Խորը մտահոգութիւններ

Ադրբեջանը Արցախում ոչնչացնում է հայկական յուշարձանները, յարձակւում Արցախի բնակավայրերի վրայ, ունեցանք զոհեր։ Այսպէս կոչուած, միջազգային հանրութիւնը, ի դէմս ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, այսպէս կոչուած, քաղաքակիրթ երկրների, այս առիթով խորը մտահոգութիւն են յայտնում, կողմերին կոչ անում ձեռնպահ մնալ ընդհարումներից, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան, նոյնպէս մտահոգուած, պահանջում է կողմերին վերադառնալ ելման դիրքեր, հնարաւոր է նոյնիսկ, որ Ֆրանսիայի «հայասէր» նախագահը խստօրէն դատապարտի տեղի ունեցածը։ Յիշեցման կարգով․ 2005թ․ Ադրբեջանը ոչնչացրեց Ջուղայի հազարաւոր խաչքարեր։ Հայաստանն այն ժամանակ նոյնպէս դիմեց միջազգային կառույցներին։ Եւ ի՞նչ․․․ Էլ մարդասպան Ռամիլ Սաֆարովի, վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագութիւնների մասին չխօսենք։ Իսկ հայ գործիչները շարունակում են աղերսագին դիմել այդ կառոյցներին, յուսալով, որ վերջապէս նրանք ոչ միայն խորը մտահոգութիւն կը յայտնեն, այլև գործուն միջամտութիւն կ’իրականացնեն յանուն բազմաչարչար հայ ժողովրդի։ Տարբեր բուհերում, դասընթացներում սովորած հայ գործիչներն անգիր են արել միջազգային իրաւունք հասկացութիւնը։

Նրանք «գերազանցիկների» պէս հաւատում են այդ թղթերի վրայ գրուած ազգերի հաւասարութեան, միջազգային անվտանգութեան մեխանիզմների մասին անհեթեթութիւններին։ Այդպէս էլ չհասկացանք, որ 1878թ․ Բեռլինի վեհաժողովից յետոյ աշխարհում ոչինչ չի փոխուել։ Եւ մենք շարունակում ենք յուսալ, որ աշխարհի հզօրները կը պաշտպանեն արդարութիւնը, իրականում, հոգեբանօրէն մնալով «թղթէ շերեփով»։ Թւում էր, թէ մենք այս հոգեբանութիւնը յաղթահարել էինք՝ յաջողութեան հասնելով Արցախի հարցում։ Բայց չհաւատացինք մեր յաջողութեանը, այլ նորից ու նորից գերի դարձանք, այսպէս կոչուած, միջազգային հանրութեան կարծիքին։ Ի դէպ, այդ նոյն միջազգային կառոյց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բոլոր բանաձևերն արձանագրում էին՝ ուժի կիրառման բացառում։ Եւ ի՞նչ․․․ 2020թ․ ադրբեջանաթուրքական յարձակմանն ինչպե՞ս արձագանքեց միջազգային այդ հեղինակաւոր կառոյցը՝ ընդամէնը խորին մտահոգութիւն։ Այսօրուայ վարչապետ կոչեցեալը Արցախից իր հրաժարուելու համար արդարանալով՝ յղումներ է կատարում տարբեր, այդ թւում՝ ՄԱԿ-ի բանաձևերին։ Դեռ մի կողմ դնենք վարչապետ կոչեցեալի կողմից այդ բանաձևերի դրոյթների խեղաթյիւրումը։ Վերջերս իսրայէլցի գործիչ Յակով Կեդմին անդրադառնալով Իսրայէլին վերաբերող ՄԱԿ-ի որոշումներին, քմծիծաղով ասաց․ «ՄԱԿ-ի կողմից Իսրայէլի դէմ կայացած բանաձևերի թղթերով կարելի է զարդարել ՄԱԿ-ի բոլոր պատերը»։ Սա ազգային նպատակ ունեցող, պետական մտածողութեան տէր ժողովրդի ներկայացուցչի համոզմունք է։

