Խաղաղութեան Քարոզը Ծաղրանք Է Երբ Ալիեւ Կը Յայտարարէ՝ «300,000 Ատրպէյճանցիներ Դիմած Են Հայաստանի Վարչապետին՝ «Հայրենիք Վերադառնալու» Նպատակով». Թաթոյեան

Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան արձագանգեց Ատրպէյճանի նախագահի յայտարարութեան, ըստ որուն,  «300,000 ատրպէյճանցիներ արդէն դիմած են Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով», այս մէկը նկատելով բացայայտ ծաղրանք խաղաղութեան քարոզին։

«Ֆէյսպուք»ի իր էջին վրայ Թաթոյեան գրած է հետեւեալը.

««Քաղաքացիական Պայմանագիր»ի (ՔՊ) վերնախաւը «խաղաղութեան» քարոզը դարձրել է գործիք իշխանութեան մնալու, պաշտօնները պահպանելու համար` մեր պետութեան հիմքերն ու ժողովրդի դիմադրողականութիւնը քայքայելու հաշուին:

«Բացայայտ ծաղր է խաղաղութեան քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը յայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդէն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։

«Գոյութիւն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս. «Արեւմտեան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգութեան երաշխաւորում», այդ թւում` Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինուած ուժերի տեղակայումով։

«Ակնյայտ է, որ սա հումանիտար (մարդասիրական) շղարշի ներքոյ Հայաստանի զաւթման ծրագիր է, որ նաեւ բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխութեան: Ակնյայտ է նաեւ, որ այդ անձանց թւում Ադրբեջանի իշխանութիւնը նախատեսել է իր այն յատուկ ծառայութիւնների գործակալների, հայատեացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը`  «էկոակտիւիստ» (բնապահպան) ձեւանալով: Ընդ որում, ոչ միայն չի խօսում խաղաղութիւնից, այլ միայն խորացնում է թշնամանքը:

«Այս պայմաններում ՀՀ կառավարութեան ղեկավարն ու նրա հետեւից այլ բարձրաստիճան պաշտօնեաներ խօսում են Ադրբեջանի դէմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարուելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանութեանը նուիրել հնարաւորութիւն մաքրուելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած յանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագայ յանցանքների համար:

«Հայաստանի անվտանգութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը չեն կարող զոհաբերուել կեղծ խաղաղութեան պատրանքի համար` յանուն նրա, որ ՔՊ վերնախաւը մնայ իշխանութեան ու պաշտօններից չզրկուի։

«Խաղաղութիւնը բացարձակ արժէք է, բայց կայուն խաղաղութիւն հնարաւոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրաւունքները, արժանապատուութիւնն ապահովելու, դիւանագիտական եւ միջազգային մեխանիզմներն (գործիքակազմերը) արդիւնաւէտ օգտագործելու միջոցով»։

Comments are closed.