Ինչո՞ւ տեղի չունեցաւ Արցախի վերամիաւորումը. դեկտեմբերի 1-ի դասերը

32 տարի առաջ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակուեց Արցախի վերամիաւորումը մայր Հայաստանին։ Այս պատմական որոշումը սեփական ուժերին ապաւինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր՝ իր արդար իրաւունքները վերականգնելու հաստատակամ վճռականութեան, որին պէտք է յաջորդէին արդէն փաստացի վերամիաւորմանն ուղղուած ինտեգրման քայլեր՝ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղութիւններով։

Դեկտեմբերի 1-ի վերամիաւորման որոշումը կայացուեց ժողովրդի աննախադէպ ճնշման արդիւնքում։ Ղարաբաղեան շարժման առաջնորդների մեծ մասը՝ ԼՏՊ-ի գլխաւորութեամբ, որոնք այն ժամանակ կոմունիստների հետ կիսում էին իշխանութիւնը, դէմ լինելով վերամիաւորմանը, ստիպուած էին ժողովրդի ճնշման ներքոյ տեղի տալ։

Որոշումը պաշտպանում էին Հայաստանում գործող մի շարք կազմակերպութիւններ՝ «Միացում», «ՀԱԿ», «ՍԻՄ», «Ազատ Հայք», «ՀՈՒԴ» եւ այլն։ Որոշումից անմիջապէս յետոյ, վարչապետ Մարգարեանցի որոշմամբ, կառավարութիւնում ստեղծուեց Արցախի տնտեսական ինտեգրացման յանձնաժողով՝ Իգոր Մուրադեանի գլխաւորութեամբ, որը կարճ ժամանակահատուածում կարողացաւ Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկութիւնների մասնաճիւղեր բացել Արցախում եւ այլն։

Ցաւօք, այս գործընթացը երկար չտեւեց, որովհետեւ Հայաստանում եւ Արցախում մի շարք առաջնորդներ ընտրեցին այլ ճանապարհ՝ Արցախը դարձնել երկրորդ հայկական պետութիւն եւ, հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման նորմերը, հասնել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանը (չնայած վերամիաւորման հիմքում եւս դրուած էին արցախահայութեան ինքնորոշման ազատ կամարտայայտութեան սկզբունքները)։ Այդ մօտեցումը բերեց նաեւ շարժման ղեկավարութեան փոփոխութեան, եւ, շարժման գլուխ անցնելով, ԼՏՊ-ն ու նրա կողմնակիցները, ըստ էութեան, լուսանցք մղեցին վերամիաւորման գաղափարը եւ կողմնակիցներին։

Գերագոյն խորհրդում իշխանութեան գալուց յետոյ ԼՏՊ-ն նաեւ դադարեցրեց Արցախի հետ ինտեգրման յանձնաժողովի հետ աշխատանքները։ Հայաստանում 1991 թ. խորհրդարանական ընտրութիւններին ընտրատեղամասեր չկազմուեցին հիւսիսային Արցախի Շահումեանի եւ Գետաշէնի տարածաշրջանում, որոնք դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախի մաս էին կազմում։ Նման գործելակերպը կիսում էին նաեւ Արցախի մի շարք առաջնորդներ, որոնք արդէն իրենց պատկերացնում էին առաջին հանրապետութեան ղեկավարներ։ Հայկական երկրորդ հանրապետութեան հռչակման կողմնակիցները կարծում էին, որ այս քայլով կը խուսափեն Ադրբեջանի ռազմական յարձակումից (որը եղաւ 1 տարի անց), ԼՂՀ-ն արագօրէն կը ճանաչուի միջազգային հանրութեան կողմից։

Ցաւօք, անցած 30 տարիներին այդ մօտեցումներն իրականութիւն չդարձան։ Միջազգային հանրութիւնն այդպէս էլ չճանաչեց հայկական երկրորդ պետութեան գոյութիւնը։ Չնայած Հայ Դատի գրասենեակների, հայկական լոբբինգի եւ դիւանագիտութեան գործադրած ահռելի ջանքերին՝ այդպէս էլ ոչ մի պետութիւն, նոյնիսկ՝ մեր ամենաբարեկամ երկրները, ոչ մի միջազգային կառոյց չճանաչեց ԼՂՀ-ն՝ որպէս արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի իրականացման փաստ եւ իրողութիւն։ Աւելին՝ նոյնիսկ ՀՀ-ն պաշտօնապէս չճանաչեց այն՝ չնայած ընձեռուած մի քանի բացայայտ յարմար առիթների (1992-94 թ. յաղթական պատերազմ, 2016 թ. քառօրեայ պատերազմ, 2020 թ. 44-օրեայ պատերազմ)։

Ակնյայտ էր, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցեղասպան եւ հակահայ ծրագրերը երբեք կանգ չէին առնի եւ չեն առնելու` լինի ԼՂՀ-ն անկախ, թէ՝ վերամիաւորուած ՀՀ-ի հետ։ Սակայն Հայաստանի հետ վերամիաւորուած լինելու դէպքում մեր պայքարն աւելի համախմբուած կը լինէր եւ արդիւնաւէտ, իսկ դաշնակից երկրների համար՝ աւելի յստակ եւ որոշակի, որովհետեւ Հայաստանի նկատմամբ ստանձնած ռազմավարական պարտաւորութիւնները կը վերաբերէին նաեւ Արցախին։

Ինչեւիցէ, պատմութիւնը չի սիրում յետադարձ վերլուծութիւններ, ուստի կարեւոր է այն, թէ արդեօ՞ք հետեւութիւններ արել ենք նախորդ սխալներից, արդեօ՞ք Հայաստանը կարող է այսօր միջազգային օբիեկտից կրկին դառնալ միջազգային սուբիեկտ, չէզոքացնել իր եւ Արցախի գլխին կախուած՝ հայաթափման եւ ցեղասպանութեան նոր սպառնալիքները: Այստեղ մեզ հարկաւոր է կրկին լինել սկզբունքային եւ վճռական՝ այնպէս, ինչպէս 1989 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին։

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար

Leave a Comment

You must be logged in to post a comment.