«Կարում ենք զինուորներին անհրաժեշտ պարագաներ․ հիմա հումքի, ֆինանսական աջակցութեան կարիք ունենք»․ Գեղանիստում գործող արտադրամասի տնօրէնը դիմում է մեր հայրենակիցներին

Գանատահայ Վարդան Պալյանն Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած  պատերազմական գործողութիւններից յետոյ շտապել է Հայաստան՝ հայրենիքին ու հայրենակիցներին  նեցուկ լինելու։ Վարդանը պատմում է՝ երբ Գանատահայ իր ընկերներն իմացել են, որ ինքը հայրենիք է գալիս, բոլորը ֆինանսական աջակցութիւն են ցուցաբերել ու շարունակում են աջակցել մինչ օրս։

«Հոկտեմբերի  երկուսին արդէն Հայաստանում էի։ Այստեղ՝ Հայաստանում գնում ենք անհրաժեշտ սնունդ ու այլ պարագաներ ու այցելում արցախահայ մեր քոյրերին ու եղբայրներին։ Ես յաճախ գնում եմ նրանց տեսնելու․ արցախցիներն ամուր են ու անկոտորում», — նշեց Վարդան Պալեանը՝  շեշտելով՝ ի հարկէ, ժամանակաւորապէս Հայաստանում  ապաստանել են  արցախցի կանայք ու երեխաները, իսկ նրանց ամուսինները և եղբայրներն այժմ անկոտրում պայքար են մղում յանուն հայրենիքի, բայց  հայ կանայք էլ հերոսական ու հզօր կերպարներ են։

Վարդանը պատմում է՝  Հայաստանում հանդիպել է  բազմաթիւ մարդկանց, որոնք իրենց իսկ նախաձեռնութեամբ անհրաժեշտ պարագաներ են գնում, պատրաստում, կարում մեր զինուորների համար․ նրանք, բնականաբար, հումքի ու ֆինանսական աջակցութեան կարիք ունեն, իսկ մեր սփիւռքահայ քոյրերն  ու եղբայրները պատրաստակամութիւն են յայտնել  անդադար  օգել, որպէսզի միասին՝ մէկ բռունցք դարձած բոլոր գործերը  հայրենիքում կազմակերպեն։

Վարդան Պալեանը պատմում է՝ այս օրերին զինուորներին ուղարկում են հարիւրաւոր քնապարկեր, վերմակներ, բարձեր․․․․ մի խօսքով, այն, ինչ անհրաժեշտ է սահմանում խիզախօրէն  կռուող մեր քաջերին։ Կան բազմաթիւ կամաւորներ, որոնք այս օրերին ժրաջանօրէն աշխատում են՝ կտրում, կարում, ձևում, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում․․․ Անժխտելի է՝ այս օրերին մեր ազնիւ  ու հայրենասէր հայրենակիցներից իւրաքանչիւրը ջանում է իր  ուժերի  ներածին չափով ներդրում ունենալ հայրենիքի պաշտպանութեան գործում։

Հայրենիք ժամանելուց յետոյ Վարդանը պատահականօրէն ծանօթացել է Արմաւիրի մարզի Գեղանիստ համայնքում փոքրիկ արտադրամաս ունեցող Երուանդ Հովոյեանի հետ։ Նրա փոքրիկ ու ջերմ արտադրամասում նախկինում կանանց պայուսակներ էին կարում, իսկ այսօր այնտեղ կարում են զինուորների համար անհրաժեշտ պարագաներ՝ քնապարկ, անձրևանոց, բարձ, վերմակ, ծածկոցներ, ներքնակ, պատգարակներ․․․ մի խօսքով՝ այն, ինչի կարիքն ունեն  սահմանում կռուող մեր քաջերը։ Վարդան  Պալեանը յաճախ է լինում Գեղանիստում գտնուող արտադրամասում, հարցնում է՝ ինչ հումքի ու պարագաների կարիք կայ ու փորձում է հնարաւորութիւնների ներածին չափով աջակցել բարի գործ անող Երուանդ Հովոյեանին ու նրա թիմին։

Երվանդ Հովոյանն ասում է՝ իր հիմնած փոքրիկ արտադրամասում աշխատող վեց կանայք, որոնք նախկինում  զինվորական պարագաներ չէին կարել, արագորեն սովորեցին կարել․ հիմա արդեն վարպետներ են դարձել․ օրական բազմաթիվ պարագաներ են կարում։

