Իշխանամերձ շրջանակներից հաստատում են՝ սեպտեմբերի 27-ին ՊԲ-ն պահպանութիւնից պաշտպանութեան անցած չի եղել

168.am-ը բաց աղբիւրների հիման վրայ ուսումնասիրութիւնների շարք էր սկսել՝ ցոյց տալու, որ կարևոր ուղղութիւններում Պաշտպանութեան բանակը (ՊԲ) պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին: Աւելի կոնկրետ՝ պատերազմի սկսուելու պահին զինուորները զօրամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսուելուց յետոյ են կանչուել։

Օրեր առաջ 24TV-ին տուած հարցազրոյցում 44-օրեայ պատերազմից յետոյ ԱԺ պաշտպանութեան հարցերի յանձնաժողովում ռազմական փորձագէտ աշխատող գնդապետ Արծրուն Յովհաննիսեանը, ըստ էութեան, հաստատել է բաց աղբիւրների հիման վրայ մեր ուսումնասիրութիւնները:

Մասնաւորապէս, նա խօսել է Ջրականի ուղղութեան մասին:

«9-րդ պաշտպանական շրջանը սեպտեմբերի 27-ին ենթարկուել է թշնամու շատ հզօր խմբաւորման հարուածի. 20-22.000 զօրք յարձակուել է միայն 9-րդ պաշտպանականի վրայ, որը մօտաւոր ունեցել է 1500 հոգի անձնակազմ: Ընդ որում, թշնամին յարձակուել է ոչ թէ ամբողջ 9-րդ պաշտպանականի վրայ, այլ աջաթևեան 2 գումարտակների՝ Արաքսի ափից հաշուէք 2 գումարտակ: 2 գումարտակը մօտաւորապէս անում է 500-700 մարդ: 500 մարդ դիմակայել է մօտ 22.000 մարդու: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ճակատը չի ճեղքուել: Ճակատում ընդամենը եղել է 1-1.5 կմ նահանջ: Հակառակորդն էս տեղամասում, էս բնագծում մինչև 80 խոցուած տանկ է թողել: Դիրքեր ենք ունեցել, որոնք ենթարկուել են յարձակման՝ 20-25 դիրք, ամէն դիրքում եղել է 6-7 զինուոր, իսկ ամէն դիրքի վրայ 10 տանկ է եկել: Այսինքն, զինուորի քանակից շատ տանկ է եկել: Բայց երկու անգամ գումարտակի հրամանատարները վիրաւորուած, տեղային հակագրոհ են արել, ինչ-որ դիրքեր հետ են բերել, բայց չեն կարողացել երկար պահել: Եւ միայն 8-րդ օրն են այս 2 գումարտակները հետ քաշուել, որովհետև չեն համալրուել: Աւելի ճիշտ, կանոնաւոր զօրք չի եղել, եկել է մոբիլիզացուած զօրքը, իսկ մոբիլիզացուած պահեստազօրայիները չեն կռուել զինուորի հետ նոյն էֆեկտիւութեամբ, ինչ զինուորը: Սկսենք նրանից, որ 9-րդ պաշտպանական շրջանը պահպանութիւնից պաշտպանութեան անցած չի եղել սեպտեմբերի 27-ի օրով: Սա մի մեծ հարց է, որը պիտի քննուի, սա առանձին քննարկման հարց է»,- ասել է Արծրուն Յովհաննիսեանը՝ աւելելով, որ 9-րդ ՊՇ-ի 300 զոհուածների մեջ 40-ը սպայ է: Այսինքն, զոհուած զօրքի 10 տոկոսից աւելին սպաներ են:

Ի դէպ, Արծրուն Յովհաննիսեանը, ըստ էութեան, հաստատում է նաև իր նախկին ղեկավար՝ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի պնդումը, որ իշխանութիւններն ուժ չեն կուտակել հարաւային հատուածում հակառակորդի մխրճումը, ճեղքուածքը փակելու համար. հրամանատարը, զինուորը մեղաւոր չէ:

168.am–ի հետ զրոյցում պահեստազօրի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչեա Պետրոսեանցն էլ ասել էր, որ պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր. կորցրեցինք մարտունակ զօրախումբ, որի պահպանումը թոյլ չէր տալու Շուշիի և Հադրութի գրաւումը:

«Ինձ համար պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։ Միգուցէ իմ կարծիքը սուբյեկտիւ է, սակայն ես կարծում եմ, որ այդ օրերին մշակուած և ձախողուած օպերացիաների արդիւնքում մենք կորցրեցինք մարտունակ զօրախումբ, որոնց որպէս ռեզերւ պահպանելը հնարաւորութիւն կտար ստեղծել պաշտպանական բնագիծ և թոյլ չտալ Հադրութի և Շուշիի գրաւումը։ Երկրորդ՝ եթէ մեզ մօտ ճիշտ կառավարումն աշխատէր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բաւականին կտրուել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնւում էին մեր վերահսկողութեան տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանայ Շուշին գրաւել, որը չարուեց»,- նշել էր Պետրոսեանցը:

Վերադառնալով ՊԲ-ի՝ պատերազմին պատշաճ պատրաստ չլինելուն կամ 9-րդ ՊՇ-ի սեպտեմբերի 27-ին պահպանութիւնից պաշտպանութիւն անցած չլինելուն, նշենք, որ 24TV-ի «Հարցազրոյց» հաղորդմանը Սամուէլ Բաբայեանը յայտարարել էր, որ պատերազմից մի քանի օր առաջ յուշել է մարտական գործողութիւնների ուղղութիւնները, և, որ այն լինելու է Ջրականի ուղղութիւնը:

«Ես պատերազմից մի քանի օր առաջ ներկայացրել եմ զեկուցագիր, եղել է Անվտանգութեան խորհրդի (ԱԽ) նիստ, որ լինելու է Ջաբրայիլի հատուածը և Մատաղիսի հատուածը: Որևիցե անգամ ես Աղդամի ուղղութեամբ հարուած չեմ սպասել, ոչ էլ կարար լինէր: Անիմաստ է դա: Աշխարհագրական էդ քարտէզին նայելով՝ պէտք է առնուազն խելք չունենալ, որ Աղդամի ուղղութեամբ խփի: Ջաբրայիլ, Մատաղիսն է եղել, անգամ նկարագրուած է եղել, թէ հարուածի դէպքում ինչ պիտի արուի, այդտեղ ջրամբարներ կան… Իսկ Հայաստանի և Արցախի ռազմական ղեկավարութիւնը սպասել են, որ պիտի Աղդամի ուղղութեամբ հարուած լինի»,- նշել էր Բաբաեանը:

Իսկ թէ ինչո՞ւ ՊԲ զօրամասերը պատրաստ չեն եղել պատերազմն ընդունելուն, պիտի պատասխանի, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Յարութիւնեանը՝ Գլխաւոր շտաբից հրաման չի՞ եղել արդեօք, կամ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից եղել է համապատասխան հրաման և ՊԲ-ն չի՞ կատարել այն, թէ՞ չի եղել:

Մեզ հասած տեղեկութիւններով, Ջալալ Յարութիւնեանին համապատասխան հրամանը տեղ հասել է: Բայց այս հարցին յստակ պատասխան կարող է տալ միայն ինքը՝ Ջալալ Յարութիւնեանը:

168.am-ը փորձել էր ՀՀ գլխաւոր դատախազութիւնից պարզել՝ արդեօ՞ք պատերազմի հետ կապուած այս և առանցքային այլ հարցեր քննութեան առարկայ են, ինչին ի պատասխան՝ մեզ ասել էին, որ դրանք վերաբերում են հրապարակման ոչ ենթակայ նախնական քննութեան տուեալներին:

 

Աղբիւրը՝  168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.