Այսօր էլ, տարբեր գործիչներ, համոզուած, թէ ելնելով իրենց քաղաքական շահերից, իբր մտահոգուած իրավիճակից, շարունակում են պաշտպանել իրենց հոգևոր հօր պարտուողական, միջազգային հանրութեան ստրկամիտ դրոյթները՝ ժամանակին որ զիջէինք․․․, Հայաստանը 29 հազար քառակուսի կմ տարածք է, նոյնիսկ՝ Արցախը գաղթօջախ է։

Լաւ, մինչև հիմա էլ չեք հասկանում, որ անկախ այն հանգամանքից, թէ երբ և ինչպէս կը զիջէիք, միևնոյն է, հակառակորդը շարունակելու էր զիջում զիջումի ետևից պահանջել, մինչև Հայաստանի վերջնական անեքսիան։ Խաղաղ ճանապարհով զիջէիք մի քանի շրջան, Ադրբեջանը մի քանի օրով կը բացէր ձեր երազած կոմունիկացիաները, յետոյ նորից կը փակէր՝ նոր զիջումներ պահանջելով։ Չէի՞ք համաձայնուի՝ զօրք կը մտցնէր։ Թէ՞ միջազգային հանրութիւնը թոյլ չէր տայ, ա՛յ ողորմելիներ։ Նոյնիսկ ձեր հոգևոր հայրը զարմացաւ, որ յաղթանակից յետոյ հակառակորդը մեծահոգութիւն չի ցուցաբերում։

Ինչ վերաբերում է 29 հազար քառակուսի կմ-ին։ Եւ սա ասում է խորհրդային այլախոհը, ով փաստօրէն ընդունում է ԽՍՀՄ գծած սահմանները։ Իսկ ինչու՞ ոչ 10 հազ․ քառ․ կմ․։ Չէ՞ որ 1918թ․, ի հեճուկս ձեր մտածողութեան, Արամ Մանուկեանը կազմակերպեց Սարդարապատ և Թուրքիան ճանաչեց հէնց այդ չափերով Հայաստան։ Եւ եթէ այն ժամանակ գերիշխէր այս ողորմելի մտածողութիւնը և չլինէին Դրօն և Նժդեհը, ո՛չ Լոռին, ո՛չ Սիւնիքը չէին լինի Հայաստանի կազմում։ Թէ՞ ժամանակները փոխուել են։ Այո՛, ժամանակները փոխուել են, բայց աշխարհը մնացել է նոյնը և, ցաւօք, նոյնն է մնացել նաև մեր ողորմելի, պարտուողական, զիջողական մտածողութիւնը։

Իսկ Արցախը համարել գաղթօջախ՝ արդէն սրբապղծութիւն է։

Արցախի պաշտպանութիւնը պէտք է լինէր ողջ հայութեան հիմնական հարց-նպատակը, ստեղծելով և զարգացնելով Հայաստանի գիտութիւնը, արդիւնաբերութիւնը և, որ ամենակարևորն էր, զինուած ուժերը։

Եւ այս զիջողական գաղափարախօսութեան գործիչներ կոչեցեալները, որպէս կանոն, խուսափել են հայոց բանակում ծառայելուց։ Կաշառքով, օտար երկրի քաղաքացի դարձնելով կամ այլ ձևերով ազատել են սիրասուն որդիներին ծառայելուց։ Եւ սրանց երազանքը կատարուեց։ Տասնեակ տարիների զիջողական գաղափարախօսութիւն կրողները եկան իշխանութեան և դաւադրաբար, այո՛ դաւադրաբար որոշեցին յանձնել Արցախը։ Ուղղակի նրանց դաւադիր ծրագիրը, այն է՝ Արցախը մինչև վերջ յանձնել և հայաթափել, չիրականացաւ։

