Լոյս տեսաւ նախարար Հրանուշ Յակոբեանի «Հայկական Սփիւռքը յարափոփոխ աշխարհում» 652 էջ ծաւալուն գիրքը

Խառատեան Ա.

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Հայկական սփիւռքագիտութիւնը համալրուեց վաղուց սպասուող աշխատութեամբ. լոյս տեսաւ Հրանուշ Յակոբեանի «Հայկական Սփիւռքը յարափոփոխ աշխարհում» (Ե., Հեղ. հրատ., 2017 – 652 էջ) ծաւալուն գիրքը՝ իր առաջադրած հիմնախնդիրների եւ դրանց լուծումների լրջութեամբ ու արդիականութեամբ:

Առաջին տպաւորութիւնը, որ ստանում ես գիրքն ընթերցելիս, այդ հայկական Սփիւռքի ամբողջական, լիաթոք շնչող օրկանիզմի վերաբերեալ պատկերացումն է, աշխարհասփիւռ մի ազգի, որն իր պատմական անցեալով ու յարատեւած կեանքով, մշակոյթով ու բարքերով, իր տեսակը պահպանելու անհաւատալի ճիգերով ու հաւատով, տարակուսանքներով ու բերկրանքներով, վաղնջական ժամանակներից ի վեր իր հայրենիքի սահմաններում չտեղաւորուող հանրութեան մասին պատկերացումը: Այս ամէնը ամենաընդհանուրն է, որ կարող ենք ասել հայկական Սփիւռքի մասին, որը պէտք է ճանաչել, խորամուխ լինել նրա խնդիրներին, ծանօթանալ նրան ի մօտոյ եւ դրանից բխող եզրակացութիւններում մնալով ճշմարտութեան անդրդուելի սահմաններում: Կարելի է կարծել, որ հեղինակը՝ անառարկելիօրէն քաջատեղեակ իր ուսումնասիրութեան առարկային, Սփիւռքը եւ նրա էական խնդիրները վերհանելու իր զարմանալի կարելիութիւններով իրօք, մնացել է այդ ճշմարտութեանը հաւատարիմ: Աշխատութեան մէջ առաջադրւում են վիթխարի բազմութեամբ հիմնահարցեր, բազմաբնոյթ ու բազմակնճիռ խնդիրներ, որոնք բնութագրում են Սփիւռքի եւ ընդհանրական եւ որոշակիօրէն կոնկրետ կեանքն ու պատկերը այս իրօք յարափոփոխ աշխարհում:

Իր աշխատութեան առջեւ դրուած նպատակների ու խնդիրների վերաբերեալ զուսպ եւ միաժամանակ տարողունակ նախաբանից յետոյ, հեղինակը մեկնում է վերոյիշյալ ճանաչողական ակունքներից՝ առաջին գլուխը նուիրելով Սփիւռքի պատմութեան եւ արդի բնութագրին: Այստեղ, եւ առաջ ընկնելով ասենք՝ նաեւ հետագայ շարադրանքում Սփիւռքը բացայայտւում եւ ներկայացւում է ոչ թէ որպէս մի ինքնաբաւ երեւոյթ՝ ամփոփուած որեւէ երկրի կամ երկրների ու աշխարհամասերի սահմաններում, այլ հայրենիքի, նրա ցեղասպանուած անցեալի, ապա անկախ պետականութեան, Արցախի ու նրա խնդիրների հետ ունեցած բազմածալ կապերով ու յարաբերութիւններով: Սկզբից իսկ ծանօթանում ենք հեղինակային իւրայատուկ ոճին՝ տեսական ձեւակերպումներին զուգահեռ եւ դրանց լծորդուած՝ Սփիւռքի արդիական եւ իրական խնդիրների քննարկումը՝ Սփիւռքի գոյացման պատմական պատճառների ու պայմանների ուրուագծումներից մինչեւ միջազգային սփիւռքագիտութեան դրոյթների գնահատում՝ հայ սփիւռքագիտութեան տարածքներում, վերջինիս իւրայատուկ չափանիշների վերհանում: Վերջիններս լրացւում են հեղինակի հիմնաւոր դիտարկումներով՝ Սփիւռք-ասպնջական երկիր, Սփիւռք-ազգային պետութիւն, Սփիւռքի անդրազգային յատկանիշներ ընդգրկումներով: Այս հիմնահարցերում ի յայտ է բերւում մի շատ կարեւոր օրինաչափութիւն՝ առհասարակ սփիւռքների ձուլման եւ միւս կողմից, դրանց ինքնագիտակցութեան եւ ինքնակազմակերպման՝ միմիանց հակակշռող անդադար գործընթացները:

Աշխատութեան մէջ առաջնահերթ նշանակութիւն է տրուած հայրենիք-Սփիւռք կապերի ու յարաբերութիւնների խորացմանը. դրանք յենւում են Սփիւռքի իրողութիւնների ու փոխակերպումների, հայկական համայնքների առանձնայատկութիւնների յստակ բնորոշումների վրայ: Այս իմաստով առանցքային տեղ է գրաւում համայնքների իրաւական տարաբնոյթ կարգավիճակների բնութագիրը՝ պայմանաւորուած բնակութեան երկրի օրէնսդրութեամբ, որպիսիք են ազգային-կրօնական համայնք, ազգային փոքրամասնութիւն, հասարակական կազմակերպութիւն եւ այլ տարակարգումները: Այս տարբերութիւնների ընդհանուր յենքի վրայ գրքում ի յայտ են բերւում Սփիւռքի կառոյցների (833 համայնք, 30 հազար կազմակերպութիւններ) բազմատեսակ բնութագրերը, դրանց տեսակներն ու գործունէութեան իւրայատկութիւնները, որոնք առնչւում են արդէն ընդհանուր, համահայկական կառոյցների ռազմավարական դերակատարութեանը՝ ազգային ինքնութեան պահպանման եւ հայրենիքի հետ կապերի խորացման ասպարէզում: Այս կերպ աշխատութեան էջերում եւ միշտ՝ շարժման մէջ, ըստ արժանւոյն գնահատւում են Հայաստանեայց Առաքելական եկեղեցին, դպրոցների, հայագիտական կենտրոնների, ազգային կուսակցութիւնների, մշակութային, իրազեկման եւ մասնագիտական կառոյցների մեծածաւալ գործունէութիւնը ազգապահպանութեան խնդիրների անեզր սահմաններում: Հեղինակային ոճի միասնականութիւնը աշխատութեան մէջ երբեմն ընդմիջարկւում է գիտական հիմնաւոր առարկութիւններով ու դիտողութիւններով՝ ընդհուպ մինչեւ մտածուած գործնական առաջարկները: Սփիւռքի հիմնախնդիրների քննարկման յենքի վրայ Հ. Յակոբեանը ճշդում է կարծրանալու վտանգ պարունակող որոշ եզրոյթներ՝ ոչ թէ հայկական սփիւռքներ, այլ անուանումներ՝ ըստ համայնքների տեղային կառուցուածքների, ինչպէս՝ Ռուսաստանի հայկական համայնք, ԱՄՆ-ի հայկական համայնք եւ այլն: Կամ՝ պէտք է ձերբազատուել տակաւին շրջանառող «գաղութ» հասկացութիւնից՝ իրաւացի այն առարկութեամբ, որ Սփիւռքի «համայնքների հիմնական մասում արդէն չորրորդ, հինգերորդ սերունդն է ծնւում, եւ նրանց գաղթական կոչելն այդքան էլ ճիշդ չէ» (էջ 65):