«Ես ֆինանսական աջակցություն եմ խնդրել իմ և կնոջս ծնողներից, իմ քավորից, որոնք գտնվում են արտերկրում։ Այժմ պետք է ասեմ՝ մենք հումքի կարիք ունենք։ Ես պատասխանատու եմ իւրաքանչիւր ռեսուրսի՝ ֆինանսական միջոցի կամ հումքի համար․ մենք անդադար աշխատում ենք ու մեր կարած պարագաներն ուղարկւում են Արցախ։ Մեզ Շուէտում ու Քալիֆորնիայում  ապրող մեր հայրենակիցներն են գումար ուղարկել, ևս մի քանի հայրենակիցներ, իմ հարազատները, մտերիմները, իհարկէ, մեզ հարազատ դարձած Գանատահայ Վարդանը․․․ Եթէ կարիքը այսպէս չզգացուեր, չէի ասի, բայց այժմ պէտք  է ասեմ․ մենք հիմա ֆինանսական աջակցութեան կարիք ունենք, հումքի կարիք ունենք։ Պատրաստ ենք անդադար կամաւոր հիմունքներով աշխատել, կարել, պատրաստել այն, ինչ պէտք է  մեր հայրենեաց պաշտպաններին։ Մեզ մօտ աշխատողներից որևէ մէկը մէկ լումայ անգամ չի ստանում․ բոլորը սրտանց, սիրով ու ջերմութեամբ աշխատում են մեր քաջերին աջակցելու համար», —  ասաց Երուանդ Հովոյեանը։

Կարի արտադրամասում աշխատող տիկիններից մի քանիսի որդիներն այս օրերին Արցախում են, պաշտպանում են մեր հայրենիքը։

Տիկին Արմինէն պատմում է՝ իր որդին հիմա Արցախում կռւում է, իսկ ինքը պէտք է կռուի, թիկունքում պայքարի։

«Բոլորս էլ պիտի ջանք չխնայենք, պայքարենք, որ յաղթանակած դուրս գանք այս պատերազմից», —  ասաց տիկին Արմինէն։

Տիկին Անահիտի որդին էլ զինուորական է, նա էլ է այս օրերին պայքար մղում թշնամու դէմ։

«Նախկինում այս արտադրամասում չեմ աշխատել։ Բայց հենց իմացայ այս արտադրամասի մասին, ցանկացայ միանալ այս թիմին։ Մասնագիտութեամբ դերձակ չեմ, բայց տանը կարուձև արել եմ, այնպէս որ, կարել գիտեմ։ Այստեղ գալուց յետոյ էլ շատ արագ սովորեցի նաև զինուորական պարագաներ կարել ու սիրով ամէն օր աշխատում եմ այս թիմում։ Աշխատելու եմ այնքան, քանի դեռ մեր տղաներն ունեն դրա կարիքը, քանի դեռ ռումբերի ու արկերի ձայները չեն լռել», —  ասաց տիկին  Անահիտը։

Տիկին Գոհարն էլ յաւելեց՝ բոլորն օրնիբուն աշխատում են, նոյնիսկ մեր հարցազրոյցի ընթացքում կարի մեքենաների ձայները չէին լռում․ փութաջան հայուհիները մէկ վայրկեանն անգամ չեն ուզում կորցնել․ ասում են՝ պէտք  է անդադար աշխատել, օգնել հայրենիքին։

«Մեր տնօրէնի՝ Երուանդի տունն այժմ գրաւադրուած  է։ Բա իր տանն եղած ծածկոցները, վերմակներն ու ներքնակները հանել, ուղարկել է սահման։ Ահա այսպիսի հայրենասէր  տնօրէնի հետ ենք աշխատում։ Այստեղ աշխատանքային յատուկ ժամեր չկան ու չեն լինելու․ աշխատելու ենք այնքան, որքան ի զորու ենք։ Միասին ամէն մէկս մեր տեղում պայքար ենք մղելու, մենք յաղթելու ենք», —   ասաց տիկին Գոհարը։

Ամէն օր վերահաստատւում է, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք  եռամիասնութիւնն անքակտելի է ու զօրեղ։ Մեր  հերոս զինուորներն աներևակայելի, անօրինակ քաջութիւններ են գործում։ Մենք սերուել ենք Հայկից։ Մենք անպարտելի ենք։

ՅԱՍՄԻԿ  ՊԱԼէԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.