Սրանց Արցախից վերջնականապէս ազատուելու ծրագիրը խափանեց Ռուսաստանը։ Ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե Ռուսաստանը հայ ժողովրդի փրկիչն է։ Ուղղակի Ռուսաստանն իր շահերից ելնելով՝ փորձեց մի քանի անգամ կանգնեցնել պատերազմը։ Բայց այն չէր մտնում՝ ինչպէս Հայաստանի վարչապետ կոչեցեալի, առաւել ևս՝ Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահի պլանների մէջ։ Տեսնելով, որ Արցախի վերջնական հայաթափման դէպքում Ռուսաստանը վերջնականապէս կորցնում է ազդեցութիւնը տարածաշրջանում, արդէն Ռուսաստանի նախագահը պարտադրեց պատերազմող կողմերին հրադադարի։ Արդիւնքում՝ փրկվեց Արցախի փոքր հատուածը։ Ինչպէս նշեցի, սա չէր մտնում Հայաստանի վարչապետ կոչեցեալի և նրա դաշնակից Ադրբեջանի նախագահի պլանների մէջ։ Բայց զիջումների կողմնակիցները ճարը գտան։ Նրանք ձեռքերը լուացին Արցախից և Արցախի անվտանգութեան ողջ պատասխանատուութիւնը գցեցին ռուս խաղաղապահների վրայ։

Յիշեցում․ խաղաղապահները պէտք է չէզոքութիւն պահպանեն հակամարտող կողմերի միջև։ Եւ ընդհանրապէս, ինքս միշտ դէմ եմ եղել Արցախի տարածքում խաղաղապահների տեղակայմանը, լինեն դրանք ռուսակա՞ն, թե՞ ՆԱՏՕ-ական կամ սկանդինաւեան։ Խաղաղապահ զօրքերը չնչին բացառութիւններով են արդիւնավւէտ գործել։ Յիշենք Ռուանտայի խաղաղապահներին։ Տուեալ պարագայում Արցախում տեղակայուած ռուս խաղաղապահները որևէ կապ չունեն Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային յարաբերութիւնների հետ։ Ոչ թէ չկարողանալով պաշտպանել, այլ դաւադրաբար դաւաճանելով Արցախը, մեր յոյսը մնաց ռուս խաղաղապահների վրայ։ Այլևս Հայաստանից դէպի Արցախ զօրակոչ չի լինում։ Վարչապետ կոչեցեալի մանկուրտները այն, ինչ այս օրերին կատարւում է Արցախում, անմեղսունակի պէս, առանց ցաւ զգալու՝ բարբաջում են․ «Այն գտնւում է ռուս խաղաղապահների պատասխանատուութեան տակ»։

Ի դէպ, այդ զիջողականները, հրաժարուելով Արցախից, մեծ-մեծ խօսում են ինքնիշխանութեան մասին, բացայայտ կամ քօղարկուած զբաղւում հակառուսական քարոզչութեամբ։ Սրանցից ոմանք, ձևանալով, իբր իշխանութեանն ընդդիմադիր, հետևողականօրէն մասնակցում են Արցախի և Հայաստանի դէմ դաւադրութեանը։ Առաջին հայացքից թւում է, թէ նրանցից ոմանց ասածներում տրամաբանութիւն կայ․ չէ՞ որ, ինչպէս 1918թ․, հնարաւոր է, որ ռուսական զօրքերը հեռանան տարածաշրջանից, կարծես երազելով այդ մասին, հարց են բարձրացնում, թէ այդ դէպքում ի՞նչ պէտք է անենք։ Իսկապէս սա լուրջ հարց է։

Եւ զիջողականների պատասխանն ըստ էութեան հետևեալն է․ հրաժարուենք Արցախից, համաձայնուենք թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին և համերաշխ ապրենք և առևտուր անենք հարևանների հետ (ադրբեջանցիները գիւղմթերք կը վաճառեն, և հայկական հարևան գիւղերից կոնեակ կը գնեն)։ Տիպիկ առևտրականի մտածողութիւն։ Եւ ձեզ թւում է, թէ դրանով կը բաւարարուե՞ն մեր հարևանները։ Չէ՞ք տեսնում Ադրբեջանի հաւակնութիւնները ողջ Հայաստանի նկատմամբ։

