«Ի զուր չէ, որ հանրային կարծիքը նրան է համարում Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրը». Սիմոն Վրացեանը Արամ Մանուկեանի մասին

Յունուար 29-ը Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահուան 100-ամեակն է

Բուն անունը Սարգիս էր կամ Սերգէյ Յովհաննիսեան, Վանում դարձաւ Արամ Մանուկեան: Ծնուել էր Ղափանի Զէյվա գիւղում, արհեստաւորի մի համեստ ընտանիքում, 879-ին: Ծնողների չքաւորութեան պատճառով դառն մանկութիւն ունեցաւ: Շուշիում դերձակութիւն անող եղբօր օգնութեամ բաւարտեց Ագուլեաց ծխական ուսումնարանը եւ 1890-ին մտաւ Շուշիի Թեմական դպրոցը:

Աշխատասէր, ուշիմ եւ ընդունակ տղայ էր Արամը: Սիրուած էր ուսուցիչներից եւ ընկերներից: Աչքի էր ընկնում մտաւոր զարգացումով եւ եռանդով մասնակցում էր աշակերտական խմբակներին: Շուշիի Թեմական դպրոցը, այդ տարիներին, յեղափոխական խմորումների կենտրոններից էր: Դաշնակցութեան ազդեցութիւնը տիրական էր աշակերտութեան մէջ, հակառակ որ տեսչութիւնը գտնւում էր պահպանողականների ձեռքին: Արամի դպրոցական ընկերներն էին ապագայ Իշխանը , Մենակը, Իսաջանը եւ ուրիշ ըմբոստ գաղափարական երիտասարդներ: Բախումը աշակերտութեան եւ տեսչութեան միջեւ անխուսափելի էր: Ի վերջոյ, մի խումբ աշակերտներ, որոնց թւում էր Արամը, խռովայոյզ ցույցերից յետոյ, ոստիկանական ուժով վտարուեցին դպրոցից:

Արամը, Իշխանը եւ մի քանի ուրիշներ ընդունուեցին Երեւանի Թեմական դպրոցը, ուր իրենց հետ բերին դաշնակցական գաղափարներն ու ոգեւորութիւնը: 1901-ին, աւարտելով Երեւանի Թեմական դպրոցը, Արամը անցաւ Պաքու՝ աշխատելու համար բանուորութեան մէջ, ուր շուտով աչքի ընկաւ, իբրեւ եռանդուն դաշնակցական գործիչ: 1903-ին, եկեղեցական կալուածների գրաւման օրերին, Արամը Պաքուի Կենտր. Կոմիտէի կողմից ուղարկուեց Գանձակ՝ ինքնապաշտպանութեան գործով, ապա անցաւ Կարսի շրջանը, որ դաշնակցական գործունէութեան եռուն վայր էր այն օրերին: Այնտեղից զէնք ու զինամթերք էր փոխադրւում Երկիր, խմբեր էին կազմակերպւում՝ Երկիր մտցնելու համար: Այնտեղ էին Սեբաստացի Մուրադը, Թորգոմը, Իշխանը, Իսաջանը, Մենակը եւ ուրիշ գործիչներ ու հայդուկներ: Աննկարագրելի եռուզեր եւ ոգեւորութիւն էր տիրում շրջանում:

Արամը ամբողջ թափով փարեց յեղափոխական խմբերի պատրաստութեան: Ինքն էլ մտադիր էր մտնել Երկիր, բայց տկար առողջութիւնը արգելք եղաւ: Իրար յետեւից խմբերը անցան սահմանը՝ փութալով Սասունի օգնութեան եւ ճանապարհին շատերը բնաջնջուեցին ռուսների եւ թուրքերի ձեռքով: Սպանուեցին եւ Արամի մտերիմները՝ Թորգոմը, Իսաջանը, Մենակը: Կարսի շրջանը այլեւս դարձաւ անտանելի նրա համար: «Խիղճս ինձ տանջում էր, գրում է նա իր յուշերում, որ ամէնքը գնացին եւ նահատակուեցին, իսկ ես կարծես մի խորամանկութեամբ յետ մնացի»:

Արամը հեռանում է Կարսից՝ Սասուն անցնելու մտադրութեամբ, բայց Թիֆլիսում իմանում է, որ Սասունը ընկել է, եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի առաջարկութեամբ, 1904-ի աշնանը, մեկնում է Վան, ուր գտնւում էին արդէն Իշխանը եւ Վահան Փափազեանը (Բժիշկ): Այսպիսով սկսուեց նրա գործունէութիւնը Վասպուրականում, որից դուրս եկաւ Վանի Արամը:

Արամի կեանքն ու գործունէութիւնը Վանում, մինչեւ 1906ը, երբ նա, Իշխանի հետ, մեկնեց արտասահման Հ.Յ.Դ. Չորրորդ Ընդհ. Ժողովին մասնակցելու համար, պատմուած է իր յուշերում («Հայրենիք» ամսագիր, 1922-ի թիւ 2-ից սկսած:)

Արտասահմանում Արամ մնաց մօտ կէս տարի: Ընդհանուր Ժողովից յետոյ, նորից վերադարձաւ Վան, ուր հետզհետէ կենտրոնական դիրք գրաւեց: Այդ շրջանի դէպքերը մանրամասնօրէն նկարագրուած են Վ. Փափազեանի «Իմ Յուշեր»ի Ա. Հատորում:

Սահամանադրութիւնից յետոյ, Արամը մի տարի ուսուցչութիւն արաւ Օրդուում: 1911 թուականը անցկացրեց Ժընեւում: Եւ դարձեալ մի տարի Օրդուում ուսուցչութիւն անելուց յետոյ, վերադարձաւ Վան: Ու այնուհետեւ, Արամը եղաւ Վասպուրականի Դաշնակցութեան ղեկավար ու մղիչ ոյժը՝ Իշխանի, ապա Ա. Վռամեանի հետ: Ինչպէս Ռոստոմը բովանդակ Դաշնակցութեան մէջ, Արամը ամէն ինչ էր Վասպուրականում. դպրոց, ազգային հաստատութիւններ, մամուլ, ժողով ու հանդէս երիտասարդական շրջաններ, գաւառ, Աղթամար, յարաբերութիւններկառավարութեան հետ – ամէն բանի վրայ տիրական էր Արամին միտքն ու հոգին:

Վրայ հասաւ համաշխարհային պատերազմը: Վռմեանն ու Իշխանը զոհ գացին նենգ դաւադրութեան: Արամը մնաց մենակ ղեկավար դիրքերում՝ անօրինակ աղէտի առջեւ: Եւ հերոսամարտը, որով փրկուեցաւ Վանը, կազմակերպուեց ու վառուեց Արամի ուժեղ բազուկներով: Եւ երբ 1915-ին Վասպուրականը ազատուեց մահացու վտանգից, բնական կերպով Արամը կոչուեց նահանգապետութեան: Նա միակ մարդն էր, որի հեղինակութիւնը այդ օրերին ճանաչում էին ամէնքը – ե՛ւ նրանք, որ այսօր երկիւղածութեամբ ու պաշտամունքով արտասանում են նրա անունը, ե՛ւ նրանք, որ կրքից կուրացած՝ սեւացնում են նրա յիշատակը:

Արամի նահանգապետութիւնը կարճ տեւեց – ընդամէնը չորս ամիս: Այնուհետեւ յաջորդեցին աղէտաւոր նահանջները ռուս բանակի, եւ Վասպուրականի հայութիւնը տեղահան ու հողմավար եղաւ: Բայց Արամը երբեք չդաւաճանեց նրան, մնաց նրա մէջ ու նրա հետ, եւ գերմարդկային ճիգ թափեց մեղմացնելու համար նրա տառապանքը:

1916-17 թուականները Արամը անցկացրեց Թիֆլիսում: Մասնակցում էր Ազգ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի աշխատանքներին, բայց առաւելապէս զբաղուած էր Վասպուրականի եւ այլ վայրերի գաղթականների գործերով: Մի պահ ծանր յօդացաւը անկողին ձգեց նրան, եւ ընկերների ստիպման տակ անցաւ Խրիմ՝ դարմանուելու համար Սաքիի հանքային բուժարանում ուր, դարձեալ ընկերների ստիպումով, գրի առաւ իր յուշերը: Ապաքինած վերադարձաւ Թիֆլիս ցարական վարչաձեւի անկման նախօրեակին եւ ամբողջ էութեամբ նետուեց յեղափոխական թոհուբոհին մէջ: Թրքահայ գրաւուած վայրերի առանձին նահանգապետութեան վերածուելը եւ գաղթականների վերադարձը նոր թափ ու ոգեւորութիւն ներշնչեց նրան: Մասնակցեց Արեւմտահայ եւ Ռուսահայ Ազգային Ժողովներին, որոնց մէջ ղեկավար դեր կատարեց: Աջ բազուկը եղաւ Թրքահայաստանի նահանգապետի օգնական բժ. Զաւրեանի: 1917-ին Ազգ. Խորհրդի կողմից, իբրեւ լիազօր ներկայացուցիչ, ուղարկուեց Երեւանի նահանգ, ուր նրան վիճակուեց պատմական դեր, Դրոյի հետ միասին, հայութեան պաշտպանութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման գործում: Այս շրջանում էր, որ առանձնապէս երեւան եկաւ նրա արտակարգ կարողութիւնը, յեղափոխական, կազմակերպական եւ պետական տաղանդը: Ի զուր չէ, որ հանրային կարծիքը նրան է համարում Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրը:

Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ կառավարութեան մէջ Արամը ստանձնեց ներքին գործոց եւ պարենաւորման նախարարի պաշտօնը: Միակ մարդն էր, որ այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել Երկրում եւ պետական շինարարութիւն սկսել: Աւա՜ղ, սակայն, կարճատեւ եղաւ նրա պաշտօնավարութիւնը: 1918 Դեկտեմբերին, երբ բծաւոր տիֆը աւեր էր գործում Երեւանում, Արամն էլ վարակուեց եւ անկողին ընկաւ: Տանջալից հիւանդութիւնը տեւեց մինչեւ 1919-ի Յունուար 29-ը, երբ նա փչեց վերջին շունչը: Վերջին օրերին զառանցանքների մէջ նա, յաճախ, յիշում էր Ռոստոմի անունը, որ արդէն հեռացել էր այս աշխարհից…

Հայ ժողովուրդը Արամին արաւ մի յուղարկաւորութիւն, որպիսին չէր տեսել Երեւանը. ամբողջ քաղաքը լալիս էր եւ երկիւղածութեամբ հետեւում նրա դագաղին: Արամի մարմինը թաղուեց Երեւանի հասարակաց գերեզմանատանը, Հ.Յ. Դաշնակցութեան Պանթէոնի բաժնում յաւերժական Մասիսի առջեւ: Այդպիսի սրտաշարժ յուղարկաւորութեան արժանացել էին միայն Ս. Զաւարեանը Պոլսում եւ յետագային՝ Աւ. ԱհարոնեանըՄարսեյլում ու Փարիզում:

Սիմոն Վրացեան
«Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան 1890-1950», Պոսթըն

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.