Հեղինակը շարունակ իր մտահոգութիւնների կենտրոնում է պահում Սփիւռքի հիմնախնդիրները եւ որոնց լուծմանն էլ ուղղուած է այս աշխատութեան ազնիւ նպատակներից մէկը: Ըստ նրա համոզմունքի, այդպիսի լուծումները պայմանաւորուած են ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին հանգամանքներով, որոնց մէջ ընդհանրական նշանակութիւն ունեն Հայաստանի տնտեսական զօրացումը, ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման առաջնահերթութիւնները: Համազգային այս հիմնախնդիրներին շաղկապուած՝ հեղինակը քննարկում է զուտ Սփիւռքի խնդիրները, ինչպէս «դասական» Սփիւռքի եւ Հայաստանից մեկնածների միջեւ գործակցութեան հաստատման, վերջիններիս համայնքային կեանքում ընդգրկելու, խառնամուսնութիւններից հողմածեծ հայ ընտանիքի պահպանութեան, երեխաների ինքնութեան եւ դպրոցի առջեւ ծառացած դժուարութիւնները, բուն իսկ Սփիւռքի ապակենտրոնացած կացութիւնը եւ այլն: Այս ամէնը, յիրաւի, մարտահրաւէրներ են, որոնց յաջող լուծումներից են կախուած Սփիւռքի գոյատեւման երաշխիքները: Հեղինակը համոզում է, որ այսուհանդերձ, կան այդ երաշխիքների առարկայացումները, որոնց հիմքում ընկած են համախմբմանն ուղղուած համազգային ջանքերը եւ հայաստանակենտրոն գործունէութիւնը ե՛ւ Սփիւռքում, ե՛ւ հայրենիքում: Կապուած վերոյիշեալին՝ որոշակիութեան եւ ընդհանրացնող որակներ ունեն աշխատութեան այն հատուածները, որոնք վերաբերում են Սփիւռքի առանձին համայնքներին՝ ըստ առանձին աշխարհամասերի եւ առանձին երկրների: Փաստական հարուստ տուեալներով եւ դրանց իմաստաւորմամբ աշխատութեան մէջ վերարտադրւում են համայնքների կարգավիճակներում շրջանառուող կառոյցների ու կազմակերպութիւնների գործունէութեան իրական պատկերները, հայերի ներդրումները ընդունող երկրի մտաւոր եւ մշակութային կեանքում եւ այլն: Այս եւ յարակից հարցերը հեղինակը բացայայտում է իրենց հետագայ զարգացումներում՝ մշտապէս վկայակոչելով փաստեր, այդ թուում եւ քիչ յայտնի փաստեր եւ իրողութիւններ, որոնց վրայ էլ յենւում է համահայկական մասնագիտական կառոյցների, կենտրոնների ու մամուլի գործառոյթների վերաբերեալ հմտալի քննական տեսութիւնը: Սփիւռքահայ հանրային ու ազգային կեանքի առաւել համոզիչ վերարտադրութեան նպատակով հեղինակը նաեւ զուգահեռներ է անցկացնում այլազգի սփիւռքների կառոյցների հետ, ինչը տեսնում ենք հրէական, յունական, թուրքական, իռլանտական  իրազեկող եւ լոպպիստական կառոյցների հեղինակային համադրման դէպքում՝ նկատի առնելով զուգահեռներից բխող ճանաչողական որակները ազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Սփիւռքին ուղղուած մարտահրաւէրների խորքային ուսումնասիրութիւնը հեղինակին մղում է ոչ միայն ձեւակերպել դրանց առանձնայատկութիւնները, այլեւ դրանց յաղթահարման ուղիների ու միջոցների վերաբերեալ անել գործնական առաջարկներ, որով աշխատութիւնը ստանում է ուղենշային ծրագրային բովանդակութիւն: Այսպէս, համայնքների կազմակերպման ոլորտում յատկապէս արժէքաւոր են Հ. Յակոբեանի դրոյթները՝ ուղղուած Սփիւռքի կառուցուածքային զարգացմանը, համախմբմանը եւ մարտավարութեան մշակմանը: Այդպիսիք են Հայաստան-Սփիւռք համաժողովների կարեւորումը, հին ու նոր սփիւռքների սերտաճման որոշակի կառուցակարգերի մշակումը, Հայաստանի եւ Սփիւռքի տեղեկատուական եւ գիտական կենտրոնների համախմբումը՝ համայնքների պատմամշակութային արժէքների բովանդակաւորման ու ժողովրդականացման նպատակով, Հայաստանի ուղղորդող նշանակութեան մշակումը, խոշոր համայնքներում համակարգող մարմինների ստեղծումը եւ այլն: Հեղինակի այս յղացումների շարքը՝ այնքան կարեւոր Սփիւռքի կենսապահովման պահանջների համար, կարելի էր շարունակել, բայց բաւարարուենք այսքանով եւ այստեղ ընդգծենք, թէ որչափ մեծ նշանակութիւն է տալիս հեղինակը մայր երկրին՝ իբրեւ այդ կենսապահովման ամենահզոր պատուարի:

Աշխատութեան մէջ լայն յենքով ներկայացուած են Սփիւռքի թանգարաններն ու գրադարանները եւ աննախընթաց մեծ ծաւալներով արժէքաւորուած՝ տասնեակ այդպիսի մշակութային օճախներ, իրենց պատմական ու կրօնական հաւաքածուներով, ոչ սակաւ դէպքերում եզակի եւ անկրկնելի՝ ձեռագրերից մինչեւ դրամներ, մանրանկարներից մինչեւ կերպարուեստի հին եւ ժամանակակից գոհարներ եւ այլն: Այս իմաստով դարձեալ գործնական հնչեղութիւն ունեն հեղինակի առաջարկները՝ հայկական եւ օտար թանգարանների ամփոփած հոգեւոր գանձերը հետազօտելու եւ միջազգային հանրութեանը ճանաչեցնել տալու ուղղութեամբ: Այս առումով հեղինակն անդրադառնում է հայագիտական կենտրոնների գործունէութեան համազգային ընդգրկումների կարեւորութեանը՝ ուշադրութեան կենտրոնում պահելով նաեւ հայերի եւ այլ ազգերի միջեւ հոգեւոր կապերի ամրապնդմանը: Սփիւռքահայ մամուլին արուած ընդարձակ անդրադարձներում եւս Հ. Յակոբեանին յաջողուել է ցոյց տալ միասնական գործողութիւնների ուղղութիւնները, ազգանպաստ իրազեկման առաջնահերթ նշանակութիւնը՝ նորօրեայ  բարձր տեխնոլոկիաների կիրառմամբ:

Աշխատութեան երկրորդ գլխում քննարկւում է Հայաստանի եւ Սփիւռքի առջեւ ներկայիս ծառացած մարտահրաւէրների հիմնահարցը, որտեղ հեղինակի պատկերացումներն ու մտահոգութիւնները ստանում են ամբողջական տեսք, որչափով այդ մարտահրաւէրները սերտօրէն աղերսւում են մէկը միւսին՝ արդէն իսկ պայմանաւորուած միմիանցով: Հեղինակը ձեւակերպում է դրանց լուծումների առաջնահերթութիւնները՝ կապուած Հայաստանի պետական կառավարման համակարգի զարգացման, քաղաքական ու տնտեսական բնոյթի խոչընդոտների յաղթահարման, արտագաղթի դէմ արդիւնաւէտ միջոցների կիրառման, քաղաքացիական հասարակութեան աքթիւացման, Սփիւռքի ներուժն օգտագործելու եւ այլնի հետ: Համահայկական դիմակայութիւնների մէջ հեղինակը կարեւորում է նաեւ թուրք-ատրպէյճանական մարտնչող քաղաքականութեան մերկացումը ի հակակշիռ այդ քաղաքականութեան հետամտած՝ բանակցային գործընթացի ձախողման եւ տարածաշրջանային ապակայունացման: Հեղինակն ուշադրութիւն է հրաւիրում հայկական իրողութիւնների վրայ ներազդող նոր երեւոյթների վրայ, այն բանին, որ նորայայտ մարտահրաւէրները պահանջում են նոր մօտեցումներ եւ որ բազմաբեւեռ դարձած աշխարհը նոր կնճիռներ է յարուցում սփիւռքահայ կեանքի անհանգիստ մակերեսին՝ խորքերում պահելով առաւել ահագնացող վտանգներ: Այդպիսիք, ինչպէս ցոյց է տալիս հեղինակը, ի յայտ են գալիս Սփիւռքի ներքին տեղաշարժերի, տարանջատումների եւ այլնի  ձեւով, որոնց միանում է մէկ այլ անխուսափելի դժուարութիւն՝ ընդունող երկրի եւ Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերի անհամապատասխանութիւնը եւ այս պայմաններում՝ Հայաստանի եւ Սփիւռքի ճիշդ կողմնորոշուելու խնդիրը: Հեղինակի մօտեցումները առաւել որոշակի են դառնում, երբ նա կանգ է առնում առանձին երկրների համայնքների իւրայատկութիւնների վրայ: Այս տեսակէտից համակողմանի քննութեան են առնուած հայկական համայնքի իրողութիւնները Թուրքիայում, ցեղասպանութեան ճանաչման հարցում թուրքական ժխտողականութիւնը, որի դէմ անզիջում պայքարը գրքում իրաւամբ ձեւակերպւում է որպէս հայութեանը միաւորող գործօն: Այստեղ նշւում են դիմակայութեան առաջնային ասպարէզները՝ կրթական (հայկական դպրոցների թուաքանակի նուազումը Սթանպուլում), լեզուի եւ խառնամուսնութիւնների տագնապայարոյց վիճակը, Կ. Պոլսի հայոց պատրիարքութեան անգլուխ կացութեան յարատեւումը, բռնի մահմետականացած հայերի խնդիրը: Աշխատութեան մէջ բացայայտւում են ոչ միայն նոր տեսքով փոխակերպուած պատմական կամ աւանդական, այլեւ իրաւական բնոյթի մարտահրաւէրներ՝ յատկապէս հայութեան պատմամշակութային ժառանգութեան իրաւական կարգաւորումների ասպարէզում: Հայկական ունեցուածքի եւ գոյքի ժառանգութեան հիմնախնդիրների մէջ Հ. Յակոբեանը մատնացոյց է անում կտակների իրաւական կարգաւորման առանձնայատկութիւնները՝ ըստ տուեալ երկրի օրէնսդրութեան ու միջազգային իրաւունքի եւ դրանից բխեցնում արդիական հնչեղութիւն ստացած իր եզրակացութիւնը. ի տարբերութիւն երբեւէ՝ ազգային կտակները վերադարձնելու փորձերի, այսօր դրանք պէտք է շարունակուեն Հայաստանի պետականութեան պայմաններում, երբ պետութիւնն ինքն է ստանձնում իրաւատիրոջ դերակատարութիւնը՝ իբրեւ ազգ-ժառանգորդի միակ ներկայացուցիչ: Հեղինակն այս խնդիրը քննարկում է զուսպ եւ համոզիչ՝ միջազգային իրաւունքի կարելիութիւնների սահմաններում եւ որի արդարացի հետեւանքներն ակնկալւում են նիւթական, այլեւ հոգեւոր ասպարէզում, իբրեւ պատմական յիշողութեան վերականգնում եւ վարքագիծ ներշնչող գործօն:

Աշխատութեան երկրորդ գլխի աւարտը, որպէս նախընթաց շարադրանքից բխող հարցադրումների շարունակութիւն, նուիրուած է հայ ինքնութեան հիմնահարցերին: Հեղինակն այդ ինքնութիւնը պահպանող հիմնասիւներն է համարում իր հայեցակարգային մօտեցումներում արծարծուած եւ դրանք միաւորող մեկնակէտերը՝ ազգային լեզուն եւ դպրոցը, հայ ընտանիքն ու բարքերը, մշակոյթը, եկեղեցին եւ պատմական յիշողութիւնը: Սփիւռքի ինքնութեան ամրապնդման խնդիրները հեղինակին մղում են իրական վտանգները գնահատող ընդհանրացուած եզրակացութիւնների՝ համայնքներում հայերէնի գործածութեան  սահմանափակումներից մինչեւ հաղորդակցութեան միջոցի գործառոյթի վերացում, ազգային դպրոցի քանակական ու որակական տեղատուութիւնները օտար դպրոցների առջեւ, զուտ հայկական ընտանիքների քանակի նուազեցման արդէն ոչ թէ տրամաթիկ, այլ աղէտալի պատկերը եւ այլն: Վերջին դէպքում  մէջբերւում են համոզիչ տուեալներ՝ Լատինական Ամերիկայում խառնամուսնութիւնները հասել են 70-80, Հիւսիսային Ամերիկայում՝ շուրջ 60 տոկոսի (էջ 363), ուծացման ահեղ երեւոյթ, որ առաւել ճարակներ է անում քրիստոնէական երկրներում եւ որի արմատներն իրենց զգացնել էին տալիս դեռեւս միջնադարեան հայ գաղթօճախներում: Այս եւ այլ կարգի անձկութիւններին Հ. Յակոբեանը հակադրում է ազգային մշակոյթի եւ հոգեւոր կառոյցների հակազդող նշանակութիւնը, յատկապէս հայ Առաքելական, Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների միասնական գործունէութեան հնարաւորութիւնները:

Սփիւռքի զօրացումը բուն իսկ Հայաստանի զօրացումն է միանգամայն, եւ այս տեսակէտը հեղինակն ամրապնդում է «Սփիւռքի ներդրումները» հատուածում: Սփիւռքն ի յայտ է բերում իր կենսունակութիւնը հայրենիքի հետ ունեցած բոլոր յարաբերութիւններում, այդ թուում եւ նրա տնտեսական վերաշինութեան բնագաւառում: Հայաստան-Սփիւռք տնտեսական կապերի առկայ կացութիւնն ու հեռանկարները գրքում քննարկւում են նիւթին համապատասխան լրջմիտ վերլուծութեամբ՝ բնորոշելով ներդրումների տեսակներն ու շրջանառութեան ոլորտները, իրաւական, հոգեբանական ու բարոյական բնութագրերի նշանակութիւնը:

Քաղաքագիտական վերլուծութեան եւ կշռադատուած ծրագրի համադրում պէտք է համարել աշխատութեան վերջին գլուխը՝ Հայաստան-Սփիւռք գործակցութեան ոլորտում պետական քաղաքականութեան վերաբերեալ: Այստեղ ի մի են բերւում հայրենիք-Սփիւռք կապերի զարգացման խնդիրները՝ պատմական  յենքի վրայ՝ ընդհուպ դրանց որակական ու արդիական նոր պատկերը՝ Հայաստանի Երրորդ հանրապետութեան հռչակումից ի վեր: Հեղինակը շեշտադրում է այդ նոր փուլի սահմանադրական մակարդակը՝ համարժէք գործնական դրսեւորումներով, որ ընկած է այդ գործակցութեան հայեցակարգի (2009 թ.) մշակման հիմքում: Հեղինակը, որ, ի դէպ, գլխաւորում է Սփիւռքի նախարարութիւնը դրա ստեղծման ժամանակից առ այսօր, փորձի եւ իրազեկութեան համոզչութեամբ բնութագրում է այդ կառոյցի, որպէս պետական կառավարման մարմնի առանձնայատկութիւնները, որոնք բխում են հայրենիք-Սփիւռք գործակցութիւնը իմաստաւորող՝ փոխըմբռնման եւ իրաւահաւասարութեան սկզբունքներից: Հեղինակը փաստում է այդ սկզբունքների արդիւնաւէտութիւնը ծրագրերի ու գործելակերպի ներդաշնակութեան պայմաններում («Արի տուն» ծրագիրը, «Իմ Հայաստան», «Կոմիտաս» փառատօները, «Սփիւռք» ամառային դպրոցը եւ այլն): Յիրաւի, Սփիւռքը՝ հայութեան այդ խոշորագոյն հատուածը, հեղինակի դիպուկ սահմանմամբ՝ իր «բազմաշերտ, բազմադէմ, բազմալեզու, բազմակարծիք եւ բազմակարիք» (էջ 427) նկարագրով մեր առջեւ յառնում է նշուած գործակցութեանն անհրաժեշտ անհատական ու հանրային, քաղաքական, տնտեսական ու մշակութային եւ այլ հիմքերով, անհատնում եւ առօրեական աշխատանքի պարտադրանքով: Հեղինակը լիովին համոզում է, որ այդ աշխատանքը լրջագոյն փորձութիւն է ե՛ւ հայրենիքի, ե՛ւ Սփիւռքի համար եւ որի ազգովին յաղթահարումներից է կախուած ե՛ւ մէկի, ե՛ւ միւսի կենսագործունէութեան յաջողութիւնը, այլ կերպ՝ հայ ազգային ինքնութեան ապահովումը:

Գրախօսուող աշխատութեան անկեղծութիւնը, հեղինակի դրոյթների գիտականութիւնն ու գործնական արժէքը խորանում են վիճակագրական տուեալները խմբաւորող յոյժ արժէքաւոր աղիւսակներով, որոնք արտացոլում են Սփիւռքի իրական կացութիւնը եւ հայրենիքի հետ նրա փոխյարաբերութիւնների բազմաթիւ ոլորտները:

Աշխատութիւնը գրուած է հեղինակի առաջադրած հիմնահարցերն ու դրոյթները անբռնազբօս ձեւակերպող՝ յղկուած ու արտայայտիչ հայերէնով, որ համապատասխանում է թեմային ու դրա կատարման գիտագործնական բնոյթին: Կարելի էր, այս ամէնի հետ մէկտեղ եւ կատարուած վիթխարի աշխատանքը նկատի առնելով հանդերձ, ինչ-ինչ դիտողութիւններ անել որոշ ենթագլուխների հերթականութեան կամ ձեւակերպումների առթիւ, բայց դրանք ունեն ընդամէնը փանաքի տեղ՝ այս աշխատութեան նշանակութեան առջեւ: Հայկական Սփիւռքին նուիրուած՝ Հ. Յակոբեանի աշխատութիւնն ունի ճանաչողական եւ ծրագրային անհերքելի արժէք եւ իր այս յատկութիւնների շնորհիւ իրաւամբ հաւակնում է Սփիւռքին նուիրուած հանրագիտական աշխատութեան բոլոր արժանիքներին: Այն լուրջ ներդրում է սփիւռքագիտութեան եւ մասնաւորապէս հայ սփիւռքագիտութեան բնագաւառում եւ հենց բազմալեզու սփիւռքին ուղղուած իր մասնաւոր նշանակութեամբ առաջադրում է եւրոպական եւ արեւելեան լեզուներով թարգմանուելու հասկանալի անհրաժեշտութիւնը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.