Լիակատար եւ անշրջելի կապիտուլեացիա. ինչ են ուզում օտարները մեզնից, եւ ինչի համար է Նիկոլը. Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդուածը։ Այն ամբողջութեամբ՝ ստորեւ.

«Մենք սխալ ենք պատկերացնում պրոցեսը, որ կատարւում է մեր երկրում եւ մեր երկրի շուրջ։

Մի մտածէք, թէ Նիկոլին սպասում է այս կամ այն թուղթը ստորագրելու հեռանկարը։ Հարցը թղթի մէջ չէ։ Պէտք է ամբողջութեա´մբ հասկանալ, թէ ինչ են ուզում օտարները մեզնից, եւ ինչի համար է Նիկոլը։

Ի՞նչ են ուզում մեզնից

Այս հարցը այնքան ակնյայտ է, որ մեզ թշնամի ու բարեկամ երկրներում չեն թաքցնում իրենց զարմանքը, թէ ինչպէս մենք դա չենք հասկանում։ Իսկ մենք չենք հասկանում։ Կարդացէք միջազգային փորձագիտական շրջանակների ու վերլուծական կենտրոնների նիւթերը ու կապշէք, թէ ի´նչ մակարդակում են գտնւում հայկական պետութեան վերնախաւերը եւ, հետեւաբար, ինչ կարծիքի են ուրիշները մեր մասին։

Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանից ուզում են մէկ բան՝ լիակատար եւ անշրջելի կապիտուլեացիա։

Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանից ուզում են ստանալ մի պետութիւն, որը երբեք չի ունենալու վերածննդի հնարաւորութիւն, եւ ըստ այդմ՝ երբեք չի դնելու քիչ թէ շատ մեծ խնդիրներ։

Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանն ուզում են վերածել ինստիտուցիոնալ անդամալոյծի։

Այդ ճանապարհին նրանք ցանկանում են լուծել հետեւեալ քայլերը.

  1. Արգելել Հայաստանին՝ ունենալ լուրջ բանակ՝ լուրջ թուաքանակ, լուրջ զինտեխնիկայ, որակեալ սպայակազմ։
  2. ՀՀ սահմաններին զբաղեցնել գերիշխող դիրքերը՝ մէկընդմիշտ վերահսկողութիւն սահմանելով կարեւոր ճանապարհների վրայ։
  3. Ջարդել հազար տարի չունեցած եւ միայն վերջին 28 տարում կաթիլկաթիլ կառուցուած հայկական դիւանագիտական համայնքը։
  4. Ջարդել հայկական աշխարհը, Հայաստանը տարանջատել սփիւռքից։ ՀայաստանՍփիւռքԱրցախ համակարգը, ըստ նրանց, չպէտք է լինի, քանի որ այն պարունակում է ազգային վերածննդի պոտենցիալ։
  5. Ջարդել եկեղեցին։ Միասնական հայկական եկեղեցին ազգային վերածննդի եւ ազգային ինքնութեան պահոցն է։
  6. Հայաստանի վրայ դնել ռեպարացիոն պարտաւորութիւններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրեւ թէ հասցուած 50 եւ աւելի մլրդ. վնասը։ Այս թիւը վաղուց հնչեցւում է նրանց կողմից։
  7. Հայաստանի եւ Արցախի մի խումբ հեղինակաւոր պետական եւ ռազմական գործիչների՝ որպէս պատերազմի յանցագործների, դատել թուրքական կամ Հաագայի դատարանում՝ հայ ժողովրդի բարոյական ոչնչացման եւ ազգային արժանապատւութիւնից վերջնական զրկելու նպատակով։

Այս կէտերի մէջ էր նաեւ հայրենասէր, էներգիա եւ դիմադրութեան պաշար ունեցող մարդկանց կոտրումը եւ հեռացումը, որն կատարուեց պատերազմի միջոցով՝ ֆիզիկապէս եւ հոգեբանօրէն ոչնչացնելով հազարաւոր՝ կենսունակ, հայրենատիրութեան ընդգծուած զգացում ունեցող մարդկանց։

Սրանք այն կէտերն են, որոնց իրականացումը Հայաստանը գործնականում կը սարքի ամուլ, անհեռանկար ու առանց վերածննդի մի կիսապետութիւն։ Կը սարքի այնպիսի Հայաստան, որտեղից կը փախչի հոգեւոր կամ կրթական քիչ թէ շատ պաշար ունեցող մարդը։

Հիմա հարց՝ ո՞ւմ ձեռքով է կերտւում այսպիսի Հայաստանը, ովքե՞ր են ամէն օր մեզ տանում այսպիսի Հայաստանի հանգրուանին.

