ԼՂ-ում չեն լինի ժամկէտայիններ և պայմանագրայիններ ՀՀ-ից

Յուլիսի 19-ին «Արմէնպրես» լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցում ՀՀ անվտանգութեան խորհրդի դե-ֆակտօ քարտուղար Արմէն Գրիգորեանը շօշափել է ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման հարցը:

Դե-ֆակտօ քարտուղարը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից յետոյ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»: Աւելին, սեպտեմբերից յետոյ ԼՂ-ում չեն լինելու ՀՀ-ից ո՛չ ժամկէտայիններ, ո՛չ պայմանագրայիններ:

Հարցին, թէ արդեօք դա չի նշանակի Լեռնային Ղարաբաղն անպաշտպան թողնել, դե-ֆակտօ ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Ոչ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգութեան ապահովման գործառոյթն իրականացրել է ԼՂ Պաշտպանութեան բանակը: Եւ այս առումով որեւէ բան չի փոխւում»: Այստեղ Արմէն Գրիգորեանն, ամենայն հաւանականութեամբ, մոռացել էր, որ տարիներ շարունակ ՀՀ-ն, լինելով Արցախի անվտանգութեան երաշխաւոր, պատասխանատու է եղել դէպի Արցախ կատարուող զօրակոչի համար, որից այժմ հրաժարւում են դե-ֆակտօ իշխանութիւնները: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. իսկ կրելու՞ է արդեօք ՀՀ-ը պատասխանատուութիւն Արցախում գտնուող ՊԲ ժամկէտային և պայմանագրային զինծառայողների համար, եթէ թշնամական կողմը հերթական անգամ ագրեսիա ցուցաբերի:

Փաստացի, ՀՀ-ը հրաժարւում է ԼՂ անվտանգութեան երաշխաւորի իր պարտականութիւնից, իսկ աւելի պատկերաւոր ասած` «լուանում է իր ձեռքերը»: Այստեղ միանգամայն տեղին է յիշել, որ սոյն դե-ֆակտօ իշխանութիւնները մէկ տարի առաջ ներկայացրած իրենց նախընտրական ծրագրում մասնաւորապէս նշել էին. «Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը…Խորացնելու ենք համագործակցութիւնը  Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակութիւն ենք ցուցաբերելու Արցախին՝  Պաշտպանութեան բանակի վերակառուցման ու արդիւնաւէտութեան բարձրացման գործընթացում»:

Այսպիսով, ականատես ենք, թէ ինչպէս են դե-ֆակտօ իշխանութիւնները կէտ առ կէտ խախտում իրենց իսկ խոստումները, իսկ Արցախի հայկականութիւնը օր օրի էլ աւելի է վտանգւում, մինչդեռ ՀՀ բնակչութիւնը նրանց մանդատ չի տուել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու: Փոխարէնը՝ դե-ֆակտօ իշխանութիւնները որոշել են իրենց բաժին պատասխանատուութիւնը բարդել ՌԴ խաղաղապահ ուժերի վրայ, քանի որ, ինչպէս դե-ֆակտօ ԱԽ քարտուղարն է նշել, «խաղաղապահ ուժերն առանցքային նշանակութիւն ունեն ԼՂ հայութեան անվտանգութեան երաշխաւորման գործում»: Ի՞նչ է սա, եթէ ոչ պատասխանատուութիւնից հրաժարում` Արցախի և արցախահայութեան անվտանգութիւնն ապահովելու հարցում:

hayaliq.com

Leave a Comment

You must be logged in to post a comment.