Նորից և նորից կրկնեմ, մենք այս 30 տարիների ընթացքում չստեղծեցինք ուժեղ պետութիւն, նաև ձեր կողմից տարուող քարոզչութեան պատճառով, ա՛յ զիջողականներ։ Եւ իսկապէս, ռուսների հնարաւոր հեռանալու դէպքում ի՞նչ կը կատարուի Հայաստանի հետ, չեմ պատկերացնում։ 1918թ․ օրհասական օրերին յայտնուեց Արամ Մանուկեանը, հայ ժողովուրդը փրկուեց հերթական ցեղասպանութիւնից, իսկ վա՞ղը․․․ Եւ ի՞նչ, էլի յոյսը դնում էք թուրքերի և ադրբեջանցիների մարդասիրութեան և մեծահոգութեան վրայ՞, թէ՞ Թուրքիայի դաշնակից ՆԱՏՕ-ի, կամ «հայասէր» Ֆրանսիայի վրայ։ Մի «ականաւոր» հակառուս «գործիչ» յոյսը դնում է նոյնիսկ Հնդկաստանի վրայ՝ յիշելով Հնդկաստանի արտգործնախարարի այցի մասին։ Սրանք արբունքի մէջ են ընկել ռուս-ուկրաինական պատերազմից։ Ձևանալով, իբր, խաղաղասէրներ, իբր անհանգստանալով ուկրաինացիների ճակատագրով, իրականում անհամբերութեամբ սպասում են Ռուսաստանի պարտութեանը, որը կը յանգեցնի Ռուսաստանի հեռացմանը մեր տարածաշրջանից։

Տպաւորութիւն եմ ստանում, որ երբ Ադրբեջանն օգտուելով ռուս-ուկրաինական պատերազմից՝ յարձակւում է Արցախի և Հայաստանի վրայ, սրանք ողջունում են այն՝ շարունակելով համերաշխութիւն յայտնել Ուկրաինային, նոյնիսկ Ուկրաինայի պաշտօնական յայտարարութիւնից յետոյ։ Պատահակա՞ն է, արդեօք, այս օրերին վարչապետ կոչեցեալի հանդիպումներն ընդգծուած հակառուս գործիքների, ներեցէք՝ գործիչների հետ։ Իսկ յետոյ՞․․․ Յետոյ հերթական ցեղասպանութիւն, և նրանցից ոմանք «պոլիցայներ» կ’աշխատեն թուրքերի մօտ, ոմանք էլ կը յայտնուեն իրենց իրական հայրենիքներում՝ ԱՄՆ, Կանադա։ Այս գործիչ կոչեցեալներն իրականում ծառայում են օտար, հաւանաբար՝ ուղղակիօրէն, կամ միջնորդաւորուած՝ թուրքական ծառայութիւններին, բնական է, ոչ անշահախնդիր։ Սրանք այսօրուայ Արմէնակարակէոզեաններն ու լևոնմիրզոյեաններն են: Եթէ կատարուի նրանց ծրագիրը, հայ ժողովրդի հերթական ցեղասպանութեան կապակցութեամբ ԵՄ-ն խորը մտահոգութիւն կ’արտայայտի, ԱՄՆ-ը և ԵՄ-ն հումանիտար օգնութիւն կը տրամադրեն հայ որբերին և փախստականներին, մի եւրոպացի վէպ կը գրի՝ «Արցախի 44 օրը», Ֆրանսիան պաշտօնապէս կը ճանաչի հայոց հերթական ցեղասպանութիւնը և․․․ և վերջ։

 

Յ․Գ․ Իսկ նրանց անուննե՞րը։ Նրանք շատ-շատ են, և կարծում եմ և՛ նրանք իրենց կը տեսնեն յօդուածում, և՛ ընթերցողները՝ նրանց բոլորին։

 

Աւետիք Իշխանեան

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.