Կատարոյ վանքի իրական հեքիաթը՝ 2478 մեթր բարձրութիւնից

Վերելք կամ ՝ հեքիաթի հետքերով

Աշխարհագրագէտներից եւ պատմաբաններից կազմուած արշաւախմբի հետ հետաքրքիր էր բարձրութիւն յաղթահարելը, քանզի ողջ ճանապարհին նրանք կիսւում էին իրենց մասնագիտական հմտութիւններով, պատմում ներքեւից վերեւ կլիմայի փոփոխութիւնների, ամէն թուփ ու ծաղկի վրայ դրա ունեցած ազդեցութեան, պատմում հակառակորդների արշաւանքների եւ դարէդար փոխանցուած պատմամշակութային արժէքների մասին:

Հեքիաթը սակայն սկսուեց այն պահին, երբ Դիզափայտի ստորոտում զգացի ոտքերիս տակ տարածուող հողի մագնիսական ուժը: Այդ ուժը ձգում էր դէպի վերեւ, որտեղ՝ ծովի մակարդակից 2478 մ. բարձրութեան վրայ, հենց ամպերին թիկն էր տուել հնութեան սրբոց Կատարոյ վանքը: Այդ պահին էր, որ աշխարհագրագէտներից Քրիստինէն, ով Մոխրենէս գիւղից էր, յիշեց իր տատի խօսքերը. «Ա սորբ, իմ իրեսս քու վեննէդ տակը, տու մեր բլոցը պենդ պահէ, թորքէն գուլան հեռէ տար»**, յետոյ աւելացրեց, որ պատերազմի տարիներին տատն ամէն առաւօտ նայում էր Դիզափայտի հեռուներն ու աղօթքի տեղ ասում այդ խօսքերը: Թոռներն էլ անգիր էին արել, թէեւ յետոյ, շատ յետոյ հասկացան խօսքերի զօրութիւնը: Ո՞վ գիտէ, թէ տատի աղօթելու պահին թշնամու քանի՞ գնդակ է շեղուել եւ կամ քանի՞ մատաղ կեանքեր են փրկուել՝ Կատարոյ վանքի պատերին հանգչող բոլոր տատիկների ու մայրերի աղօթքների շնորհիւ:

Ես, որ լրագրութեան առաջին գուրսի ուսանող եմ եւ պատրաստւում եմ վերելքից յետոյ հերթական յօդուածս գրել, հարցնում եմ՝ իսկ լեռն ինչո՞ւ է կոչուել Դիզափայտ: Մէկը մէկին հերթ չտալով՝ պատմաբաններն ու աշխարհագրագէտները փորձում են պատասխանել: Եւ վէճից յիշողութեանս մէջ մնում է հետեւեալ աւանդազրոյցը. «Կատարոյ վանքի տեղում դարեր առաջ նահատակուել են մազքթաց Սանեսան անունով թագաւորի որդիները՝ Դանիէլը, Եղիան եւ Մովսէսը, նաեւ՝ բազմաթիւ քրիստոնեաներ, ովքեր Արցախ եկած առաջին եպիսկոպոս Սուրբ Գրիգորիսի ձեռքով դարձի էին եկել, ընդունել քրիստոնէութիւնը: Նրանց բոլորին դիզել են իրար վրայ եւ վառել փայտի պէս, ու այստեղից էլ ծագել է լերան անուանումը: Ի պատիւ նահատակների` Վաչական թագաւորը 343 թուականին կառուցել է տուել եկեղեցին»:

Իրար ընդհատող զրոյցները ականջներումս պահած՝ ես քայլ առ քայլ, մեթր առ մեթր ասես հաւաքում, իրար վրայ եմ դիզում լերան բարձրութիւնը, նրա ծագման մասին զրոյցները, նրա խորհրդաւոր ու կանչող հեռուն: Գիտէի լոկ մի բան՝ գնում եմ դէպի ամպերը, որտեղ նիրհում է պատմական նշխար դարձած առասպելը:

Պատմաբանի աչքերով

Պատմաբան, ազգագրագէտ, այսօր՝ ԱՀ Մշակոյթի, երիտասարդութեան եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը տալիս է ինձ հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ, նա պատմում է. «Դիզափայտը, ինչպէս եւ Մռովն ու Քիրսը, համարւում է արցախահայութեան սրբացած վայրերից: Այստեղ ուխտի էին գալիս ոչ միայն Դիզափայտի ստորոտի գիւղերից, այլեւ Շուշիից, Մարտակերտից եւ Արցախի հեռաւոր վայրերից: Մարդիկ հաւատում էին նրա զօրութեանը: Դիզափայտի մասին առաջին յիշատակութիւնը տուել է Փաւստոս Բիւզանդը, որը վերաբերում է 335 թուականին՝ կապուած Սանեսան թագաւորի հայաստանեան արշաւանքների հետ: Աւելի հանգամանօրէն անդրադարձել է նաեւ Մովսէս Կաղանկատուացին: Դիզափայտի նահատակների վարքը տեղ է գտել հայոց միջնադարեան մատենագրութեան մէջ հենց Մովսէս Կաղանկատուացու շնորհիւ:

Ըստ ուսումնասիրողների՝ վաղ միջնադարում Կատարոն եղել է գաւառի առաջնորդանիստ կենտրոնը եւ այստեղ նստել է եպիսկոպոսը: Կաղանկատուացին նշում է նաեւ, որ թշնամիները յարձակուել եւ աւերել են վանական համալիրի մատուռ վկայարանները եւ փաստօրէն՝ Կատարոյ վանքն է միակ վկան: Հայ Առաքելական եկեղեցին, ի պատիւ Դիզափայտի նահատակների, յատուկ պատարագի օր ունէր:

Պատմաբան Լէօն էլ մէկ ուրիշ աւանդոյթ ունի գրած Դիզափայտի մասին. հոնաց զօրապետերից մէկը գրաւում է այս տարածքը եւ սիրահարւում տեղի օրիորդներից մէկին՝ Թագուհի անունով, ցանկանում է նրան կնութեան առնել, սակայն վերջինս հրաժարւում է: Զօրապետը պատուիրում է դահիճներին, որ Թագուհու մարմինը կտորկտոր անեն, սակայն հրահանգը կատարելուց յետոյ զօրապետի աչքին տեսիլք է երեւում, նա տեսնում է, թէ ինչպէս են աղջկայ դիակից լոյսեր բարձրանում դէպի երկինք: Զօրապետը զարմանում է եւ հրամայում է հայ քահանաներին մեկնաբանել տեսիլքը: Զարմացած զօրապետը զղջում է կատարածի համար, հաւատափոխ է լինում եւ իր երկու որդիների հետ ընդունում քրիստոնէութիւնը: Հոնաց թագաւորն իմանում է իր զօրապետի դաւաճանութեան մասին, յարձակւում է նրա զօրքի վրայ եւ հենց լերան վրայ վառում է զօրապետին ու նրա զինակիցներին: Ըստ Լէոյի՝ այստեղից էլ ծագում է Դիզափայտ անուանումը: Որոշ պատմաբաններ, սակայն, ժխտում են Լէոյին եւ գրում են, որ այդ նոյն պատմութիւնը 5-րդ դարում է կատարուել, երբ վրացիները դեռ հեթանոս էին, եւ զօրապետն էլ եղել է վրացի, ոչ թէ՝ հոն:

Լ. Յովհաննիսեանը նաեւ նշում է, որ Կատարոյ վանքը Արցախի ամենաբարձրադիր պատմամշակութային յուշարձանն է: Նրա զօրաւոր ուժի մասին բազում պատմութիւններ են հիւսուել, հնուց ի վեր մարդիկ այնտեղ ուխտի են գալիս յատկապէս Զատկին եւ Վարդավառին:

Դիզափայտը սուրբ լեռ են համարել անգամ արաբներն իրենց յիշատակութիւններում եւ պատահական չէ, որ նրանք այն կոչել են «Զիարաթ», այսինքն՝ սրբավայր:

Դիզափայտը` դիզակցիների զրոյցներում

Դիզակցիները (այժմ`Հադրութ) Կատարոյ վանքի անունը տալիս են աղօթքի պէս, «ամէն»ի նման: Նրանց համար Դիզափայտն այլ խորհուրդ ունի, քանզի իրենց մաշկի վրայ զգացել են սրբացած լերան, իրենց անդորրը հսկող Կատարոյ վանքի ողջ զօրութիւնը: Տարեց կանայք պատմում են հետաքրքիր մի աւանդազրոյց: Ասում են՝ Կատարոյ վանքի հարաւային պատին ճեղք կայ, այնտեղ հնում լցնում էին հող, ցորեն եւ գարի: Նորապսակ կանայք այնտեղից մի բուռ հող էին վերցնում եւ եթէ հողի մէջ ցորեն էին գտնում, դա նշան էր, որ արու զաւակ են ունենալու, իսկ եթէ գարի էին գտնում, ուրեմն՝ աղջիկ էին ունենալու: Հարցնում եմ` հիմա՞ էլ են նորապսակները հաւատում այդ խորհրդին: Կանայք ժպտում են եւ ասում. «Նրանք, ովքեր հաւատում են, թող Աստծոյ օրհնութիւնը ստանան, ովքեր չեն հաւատումէլի օրհնուեն...»:

Կանանցից մէկն էլ աւելացնում է, որ այն ջահելները, ովքեր երեխայ ունենալու բերկրանքից զրկուած էին, բարձրանում էին դէպի Կատարոյ վանքը, այնտեղից ծնկաչոք աղօթք էին յղում առ Աստուած, պատահում էր` օրերով մնում էին այնտեղ`գիշերելով եկեղեցու հովանու ներքոյ: Այս խորհրդի հետքերով գալիս էին նաեւ հեռուներից, ու մինչ օրս էլ մարդիկ հաւատում ու գալիս են` ապաւինելու Կատարոյ վանքի` զաւակ պարգեւելու զօրութեանը:

Պատահել է, որ հեռաւոր Ռուսաստանից են եկել այստեղ, բարձրացել են վանքը, վանքի շրջակայ փայտերից օրօրոց են պատրաստել եւ օրօրելով՝ աղօթք են յղել Աստծուն: Աստուած լսել է նրանց եւ զաւակ է պարգեւել:

Մարդիկ յաճախ ոտաբոպիկ են յաղթահարել Դիզափայտի բարձրութիւնը եւ այդպէս մատուցել իրենց ուխտը:

«Այսքանից յետոյ ինչպէ՞ս չհաւատաս տեսածիդ», աւելացնում են:

Պատերազմի տարիներին վանքը հոգատար մօր պէս հսկում էր յարակից գիւղերի վրդովուած անդորրը, ժողովուրդը հաւատում էր նրան ու հաւատը հրաշքներ էր գործում, մարդիկ փրկւում էին ամենաանհաւանական իրավիճակներից, հրդեհներից, թշնամու մահացու հրետակոծութիւններից, արկերի պայթիւններից… Վանքը պահապան էր ու զօրավիգ: Ու այդպէս էլ յաղթեցին պատերազմը` հաւատով ու աղօթքով… եւ այսօր էլ հաւատում են ու գիտեն, որ Դիզափայտը եւ նրա անխոնջ պահապանը՝ Կատարոն, միշտ իրենց հովանի են:

Երազանքի գագաթը

Եւ երբ արշաւախումբը հասաւ Դիզափայտի գագաթին, բոլոր զրոյցները դարձան լռութիւն: Լռութեան մէջ աղօթքի շշուկներ էին, որ հինաւուրց եկեղեցու պատերին մէկմէկ փարւում էին: Թւում էր՝ մէկը ներսից երգում է հոգեպարար, ծանօթ մի շարական: Երգը զմայլում էր, ներս էր կանչում: Եւ երբ ներս մտայ՝ ծնկներս ցած իջան սառը հողին, մատներս խաչակնքում ու չէին յագենում: Եկեղեցու ներսում ոչ ոք չկար, բացի մեզանից: Ո՞վ էր երգում, որտեղի՞ց էի լսում շարականների ձայնը: Միայն հիմա եմ հասկանում՝ երգը ներսումս էր, որովհտեւ Աստծոյ զօրութիւնը գրկել էր մարմինս

Մուտքին գրված էր «Արցախ», իսկ քիչ հեռւում դրուած խաչքարի վրայ փորագրուած էր. «Արցախեան պատերազմի նահատակներին»: Արցախցի քանդակագործը հաստատ հաւատացած է եղել,որ այստեղ, այս բարձունքից Աստուած պահապան կը լինի սահմանը հսկող զինուորին եւ ջանք չի խնայել Արցախի ամենաբարձրադիր եկեղեցու մօտ տեղադրելու իր ձեռքով շինուած խաչքարը

Ամպերը մնացել էին ներքեւում եւ կապոյտի մէջ այս ու այն կողմ էին դանդաղ լողում: Ինձ թւում էր՝ երկինքը լեցուն է սպիտակ նաւակներով: Դրանք երազանքի նաւակներ էին, որ լողում էին սուրբ Կատարոյի՝ յաւերժի ճանապարհորդ նաւապետի աչալուրջ հայեացքի ներքոյ

Ես խաչակնքեցի: Արշաւախումբը խաչակնքում էր: Բոլորիս միաւորում էր մէկ բան՝ բոլորս հաւատում էինք, որ Կատարոն չի թողնի, որ խորտակուեն մեր երազանքի սպիտակ նաւակները

** «Այ սուրբ, իմ երեսը քո ոտքերի տակ եմ դնում, դու մեր երեխաներին պինդ պահիր, մի թող, թուրքի գնդակը նրանցից հեռու տար»:

Հերմինէ Աւագեան

Արցախ

Leave a Comment

You must be logged in to post a comment.