  1. Հայաստանի իշխանութիւնները,
  2. Գեներալական կոչումներ ստացող, արիութեան, քաջութեան, խիզախութեան, անզնազոհութեան մեդալներ ստացող ուժայինները, որոնք կատաղի ու անմոռաց պայքարում են երկրի վերածննդի յոյսի դէմ,
  3. Մերձնիկոլական շրջանակները, որոնք իրենց աչքերով մեզնից շատ աւելին են տեսնում ու գիտեն, բայց ծառայում են որպէս սուլթանի հարճ։
  4. Վախւորած կրթուածները, որոնք միշտ վախենում են սեփական կարծիք ունենալուց,
  5. Այլ

Հիմա հասկանալ է պէտք հակառակ ռեսուրսի աղբիւրները։ Որտե՞ղ է դիմադրութեան եւ Հայաստանի հնարաւոր վերելքի պոտենցիալը։

Հայաստանի վերջին մէկ տարուայ պատմութիւնը շատ հարցերի ստիպել է նայել այլ կերպ։ Հին հերոսների, հին կուռքերի դեֆոլտն այս հարցը նոր սրութեամբ է դնում։

Միեւնոյն ժամանակ ձեւաւորւում են ազգայինառաջադիմական պոտենցիալի նոր աղբիւրներ.

Հայ եկեղեցին ու նրա բազմաթիւ սպասաւորներ

ՀՅԴ երիտասարդ սերունդը, ՀՅԴ շարքային տղերքը՝ կամաւորները

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից ու բարեկեցիկ կեանքերից պատերազմի դաշտ շտապածները,

Հանրային գործիչների մի պատկառելի անուանացանկ, որոնք վերջին 2 տարում դրսեւորւեցին որպէս իսկական քաղաքացիներ եւ իսկական պրոֆեսիոնալներ, եւ որոնք չմասնակցեցին այս ընտրութիւններին։

ՀՀ գուցէ քիչ յայտնի կամ ընդհանրապէս լայն հանրութեան անյայտ շատ քաղաքացիներ, որոնք իրենց մարդկային եւ գիտակցական որակներով շատ աւելի բարձր են, քան վերնախաւեր կոչուածը։

Սա աւելի քան բաւարար ռեսուրս է Նիկոլին մերժած 400 հազարին ամուր պահելու, տանը մնացած 800 հազարին համախմբելու եւ Հայաստանի կազմաքանդման տակ ստորագրած 700 հազարը կազմաքանդելու համար. պէտք է գիտակցենք, որ այդ մարդկանց մեծ մասը չի հասկացել, թէ ինչի´ն է տալիս իր ձայնը։

Դիմադրութեան եւ վերելքի նոր համակարգեր

Հարիւր տարի առաջ թուրքական եաթաղանին հիմա փոխարինելու է եկել Նիկոլի մուրճը։ Նա այդ մուրճով ջարդում է իրականում ոչ թէ «Հայաստանը», այլ Հայաստանը։ Այս կողմից որեւէ հետեւութիւն դեռ չի կատարւում։ Կարծում եմ սրա պատճառը հարցերի քննարկման եւ որոշումների կայացման մեխանիզմի հնացուածութեան մէջ է։

Նիկոլը շատ աւելի լաւ է հասկանում, որ հիմա ամէն ինչ շատ արագ է հնանում, եւ նախընտրական մեխանիզմներն ու թիմերն արդէն անցեալ են, դրա համար էլ նոր ֆորմատներ է յօրինում ու փորձում 0+0+0+0+…. ից մի կերպ մի ինչ-որ 1 ստանալ։ Այս ֆոնին ապշեցուցիչ է ընդդիմադիր համակարգերի դանդաղկոտութիւնը, որը միտում ունի՝ վերածուելու համակերպուածութեան։

Ակնյայտ է, որ պէտք է ձեւաւորուեն հանրային, քաղաքացիական, քաղաքական պայքարի նոր ձեւաչափեր։ Պէտք է մոռանալ 17-ի ամուլ ֆորմատը, եւ նրա 7-ը, որը լի էր փոխադարձ անվստահութեամբ, եւ նախընտրական դաշինքները՝ լայն հասարակութեան համար անհասկանալի կապերով, պարտաւորութիւններով ու տրամաբանութեամբ, պէտք է մոռանալ նրանց, ովքեր միաժամանակ երեք խաղ են խաղում։

Ուղղակի պէտք է լինել.

– հասարակութեան առաջ ազնիւ

– հասարակութեան համար հասկանալի

– հասարակութեան իրական դէմքերից ու շրջանակներից կազմուած

Միայն այս դէպքում հնարաւոր կը լինի կազմակերպել դիմադրութիւն եւ ունենալ վերելքի յոյս։ Չանենք՝ թուրքական ցանկութեան վերը նշուած բոլոր եօթ կէտերը դառնալու են իրականութիւն»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.