դարաշրջան է ապրում:

Վերջին իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ երկիրը գնալով թաղւում է ստի մէջ, աւելի ճիշտ՝ ապազգային իշխանութիւններն անում են ամէն ինչ, որպէսզի մեզ թաղեն այդ ստի մէջ։ Ապաշնորհ իշխանութիւնների օրոք սուտը ոչ միայն չվերացաւ մեր առօրեայից, այլև այնքան ուժեղացաւ, որ անհասկանալի է, թէ որտեղ է իրականութիւնը։ Երկրում տիրող իրավիճակի համար պէտք է «շնորհակալութիւն» յայտնենք սուտասան Նիկոլ Փաշինեանին։

Համընդանուր կեղծաւորութեան ու երեսպաշտութեան համակարգը կեանքի ուղեգիր ստացաւ հէնց նրա կառավարման օրոք։ Նա սուտը վերածեց հսկայական հոսքի, որը ծածկեց երկիրը:

Հէնց Նիկոլ Փաշինեանի օրոք ստեղծուեց ամբողջական ստի քաղաքական համակարգը։ Քաղաքական համակարգի հռչակած «ազատականացումն» էլ աւելի բացայայտեց այս համակարգի կեղծիքը:

Հէնց Նիկոլ Փաշինեանի օրոք ընտրութիւնները ցինիկութեան վերածուեցին:

Հէնց Նիկոլ Փաշինեանի օրոք աւելացաւ այն օլիգարխների թիւը, որոնց դէմ նա խոստացել էր պայքարել:

Հէնց Նիկոլ Փաշինեանի օրոք Հայրենիքիս մեծ մասը դաւաճանօրէն յանձնուեց թշնամուն:

Հէնց Նիկոլ Փաշինեանի օրոք, չնայած նրա խոստացուած պայքարին, ամէն ինչի գները զգալիօրէն բարձրացան, «անվճար» բժշկութիւնն ու կրթութիւնը փաստացի դարձան վճարովի, իսկ անշարժ գոյքի արժէքը բարձրացաւ դէպի երկինք:

Հէնց Նիկոլ Փաշինեանի օրոք խորհրդարանը դադարեց քննարկումների վայր լինել։

Նիկոլ Փաշինեանի օրոք … Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Տպաւորութիւն է, որ իշխանութիւնն ապրում է մի երկրում, իսկ մենք ՝ քաղաքացիներս, մէկ այլ երկրում։ Նրանք ունեն բարգաւաճ երկիր, որտեղ աճում է արտադրութիւնը, աճում են բիւջէի եկամուտները, չկան ճգնաժամեր, նուազում է աղքատութեան եւ մահացութեան մակարդակը։ Իսկ մենք ՝ քաղաքացիներս, ապրում ենք մի երկրում, որտեղ տարեցները չեն կարող ապրել իրենց թոշակով, որտեղ երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել, որպէսզի կերակրեն ընտանիքը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հիւանդանոց գնալը վերածւում է հսկայական ծախսերի, այդ պատճառով կտրականապէս ոչ ոքի չի կարելի հիւանդանալ։ Մեր երկրում երեխաներ ունենալը մեծ շքեղութիւն է, քանի որ հէնց ծնունդից սկսում են քեզանից փող քամել ամէն ինչի համար։ Բայց իշխանութիւններն ունեն ժողովրդագրական ծրագիր, ըստ որի՝ ամէն ինչ լաւ է։ Հաւանաբար, իրենց երկրում ամէն ինչ իսկապէս հիանալի է, իսկ մեզ մօտ՝ ոչ… Արդիականացումը պաշտօնեաների երկրում է, իսկ մեզ մօտ՝ ենթակառուցուածքների փլուզում…

Խնդիրն այն է, որ, բարձրացնելով ստի աստիճանը, իշխանութիւնն ակնյայտօրէն չի նկատում, որ միաժամանակ աճում է քաղաքացիների զայրոյթի աստիճանը, որոնք, այնուամենայնիւ ապրում են իրականութեան մէջ, այլ ոչ թէ այն կեղծ երկրում, որը քարոզում է ապազազգային իշխանութիւնը։

Բայց կեղծաւորութեան ու դաւաճանութեան ժամանակաշրջանը վաղ թէ ուշ կ’աւարտուի․․․

 

 

Մհեր Մելքոնեան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ

Leave a Comment

You must be logged in to post a comment.